Ապրիլ 23, 2024
exclusive
12847 դիտում

Նրանք ատում են իրար. Շարապովայի եւ Ուիլյամսի հակամարտությունը


Լուսանկարը` independent.co.uk

Լուսանկարը` nytimes.com

Լուսանկարը` time.com

Լուսանկարը` time.com

Լուսանկարը` justjared.com

Լուսանկարը` adage.com

Լուսանկարը` mirror.co.uk

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` abc.net.au

Լուսանկարը` gotceleb.com

Լուսանկարը` stadiumastro.com

Լուսանկարը` today.com

Լուսանկարը` variety.com

Լուսանկարը` z.com


Սերենա Ուիլյամսի ու Մարիա Շարապովայի մրցակցությունը թենիսի ամենահայտնի դիմակայություններից է: Ամերիկուհին թեեւ բացահայտ առաջատար է հաղթանակների քանակով, սակայն Շարապովան էլ ոչնչով չի զիջում կորտից դուրս պայքարում:

Նրանց հանդիպումների պատմությունն արդեն 14 տարի է ձգվում, այդ ընթացքում ինչերի ասես երկրպագուներն ականատես չեն եղել՝ թեժ ու լարված խաղեր, բարձրագոչ մեղադրանքներ ու վիրավորանքներ:

Mediamax Sport-ն այս անգամ անդրադարձել է աշխարհի ամենահարուստ ու քննարկված թենիսիստուհիներին:

Հակամարտության սկիզբը

Առաջին անգամ նրանք հանդիպել են 2004 թվականին: 16-ամյա Շարապովան այն ժամանակ նույնիսկ լավագույն 20-յակի մեջ չէր մտնում, իսկ Ուիլյամսը Մեծ Սաղավարտների 6-ակի հաղթող էր, սակայն կորտ էր դուրս եկել երկարատեւ ընդմիջումից հետո, ու նա էլ հաղթեց:

Կես տարի անց թենիսիստուհիները հանդիպեցին «Ուիմբլդոնի» եզրափակչում, ու Շարապովան իր ամենահայտնի հաղթանակներից մեկը տարավ:

Լուսանկարը` nytimes.com


«Ուիմբլդոնի» եզրափակչից հետո Սերենան գրկեց ինձ ու ասաց. «Հիանալի աշխատանք էր»: Նա ժպտում էր, բայց ոչ հոգու խորքում: Երբ նրա հանդերձարանի մոտով անցնում էի, լսեցի, թե ինչպես էր արտասվում: Որքան հնարավոր է շուտ անցա, բայց գիտեի, որ նա տեսել է ինձ: Հաճախ են ինձ հարցնում, թե ինչու եմ այդքան դժվարությամբ հաղթում Սերենային՝ 2:19 է մեր հանդիպումների հարաբերակցությունը: Պատասխանն այն հանդերձարանում է, կարծում եմ, նա ինձ ատեց հենց այն օրը, որ ոչ միայն կարողացա հաղթել իրեն, այլ լսել, թե ինչպես էր արտասվում: Խաղից հետո իմացա, որ ասել էր հետեւյալը. «Էլ երբեք չեմ զիջի այդ փոքրիկ շան քածին»,- իր «Անկասելին. Իմ կյանքը մինչ հիմա» ինքնակենսագրական գրքում գրել է Շարապովան:

Այդ մրցաշրջանի վերջին խաղում Շարապովան կրկին դրամատիկ պայքարում հաղթեց վնասվածք ունեցող Ուիլյամսին, շատ մոտ էր հաջողությանը նաեւ Australian Open-ում, բայց Սերենան կարողացավ 2:6, 7:5, 8:6 հաշվով կորզել հաղթանակն ու նրան էլ այդքան մոտ չթողնել իրեն:

Լուսանկարը` time.com


Դրանից 1,5 տարի անց Շարապովան առաջին անգամ դարձավ մոլորակի ամենաբարձր վարձատրվող մարզուհին ու 1-ին ռակետը: Ամերիկուհին էլ ավելացրեց իր Սաղավարտների քանակը՝ եզրափակիչներից մեկում Շարապովային զիջելով ընդամենը 3 գեյմ:

ԶԼՄ-ով «պատերազմը»

Առաջինը մրցակցին հրապարակայնորեն վիրավորեց Շարապովան: Նա Australian Open-2013-ի ժամանակ կոպիտ պատասխանեց Ուլյամսին, որն ուռած ոտքի լուսանկարն էր հրապարակել քառորդ եզրափակչում անսպասելի պարտվելուց հետո:

«Մի քիչ սպասեք, շուտով թենիսիստները նաեւ ռենտգենի նկարներն են տեղադրելու, Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան ու ուլտրաձայները»,- գրել էր Շարապովան:

Դրան հաջորդած 4 ամիսների ընթացքում նա 4 անգամ զիջեց Սերենային, այդ ժամանակ էլ ռուս թենիսիստուհին խորհրդական վարձեց, որը պետք է ուսումնասիրեր նրա ու Ուիլյամսի դիմակայություններն ու հատուկ ծրագիր մշակեր: Բայց նա էլ չօգնեց, դրան հաջորդեց պարտությունը «Ռոլան Գարոսում»:

Լուսանկարը` time.com


Դրանից 2 շաբաթ անց սկսվեց թենիսիստուհիների իսկական հակամարտությունը: Rolling Stone-ին տված հարցազրույցում Սերենան Շարապովային ձանձրալի անվանեց, որին «միեւնույն է դժվար թե հրավիրեն հետաքրքիր երեկույթների»:

«Նա ապրում է թենիսով, գուցե հանգստանա՞ս: Բոլոր հարցազրույցներն այս խոսքերով է սկսում. «Այնքան երջանիկ եմ, բախտս այնքան է բերել»: Նրան մինչ օրս լավ երեկույթների չեն հրավիրում: Ու եթե ցանկանում է հանդիպել սեւ սիրտ ունեցող տղայի հետ, առաջ»,- ասել էր Սերենան, նկատի ունենալով Շարապովայի ընկեր Գեորգի Դիմիտրովին: 

Շարապովան էլ խոսքի տակ չմնաց ու մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հետեւյալը: «Եթե Սերենան ցանկանում է խոսել անձնական որեւէ բանի մասին, գուցե պատմի՞, թե ինչպես է մարզիչը լքել կնոջն ու երեխաներին նրա հետ լինելու համար»:

Ուիլյամսը որոշեց հարթել իրավիճակն ու ներողություն խնդրեց: «Անձամբ խոսել եմ Մարիայի հետ ու ներողություն խնդրել: Իսկապես, շատ եմ ցավում, եթե իմ խոսքերը որեւէ կերպ վիրավորել են նրան»,- ESPN-ին տված հարցազրույցում հայտնել էր Սերենան:

Ավելի ուշ թենիսիստուհիների հարաբերությունների մասին խոսել էր Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի այն ժամանակվա մամուլի քարտուղար Սոֆյա Տարտակովան.

«Շարապովայի գործակալն ասել է, որ Սերենան պարզապես ատում է Մաշային: Նրա դեմ խաղերն առանձնահատուկ ու սկզբունքային են ամերիկուհու համար: Նա պատրաստ է ոչնչացնել Շարապովային»:

Լուսանկարը` justjared.com


Այնուհետեւ երկար ժամանակ թենիսիստուհիները չէին հանդիպում կորտում, ապա ամռան վերջին US Open-ից առաջ մասնակցեցին NIKE-ի կազմակերպած մրցաշարին, որում Սերենան բոլորի հետ լուսանկարվեց, դե, իհարկե, Շարապովայից բացի:

«Nike-ի շնորհիվ հիանալի ժամանակ անցկացրինք, բոլորն այստեղ էին՝ Ռոջերը, Ռաֆան, Փիթը, Անդրեն: Բոլոր երիտասարդները նույնպես: Այնքան շատ էին, որ բոլորին չես էլ հիշի»,- այսպես էր խայթել Շարապովային ամերիկուհին՝ չնշելով նրա անունը:

Ապա Vogue-ին տված հարցազրույցում խոստովանել, որ թեեւ հանդերձարանում Շարապովան ոչ մեկի հետ չի խոսում, երկրպագուների կողմից շատ ավելի բաց ու մարդամոտ է համարվում:

«Ինձ ավելի չար ու դաժան են տեսնում, թեեւ աղջիկների համար ես շատ ավելի ջերմ եմ: Պատճառն այն է, որ սեւամո՞րթ եմ: Այդպիսի հասարակությունում ենք ապրում: Ասում են՝ աֆրոամերիկացիներին հաջողության հասնելու համար 2 անգամ ավելի շատ ջանք պետք է թափել»:

Լուսանկարը` mirror.co.uk


Պայքարի վերջին փուլը

2017 թվականի սեպտեմբերի 1-ին թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն ու Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ծնողներ դարձան: Ծնվեց նրանց դուստրը՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյան-կրտսերը:

Թենիսիստուհին դստեր ծննդից օրեր անց հուզիչ նամակ գրեց իր մայրիկին:

Շատերը ենթադրում էին, որ այդկերպ ամերիկուհին պատասխանեց Մարիա Շարապովային: Իր ինքնակենսագրական գրքում նա մոտ 100 անգամ հիշատակել էր Սերենայինն: Բայց Ուիլյամսին հատկապես վիրավորել էին հետեւյալ տողերը.

«Առաջին հերթին, նրա կառուցվածքն ավելի տպավորիչ ու խոշոր է, քան հեռուստացույցով է երեւում: Նա մեծ ձեռքեր ու ոտքեր ունի, շատ վախեցնող ու հուժկու տեսքով է»:

Լուսանկարը` Facebook


Իսկ Ուիլյամսն իր նամակում հատկապես կենտրոնացել է իր մայրիկի ու դստեր վրա, բայց եւ պատասխանել Շարապովային:

«Նայում եմ դստերս (այո, ես դուստր ունեմ): Նա իմ ձեռքերն ու ոտքերն ունի, նույն մկանները, ինձ պես ուժեղ է: Չգիտեմ, թե ինչպես կարձագանքեի, եթե իմ պես նա էլ 15 տարեկանից անցներ այս ամենի միջով: Ինձ տղամարդ էին կոչում, որովհետեւ անհավանական ուժեղ էի: Ասում էին, որ դոպինգ եմ օգտագործում»,- գրել է ամերիկուհին:

Շարունակելով նամակը՝ Սերենան նշել էր, որ իրեն նույնիսկ  ցանկացել են ուղարկել տղամարդկանց մրցաշարեր, քանի որ շատ կանանցից ավելի ուժեղ է եղել.

«Ես պարզապես համառորեն աշխատել եմ ինձ վրա: Բացի այդ էլ ծնվել եմ այդպիսի կառուցվածքով ու հպարտ եմ դրա համար»,-գրել էր ամերիկուհին:

Թենիսիստուհիներն, իսկապես, շատ բարդ հարաբերություններ են ունեցել, սակայն հնարավորության դեպքում նաեւ կարողացել են աջակցել ու լավ խոսքեր ասել միմյանց մասին: Այսպես, Շարապովան մի առիթով խոստովանել է, որ Սերենայի հետ պետք է ընկերուհիներ դառնային, քանի որ նմանատիպ հետաքրքրություններ ունեն:

«Բայց մենք այդպես էլ լեզու չգտանք, թեեւ ամեն դեպքում օգնում ենք իրար աճել: Գուցե, հենց դա է արժեւորում մեր հարաբերությունները: Երբ նման ուժեղ մրցակից ես ունենում, քո մեջ նրան հաղթելու ուժ ես գտնում»,- նշել էր Շարապովան:

Լուսանկարը` adage.com


Իր ինքնակենսագրականում նա եւս մեկ անգամ հիշել է 2004-ին կայացած իրենց առաջին հանդիպման մասին ու հիացել ամերիկուհու բնավորությամբ, ուժով ու տաղանդով:

«Սերենան ստիպեց ինձ փոքրիկ աղջիկ զգալ, մինչ օրս էլ դա նրան հաջողվում է: Մեր մասին անընդհատ խոսում են, համեմատում ու, չնայած կորտում ու դրա սահմաններից դուրս մշտապես հակամարտում ենք, համոզված եմ, որ իրար անսահման հարգում ենք»,-ավելացրել է Շարապովան:

Սերենան էլ իր հերթին 2016-ին աջակցել է Շարապովային, երբ նա հայտնվել էր մելդոնիումի հետ կապված դոպինգ սկանդալի կիզակետում: Կարոլին Վոզնյացկիի հետ ընկերական խաղից առաջ ամերիկուհին մամուլի ասուլիսի ժամանակ հիացել է Շարապովայի համարձակությամբ.

«Նա կարողացավ ամեն ինչի մասին բարձրաձայն խոսել ու պատասխանատու լինել կատարվածի համար: Շարապովան ամբողջությամբ իր վրա վերցրեց տեղի ունեցածը, իսկ դրա համար քաջություն ու մեծ սիրտ է պետք ունենալ»:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին