Ապրիլ 25, 2024
exclusive
19597 դիտում

Ռուսական, իսպանական մարզահագուստին կփոխարինի հայկականը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Դավթյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Դավթյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Ջուլֆալակյանի անձնական արխիվից

Լուսանկարը` flickr.com

Լուսանկարը` Ջուլֆալակյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Ջուլֆալակյանի անձնական արխիվից

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Խոշոր մրցաշարերում հավաքականները հիշվում են ոչ միայն նվաճած մեդալներով ու հաղթանակներով, այլ նաեւ գեղեցիկ ու տարբերվող մարզահագուստով:


Ժամանակակից սպորտում ամեն ինչն է կարեւոր՝ մարզիկի պահվածքից, մինչեւ արտաքին տեսք ու նորաձեւ հագուստ:


Mediamax Sport-ը մարզահագուստներին նվիրված շարքի վերջին հատվածում ներկայացնում է 2008-ի Օլիմպիական խաղերից մինչեւ 2016-ը:


Ամենավառ ու որակյալ հագուստը՝ Պեկին-2008

Ընդամենը 10 տարի առաջ Պեկինը կազմակերպել էր ամենավառ ու դիտարժան Օլիմպիական խաղերից մեկը: Պակաս վառ ու գեղեցիկ տեսք չունեին նաեւ հայ մարզիկները: Վերջին շրջանում հենց Պեկինի խաղերի մարզահագուստն է ամենաշատը սիրվել նրանց կողմից:

2008-ին Չինաստանում Հայաստանի հավաքականին հաջողվեց նվաճել 5 մեդալ՝ 4 բրոնզե ու 1 արծաթե:

Լուսանկարը` Դավթյանի անձնական արխիվից


Ծանրորդ Գեւորգ Դավթյանը 77 կգ քաշային կարգում գրավել էր 3-րդ հորիզոնականը: Նա պատմում է, որ իրենց համար մարզահագուստը, միանշանակ, շատ կարեւոր էր: Մարզիկները միշտ էլ ցանկանում են որքան հնարավոր է շուտ տեսնել այն մարզահագուստը, որով հանդես են գալու, իսկ Օլիմպիական խաղերի դեպքում՝ առավել շատ:

«Ես մինչեւ հիմա էլ հագնում եմ 2008-ի Օլիմպիական հագուստը: Փորձում եմ հնարավորինս լավ պահել, որ չմաշվի: Քանի որ մեդալակիր եմ դարձել, այն առավել քան թանկ է ինձ համար: Սովորաբար մարզիկները սիրում են փոխանակվել մարզահագուստներով, սակայն ես բոլորն էլ պահել եմ ինձ մոտ: Այն կրելիս կարծես մեդալը կրծքիցս կախված լինի»:

ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարն այդ ժամանակ Արմեն Գրիգորյանն էր, որը սիրով է հիշում, թե ինչպես էին աշխատում հագուստի դիզայնի ու տեսքի վրա:

Լուսանկարը` Դավթյանի անձնական արխիվից


«Ռուսական Bosco ընկերությունն առաջարկեց համագործակցել ու հագուստ պատրաստել մեր հավաքականի համար: ՀԱՕԿ-ի գործկոմի նիստի ժամանակ եղավ քննարկում, որի արդյունքում որոշվեց պայմանագիր ստորագրել: Ես անձամբ էի աշխատում ընկերության ղեկավարի հետ, անընդհատ քննարկումներ էին լինում, մենք ուղարկում էինք մեր պատկերացրած լուծումները, իրենք՝ իրենցը: Ի վերջո որոշվեց վերջնական տեսքը: Երկու գույնի մարզահագուստներն էլ բոլորին դուր էին գալիս. վառ էին, հիշվող ու, ամենակարեւորը՝ որակով»,-նշում է Գրիգորյանը:

Ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը խոստովանում է, որ իր մասնակցած երեք Օլիմպիական խաղերում (Պեկին, Լոնդոն, Ռիո) ամենաորակյալ ու գեղեցիկ մարզահագուստը կրել է հենց 2008-ին:

Լուսանկարը` Ջուլֆալակյանի անձնական արխիվից


«Դիզայնը մեր դրոշի գույներով էին արել, միանգամից երեւում էր, որ Հայաստանի հավաքականն է: Մեզ տրամադրել էին բոլոր անհրաժեշտ պարագաները, որոնք պետք են մարզիկին լավագույնս ներկայանալու համար՝ եռագույնի գույներով գուլպաներից ու սրբիչներից մինչեւ մարզումային հագուստ: 

Պեկինում շատերն էին ասում, թե որքան գեղեցիկ է մեր հանդերձանքը: Տարբեր հավաքականների մարզիկներ մոտենում էին ու խնդրում փոխանակվել: Նման բան հիմնականում առաջարկում են այն ընտրանիներին, որոնց մարզահագուստը գեղեցիկ է ու որակյալ: Ես միայն մեկ շապիկ փոխանակեցի ֆրանսիացիների հետ, այնքան էի հավանել մեր հավաքականի հանդերձանք, որ չէի ուզում ուրիշին տրամադրել»,-ավելացնում է ըմբիշը:

Շքերթի ժամանակ հայկական պատվիրակությունը կրել է ամբողջովին սպիտակ հագուստ: Այն ՀԱՕԿ-ի պատվերով Երեւանի դիզայներական տներից մեկն է կարել: 

Լուսանկարը` Ջուլֆալակյանի անձնական արխիվից


«Իտալական ոճ էինք ընտրել՝ առանց փողկապի ու ավելի թեթեւ: Կոստյումի կրծքին Հայաստանի զինանշանն էր: Կրկին լավ համագործակցության արդյունքում ենք ունեցել այս հագուստը: Հիշում եմ, որ հաճույքով ենք աշխատել ողջ ընթացքում ու ի վերջո ունեցել այդ տարբերակը»,-ավելացնում է Արմեն Գրիգորյանը:

Խաղերի բացման արարողությանը մասնակցել է նաեւ Ջուլֆալակյանը: Նրա կարծիքով շքերթային կոստյումը ճաշակով է եղել ու գեղեցիկ:

«Միջադեպ եղավ միայն կոշիկների հետ: Մարզիկները վնասել էին ոտքերը, ինչը չափազանց լուրջ խնդիր է: Կոշիկներն անհարմար էին, կամ էլ չափերն էին սխալ ընտրված: Իմ բախտը բերել էր. 41-ի փոխարեն ինձ բաժին էր ընկել 44-ը»:

Լուսանկարը` flickr.com


Ոչ մեկից տարբերվել չցանկացողներն ու Լոնդոնի խաղերը

Լոնդոնի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացավ ռուսական Forward ընկերության մարզահագուստով: Առաջին անգամն էր, որ ընկերությունը ցուցադրություն կազմակերպեց  ու ներակայացրեց մեր ընտրանու համար կարված հավաքածուն:

Հենց այս խաղերում արծաթե մեդալակիր դարձած Արսեն Ջուլֆալակյանը հիշում է.

«Forward-ը որակով շատ էր զիջում Bosco-ին: Այս անգամ էլ ամեն ինչ մեծ քանակությամբ էր տրամադրվել, բայց հատուկ ընդգծված ոճ ու դիզայն չկար: Ընկերության ավանդական գույներն էին, հագուստի վրա էլ ավելացրել էին մեր զինանշանն ու դրոշը»:  

ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը նկատում է, որ գերհզոր ընկերությունները, ինչպիսիք են Adidas-ն ու Nike-ը, չեն ցանկանում համագործակցել Հայաստանի հետ:

Լուսանկարը` Ջուլֆալակյանի անձնական արխիվից


«Հայաստանը նրանց հետաքրքիր չէ: Մենք քիչ մարզիկ ենք ունենում Օլիմպիական խաղերում, հետեւաբար պատվերն էլ քիչ է լինում:  Առաջարկում են վերցնել այն, ինչը մնացել է իրենց պահեստներում ու պարզապես մեր զինանշանը ավելացնել: Այդպես աշխատել չենք ցանկանում, ուզում ենք հենց մեր թիմի համար կարված հագուստ: Կան ընկերություններ, որոնց համար մեծ պատիվ է ներկայացված լինել Օլիմպիական խաղերում: 2012-ին կրկին Bosco-ի հետ էինք ուզում համագործակցել, բայց նրանք Իսպանիայի ու Ռուսաստանի թիմերի հետ էին աշխատում ու հրաժարվեցին ռեսուրսի քիչ լինելու պատճառով: Forward-ը կարողացավ լավ առաջարկ անել, ստեղծեց հագուստը եւ գույները համապատասխանեցրեց մեր ցանկացածին»,-ասում է Ռոստոմյանը:

Շքերթային հագուստը կրկին դասական է եղել: Մարզիկներն այն հավանել են ու կրել բացման արարողության ժամանակ:

Լուսանկարը` PAN Photo


«Որպես գլխավոր քարտուղար դրանք իմ առաջին Օլիմպիական խաղերն էին: Մինչ մեկնարկը ես մրցույթ հայտարարեցի շքերթային հագուստի համար: Պատկերացնո՞ւմ եք, միայն մեկ մասնակից ունեցանք: Մենք այդպես ենք, երբ լինում են առաջարկներ, ոչ ոք չի ցանկանում ներգրավվել ու իր կարծիքը հայտնել, իսկ երբ արդեն պատրաստի մի բան է լինում, բոլորը սկսում են քննադատել: Չենք ընդունում ինչ-որ ժամանակակից լուծումներ, Լոնդոնն էլ բացառություն չեղավ ու մասնակցեցինք խիստ դասական ոճով՝ ոչ մեկից չառանձնանալով»,-շեշտում է գլխավոր քարտուղարը:

Ռիո դե Ժանեյրո. Եվրոպական, բայց ոչ այդքան որակյալ մարզահագուստ

Ընդամենը երկու տարի առաջ Ռիոն ընդունեց ամառային Օլիմպիական խաղերը: 20 տարի ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականը նվաճեց ոսկե մեդալ: Այսօր էլ դեռ հիշվում են Արթուր Ալեքսանյանի ու Միհրան Հարությունյանի վառ կարմիր ու Սիմոն Մարտիրոսյանի եւ Գոռ Մինասյանի սպիտակ մարզահագուստները պարգեւատրման ժամանակ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանը Ռիո էր մեկնել իսպանական Kelme ապրանքանիշի մարզահագուստով: ՀԱՕԿ-ը, ինչպես նշում է Հրաչյա Ռոստոմյանը, ցանկացել էր այդ տարի ներկայանալ եվրոպական հագուստով, որը ֆինանսապես ու որակով ավելի հարմար տարբերակ է եղել:

Մարզիկները, սակայն, գոհ չեն Kelme-ի կարած հանդրձանքից: Արսեն Ջուլֆալակյանը նշում է, որ տեսքը նորմալ է եղել, գույները՝ վառ ու տարբերվող, բայց ընդամենը 1-2 անգամ հագնելուց հետո շարքից դուրս են եկել, թելեր են քաշվել, լվանալուց հետո էլ գույներն են խամրել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ըստ Ռոստոմյանի՝ Օլիմպիական խաղերի ժամանակ մեկ մարզիկի համար հագուստ ձեռք բերելն (մասնագիտական ու շքերթային հանդերձանքը չհաշված) արժե շուրջ 2000 դոլար: Ձմեռային խաղերում այդ գումարն ավելի շատ է լինում, որովհետեւ տաք հանդերձանքը թանկ է:

Մասնագիտական հագուստը յուրաքանչյուր ֆեդերացիա ինքն է ընտրում, ՀԱՕԿ-ը այդ հարցերին չի խառնվում ու միայն կատարում է վճարումները:

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյում դարձավ արծաթե մեդալակիր: Նա համարում է, որ, չնայած մարզահագուստը մի քիչ հագնելուց հետո փչացել է, բայց ընդհանուր առմամբ չի դժգոհում:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ռիոյում ես հանդիպեցի բազմաթիվ մարզիկների, ովքեր անհետաքրքիր մարզահագուստ էին կրում: Մեր գույները վառ էին, որակապես էլ այդքան վատը չէին: Պարգեւատրման արարողության ժամանակ ես ու Գոռ Մինասյանը սպիտակ մարզահագուստով ենք ներկայացել: Այդ մասին մեզ ասվել էր նախապես: Կարծում եմ այն գեղեցիկ էր: Իսկ ահա խաղերից հետո հագուստները նվիրել եմ ընկերներիս, ինձ մոտ միայն մեկն եմ պահել»,-պատմում է Մարտիրոսյանը:

Հայաստանում խաղերի մեկնարկից շուրջ մեկ տարի առաջ են սկսում մտածել հագուստների մասին: ՀԱՕԿ-ի նախագահի խորհրդական Ռուբեն Հակոբյանը նշում է, որ Ռիոյի շքերթային հագուստի հարցերով ինքն է զբաղվել, այն կարել են Մոսկվայի «Բոլշեվիչկա» գործարանում:

«Ես ավանդական լուծումների կողմնակից եմ: Եթե շատ շոգ երկիր են գնում, ապա պետք է բաց գույնի հագուստ կրեն, Ռիոյում էլ մեր ընտրանին հենց այդ համադրության մեջ էր: Կարծում եմ, վատ համազգեստ չէր, չնայած կային մարդիկ, ովքեր չէին հավանել: Շատ երկրներ տարազներով են գալիս կամ էլ ինչ-որ հետաքրքիր էլեմենտներ են մտցնում հագուստի մեջ: Երկրներ կան, որ ոչ մի մեդալ չեն նվաճում, բայց իրենց հագուստով ու շոուով մնում են բոլորի հիշողությունների մեջ: Մենք այդպես չենք անում, որովհետեւ մեր մեջ հինը նստած է՝ մեկն ասում է կոստյում է պետք հագնել, մյուսը դեմ է շորտերին, մյուսն էլ չի ցանկանում վառ գույնի հագուստ կրել»,-ասում է Հակոբյանը: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Հավաքականները բացման արարողության ժամանակ անում են ամեն ինչ, որպեսզի միանգամից ուշադրություն գրավեն ու հետաքրքիր լինեն երկրպագուների համար: Հայտնի ընկերությունները կարում են տարբերվող, վառ ու գեղեցիկ հագուստ: Մարզիկները չեն ամաչում իրենց ուրախությունն ու խենթությունը ցույց տալ տեսախցիկների առջեւ:

Հայաստանն, առայժմ, բոլոր Օլիմպիական խաղերում հանդես է եկել խիստ դասական ու պահպանողական ոճով:

«Այդքան էլ հեշտ չի այս հարցում: Օրինակ՝ Բրազիլիայի խաղերին առաջարկում էինք բացման ժամանակ գլխարկներ դնել, սակայն շատերը դեմ դուրս եկան, թե չեն ցանկանա կրել դրանք: Մեր հասարակությունը, որի մի մասն էլ մարզաշխարհն է, փակ է ու չի ցանկանում հետաքրքիր փոփոխություններ մտցնել: Այլ առաջարկներ էլ են եղել, բայց կրկին հավանություն չեն ստացել»,-նշում է Ռոստոմյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ջուլֆալակյանը համոզված է, որ Օլիմպիական խաղերում, որտեղ աշխարհի բարձրակարգ մարզիկներն են հավաքվում, շատ կարեւոր է գեղեցիկ տեսք ունենալը:

«Կարծում եմ, որ չորս տարվա ընթացքում կարելի է լուրջ դիզայների հետ աշխատել ու գեղեցիկ հագուստ պատրաստել: Շատ հայ արտադրողներ կան, որոնք կարող են հետաքրքիր առաջարկներով հանդես գալ: Պարտադիր չէ շատ գումար ծախսել, պարզապես պետք է ճաշակով մարդկանց հետ համագործակցել»,-նշում է նա:

2020-ին ընդառաջ նոր հայկական ապրանքանիշը

Լուսանկարը` Մեդիամաքս


Առաջիկա Օլիմպիական խաղերն ընդունելու է նորարարությունների կենտրոն հանդիսացող Տոկիոն: Փհենչհանը, որտեղ ամիսներ առաջ կայացան Ձմեռային խաղերը, բացման ու փակման արարողությունների ժամանակ շեշտը դրել էր ժամանակակից լուծումների ու տեխնոլոգիաների վրա: Մարզաշխարհում ենթադրություններ են անում, որ Տոկիոն նույնպես 21-րդ դարին համահունչ մոտեցումներ է ցուցաբերելու:

Հայաստանի Օլիմպիական կոմիտեն էլ որոշել է, որ Տոկիո-2020-ում հայ մարզիկները հանդես են գալու հայկական ապրանքանիշով: Այլեւս համագործակցություն չի լինելու արտասահմանյան հագուստ արտադրող ընկերությունների հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ընկերության անունը Insport է, այն հայկական է, դիզայներները հայեր են, բայց դեռեւս Հայաստանում չեն գործունեություն ծավալում: Իրենք պետք է տարբեր հաշվարկներ անեն, նոր սարքեր ձեռք բերեն, որպեսզի ողջ արտադրական աշխատանքը տեղափոխեն Հայաստան: Շուտով մեր բոլոր հավաքականներն արդեն կկրեն հենց այս ընկերության մարզահագուստը»,-ասում է Հրաչյա Ռոստոմյանը:

ՀԱՕԿ-ում որոշել են նաեւ քննարկումներ կազմակերպել շքերթային հագուստը ընտրելու ժամանակ, որին կկարողանան մասնակցել ինչպես մարզաշխարհի ներկայացուցիչներ, այնպես էլ լրագրողներ ու տարբեր շահագրգիռ կողմեր:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին