Ապրիլ 20, 2024
exclusive
7289 դիտում

«Լիվերպուլի» շքեղ հաղթանակն ու «Յուվենտուսի» կապիտուլյացիան


Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook


Եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարերում կայացան քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները: Mediamax Sport-ը վերլուծել է Չեմպիոնների լիգայի խաղարկության խաղերն ու առանձին անդրադարձել Եվրոպայի լիգայում «Արսենալի» ցուցադրած խաղին:

«Յուվենտուս»-«Ռեալ Մադրիդ»:  Արքայական ակումբի հետ քառորդ եզրափակիչ առաջին խաղը  եկավ ասելու, որ «Յուվենտուսը» Լեոնարդո Բոնուչիի տրանսֆերից հետո արժանի փոխարինող այդպես էլ չի գտել: Իտալիայում կարելի է հաղթել բոլորին, բայց  «Ռեալի» պես մրցակցի պեղել ու ինքնհաստատվել հնարավոր չէ: Թուրինցիները բավարար ժամանակ ունեին՝ «Տոտենհեմի» հետ բարեհաջող դասավորված դիմակայությունից հետո եզրահանգումներ անելու եւ  չկրկնելու նախկին սխալները: Լոնդոնցիները բացթողումների ամբողջ փունջ էին մատնանշել բիանկոներիի պաշտպանությունում: «Յուվեն» դասեր չէր քաղել, իսկ «Ռեալին» հենց դա էլ պետք էր:

Լուսանկարը` Facebook


Ինչպես սպասվում էր Զիդանը մանրակրկիտ ուսումնասիրել էր թուրինցիների պաշտպանության աջ եզրը, որտեղ խաղում է Մատեո Դե Շիլիյոն: Նա իտալացի այն երիտասարդ ֆուտբոլիստներից մեկն է, ով հավերժ համարվում է խոստումնալից, բայց ոչ ավելին: «Յուվենտուսն» այն ակումբը  չէ, որտեղ միայն խոստումնալից լինելով հնարավոր է համապատասխանել թիմի առջեւ դրված նպատակներին: «Ռեալը»  «Յուվեի» կապիտուլյացիան սկսեց հենց պաշտպանության աջ եզրից ու աստիճանաբար հասավ կենտրոն: Արքայական ակումբի ճշնումն այնքան մեծ էր, որ տեղի տվեց անգամ Ջորջիո Կյելինին: Եթե սխալվում է Ջորջիոն, Յուվենտուսի վիճակը կարելի է պատկերացնել: Առաջին խաղակեսում թուրինցիները հնարավորություն ունեին հավասարեցնել խաղի հաշիվը, բայց իտալացիները չօգտագործեցին իրենց գլխավոր հաղթաթուղթը՝ գոլ հեղինակել անգամ չնչին հնարավորությունից:

«Ռեալը» մրցակցին գերազանցեց նաեւ հենակետայինի դիրքում, որտեղ հերթական անգամ մադրիդցիները մեծ առավելություն ունեին: Զգացվում էր Միրալեմ Պյանիչի բացակայությունը: Առաջին խաղում զգացվեց Զիդանի փայլուն մարզչական աշխատանքը: «Յուվենտուսի» պաշտպանությունում՝ «Տոտենհեմի» վերհանած բոլոր թերությունները Զիզուն օգտագործեց միկրոսկոպիկ ճշգրտությամբ: Եթե ուշադիր դիտենք վերոհիշյալ խաղերը, անկասկած շատ նմանություններ կտեսնենք: «Ռեալը» կարող էր հաղթել անգամ ավելի մեծ առավելությամբ, բայց նույնիսկ այս դեպքում կարելի է ասել, որ արքայական ակումբը 99 տոկոսով ապահովել է տեղը  կիսաեզրափակչում: «Յուվենտուսում» ժամանակն է գիտակցել, որ որոշ ֆուտբոլիստներ չեն համապատասխանում թիմի  բարձր կարգին:

«Լիվերպուլ»-«Մանչեսթեր Սիթի»: Անգլիական գրանդերի պայքարում Յուրգեն Կլոպն հերթական անգամ  անակնկալի բերեց Պեպ Գվարդիոլային: Գերմանացի մասնագետն այն եզակիներից մեկն է, ով հստակ գիտե, ինչ պետք է անել Պեպի հանդբոլային ֆուտբոլի դեմ: «Լիվերպուլը» մրցակցին հաղթեց 3-0 հաշվով ու պատասխան խաղից առաջ ունի շատ հարմար առավելություն: Սա այն եզակի երկխաղյա դիմակայություներից մեկն է, որ նույնիսկ 3 գոլի առավելությունը չի խոսում այն մասին, որ հաղթողի հարցը  հանված է: «Բարսելոնայի»՝ նախորդ խաղարկության գերքամբեքը ՊՍԺ-ի հետ խաղում, չի բացառվում, որ կարող է տեղի ունենալ նաեւ այս թիմերի պայքարում, բայց  «Մանչեսթեր Սիթիի» կատարմամբ:  Գվարդիոլան իր թիմով այս պահին աշխարհում այն հազվագյուտ մարզիչներից մեկն է, ով միանշանակ ի զորու է իր թիմին տրամադրել այդպիսի պայքարի: Պատասխան խաղից առաջ Կլոպն ավելի մեծ աշխատանք ունի անելու, քան առաջին հայացքից հնարավոր է պատեկերացնել: «Լիվերպուլի» անսանձ տղաներին հաղթանակից հետո դեռ պետք է իջեցնել երկնքից:

Լուսանկարը` Facebook


«Լիվերպուլն» այն թիմն է, որի արկածախնդիր, գերգեղեցիկ ֆուտբոլի մասին կարելի է ժամերով խոսել, բայց Կլոպի թիմը նաեւ այն կոլեկտիվն է, որը  կարող է 3 գոլի առավելությունն ոգեւորության շեմին քամուն տալ: Առաջին խաղում Գվարդիոլայի թիմի ձախողման գլխավոր օղակը դարձավ ձախ պաշտպանի դիրքը, որտեղ խաղում էր Այմերիկ Լապորտը: Կատալոնացի մասնագետը փորձել էր գրագետ ու երկար փոխանցումներ ունեցող կենտրոնական պաշտպանին տեղափոխել ձախ: Արդյունքում «Սիթին» ամբողջ խաղի ընթացքում ձախ եզրից չունեցով ոչ մի վտանգավոր առաջխաղացում: «Լիվերպուլը» զգաց, որ պաշտպանը կտրվում է խաղից ու առաջին կեսում իր համար ստեղծեց ցանկալի առավելություն: Կարմիրների գոլերի ժամանակ ոչ մեկ անգամ կարելի է տեսնել Լապորտի դիրքային սխալները: Գվարդիոլան գերագնահատել էր նաեւ Իլկայ Գյունդողանին: Նա կիսապաշպանությունում ձախողեց խաղը: Հենակետայինի դիրքում «Սիթիի» պաշտպաները գրեթե միշտ թերագնահատում էին Ալեքս Օքսլեյդ Չեմբերլինին, ով գուցե մրցաշարջանում իր լավագույն խաղն անցկացրեց:

«Լիվերպուլը» Պրեմիեր Լիգայում սեփական հարկի տակ «Սիթիի» հետ խաղից հետո կատարել էր բոլոր ճիշտ եզրահանգումներն ու մրցակցի հետ խաղի հենց առաջին րոպեից կիրառում էր բարձր պրեսինգ: Գվարդիոլայի թիմի մինչեւ մրցավեճի եզրափակիչ սուլիչը  չգտավ հակախաղ, ու այդպես էլ չկարողացավ հասկանալ, ինչպես է Կլոպին հաջողվել ստեղծել անանցանելի պաշտպանություն: Պատասխան խաղում շատ բան է կախված Բեռնարդու Սիլվայի ու Ռահիմ Սթերլինգի որակների ճիշտ օգտագործումից: Այս տղաները կարող են դառնալ առանցքային դերակատար մրցավեճի հանգուցալուծման մեջ: «Սիթին» պետք է նաեւ ընդգծված ձախ եզրային պաշտպան:  Աջ եզրում Քայլ Ուոքերի խաղում եւս սխալներ շտկելու տեղ կա: Պատասխան խաղից առաջ «Լիվերպուլն» ունի առավելություն, բայց դիմակայության ելքը վճռված համարել չի կարելի: Ուժերի հարաբերկացությունն այս պահին 60/40 է՝ հօգուտ Կլոպի թիմի:

«Սեւիլիա»-«Բավարիա»: Այս դիմակայությունը  յուրահատուկ օրինակ է Ժոզե Մոուրինյոյի համար, թե ինչպես կարող է կարգով ավելի բարձր թիմը հանգիստ, առանց ավելորդ ջանքերի հաղթել իսպանական ամբիցիոզ «Սեւիլիային»: Մյունխենցիների խաղը մանրամասն վերլուծելու անհարժեշտություն չկա: «Բավարիան» հանդես եկավ իր հնարավորությունների նույնիսկ 50 տոկոսի չափով, բայց կարողացավ հասնել իր համար ցանկալի հաղթանակի՝ 2-1: Մյունխենցիների կազմում  մտահոգիչ է ձախ պաշտանի դիրքը, որտեղ Դավիդ Ալաբայի բացակայության պայմաններում որոշակի խնդիրներ առաջանում են: Այս մինիմալիստական, ոչ ագրեսիվ  ֆուտբոլը «Սեւիլիայի» հետ խաղում արդյունք միանաշանակ կապահովի, այլ հարց է հետագայում նման խաղով «Բավարիան» կկարողանա մրցակցել մյուս գրանդերի հետ, թե ոչ: Հայնկեսը մարտավարական լուծումները մեծ վարպետ է ու, գուցե, նման ռացիոնալ ֆուտբոլը նախատեսված է նրա համար, որպեսզի մրցակցիներն իրական պատկեր չունենան «Բավարիայի»  խաղի մասին:  Արդեն հիմա վստահորեն կարելի է ասել, որ այս զույգում անակնկալներ չեն լինի:

Լուսանկարը` Facebook


«Բարսելոնա»-«Ռոմա»:  Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում «Ռոման» իր ֆուտբոլիստներով  բացահայտում է դարձել: Թիմն ամեն խաղում ներդնում է ուժերի առավելագույնն ու նվիրման հաշվին հասել է քառորդ եզրափակիչ: Հռոմեացիների արկածները Չեմպիոնների լիգայում կարելի է համարել ավարտված: «Բարսելոնայի» արգելքը գայլեր հաղթահարել  չեն կարող այն պարզ պատճառով, քանի որ թիմը հաղթանակին հոգեբանորեն էլ  պատրաստ չէ: Կապտանռնագույները  ֆուտբոլային այլ քաղաքակրթությունից են: «Ռոմայի» խաղում այնքան մեծ էր լարվածությունը, որ իտալացիները սեփական դարպասը երկու գնդակ ուղարկեցին: Այսքանով ամեն ինչ կարելի է բացատրել ու փաստել, որ «Բարսան» կարգով, ֆուտբոլիստների անհատական որակներով ու հաղթողի հոգեբանությամբ արդեն անցել է հաջորդ փուլ: Վալվերդեն առաջին հերթին պետք է կարողանա վերականգնել իր ֆուտբոլիստների կենտրոնացումը: Կիսաեզրափակչում մրցակիցներն անհամեմատ ուժեղ են լինելու: Կատալոնացիների համար լավ իրադարձություն էր, որ Սուարեսը երկար դադարից հետո Չեմպիոնների լիգայում դարձավ գոլի հեղինակ: «Ռոմայի» ֆուտբոլիստներին կարելի է արժանին մատուցել մինչեւ վերջ պայքարելու ու հեղինակության գոլը խփելու համար:

Լուսանկարը` Facebook


«Արսենալ»-ԲԿՄԱ: «Արսենալը» խաղաց իր ֆուտբոլը, իսկ բանակայիններն այդ պարագայում դատապարտված էին պարտության: Որքան էլ հանճարեղ լինեին Վիկտոր Գոնչարենկոյի մարզչական հմտությունները, մոսկովյան թիմի ծերունունիների պաշտպանությունը չէր կարող կանգնեցնել գերազանց մարզավիճակ հավաքած զինագործեների արագաշարժ հարձակվողներին: Երիտասարդ Կոնստանտին Կուչաեւն անգամ երազում երկար ժամանակ կտեսնի, թե ինչ կարողացան անել «Արսենալի» ֆուտբոլիստներն իր աջ եզրում: Գոնչարենկոն այլ տարբերակ պահեստայինների նստարաին պարզապես չուներ: ԲԿՄԱ-ն անփառունակ խաղ ցուցադրեց կոնտրոնում, որտեղ Օզիլն ու խաղընկերները ոչ ստանդարտ փոխանցումներով տանջում էին բանակայինների խաղացողիներին: «Արսենալն» օրինաչափ հաղթանակ տարավ, բայց պաշտպանության աջ եզրում Ահմեդ Մուսան մի շարք դժվարություններ ստեղծեց, որոնց մասին Վենգերը պետք է մտածի՝ հետագայում խնդիրներից զերծ մնալու համար: ԲԿՄԱ-ի կազմում լավ հանդիպում անցկացրեցին Ալեքսանդր Գոլովինն ու Իգոր Ակինֆեեւը: Դարպասապահին ընդունած գոլերի մեջ մեղադրել չի կարելի: Հենրիխ Մխիթարյանը մինչեւ փոխարինվելը հիանալի հանդիպում անցկացրեց: Հույս ունենանք, որ ստացած վնասվածքը լուրջ չէ:

Լուսանկարը` Facebook


Մյուս զույգերում ֆավորիտները՝ «Լացիոն», «Լայպցիգը» եւ «Ատլետիկոն» հաղթանակներ տարան եւ ունեն փայլուն շանսեր կիսաեզարափակիչ մտնելու համար:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին