Ապրիլ 17, 2024
exclusive
13830 դիտում

Եվրոպայի բրոնզե առաջնությունը. 5 մեդալակիր ըմբիշները


Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org


Մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունն այս տարի հյուրընկալել էր Ստամբուլը:

Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ոճի հավաքականների համար մրցաշարը բրոնզե ստացվեց. մեր ըմբիշները նվաճեցին 5 մեդալ ու բոլորն էլ բրոնզե:

Mediamax Sport-ը զրուցել է բոլոր մեդալակիրների հետ, նրանք պատմել են իրենց զգացողությունների, հաղթանակների ու հետագա ծրագրերի մասին:

Գեւորգ Մխեյան (ազատ ոճ, 70 կգ)

Եվրոպայի առաջնությունն ինձ համար շատ լավ կամ վատ չէր, նորմալ ստացվեց, մեդալ նվաճել հաջողվեց, թեեւ այն ոսկե չէ:

Ամենաբարդը կիսաեզրափակիչ գոտեմարտն էր ուկրաինացի Ալեքսեյ Բորուտայի հետ, հաշվի մեջ առաջ էի, բայց զիջեցի 4:7 հաշվով: Պարտությունից հետո պետք էր միանգամից պատրաստվել 3-րդ տեղի համար մենամարտին, սխալները նվազագույնի հասցնել ու դրական արդյունքի հասնել: Դա ինձ հաջողվեց, ինչի համար շատ ուրախ եմ:



Բրոնզի համար պայքարում մրցակիցս ադրբեջանցի էր, տրամադրվածությունս ամբողջովին նույնն էր լինելու ցանկացած երկրի ըմբիշի դեմ: Նման առաջնությունից մեդալով վերադառնալը հավելյալ խթան է, որ հավատամ ուժերիս, ավելի մոտիվացված լինեմ ու առաջ գնամ:

Հետագայում նոր հավաքներ ունենք, մրցաշարեր, մեծահասակների Հայաստանի առաջնություն: Իսկ նոյեմբերին կփորձեմ լավ մարզավիճակով մոտենալ Մ-23 տ. Աշխարհի առաջնությանը:

Լուսանկարը` unitedworldwrestling.org


Ամեն մրցաշար ու նվաճում իր դրական ազդեցությունն է ունենում հավաքականի տղաների վրա, ամեն մեկս մեր իմացածը կփոխանցենք իրար ու կօգնենք լավ արդյունքի հասնել:

Հովհաննես Մխիթարյան (ազատ ոճ, 86 կգ)

Անձնական ու հավաքականի մարզիչների շնորհիվ կարողացա հասնել այս հաջողությանը:

Լավ մարզումներ էինք ունեցել ու մրցավայր մեկնել հաղթանակի հետեւից: Շատ էի ցանկանում ոսկե մեդալակիր դառնալ, բայց այս անգամ չստացվեց: Կարեւորն առանց մեդալի չեմ հետ եկել:

Եվրոպայի առաջնությունը երբեք էլ հեշտ չի լինում, բացառություն չէր նաեւ այս մեկը: Պարտություն կրեցի ռուս մարզիկից, որի հետ հավասար գոտեմարտ էր ընթանում, միայն մեկ միավորի տարբերությամբ զիջեցի: Իմ կարծիքով մի փոքր ուշացրի ու ժամանակը չհերիքեց հաղթանակի համար:

Իսկ երրորդ տեղի համար պայքարում հավատում էի, որ հաղթելու եմ:  Վստահ էի, տրամադրվածությունը, ցանկությունն ու պատասխանատվությունը չափազանց մեծ էր, քանի որ ԵԱ-ն Թուրքիայում էր տեղի ունենում:



Ես շնչառության հետ կապված խնդիրներ ունեի, ճիշտ բուժում ստացա, հիմա ամեն ինչ նորմալ է: Միշտ ինչ-որ բաներ ինձ խանգարում էին մեդալ նվաճել, սակայն արդեն ժամանակը եկել էր: Ես խոսել էի մարզիչներիս հետ, շատ աշխատանքներ էինք տարել, անչափ ուրախ եմ, որ ամեն ինչ լավ ընթացք ունեցավ: 

Մեր թիմը վատ հանդես չեկավ, չնայած, կարծում եմ, կարող էինք ավելի շատ մեդալներ նվաճել:

Շուտով հավաք ենք ունենալու Ծաղկաձորում: Նոյեմբերին Բուդապեշտում կայանալու է մինչեւ 23 տարեկանների Աշխարհի առաջնությունը: Պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի լավ մասնակցեմ նաեւ այնտեղ:

Լուսանկարը` unitedworldwrestling.org


Նորայր Հախոյան (հունահռոմեական ըմբշամարտ, 55 կգ)

Եվրոպայի առաջնություն մեկնել էի հաղթանակի համար, սակայն առաջին գոտեմարտի ժամանակ կողի վնասվածք ստացա: Ռուս մրցակցի դեմ հանդիպումը, ամեն դեպքում, մարզիչների ճիշտ ընտրած տակտիկայի շնորհիվ կարողացա հաղթանակով ավարտել:

Հետո բժիշկները ցավազրկիչ ներարկեցին, ու հանդիպեցի ադրբեջանցի ըմբիշին: Դիմակայությունն ավելի դժվար էի պատկերացնում, բայց ժամանակից շուտ հաղթանակ տարա ու անցա առաջ: Արդեն վրացու դեմ գոտեմարտի ժամանակ շատ ուժեղ ցավեր ունեի, որոնց պատճառով չէի կարողանում անել այն, ինչի ընդունակ էի: Դրա համար էլ պարտություն կրեցի:



Երրորդ տեղի համար գոտեմարտը հաջորդ օրն էր, այն կրկին ժամանակից շուտ ավարտեցի: Վնասվածքի պատճառով ուզում էի բոլորում էլ շուտ հաղթել, որպեսզի քիչ ցավեր ունենամ:

Սա իմ առաջին մեդալն էր, աննկարագրելի զգացողություններ ունեցա: Երբ սուլիչը հնչեց,  կարծես երազում լինեի, մանավանդ այդպիսի ցավերից հետո:

Հիմա բուժվում եմ, մեկ ամիս պետք է հնարավորինս անշարժ մնամ, չեմ մարզվում: Հետո Ծաղկաձորում հավաք ունենք, հուսամ կապաքինվեմ ու շուտ կմիանամ թիմին:

Լուսանկարը` unitedworldwrestling.org


Սլավիկ Գալստյան (63 կգ)

Առաջնության բոլոր գոտեմարտերն էլ առանձնահատուկ էին ինձ համար ու դժվար, բայց հատկապես կառանձնացնեմ 3-րդ տեղի համար պայքարը:

Հունգարացի Էրիկ Տորբային նորից Ստամբուլում զիջել էի, այն ժամանակ դեռ 2015 թվականի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում: Այս անգամ նրա նկատմամբ առավելության հասնելու ու մեդալ նվաճելու ցանկությունը շատ մեծ էր, թեեւ լարվածությունը խանգարում էր, բայց կարողացա այն հաղթահարել: Մրցակիցս էլ բավական լավն էր ու ուժեղ:



Երբ կիսաեզրափակչում զիջեցի, սպասում էի ու հավատում, որ կկարողանամ 3-րդ տեղը գրավել, այդ պատճառով էլ ինձ մոտ ստացվեց: Այս մեդալը նոր փուլ է իմ կարիերայում, առաջ գնալու նոր հնարավորություն, այն շատ կարեւոր էր ու ժամանակին:

Մեր հավաքականի համար այս առաջնությունը բրոնզե ստացվեց, բոլորս էլ 3-րդ տեղը գրավեցինք, բայց կարող էինք ավելին անել, ոմանք նույնիսկ պատրաստ էին ոսկե մեդալ նվաճել, բայց երեւի լարվածությունը խանգարեց:

Լուսանկարը` unitedworldwrestling.org


Այս տարի դեռ էլի մրցաշարեր ունեմ մասնակցելու, բայց ամենակարեւորը մեծահասակների Աշխարհի առաջնությունն է: Կփորձեմ այնտեղ ավելի լավ դրսեւորել ինձ: Արդեն մեծահասակների մի քանի մրցաշարերում եմ հանդես եկել, միանշանակ այն մեծ վստահություն է տվել ու այս առաջնությունում էլ օգնեց:

Արման Բաղդասարյան (72 կգ)

Բավական դժվար մրցաշար ստացվեց, թեեւ լավ պատրաստված էի գնացել ու ցանկանում էի ավելի բարձր արդյունքի հասնել, բայց տակտիկական սխալի պատճառով չկարողացա դուրս գալ եզրափակիչ:



Բրոնզե մեդալն էլ վատ արդյունք չէ, մանավանդ, որ վերջին անգամ մեդալ 3 տարի առաջ էի նվաճել՝ պատանեկան մրցումներում: Շատ ուրախացա այս հաջողության համար: Այն ինձ կօգնի ավելի մոտիվացված մարզվել, հավատալ ուժերիս ու ձգտել նոր մեդալների:

Դեռ կիսաեզրափակչում, երբ զգացի, որ չեմ կարողանա հաղթահարել այս փուլը, տրամադրվեցի 3-րդ տեղի գոտեմարտի վրա: Լարվել էի, բայց անպայման ուզում էի մեդալով վերադառնալ ու ստացվեց հաղթել 6:3 հաշվով:

Լուսանկարը` unitedworldwrestling.org


Այս հաջողությունում մեծ ներդրում ունեն մարզիչներս, նրանց ճիշտ աշխատանքն ու իմ նկատմամբ հավատը շատ են օգնել ինձ:

Առաջիկայում շարունակելու եմ նոր ուժերով մարզվել, հավաքի եմ մասնակցելու Ծաղկաձորում, որից հետո էլ կիմանամ այս տարի դեռ ինչ մրցաշարի կմասնակցեմ:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին