Ապրիլ 20, 2024
exclusive
24629 դիտում

Օլիմպիական հագուստ. Տոնավաճառից, օգնությունից մինչեւ պայմանագրի կնքում


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Յավրյանի արխիվից

Լուսանկարը` ria.ru

Լուսանկարը` Յավրյանի արխիվից

Լուսանկարը` Արմեն Նազարյանի արխիվից

Լուսանկարը` Յավրյանի արխիվից

Լուսանկարը` Արսեն Մելիքյանի արխիվից

Լուսանկարը` Յավրյանի արխիվից

Լուսանկարը` Յավրյանի արխիվից


Տարիներ շարունակ հայ մարզիկներն Օլիմպիական խաղերում հանդես են եկել ԽՍՀՄ-ի հավաքականի համար կարված մարզահագուստով:

Իսկ ահա անկախացումից հետո, երբ ստեղծվեց նաեւ Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեն, հարկավոր էր ունենալ սեփական գույներով ու լուծումներով հագուստ:


Mediamax Sport-ը շարունակում է ներկայացնել մարզահագուստներին նվիրված հոդվածաշարը: Այս անգամ անդրադառնում ենք Օլիմպիական զգեստներին: Առաջին մասում ներկայացնելու ենք 1992-2004 թվականները, երբ Հայաստանը կամաց-կամաց փորձ էր ձեռք բերում ու հմտանում միջազգային ասպարեզում:


ԱՊՀ-ի համար կարված միանման հագուստը

Որպես առանձին երկիր Հայաստանն առաջին անգամ Օլիմպիական խաղերին մասնակցել է 1992-ին: Բարսելոնայում կայացած խաղերում մեր երկիրը ներկայացել է ԱՊՀ-ի թիմի կազմում, բայց շքերթին Հրաչյա Պետիկյանը տարել է Հայաստանի Հանրապետության դրոշը, իսկ պարգեւատրման ժամանակ հնչել է ՀՀ օրհներգը:

Լուսանկարը` ria.ru


«ԱՊՀ-ի թիմը կրում էր միանման հագուստ, որը պատվիրել էր Ռուսաստանը, երկրների ներկայացուցիչների հետ ոչ մի քննարկում չի եղել: Սպորտային հագուստն Adidas-ն էր տրամադրել, այն ստացանք հենց Բարսելոնայում:

Իսկ ահա շքերթի հագուստը ռուսները պատվիրել էին Հարավսլավիայի ինչ-որ ընկերությունից: Պետք է խոստովանեմ, որ անհաջող գույներ էին ընտրել ու իրար հետ չէին նայվում. բաց շագանակագույն տաբատ էր ու գույնզգույն շապիկ»,-հիշում է Ռուբեն Հակոբյանը:

Չնայած անհաջող հանդերձանքին՝ Հայաստանի 5 մարզիկից 4-ը Բարսելոնայում մեդալ նվաճեց: Ոսկե մեդալակիրներ դարձան ծանրորդ Իսրայել Միլիտոսյանը, հունահռոմեական ըմբիշ Մնացական Իսկանդարյանը եւ հրաձիգ Հրաչյա Պետիկյանը: Հայաստանի համար արծաթե մեդալ նվաճեց հունահռոմեական ոճի ըմբիշ Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը:

Լիլիհամերում պատշաճ տեսքն ապահովվել էր սփյուռքահայերի շնորհիվ

Լուսանկարը` Յավրյանի արխիվից


Երկու տարի անց Հայաստանն արդեն պետք է ելույթ ունենար Լիլիհամերի Ձմեռային խաղերում:

Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախկին գլխավոր քարտուղար Հարություն Յավրյանը պատմում է, որ Հայաստանն այդ ժամանակ ճանաչում չուներ, որ մարզահագուստ արտադրող ընկերությունները պայմանագրեր կնքեին իրենց հետ: ՀԱՕԿ-ին օգնում էին սփյուռքահայերը:

«1994-ին ամերիկահայ Փոլ Վարդանյանի նախաձեռնությամբ բոբսլեյիստներ Քեննեթ Թոփալյանն ու Ժոզեֆ Ալմասյանը Հայաստանի դրոշի ներքո էին միջազգային մրցաշարերում ելույթ ունեցել: Նա կարողացել էր ստանալ ԱՄՆ-ի Օլիմպիական կոմիտեի նախագահի համաձայնությունը, եւ ՀԱՕԿ-ը դիմեց ՄՕԿ-ին, որպեսզի մեր հայրենակիցները կարողանային ելույթ ունենալ Լիլիհամերում: Համաձայնությունը եղավ, եւ նրանք վարձով վերցրված սահնակով, որի վրա փակցրել էին Հայաստանի դրոշն ու գրել Արմենիա, ժամանեցին Լիլիհամեր»,-պատմում է նա:

Լուսանկարը` Յավրյանի արխիվից


Օլիմպիական խաղերում շքերթի ժամանակ հայկական պատվիրակության համազգեստը հատկացրել էր Ֆրանսիայի «Հայաստանի սպորտի զարգացման համար» միջազգային ասոցիացիայի անդամ, ռումինահայ Հակոբ Կիրմիզյանը: Իսկ ահա Puma ընկերության արտադրած սպորտային մարզահագուստի ծախսերը հոգացել էր Փոլ Վարդանյանը:

1996-ի միանման հանդերձանքը

Ատլանտայի Օլիմպիական խաղերը մինչ այսօր էլ հիշվում են Արմեն Նազարյանի չեմպիոնությամբ: Հունահռոմեական ոճի ըմբիշը բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել մինչ բարձունքում հայտնվելը: Բայց այս անգամ նա խոսել է օլիմպիական հանդերձանքի մասին:

Լուսանկարը` Յավրյանի արխիվից


«Այդ տարիներին ոչ ոք չէր մտածում հագուստի մասին, մեզ համար առաջնայինը պատշաճ հանդես գալն ու մեր երկիրը ներկայացնելն էր: Շքերթային սպիտակ հագուստը մեկնելուց առաջ ենք ստացել, քանի որ ՀԱՕԿ-ն այն շուտ էր ձեռք բերել, ես էլ շատ քաշ էի գցել, բավականին մեծ էր ինձ վրա: Իսկ սպորտային համազգեստը ASICS ընկերությունից էր»,- նշում է նա:

Ըմբիշը հաղթանակից հետո մասնակցել է փակման արարողությանն ու Հայաստանի դրոշակակիրը եղել: Հիշում է, որ աննկարագրելի զգացողություններ է ունեցել՝ իր առաքելությունը խաղերում ամբողջովին կատարելով.

Լուսանկարը` Արմեն Նազարյանի արխիվից


«Մեր շուրջբոլորը գեղեցիկ հագուստներով մարզիկներ էին, ուզում էինք մենք էլ դրանցից ունենալ: Լավ է, որ Օլիմպիական խաղերում մեզ միանման հագուստ էր տրամադրվել, բոլորս էլ պատշաճ տեսք ունեինք: Իսկ Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններ մեկնում էինք մեր ունեցած տարբեր մարզազգեստներով»:

Անճաշակ հագուստ, կրկին սփյուռքի օգնություն ու 1-ին պայմանագիր


Երկու տարի անց Նագանոյի ձմեռային խաղերում Հայաստանի թիմի մարզահագուստը կրկին ձեռք է բերել Փոլ Վարդանյանը: Այս անգամ մեր մարզիկները հանդես են եկել Kappa ընկերության մարզահագուստով, որը նրանք ստացել են հենց մրցավայրում:

Լուսանկարը` Արսեն Մելիքյանի արխիվից


2000-ին Սիդնեյում Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալ է նվաճում ծանրորդ Արսեն Մելիքյանը:

«Մեր մարզահագուստը շատ վատն էր ու անճաշակ: Մանավանդ, երբ ուրիշ երկրների մարզիկների հետ հանդիպում էինք ու համեմատում, ահավոր էր լինում: Որակի մասին ընդհանրապես պետք չէ խոսել, որովհետեւ այն, գրեթե, չկար: Չնայած ամեն ինչ էլ տրամադրել էին մեզ, բայց խոսել ինչ-որ յուրօրինակ ու լավ հագուստի մասին անիմաստ է»,-նշում է նա: 

Լուսանկարը` Յավրյանի արխիվից


Ինչպես եւ նախորդ ձմեռային խաղերի ժամանակ, 2002-ին Սոլթ Լեյք Սիթիում եւս հայկական պատվիրակության կողքին է եղել Փոլ Վարդանյանը, որն առանց հապաղելու կրկին լուծել է մարզահագուստի խնդիրները: Հայ մարզիկները հանդես են եկել կանադական արտադրության մարզահագուստով:

2004-ի Աթենքի Օլիմպիական խաղերը Հայաստանի համար ամենաանհաջող են եղել ամառային մարզաձեւերում: Մասնակից 18 մարզիկից եւ ոչ մեկը մեդալակիր չի դարձել:

Լուսանկարը` Յավրյանի արխիվից


Սակայն Աթենքն առանձնանում է մեկ բանով. առաջին անգամ ՀԱՕԿ-ը պայմանագիր է կնքում մարզահագուստ արտադրող ընկերության հետ:

«Աթենքի խաղերի ժամանակ Puma-ի մարզահագուստն ենք հագել: Օլիմպիական կոմիտեի պատմության մեջ 1-ին անգամն էր, որ պաշտոնական պայմանագիր կնքեցինք: Մանրամասները չեմ հիշում, սակայն սա արդեն մեր կայացման նոր շրջանն էր: Իհարկե, ուրախ էինք, որ նման իրադարձություն եղավ: Միշտ էլ հաճելի է, երբ քո մարզիկը գեղեցիկ ու ներկայանալի տեսք է ունենում»,-նշում է Հարություն Յավրյանը:

Շարունակությունը կներկայացնենք հոդվածի 2-րդ մասում

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին