exclusive
6423 դիտում

ՉԼ-ի եզրափակչին ընդառաջ. Mediamax Sport-ի ֆավորիտը


Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook


Մայիսի 26-ին Կիեւի Օլիմպիական մարզադաշտն ընդունելու է եվրոպական ակումբային ֆուտբոլի կարեւորագույն մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչը:

3-րդ տարին անընդմեջ եզրագիծ հասած Մադրիդի «Ռեալի» մրցակիցն այս անգամ անգլիական «Լիվերպուլն» է: Mediamax Sport-ը ներկայացնում է դիմակայության նախախաղային վերլուծությունը՝ ընդգծելով թիմերի ուժեղ ու թույլ կողմերը:

Լուսանկարը` Facebook


«Լիվերպուլի» համար ինչպես նախորդ, այնպես էլ այս մրցաշրջանում շարունակում է խնդրահարույց լինել դարպասապահի դիրքը: Լորիս Կարյուսը կարողացավ հիմնական կազմից դուրս թողնել Սիմոն Մինյոլեին, բայց նույնիսկ այդ պարագայում նրա խաղում հարցականները շատ են: Դժվար է  լիգայում գտնել այնպիսի հանդիպումներ, որտեղ որոշիչ են եղել Կարյուսի սեյվերը: Գերմանացին բավական ստաբիլ է, բայց ակնհայտորեն զիջում է Կեյլոր Նավասին: «Ռեալի» առաջին համարն անսխալ չէ, բայց ի տարբերություն մրցակցի, նույնիսկ իր մեղքով գնդակ բաց թողնելու պարագայում կարողանում է այնպես հավաքվել, որ վերջնական արդյունքում հենց նրա սեյվերն են փոխում դիմակայության ելքը:

«Բավարիայի» հետ խաղը հիանալի օրինակ է, թե ինչպես կարող է խաղալ Նավասը: Եթե կոստառիկացին զգաց գնդակը, «Ռեալը» թիկունքում հսկայական առավելություն կարող է ստանալ: Կարյուսի պարագայում «Լիվերպուլը» գոհ կլինի, եթե դարպասապահը փրկի այն իրավիճակներում, որտեղ առնվազն  պարտավոր է: «Ռոմայի» հետ կիսաեզրափակիչ պատասխան մրցավեճում գերմանացին այդքան էլ վստահ տեսք չուներ, որի արդյունքում «Լիվերպուլը» 4 գնդակ բաց թողեց:

Լուսանկարը` Facebook


Գաղտնիք չէ, որ այս մրցաշրջանի ընթացքում Կլոպի ղեկավարությամբ փայլեցին «Լիվերպուլի» երկու եզրային պաշտպանները՝ Էնդյու Ռոբերտսոնն ու Ալեքսանդր Առնոլդը: Վերջինս հրավիրվել է անգամ Անգլիայի ազգային հավաքական: Առաջին հայացքից «Լիվերպուլի» երիտասարդ եզրերը հույս են ներշնչում, բայց մյուս կողմից «Ռեալի» պես թիմի հետ խաղում կարող են դառնալ հիմնական խոցելի օղակը:

Արքայական ակումբը «Բավարիայի» հետ կիսաեզրափակիչ առաջին խաղում Դավիդ Ալաբայի բացակայությամբ հսկայական խնդիրներ էր ստեղծում Խուան Բերնատի, ապա Ռաֆինիայի համար: Եթե Կլոպի եզրային պաշտպանները, ինչպես բոլոր խաղերում, անընդհատ միանան գրոհներին, «Ռեալն» անշուշտ ստանալու է բազմաթիվ բաց տարածություններ: Նույն խնդիրը կա նաեւ «Ռեալում», բայց ի տարբերություն  «Լիվերպուլի» տղաների, Մարսելոն ու Դանի Կարվախալն ավելի փորձառու են եւ  նման խաղերի մեջ եփված: Գումարենք նաեւ այն, որ  «Ռեալի» կենտրոնական պաշտպաններն ավելի արագաշարժ են ու խաղակցված: Պետք է չմոռանալ նաեւ «Ռեալի» հենակետայիններին, ովքեր շատ հաճախ կարողանում են փակել եզրային պաշտպանների բացած դիրքերը: «Լիվերպուլն» այդ առումով ավելի խոցելի ու քիչ ռեսուրսով թիմ է:

Լուսանկարը` Facebook


Մինչ եզրափակիչ հասնելը «Լիվերպուլի» ճանապարհին հայտնվել էին թիմեր, որոնց խաղը հիմնականում կառուցվում էր գնդակի տոտալ վերահսկմամբ: «Ռեալի» պարագայում իրավիճակը բոլորվին այլ է: Զիդանի թիմը մեկ անգամ չէ, որ այն զիջել է մրցակցին ու կարողացել է վերջնական համագումարով հասնել ցանկալի արդյունքի: Եթե Արքայական ակումբը որոշի խաղալ 2-րդ համարով, ինչպես «Բավարիայի» հետ արեց, ապա «Լիվերպուլը» նույնիսկ գրոհելիս  պետք է գրոհները կառուցի ծայրաստիճան զգուշությամբ: «Բավարիան» որոշ չափով ուներ ռեսուրս հարձակողական խաղում ձախողվելու պարագայում կորցրածը հետ բերելու, բայց «Լիվերպուլի» դեպքում այդպես չէ:

Կլոպի թիմը պետք է գիտակցի, որ առաջին րոպեներին «Ռեալին» բաց ֆուտբոլ առաջարկելն ու անընդհատ գրոհները կարող են հակադարձ էֆեկտ ունենալ: «Լիվերպուլի» համար շանսեր կառաջանան, եթե թիմը մեկնարկում հուսալի խաղա պաշտպանությունում ու մրցակցին հասկացնի, որ պատրաստ է մինչեւ վերջին րոպեն մնալ սեփական կիսադաշտում՝ զերծ մնալով սխալներից: Դեպքերի նման զարգացման պարագայում «Ռեալը» կսկսի տիրել գնդակին ու «Լիվերպուլն», ինչպես Սիթիի հետ խաղերում եղավ, կստանա հակագրոհներ զարգացնելու բազմաթիվ շանսեր: Կլոպը բավարար փորձ ունի հասկանալու համար, որ «Ռեալի» հետ բաց հարձակողական ֆուտբոլը մեծ հավանականությամբ կդատապարվի անհաջողության:

Ուշադրության է արժանի նաեւ այն հանգամանքը, որ «Ռեալում» կառուցող ֆուտբոլիստներն ավելի շատ են, քան «Լիվերպուլում»: Կիսապաշտպանության կենտրոնում Զիդանը մեծ ընտրության հնարավորություն ունի, ինչը լրացուցիչ խնդիրներ կառաջացնի Կլոպի համար: Զիզուն սիրում է պատասխանատու խաղերում նորամուծություններ անել: Չմոռանանք, որ անգամ «Բավարիայի» հետ պատասխան մրցավեճում, երբ բոլորը հիմնական կազմում սպասում էին Կազեմիրոյին, Զինդանը խաղալու շանս էր տվել Մատեո Կովաչիչին: Սա միայն մեկ փոփոխության տարբերակ է, իսկ «Ռեալում» կազմի առումով բազմաթիվ խաղարկումներ միանշանակ կլինեն: Կլոպը հնարավորինս ճկուն մարտավարություն պետք է ընտրի, որպեսզի կազմի անսպասելիությունից բխած խնդիրներն անլուծելի չդառնան:

Լուսանկարը` Facebook


Նույնիսկ հիմա կարելի է պնդել, որ «Ռեալն» ուժային ֆուտբոլում չի զիջելու մրցակցին: «Լիվերպուլի» հարձակողական եռյակը շատ արագաշարժ է ու չի բացառվում, որ Զիդանը հատուկ հանձնարարական կտա Կազեմիրոյին, Ռամոսին, Մոդրիչին մոտ խաղալ կարմիրների հարձակվողների հետ ու երբեմն դիմել կոպտության: «Ռեալի» պահեստայինների նստարանն ավելի երկար է ու կորուստների դեպքում կարելի է փոխարինող գտնել անգամ հարձակման առաջատարներին, իսկ «Լիվերպուլի» դեպքում շատ բան է կախված եռյակի անխախտ աշխատանքից:

Լուսանկարը` Facebook


«Լիվիրպուլի» համար անչափ կարեւոր կլինի Կարիմ Բենզեմային պատշաճ ուշադրության հատկացումը: «Ռեալի» մյուս առաջատարների ֆոնին Բենզեմայի աշխատանքը քիչ է երեւում, բայց վերջնական համագումարում հենց  ֆրանսիացին է, որ կարողանում է վճռական պահերին հայտնվել ամենակարեւոր տեղերում: Վիրջիլ Վան Դեյկի ամեն բացթողում կարուսել է ստեղծելու «Լիվերպուլի» տուգանային հրապարակում:

Այս մրցաշրջանում Կլոպի թիմի հաղթաթուղթը թիմային ֆուտբոլն էր, որի հակախաղը մրցակիցներն այդպես էլ չգտան: «Լիվերպուլը» տրամադրության թիմ է: Այդ նույն տրամադրությունը, ինչպես «Սեւիլիայի» հետ խաղում եղավ, կարող է կարմիրներին զրկել նույնիսկ չեմպիոնությունից: Սառը դատողությունն ու հոգեբանական հավասարակշռությունը «Լիվերպուլին» ավելի քան երբեւէ  օդի ու ջրի պես անհրաժեշտ է: «Ռեալն» ի տարբերություն մյուս թիմերի շատ հասուն է: Զիդանը կառուցել է այնպիսի կոլեկտիվ, որն իր ճկունության հաշվին կարողանում է  արագ արձագանքել ցանկացած փոփոխության: Մադրիդն այս տարի զիջել է ամեն ինչ, որ Չեմպիոնների լիգայում կարողանա 3-րդ անգամ անընդմեջ հասնել չեմպիոնության:

Լուսանկարը` Facebook


Թիմերի միմյանց միջեւ անցկացրած խաղերի մասին խոսելն անիմաստ է: Սա նոր պատմություն է, նոր «Ռեալ» ու նոր «Լիվերպուլ»: Սալահի ու Ռոնալդուի այս մրցակցությունից գուցե կախված է ոսկե գնդակի հետագա ճակատագիրը:

Չնայած «Լիվերպուլի» անցած ճանապարհին ու ցուցադրած ֆանտաստիկ ֆուտբոլին, «Ռեալն» այս պահին դիմակայության ֆավորիտն է՝ 60/40 տոկոս ուժերի հարաբերակցությամբ: Ինչպես փորձն է ցույց տվել, Զիդանը կարողանում է իր թիմին տրամադրել նման իրավիճակներում: Կլոպի պարագայում արդյունքը կգա անակնկալ լուծումներով...

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին