exclusive
15895 դիտում

Երեւան ժամանող լեգենդները՝ Յուրի Ջորկաեֆ


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` arcadiadigital.info

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Հուլիսի 8-ին Երեւանում կայանալիք Լեգենդների խաղի ամենասպասված հյուրերից է լինելու մեր հայրենակից, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը:

Վերջին անգամ նա Հայաստանում եղել էր 2015 թվականին, բարեգործական խաղի ու միջազգային կիսամարաթոնի էր մասնակցել:

***

Յուրի Ջորկաեֆը ծնվել է 1968 թվականի մարտի 9-ին Լիոնում: Նա 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ցարական Ռուսաստանից Ֆրանսիա տեղափոխվածների ու Հայոց Ցեղասպանությունից փրկվածների սերունդ է:

***

Հայրը՝ Ժանը, նույնպես հայտնի ֆուտբոլիստ է եղել, ժամանակին կրել է Ֆրանսիայի հավաքականի ավագի թեւկապն ու 1966 թվականին Անգլիայում մասնակցել է Աշխարհի առաջնությանը: Երկու անգամ ճանաչվել է Ֆրանսիայի լավագույն ֆուտբոլիստ:

Մայրը՝ Մարի Օհանյանը հայ է, ու Յուրին մեծացել է հայկական համայնքի հետ: Ջորկաեֆի երակներով հոսում է իսպանական, հայկական, լեհական ու կալմիկի արյուն:

«Մանկությանս անմոռանալի հուշերս կապված են տատիկիս ու պապիկիս հետ, որոնց հետ մենք անց էինք կացնում ուրախ, անհոգ օրեր: Հենց նրանց շնորհիվ է, որ ես չեմ հեռացել իմ արմատներից: Տատիկս հայկական շատ-շատ համեղ կերակուրներ էր պատրաստում, մինչեւ հիմա չեմ մոռացել դրանց համը»:

Լուսանկարը` REUTERS


***

Ֆրանսիայում Ջորկաեֆն առավել հայտնի է դարձել 1991 թվականին, երբ պայմանագիր է կնքել «Մոնակոյի» հետ: Նա թիմի լավագույն ռմբարկուն է դարձել ու ստացել Օձ մականունը՝ մրցակցի տուգանային հրապարակում արագ տեղաշարժվելու ու անհավանական հետագծով հարվածների տիրապետելու շնորհիվ: 1990-1991 թթ. իր առաջին նվաճմանն է հասել՝ տիրացել է Ֆրանսիայի Գավաթին:

***

Ֆուտբոլային աշխարհում էլ առավել հայտնի է դարձել 1992 թվականին, երբ «Մոնակոյի» հետ հասել է Գավաթների գավաթի եզրափակիչ, նրա թիմը, ցավոք, զիջել է «Վերդերին»: 1993-94 թթ. Ջորկաեֆը 20 գոլերով Ֆրանսիայի առաջնության ռմբարկուն էր ու հրավեր ստացավ հանդես գալ Ֆրանսիայի ազգային հավաքականում:

***

Հավաքականում նորամուտը նշեց 1993 թ. հոկտեմբերի 13-ին Իսրայելի դեմ խաղում: Նա շատ հեշտ հարմարվեց թիմի կազմում ու արագ լեզու գտավ Զինեդին Զիդանի, Լորան Բլանի, Մարսել Դեսայիի, Դիդյե Դեշամի ու մյուսների հետ: ԱԱ-1994-ի եզրափակիչ փուլ Ֆրանսիայի հավաքականը չկարողացավ դուրս գալ, ու Ջորկաեֆի միջազգային ելույթը տեղի ունեցավ 2 տարի անց:

Լուսանկարը` REUTERS


***

Ակումբային կարիերան հայազգի ֆուտբոլիստը շարունակեց ՊՍԺ-ում ու 1996-ին առաջին միջազգային գավաթին տիրացավ՝ վերջապես դառնալով Գավաթների Գավաթի հաղթող:

***

Նույն տարի Ջորկաեֆը դարձավ իտալական «Ինտերի» խաղացող: Հարուստ իտալական ակումբներն այդ ժամանակ իսկական պայքար էին մղում լավագույն ֆուտբոլիստների համար: Ջորկաեֆը միլանյան ակումբի հետ 4 տարվա պայմանագիր կնքեց:

***

Թեեւ սկզբում լրագրողները վախենում էին, որ նա չի համապատասխանի «Ինտերի» մարտավարությանը, ֆուտբոլիստը հակառակն ապացուցեց:  Հոկտեմբերին իտալական «La Gazzetta dello Sport»-ը Ջորկաեֆին «Ինտերում» «արեւի շող» անվանեց: Շատ շուտով էլ նա DJ մականունը ստացավ՝ ազգանվան առաջին տառերով: Այդ անունը ֆուտբոլիստը շատ հավանեց.

«Ես սկավառակներ եմ դնում, որոնց տակ թիմը պարում է»:

Լուսանկարը` REUTERS


***

A սերիայում անցկացրած առաջին մրցաշրջանում Ջորկաեֆը 14 գոլի հեղինակ դարձավ ու սիրվեց իտալացի երկրպագուների կողմից:

1997-ին նա «Ինտերի» լավագույն խաղացող ճանաչվեց, մեկ տարի անց էլ ՈւԵՖԱ-ի գավաթը նվաճեց: Իտալիայում նրա թիմակիցներն էին Ռոբերտո Բաջոն, Ռոնալդոն, Իվան Սամորանոն:

***

Այնուհետեւ 1998-ին եղավ Աշխարհի առաջնությունում փառահեղ հաղթանակը: Ֆրանսիայի ողջ հայկական համայնքն էր երկրպագում Ջորկաեֆին: Այդ ժամանակ նա թիմի կիսապաշտպանությունում էր խաղում ու Զինեդին Զիդանի հետ թեժ խաղ ցուցադրում: Նա մեծ ծավալի աշխատանք կատարեց ու տնային ԱԱ-ի սիրելի խաղացողներից մեկը դարձավ:

«1998-ին մեր թիմում հրաշալի տղաներ էին հավաքվել, բոլորս շատ լավ էինք հասկանում իրար: Անմոռանալի է Բրազիլիայի դեմ տոնած հաղթանակը. մենք Աշխարհի չեմպիոն էինք»:

***

ԵՎՐՈ-2000-ի ընտրական փուլում Ֆրանսիայի ընտրանին Հայաստանի հետ նույն խմբում հայտնվեց: Ջորկաեֆը երկու հանդիպումներին էլ մասնակցեց, որոնք հաղթանակով ավարտվեցին ֆրանսիացիների համար, իսկ Երեւանում նույնիսկ գոլի հեղինակ դարձավ:

Լուսանկարը` REUTERS


***

Եվրո 2000-ի ժամանակ Ջորկաեֆը 2 գոլի հեղինակ դարձավ, այդ ժամանակ նա արդեն հանդես էր գալիս գերմանական «Կայզերսլաուտերնում»: Այդ առաջնությունում էլ Ֆրանսիան լավագույնն էր ու հաղթող դարձավ:

***

Հավաքականի հետ վերջին նվաճմանը հասավ 2001 թվականին Կոնֆեդերացիայի գավաթում՝ դառնալով ոսկե մեդալակիր, իսկ մեկ տարի անց ավարտեց ելույթները թիմում:

«Ես ծնվել ու մեծացել եմ Ֆրանսիայում, այդ երկիրն ինձ շատ բան է տվել: Կարող էի նրան վարձահատույց լինել միայն իմ ֆուտբոլային որակներով եւ ուրախ եմ, որ դա ինձ հաջողվել է»:

***

Գերմանիայում 2 մրցաշրջան անցկացնելուց հետո կարիերան շարունակեց Մառախլապատ Ալբիոնում՝ «Բոլթոնում» ու «Բլեքբերնում» ու կրկին ապացուցեց իր բարձր կարգը:

***

Կարիերան ավարտեց օվկիանոսից այն կողմ՝ ԱՄՆ-ում: ՄԼՍ-ում անցկացրեց իր վերջին 2 մրցաշրջանները: Կարիերայի ավարտի մասին Ջորկաեֆը հայտարարեց 2006 թվականի հոկտեմբերին, այդ ժամանակ նա 38 տարեկան էր:

***

Հիմա ընտանիքի հետ բնակվում է Նյու Յորքում ու զբաղվում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրով:

***

Լուսանկարը` arcadiadigital.info


Ջորկաեֆը 2 որդի ու մեկ դուստր ունի: Փոքր որդուն անվանել է պապիկի՝ Գարո Օհանյանի պատվին՝ Օհան: Ավագ որդին էլ 2 անուն ունի՝ Սաշա եւ Արամ, իսկ դուստրը Անգելիկան է:

Կինը`Սոֆին, իսպանուհի է, Յուրին ավագ եղբոր՝ Դենիի պես, ամուսնացել է հայկական եկեղեցում:

***

Օհան Ջորկաեֆը մասնակցել է Հայաստանի մինչեւ 21 տարեկանների ընտրանու հավաքին: 

***

Իր հարցարզույցներում Յուրին բազմիցս է նշել, որ դեմ չի լինի մի օր գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը:

***

Ջորկաեֆը միջազգային հանրության ուշադրությունը շատ անգամ է սեւեռել Ցեղասպանության խնդրի վրա: Դեռ 1993-94 թթ. Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում «Մոնակոյի» կազմում «Գալաթասարայի» դարպասը գրավելուց հետեւյալն է ասել:

«Սա իմ առաջին պատասխանն է հայերի Ցեղասպանությանը»:

***

1998-ին Անկարան ոչ տեղին է համարել նրա այցը Թուրքիա, որտեղ ֆեդերացիայի 75-ամյակին նվիրված հանդիպում էր լինելու Աշխարհի հավաքականի հետ: Աշխարհի թիմի կազմում Ջորկաեֆին ներառելը Թուրքիայում անձնական վիրավորանք են որակել: Սակայն ֆուտբոլիստն ինքն ավելի վաղ էր հայտարարել, որ այդ խաղին մասնակցելու որեւէ ցանկություն չունի:

***

2000 թվականին էլ Ջորկաեֆը հրաժարվեց մասնակցել Ֆրանսիայի ու Թուրքիայի հավաքականների ընկերական խաղին:

«Turkiye» պարբերականը նման հրապարակում արեց. «Ցեղասպանության հետ կապված հայերի անհիմն մեղադրանքները նաեւ մեծ սպորտի վրա են տարածվել»:

Լուսանկարը` REUTERS


***

Դրանից 3 ամիս անց նա Ալեն Բողոսյանի հետ շնորհակալություն հայտնեց 5-րդ երկրի նախագահին Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար:

***

Ամեն անգամ նոր ակումբ տեղափոխվելիս Ջորկաեֆը սովորություն է ունեցել այնտեղի հայերի հետ ծանոթանալ, ահա թե ինչպես.

«Վերցնում էի հեռախոսագիրքն ու հայկական ազգանուններ փնտրում: Չէի ասում, թե ով եմ, միայն նշում էի, որ հայ եմ ու եկել եմ հանգստանալու»:

Միայն հանդիպելուց հետո էին հայերն իմանում, որ իսկական աստղի հետ են ծանոթացել: Դրա շնորհիվ Յուրին ընկերներ ունի աշխարհի տարբեր կողմերում:

***

Ջորկաեֆն ուժերն է փորձել նաեւ երգարվեստում, թողարկել է «Ապրել քո լույսի մեջ» երգը:



***

Ջորկաեֆի սիրած հայերեն բառը գսիրեմ-ն է:

«Միշտ իմացել եմ, որ հայերի սրտում առանձնակի տեղ ունեմ ու դրանով անչափ հպարտացել եմ»:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին