exclusive
6374 դիտում

#MerciArsène. Չավարտվող սիրո պատմությունը


Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` timesofisrael.com

Լուսանկարը` getty images

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` timesofisrael.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` talksport.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com


«Սիրո պատմությունը երբեք չի ավարտվում, միշտ «Արսենալի» երկրպագու կմնամ: Կկարոտեմ ձեզ: Շնորհակալություն բոլորիդ իմ կյանքի այսքան կարեւոր մասը լինելու համար»:

Սրանք «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում Արսեն Վենգերի հրաժեշտի խոսքերն են:

Մայիսի 6-ին նա 22 տարիների ընթացքում վերջին անգամ դուրս բերեց իր հարազատ թիմին «Էմիրեյթս» ստադիոն: Թեեւ այդ տնային խաղում նրա սաները հաղթեցին 5:0 հաշվով, սակայն հազարավոր երկրպագուներին այդ օրը հաշիվը չէ, որ հետաքրքրում էր: Նրանք եկել էին իրենց սերը, շնորհակալությունն ու հարգանքը մատուցելու մեծ մարզչին ու իրենց ակումբի ամենահավատարիմ երկրպագուին:

Mediamax Sport-ի այսօրվա հրապարակումը նվիրված է Վենգերին՝ ֆուտբոլի իսկական գիտակին ու նվիրյալին:

Լուսանկարը` arsenal.com


Սիրո պատմության սկիզբը

1996 թվականի հոկտեմբերի 19-ին Վենգերն իր առաջին հանդիպումն անցկացրեց «Արսենալի» ղեկին, «Հայբերիի» հետ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքիով: Թիմի հետ պայմանագիր կնքելիս նա կնոջը հետեւյալն էր ասել. «Թանկագինս, առավելագույնը 5 տարի կմնամ այստեղ ու հանգստի կանցնեմ», իսկ իրականում նրանից 22 տարի պահանջվեց մեծ դժվարությամբ թիմը լքելու համար:

Մինչ վենգերյան դարաշրջանը, զինագործները 5 տարի չեմպիոն չէին դարձել: Նոր մարզիչն առաջին հերթին փոխեց ֆուտբոլիստների ֆունկցիոնալ պատրաստվածությունը, յուրաքանչյուրին անհատական մոտեցում ցուցաբերեց ու հատկապես սկսեց լավ համագործակցել երիտասարդների հետ: Վենգերի առաջին մրցաշրջանում «Արսենալը» ելույթն ավարտեց 3-րդ տեղում:

Հաջորդ իսկ տարին արդեն չեմպիոնական էր, 1997-98 թթ. մրցաշրջանի հիմնական մասում առաջատարն Ալեքս Ֆերգյուսոնի ՄՅՈւ-ն էր, սակայն  դեկտեմբերից Վենգերի թիմը չզիջեց ոչ մի խաղում ու մարտին էլ առավելության հասավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ:

Լուսանկարը` arsenal.com


Այդ անպարտելի շարքը թիմին վերադարձրեց չեմպիոնությունն ու բերեց նաեւ Անգլիայի Գավաթի հաղթողի կոչումը: Վենգերի հեղինակությունը զգալիորեն մեծացավ երկրպագուների մոտ ու սկսեց կիրառվել «Արսենը գիտի» արտահայտությունը:

Հաջորդ տարիներին էլ «Արսենալը» մշտապես ՄՅՈւ-ի հետ պայքարում էր անգլիական տիտղոսներին տիրանալու համար, իսկ Վենգերի ու Ֆերգյուսոնի հակամարտությունն ամենասկզբունքայինն ու դիտարժաններից էր ողջ ֆուտբոլի պատմության մեջ:

Վենգերի հաջորդ վերելքով մրցաշրջանը 2001-2002-ին էր: Վառ ու գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրող լոնդոնյան թիմը կրկին Անգլիայի չեմպիոն դարձավ ու էլի որոշիչ խաղում հաղթանակը ՄՅՈւ-ի նկատմամբ էր: Թիմը ձեռքից բաց չթողեց նաեւ Անգլիայի Գավաթը՝ 2:0 հաշվով հաղթելով «Չելսիին»:

Այդ մրցաշրջանի սկզբում Վենգերը հրաժարվել էր գլխավորել Ֆրանսիայի հավաքականն ու իր հայրենիքում խիստ քննադատությունների էր ենթարկվել: Չնայած դրան՝ 2002-ին Պատվավոր լեգիոնի շքանշանի արժանացավ: Հաջորդ մրցաշրջանում ակումբը կրկին տիրացավ Գավաթին, իսկ առաջնությունում 2-րդն էր:

Լուսանկարը` getty images


2003-2004 թթ. «Արսենալը» բացառիկ ցուցանիշ գրանցեց.  չեմպիոն դարձավ՝ չզիջելով ոչ մի խաղում: Անպարտելի շարքը ձգվեց 49 հանդիպում: 2005-ին Վենգերն իր թիմի հետ կրկին տիրացավ Գավաթին, դրանից հետո նույնիսկ առաջարկ ստացավ Մադրիդի «Ռեալից», սակայն նախընտրեց մնալ Լոնդոնում:

Այդ մրցաշրջանում թիմը ՉԼ-ում հասավ եզրափակիչ, սակայն 1:2 հաշվով զիջեց «Բարսելոնային»: Այդ հաջողություններից հետո 8 տարի «Արսենալը» չէր կարողանում նվաճման հասնել, սակայն առաջնությունում ելույթն ավարտում էր քառյակում ու ապահովում մասնակցությունը ՉԼ-ում:

Գժտությունները

Նոր ստադիոնի կառուցումը մեծացրեց ինչպես թիմի ֆինանսական հնարավորությունները, այնպես էլ ազդեց արդյունքների վրա:

2014-ին թիմը վերջապես ընդհատեց անհաջող շրջանն ու Անգլիայի գավաթակիր դարձավ: Հաջորդ տարին կրկնեց հաջողությունը, սակայն 2016-2017 մրցաշրջանում  առաջին անգամ «Արսենալը» Վենգերի գլխավորությամբ մրցաշրջանն ավարտեց 5-րդ տեղում ու չկարողացավ ՉԼ-ի ուղեգիր նվաճել: Բայց հենց այդ ընթացքում էլ Վենգերն Անգլիայի Գավաթում տարած հաղթանակների քանակով ռեկորդակիր դարձավ՝ 7 մրցանակ, գերազանցելով 97 տարվա ռեկորդը:

Ինչպես եւ ցանկացած սիրո պատմության մեջ, Վենգերի ու «Արսենալի» հարաբերություններն էլ հարթ չեն ընթացել: Եղել են եւ տհաճ խոսակցություններ, եւ գժտություններ, փոխադարձ մեղադրանքներ, սակայն այդ հարաբերությունները դիմացել են բոլոր փորձություններին:

Լուսանկարը` timesofisrael.com


Վերջին տարիներին թիմի անկայուն ելույթներն ուղեկցվում էին մարզչի հրաժարականի պահանջներով, Wenger out պաստառներով, նրա հեռանալու կոչերով: Բայց Վենգերն այնքան կապված էր թիմին, որ իրենց առանձին չէր պատկերացնում:

Ակումբից նրա հեռանալու մասին հայտարարվեց ապրիլի 20-ին: «Արսենալի» բաժնետեր Ստեն Կրոնկեն խոստովանեց, որ ծանր օրեր են անցկացրել որոշումը կայացնելու ընթացքում:

«Հիմնական պատճառներից մեկը, որ կապվել ենք ակումբի հետ, եղել է Վենգերը: Նա անգերազանցելի մակարդակ ունի, ու մենք միշտ շնորհակալ կլինենք: Յուրաքանչյուրն, ով սիրում է «Արսենալն» ու ֆուտբոլը, պարտական են նրան: Պրեմիեր Լիգայում 3 գավաթ, Անգլիայի գավաթում 7 մրցանակ ու 20 տարի անընդմեջ ելույթ Չեմպիոնների Լիգայում, բացառիկ ռեկորդ է: Վենգերը փոխել է անգլիական ֆուտբոլը»,- նշել է Կրոնկեն:

Լուսանկարը` arsenal.com


Վենգերի մանկությունն ու անցած ուղին

Արսեն Վենգերի մանկությունը շատ հանգիստ ու անհոգ է եղել: Ծնվել է 2-րդ համաշխարհային պատերազմից 4 տարի անց, նրա ծնողները բավականին ապահովված էին, ավտոպահեստամասերի խանութից բացի ունեին նաեւ «Ոսկե խաչ» անունով բիստրո: Այդտեղ էլ հիմնականում անցել է ապագա մարզչի մանկությունը, ազատ ժամանակ ֆուտբոլ էր խաղում ու աչքի ընկնում կազմակերպչական ունակություններով: Ավելորդ է ասել, որ հենց նա էր թիմում գլխավորի պարտականությունները կատարում:  Այդ տարիներից արդեն Վենգերն ավելի շատ սիրում էր մարզել, քան խաղալ:

«Մեծացել եմ բիստրոյում, այդ ժամանակ էլ հասկացել եմ, որ ֆուտբոլն աշխարհում ամենակարեւոր բանն է: «Ոսկե խաչում» տեղացի ֆուտբոլիստները սովորաբար իրենց հաղթանակներն էին նշում ու անընդհատ խոսում ֆուտբոլից»,- հիշում է Վենգերը:

Նրա ծնողները ֆուտբոլով զբաղվելուն լուրջ չէին վերաբերվում ու շատ էին կարեւորում կրթություն ստանալը: 1974 թվականին Վենգերն ավարտել է Ստրասբուրգի Տնտեսագիտական համալսարանը, նա գիտությունների դոկտորի կոչում ունի: Տիրապետում է 6 լեզուների՝ անգլերենի, գերմաներենի, ֆրանսերենի, իտալերենի, իսպաներենի ու ճապոներենի:

Լուսանկարը` timesofisrael.com


Վենգերը սիրողական թիմերում կենտրոնական պաշտպան էր, 29 տարեկանում անսպասելիորեն հայտնվել է «Ստրասբուրգում» ու նույնիսկ մասնակցել ՈւԵՖԱ-ի գավաթի հանդիպման: 1969-ին դարձել է  Ֆրանսիայի չեմպիոն, մարզել ակումբի պատանեկան թիմն, ապա մարզչի օգնական եղել «Կաննե» ակումբում: Ինքնուրույն մարզչական գործունեություն է ծավալել 1984-ին  «Նանսիում», ապա տեղափոխվել  «Մոնակո»:

Վենգերն աշխատել է նաեւ Ճապոնիայում ու լավագույն մարզիչ ճանաչվել 1995-96 մրցաշրջանում: Իսկ դրանից հետո մինչ 2018 թվականը կապված է եղել լոնդոնյան ակումբի հետ:

«Ես իսկապես սիրում եմ ֆուտբոլը, այդ պատճառով էլ ոչ մի ճնշում չի կարող փոխել իմ վերաբերմունքն այդ խաղի նկատմամբ: Սիրահարված եմ ֆուտբոլին այն պահից սկսած, ինչ հիշում եմ ինձ: Երբեք չեմ պատկերացրել, որ ինքս էլ կլինեմ այս բնագավառում: Ինձ միշտ թվացել է, որ ֆուտբոլում աշխատում են մարդիկ, որոնք գալիս են այլ մոլորակից»:

Վենգերի բերած թրենդները

Արդար մարզիչը

1999-ից սկսած Վենգերը ձեռք է բերել արդարության համար պայքարողի համբավ: Նա առաջարկել է վերախաղարկել գավաթային հանդիպումը «Շեֆիլդի» հետ այն բանից հետո, երբ նրա թիմը գոլ է խփել Fair-play-ի կանոնների խախտմամբ: «Արսենալի» նորեկ Կանուն գնդակը խլել էր, երբ լոնդոնցիներն այն մրցակցին էին հանձնել:  Մինչ այդ «Արսենալի» խաղացողին բժշկական օգնություն ցուցաբերելու ժամանակ մրցակիցն այն դուրս էր բերել: Հանդիպումը նորից կայացավ, ու Վենգերի թիմը հաղթեց արդար պայքարում:

Լուսանկարը` arsenal.com


Երկար բաճկոնները

Հնարավոր չէ անդրադառնալ Վենգերին ու նրա երկար բաճկոնների մասին չհիշատակել: Խստաշունչ ու երկար ձմեռներին շատերս ենք ցանկացել այդպիսի տաք վերնազգեստ ունենալ: «Արսենի կարիերայից երկար միայն նրա բաճկոններն են»,- սիրում են կատակել Անգլիայում:

Puma-ն նույնիսկ նոր դիզայն է մշակել Վենգերի բաճկոնի համար, այն նախատեսված է լինելու 2018-2019 մրցաշրջանի համար: Ավանդական մոխրագույնին փոխարինելու է գալու սեւ բաճկոնը: Նման 100 ֆունտ արժողության բաճկոնների արտադրության մասին հայտարարվել էր մինչ թիմից Վենգերի հեռանալու մասին հայտարարվելը:

Երկարակյացները

Մարզիչներից ամենամեծ վեճը Վենգերն ունեցել է մյուս երկարակյաց մարզչի՝ Ալեքս Ֆերգյուսոնի հետ: Ամենաշատը հիշվել է 2004-ին «Օլդ Թրաֆորդում» նրանց բախումը, երբ Վենգերը պիցցայի կտոր է նետել շոտլանդացու վրա: Թեեւ հետո նրանք խոստովանել են, որ ամեն ինչ այլ կերպ է եղել, այդ դրվագի մասին միեւնույն է մինչ օրս էլ հիշատակում են:

Տիեզերական ֆուտբոլը

2003-ին Վենգերն արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի, 2006-ին ընդգրկվել անգլիական ֆուտբոլի փառքի սրահում, մեկ տարի անց էլ նվեր ստացել աստերոիդ՝ Արսենվենգեր անվամբ: «Վենգերը հեղափոխություն է արել մեր ակումբում, այն պահից սկսած, որ նա մեզ հետ է, տիեզերական ֆուտբոլ ենք տեսնում»,- ասել է ակումբի նախկին փոխտնօրեն Դեւիդ Դեյնը:

Լուսանկարը` arsenal.com


Վենգերը նաեւ առաջին արտասահմանցի մարզիչն է, ում գլխավորած թիմն Անգլիայի չեմպիոն է դարձել, ոսկե դուբլ ձեւակերպել՝ դառնալով չեմպիոն ու գավաթակիր, առաջին արտասահմանցի մասնագետն է, ով տարվա մարզիչ է ճանաչվել:

«Այսքան տարի ֆուտբոլում եմ մնացել, քանի որ սիրում եմ առավոտյան զգալ թարմ խոտի բույրը, քայլել դաշտի վրայով, նորից ինձ երեխա զգալ, որը գնդակ է խաղում: Եթե այս տարիների ընթացքում աշխատասենյակում անցկացնեի, բոլորովին այլ կլինեի: Ֆուտբոլը թիմային խաղ է, ինչն այն ավելի մեծ է դարձնում: Հաղթել կարելի է  տարբեր ձեւերով, բայց թիմային աշխատանքն ինձ ավելի շատ է գրավել: Սիրում եմ նայել, ինչպես է խաղացողն աճ արձանագրում, սիրում եմ մարզումները պլանավորել, տեսնել, ինչպես է թիմն ավելացնում: Ու այո, ես վախենում եմ կյանքից ֆուտբոլից հետո»:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին