Ապրիլ 23, 2024
exclusive
12541 դիտում

Երեւան ժամանող աստղերը՝ Իվան Սամորանո


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` as.com

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` zetaboards.com

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Իվան Սամորանոն Չիլիում ամենահայտնի ու սիրված մարդկանցից մեկն է, չիլիական ֆուտբոլի լավագույն հարձակվողը:

90-ականների աստղն ու գոլահարը հուլիսի 8-ին Երեւանում կայանալիք Լեգենդների խաղի մասնակիցն է լինելու ու հանդես է գալու Լատինական Ամերիկայի թիմի կազմում:

***

Իվան Լուիս Սամորանո Սամորան ծնվել է 1967 թվականին հունվարի 18-ին Մաիպու քաղաքում, այն մայրաքաղաք Սանտյագոյից այդքան էլ հեռու չէ:

***

Փոքր տարիքից սիրել է ֆուտբոլն ու փորձել լավացնել իր տեխնիկան: Չիլիում հանդես գալու ընթացքում հասկացել է, որ ուզում է ավելի մեծ բարձունքների հասնել:

***

1988-ին գրավեց «Բոլոնյայի» ուշադրությունը, թիմի կազմում ցուցադրական խաղի մասնակցեց, սակայն Սամորանոյի ելույթն այնքան էլ լավ չստացվեց: Եվ քանի որ դեռ բավականաչափ հայտնի չէր, ոչ մի ակումբ չէր ցանկանում նրան ձեռք բերել: Ի վերջո Սամորանոն հայտնվեց շվեյցարական «Սանկտ Գալլենում»:

Լուսանկարը` REUTERS


***

Սամորանոն վստահ էր իր ուժերին ու համբերատար աշխատում էր, շատ արագ հարմարվեց Շվեյցարիայում ու 54 խաղում 36 գոլի հեղինակ դարձավ: Վառ ու արդյունավետ խաղը նրա վրա սեւեռեց իսպանական ակումբների ուշադրությունը: 

***

1990-ին Սամորանոն հայտնվեց «Սեւիլիայում», ակումբը ձեռք բերեց ուժեղ, համարձակ ու անկասելի հարձակվողի: Չիլիացին անդալուզական ակումբի առաջատարը դարձավ, շարունակեց արդյունավետ խաղ ցույց տալ ու 59 խաղում 21 գոլ հեղինակեց:

***

2 տարի անց Սամորանոյի երազանքն իրականություն դարձավ, նրա վրա ուշադրություն դարձրեց անձամբ Մադրիդի «Ռեալը»: Ֆուտբոլիստը երկար չմտածեց մայրաքաղաք տեղափոխվելու առաջարկի շուրջ:

***

«Ռեալում» նա համաշխարհային ճանաչում ու սեր ձեռք բերեց: Իր արագության, ագրեսիվ խաղի ու 2-րդ հարկում հիանալի գործելու շնորհիվ Արքայական ակումբի երկրպագուները նրան տվեցին Իվան Ահեղ մականունը:

«Շատ գրքեր եմ կարդացել Իվան Ահեղի մասին: Նրան միայն ֆուտբոլային դաշտում եմ նման»:

***

Լուսանկարը` as.com


Առաջին իսկ մրցաշրջանում Սամորանոն ակումբի հետ դարձավ Իսպանիայի գավաթակիր, մեկ տարի անց էլ՝ Սուպերգավաթակիր:

***

Երբ 1994-ին «Ռեալը» գլխավորեց Խորխե Վալդանոն, հայտարարեց, որ իր թիմում Սամորանոն տեղ չունի: Չիլիացին 4-րդ արտասահմանցի խաղացողն էր, սակայն ամեն դեպքում նրան չվաճառեց: 

***

Հարձակվողն իր առավելագույնն արեց, 28 գոլ խփեց ու Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն ճանաչվեց՝ օգնելով իր թիմին Իսպանիայի չեմպիոն դառնալ: «Դեպորտիվոյի» հետ հաղթական գոլի հեղինակը հենց նա էր:

***

«Ռեալում» անցկացրած 4 մրցաշրջանների ընթացքում 173 հանդիպման մասնակցեց ու 101 գոլ խփեց:

***

1996-ին Սամորանոն հայտնվեց «Ինտերում», որի սեփականատեր Մասսիմո Մորատտին նպատակ էր դրել ամենաուժեղ հարձակման գիծն ունենալ: Չիլիացու խաղընկերներն էին Նվանկվո Կանուն ու Յուրի Ջորկաեֆը: Սակայն Իտալիայում Սամորանոն պետք է փոխեր իր ոճը, քանի որ թիմերը հիմնականում սիրում էին պաշտպանվել:

Լուսանկարը` REUTERS


***

«Ինտերը» հասավ ՈւԵՖԱ-ի Գավաթի եզրափակիչ, սակայն 11-մետրանոցներով զիջեց «Շալկեին», վրիպողներից մեկն էլ Սամորանոն էր: Իտալիայում նրան մեղադրեցին ցածր արդյունավետության մեջ, քանի որ ընդամենը 7 գոլ էր խփել:

***

Հաջորդ մրցաշրջանում «Ինտերում» հայտնվեց Ռոնալդոն, ու Սամորանոն երկար ժամանակ մնաց պահեստային նստարանին: Թեեւ խոսակցություններ կային, որ կլքի թիմը, բայց Լուիջի Սիմոնին ռիսկի դիմեց եւ ՈւԵՖԱ-ի գավաթի կիսաեզրափակչում ու եզրափակչում Սամորանոյին խաղադաշտ դուրս բերեց, նա արդարացրեց սպասելիքներն ու գոլերի հեղինակ դարձավ «Սպարտակի» ու «Լացիոյի» հետ խաղերում: 31 տարեկանում նա առաջին միջազգային գավաթին տիրացավ:

***

Երբ 1998-ին Ռոբերտո Բաջոն տեղափոխվեց «Ինտեր» 10 համարը խնդրեց, Ռոնալդոն զիջեց այն՝ փոխարենը պահանջելով 9-ը, որով հանդես էր գալիս չիլիացին: Ֆուտբոլիստների մեջ թեժ մրցակցություն էր ու ոչ մեկ չէր ցանկանում զիջել: Սամորանոն կտրականապես հրաժարվում էր այն որեւէ մեկին փոխանցել, բայց նախընտրեց 18 համարը, սակայն շապիկի վրա 1+8 էր գրված:

Լուսանկարը` uefa.com


***

34 տարեկանում տեղափոխվեց մեքսիկական «Ամերիկա» թիմ ու 63 խաղում 33 գոլ հեղինակեց: Նրա փայլուն խաղը թիմին օգնեց երկրի չեմպիոն հռչակվել: Երբ շատերը կարծում էին, որ կավարտի կարիերան՝ 36 տարեկանում սկսեց խաղալ չիլիական «Կոլո-Կոլո» թիմում:

«Ֆուտբոլում անցկացրած տարիներն ամենալավն էին ու անմոռանալին: Ես երիտասարդ էի ու այնքան բանի էի ընդունակ»:

***

Չիլիի ազգային հավաքականում Սամորանոյի նորամուտը եղել է 1987 թվականին 20 տարեկանում Պերուի հետ ընկերական խաղում: Հավաքականի հետ 2 անգամ դարձել է Ամերիկայի գավաթակիր, մեկական անգամ էլ արծաթ ու բրոնզ նվաճել:

***

Հավաքականի դարպասապահ Ռոբերտո Անտոնիո Ռոխասի պատճառով Բրազիլիայի հետ որակավորման խաղում վնասվածք է ստացել ու չի կարողացել 1994-ին մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք ԱԱ-ին:

Լուսանկարը` REUTERS


***

Բայց 4 տարի անց նա ելույթ ունեցավ Ֆրանսիայում կայացած Մունդիալում ու Չիլիի հավաքականին մեծ ճանաչում բերեց: Մարելո Սալաս-Սամորանո զույգը ընտրական փուլում միասին 23 գոլ էր խփել:

***

2000 թվականին հավաքականի կազմում մասնակցեց Օլիմպիական խաղերին ու բրոնզե մեդալակիր ու 6 գոլի հեղինակ դարձավ: Իսկ մեկ տարի անց հայտարարեց հավաքականում կարիերայի ավարտի մասին՝ անցկացնելով 69 խաղ ու խփելով 34 գոլ:

***

2003-ին «Ատլետիկոյի» հետ խաղից առաջ հրաժեշտ տվեց «Ռեալի» երկրպագուներին, իսկ նրա վերջին խաղը կայացավ դեկտեմբերի 22-ին Սանտյագոյում:

***

ՖԻՖԱ-ի վարկածով 20-րդ դարի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում է:

***

Կինը արգենտինացի մոդել Մարիա Ալբերտոն է: Զույգը 2 երեխա ունի՝ Միա Պասկալն ու Իվանը:

Լուսանկարը` zetaboards.com


***

Չիլիի մինչեւ 18 տարեկանների ընտրանու մարզչական շտաբում է: Չիլիում համոզված են, որ հետագայում հենց Սամորանոն է գլխավորելու ազգային հավաքականը: Անցկացված հարցման արդյունքներով՝ չիլիացիների մեծ մասը երջանիկ կլինի նրան տեսնել այդ պաշտոնում:

***

Սամորանոն գլխավորում է նաեւ Ciudad Deportiva Iván Zamorano նախագիծը, որի շրջանակներում մեծ սպորտային դպրոցում երեխաները ֆուտբոլ, լող, մարմնամարզություն ու կարատե են սովորում: Ազատ ժամանակ բարեգործական խաղերի է մասնակցում ու օգնում Սանտյագոյի բարեկարգմանը:

***

Նա Չիլիում բոլոր ժամանակների լավագույն մարզիկն է ճանաչվել: Ֆուտբոլիստը համարում է, որ այդ համազգային սիրո պատճառը ոչ միայն սպորտային որակներն են:

«Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը ոչ միայն պարտավոր է լեզու գտնել ցանկացած մարզչի հետ, այլ նաեւ մարդկային որակներով աչքի ընկնել: Երբեք դեմքս չեմ թաքցրել, լրագրողներին չեմ խաբել, ոչինչ չեմ թաքցրել ու վախեցել որեւէ բանից».

Երեւան ժամանող լեգենդները՝ Լուիշ Ֆիգու
 
Երեւան ժամանող լեգենդները՝ Յուրի Ջորկաեֆ
 
Երեւան ժամանող լեգենդները՝ Պաոլո Մալդինի
 
Երեւան ժամանող լեգենդները՝ Գաբրիել Բատիստուտա
 
Երեւան ժամանող լեգենդները՝ Ռոբերտո Կառլոս

Երեւան ժամանող լեգենդները՝ Ռայան Գիգզ

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին