exclusive
9142 դիտում

Չեմպիոնների ու Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակչի ֆավորիտները



Առջեւում եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարերի կիսազրափակչի հանդիպումներն են: Mediamax Sport-ը ներկայացնում  է գալիք խաղերի վերլուծությունը:

«Լիվերպուլ»-«Ռոմա»: Չեմպիոնների Լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի հերոսները ստիպված կլինեն միմյանց միջեւ խաղում վիճարկել կարեւորագույն մրցավեճի  ուղեգիրը: Թիմերի համար վիճակահանությունը բարեհաջող էր: Նույնիսկ այն, որ  Կլոպն ու Դի Ֆրանչեսկոն ունեն հպարտանալու տեղ, որ իրենց գլխավորած թիմերը շրջանցել են «Մանչեսթեր Սիթիին» ու «Բարսելոնային» չի խոսում այն  մասին, որ կիսաեզրափակչի մյուս դիմակայության թիմերից որեւէ մեկին հանդիպելու դեպքում կարող էին կրկնել անցած անսպասելի հրաշքները: «Ռոմայի» պարագայում վստահաբար կարելի է պնդել, եթե գայլերը ձախողվեն անգլիական գրանդի հետ երկխաղյա դիմակայությունում, նրանց մեղադրողներ չեն լինի: Հաշվի առնելով ինչպիսի գումարներ ու խաղային առաջընթաց ունի այս պահին «Լիվերպուլը», Կլոպի թիմից սպասում են միայն հաղթանակ: Սալլահը վերադառնում է Հռոմ եւ փորձելու է հաղթել իրեն կրկին կյանք տված «Ռոմային»:

Լուսանկարը` Facebook


«Ռոմայի» պաշտպանների համար շատ բարդ է լինելու հասնել մերսիսայդցիների՝ ոչ բարձրահասակ, բայց հիանալի վարպետություն ու արագություն ունեցող հարձակովողների հետեւից: Հատկապես հակագրոհների ժամանակ, գայլերը ծայրահեղ ուշադիր պետք է խաղան դաշտի կենտրոնական հատվածում: Կենտրոնում անգամ չնչին ազատ գոտու պարագայում Կլոպի թիմը մի քանի փոխանցումով կարող է  գնդակը անցկացնել  տուգանային հրապարակ ու գործը հասցնում է վճռական հարվածի:

Եթե Վալվերդեն չգիտեր, կամ չէր տեսել այն ուժեղագույն կողմերը, որով օժտված  է «Ռոման», ապա Կլոպի պարագայում կապտանռնագույների հետ գայլերի բալետը հռոմեացիների բոլոր ուժեղ ու թույլ կողմերն ի հայտ բերեց: «Լիվերպուլի» խաղում հերթական անգամ շատ բան է կախված Վիրջիլ Վան Դեյկից: «Մանչեսթեր Սիթիի»  գաճաճ հարձակվողները բարձրահասակ պաշտպանի հետ երկրորդ հարկում հաջողություններ չունեցան, բայց  Ջեկոյի դեպքում ամեն ինչ այլ է: Բոսնիացու ցանկացած հարված տուգանային հրապարակում լի է գոլային վտանգով:

«Ռոման» պարտավոր է հագեցնել դաշտի կենտրոնն ու փորձել, որքան հնարավոր է շատ խաղը տեղափոխել մրցակցի կիսադաշտ: Կլոպի թիմի հետ պաշտպանությունից խաղը կարող է առաջին դիմակայությունից հետո լուրջ հետեւանքներ թողնել: Ալեքսանդր Կոլարովի ու Բրունո Պերեսի եւս բարդ դիմակայություն է սպասվում եզրերում: Հաջորդ փուլ դուրս գալու ֆավորիտը Լիվերպուլն է: Սպասվում է գոլառատ ֆուտբոլ:

«Բավարիա»-«Ռեալ»: Այս պահի դրությամբ բուքմեյքերական ընկերությունների համար ֆավորիտ է Մադրիդի «Ռեալը»: Ընդհանուր առմամբ մրցելու են թիմեր, որոնց պայքարում վճռորոշ դեր են խաղալու մանրուքները: Առաջին պլան են մղվելու թիմերի հոգեբանական պատրաստվածությունն ու մարզչական ճկուն որոշումները: «Ռեալի» պարագայում կարեւոր է նաեւ Զիդանի կողմից ճիշտ կազմի ընտրությունը: Այս մրցաշարջանում քիչ չեն եղել խաղերը, որոնցում ֆրանսիացի մասնագետը չհիմնավորված ռոտացիաների է դիմել, ինչի արդյունքում մադրիդցիները կարեւոր միավորներ են կորցրել: «Բավարիայի» հետ խաղում կազմի առումով անակնկալներ պատրաստելն ու առաջին փորձից կիրառելը կարող է հակադարձ էֆեկտ ստեղծել: Զիդանը նմանատիպ օրինակներ ունի: Հայնկեսը եւս ռոտացիաներ կատարում է, բայց կարեւոր խաղերում դուրս է բերում իր ուժեղագույներին՝ առանց արկածախնդրության: Կհաղթի այն թիմը, որը կկարողանա կախված իրավիճակից ավելի զգայուն լինել խաղի նկատմամբ:

Լուսանկարը` si.com


«Ռեալի» համար հաղթաթուղթ են լինելու մյունխենցիների պաշտպանության եզրերը, որտեղ «Սեւիլիայի» հետ խաղերում խնդիրներն ակնհայտ էին: Դժվար է պատկերացնել, որ «Ռեալի» կենտրոնական կիսապաշտպանները «Յուվենտուսի» հետ խաղում կենտրոնը տանուլ տալուց հետո նույն սխալը կկրկնեն երկրորդ անգամ: «Բավարիայի» համար շատ կարեւոր է Խամեսի կողքին Խավի Մարտինեսի վստահ խաղը, որը նույնիսկ շատ անգամ չլինելով գնդակով՝ հսկայական ծավալի դիրքային աշխատանք է կատարում: Մյունխենցիները չունեն նախկին կայծակնային հարձակողական եզրերը, փոխարենն ավելացրել են դիրքային ֆուտբոլում: Ռոբենն ու Ռիբերին իրենց լավագույն մարզավիճակից բավական հեռու են: «Բավարիան» «Ռեալի» համար խնդիրներ կարող է ստեղծել 2-րդ հարկում, որտեղ ավելի զորեղ կատարողներ կան:

«Ռեալը» քառորդ եզրափակչի իր խաղերում ցուցադրեց եւ լավ, եւ վատ կողմերը, իսկ «Բավարիան» այդ առումով հանելուկային մրցակից է: Եթե Հայնկեսի թիմը դա մտածված է արել մրցակցին շփոթեցնելու համար, ապա «Ռեալին» բարդ է լինելու ադապտացվել «Բավարիայի» հանելուկին: Եթե Հայնկեսը խաղալու է «Սեւիլիայի» հետ ցուցադրած դժգույն ֆուտբոլը, ապա «Ռեալը» միանշանակ ավելի մեծ շանսեր ունի: Այս պահին ուժերի հարաբերակցությունը 50/50 է: Այս խաղը նման է չկտրած ձմերուկի: Բենզեմայի ցանկացած վրիպում «Ռեալի» համար կարող է ոսկու գին ունենալ, իսկ ֆրանսիացին նման խիտ ու տեխնիկապես հագեցած ֆուտբոլում գլխավոր գործող անձանցից մեկն է հիմնականում լինում:

«Արսենալ»-«Ատլետիկո»: Անգլիայի առաջնությունում «Արսենալը» վաղուց զրկվել է Չեմպիոնների Լիգայի ուղագիր վաստակելու հնարավորությունից: Պրեմիեր Lիգայի մրցակցիները  մանր-մանր դրվագներով ցուցադրեցին Վենգերի թիմի բոլոր թերությունները: Հարց է՝ «Արսենալը» դասեր քաղել է, թե` ոչ: Զինագործների համար միակ սփոփանքն ու արդարացումը կլինի Եվրոպայի Լիգայում հաղթանակը: Բայց վիճակահանությունից հետո բաժին է հասել մրցակից, որն անգամ սեփական երկրպագուների համար այս պահի դրությամբ գլուխկոտրուկի է նման: «Ատլետիկոն» գերհզոր թիմ է, որի ցուցադրած պրագմատիկ ֆուտբոլից դժվար է եզրակացնել, ինչ սպասել առաջիկա խաղերում: Պարզ է միայն մեկ բան՝ Դիեգո Սիմեոնեի տղաները սիրում են «Արսենալի» նման հարձակողական ֆուտբոլ ցուցադրող թիմերի:

Լուսանկարը` si.com


Դժվար է պատկերացնել, որ Վենգերի թիմը թիկունքում բազմաթիվ բացեր չունենա: «Ատլետիկոյի» կարգի ու խաղաոճով թիմերը նախատեսված են հենց վենգերյան մարտավարության բացերը մատնանշելու համար: Սիմեոնեի թիմը դոմինանտ է կիսապաշտպանության ու պատշպանության կենտրոնում: Բարդ է ատլետիների դարպասը գոլ խփելը, եթե Սիմեոնեն իր առջեւ խնդիր է դրել պաշտպանվել: Ռեմզին, Ուիլշիրն ու Օզիլը շատ փափուկ ֆուտբոլիստներ են «Ատլետիկոյի» քանդող ֆուտբոլիստների համար ու բացառված չէ, որ «Արսենալը» կզիջի ուժային ֆուտբոլում եւս: Դիմակայությունում ֆավորիտ է «Ատլետիկոն», որը գավաթային խաղերի հսկայական փորձ է կուտակել ու Եվրոպայի Լիգայում մի շարք հաջողություներ ունի: Լիգան մադրիդցիների համար մրցաշարջանի վերջնամասի մոտիվացիան է: Հենրիխ Մխիթարյանը դեռ ստիպված է ապաքինվել վնասվածքից:

Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակիչ 2-րդ զույգում «Զալցբուրգի» մրցակիցը ֆրանսիական «Մարսելն» է: «Օլիմպիկը» դիմակայության ֆավորիտն է ու «Լայպցիգի» հետ խաղերում ցույց տվեց, որ ավելի հավասարակշռված ֆուտբոլ է խաղում: «Զալցբուրգը» գնում է հերթական հրաշքի հետեւից:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին