Ապրիլ 23, 2024
exclusive
13367 դիտում

Նախկին սատանաները. Մխիթարյանի ու Իբրահիմովիչի ընկերությունը


Լուսանկարը` europort

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` the sun

Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` manutd.com


Քչերն են, որ արժանանում են Զլատան Իբրահիմովիչի բարեհաճությանն ու առավել եւս կարողանում նրա հետ ընկերանալ: Իր մասին չափազանց բարձր կարծիք ունեցող ու ոչ բոլորին հավանող հարձակվողն իրեն իսկական Աստված է համարում: Եթե չեք հավատում, հարցրեք անձամբ նրանից կամ գոնե կարդացեք իբրայաասացվածքները:

Բայց այսօր դրա մասին չէ, որ խոսելու ենք, այլ հայ-շվեդական հարաբերությունների զարգացման:

Մխիթարյանն ու Իբրահիմովիչը, գրեթե, միասին միացան կարմիր սատանաներին: Հայ կիսապաշտպանը դարձավ այն եզակիներից, որի հասցեին Իբրահիմովիչը ոչ միայն կծու խոսք չասաց, այլ իր ընկերների շրջանակում ներառեց:

Համատեղ ռեստորանային այցերը

Ֆուտբոլիստների ՄՅՈւ տեղափոխվելուց շատ չանցած արդեն երեւաց, որ նրանք միասին լավ լեզու են գտել: Անգլիական լրատվամիջոցները գրեցին այդ մասին, ապա անդրադարձան Իբրահիմովիչի ու Մխիթարյանի համատեղ ռեստորանային այցին: Նրանք միասին ճաշել էին Ben Brasil ռեստորանում, որը հետագայում նրանց սիրելի վայրերից մեկը դարձավ:

Լուսանկարը` the sun


«Հայկական ռեստորանն առաջին տեղն է եղել, որ գնացել եմ: Ծանոթացել եմ նաեւ տիրոջ հետ ու ընկերացել: Վերջին խաղացողը, որին հրավիրել եմ այնտեղ Զլատանն էր, հենց հեթ-տրիկը ձեւակերպելուց առաջ ենք համտեսել համեղ հայկական ուտելիքներ: Դա էլ օգնել է  նրան գոլերը խփել»,- նշել էր Մխիթարյանը:

Փոխադարձ գովասանքները

Ֆուտբոլիստներն ամեն հարմար առիթն օգտագործում էին իրար գովելու համար: Իբրահիմովիչը Մխիթարյանին իսկական պրոֆեսիոնալ էր համարում, որի աշխատասիրությունը հիացնում էր նրան.

«Հենրիխը բարձրակարգ ֆուտբոլիստ է, հուսով եմ, որ նույն ձեւով կշարունակի խաղալ: Ես ամեն օր տեսնում եմ նրա մարզումները: Նա բոլորին ցույց տվեց, թե ով է ինքն ու ինչի է ընդունակ: Մխիթարյանը վնասվածք ուներ ու շատ դժվար ապաքինվեց, բայց հիմա պետք է օգտագործի իր շանսը»:

Լուսանկարը` Facebook


Կիսապաշտպանի համար ծանր ժամանակահատվածում էլ Իբրան կարողանում էր ճիշտ խոսքեր գտնել ու քաջալերել նրան: «Միկին կարեւոր դեր է խաղալու թիմի համար: Նախորդ մրցաշրջանի սկիզբն այդքան էլ հաջող չդասավորվեց նրա համար, սակայն հետո հիանալի աճեց ու բացվեց: Մարդիկ թերագնահատում են նրան այն պատճառով, որ մյուսների պես ճանաչված չէ: Միգուցե սա պայմանավորված է նրանով, որ Մխիթարյանը փոքր երկրից է: Կարծում եմ, որ այս տարի նա ցույց կտա այն բարձր որակը, որն ունի: Բայց եթե ինձ փախանցումներ չկատարի, չի խաղա… կատակում եմ»,- ասել էր նա:

Մխիթարյանն էլ նրան ֆանտաստիկ ֆուտբոլիստ էր համարում, թեեւ չէր ժխտում, որ ծանր բնավարություն ունի ու հաճախ մարդիկ չեն հասկանում նրա կատակները.  «Բայց մենք հենց առաջին օրվանից լավ հարաբերություններ ենք ունեցել: Անգամ երբ նա վնասվածք էր ստացել ու թիմի հետ չէր, մենք շարունակում էինք շփվել»:

ՄՅՈւ-ի 2 Աստվածները

Երբ Իբրահիմովիչը տեղափոխվել էր ՄՅՈւ, Էրիկ Կանտոնան նրան ակումբի արքայազն անվանեց, մինչդեռ շվեդը համաձայն չէր այդ ձեւակերպման հետ ու խոստացավ թիմի Աստվածը դառնալ:

Լուսանկարը` manutd.com


Եվրոպայի Լիգայում «Ռոստովի» հետ խաղում Ռուսաստանում անգլիական թիմին ու մասնավորապես Մխիթարյանին շատ երկրպագուներ էին եկել դիմավորելու: Նրանք վանկարկում էին խաղացողի անունը, լուսանկարվում նրա հետ ու ստորագրություններ վերցնում: Խաղի ժամանակ էլ ստադիոնում ամենասպասված խաղացողը հայ կիսապաշտպանն էր, որը նաեւ գոլի հեղինակ դարձավ ու այն նվիրեց իրեն աջակցողներին.

«Բոլորը գիտեն, որ Իբրան իրեն Աստված է համարում, բայց երբ Ռոստովում վայրէջք կատարեցինք, նրան ասացի. «Տեսո՞ւմ ես, թե ով է այստեղ Աստվածը»: Դրանից հետո նա հասկացավ, որ իրենից բացի այլ Աստված էլ կա: Կատակում եմ, պարզապես հայ երկրպագուները մեծ թիվ էին կազմում»,- անկեղծացել է Մխիթարյանը:

Լուսանկարը` manutd.com


Ընկերոջ համար ուրախացող Իբրան

Երբ Մխիթարյանն առաջին գոլը խփեց ՄՅՈտ-ի կազմում՝ Եվրոպայի Լիգայում գրավելով «Զարյայի» դարպասը, Իբրահիմովիչը խոստովանեց, որ շատ ուրախ է նրա համար.

«Առաջին գնդակը պարզապես հրաշալի էր: Հենրիխը հիանալի արագություն ունի, նա կարողանում է  նաեւ լավ վերահսկել գնդակը: Ամեն ինչ շատ գեղեցիկ էր արված»:

Իսկ երբ 2017-ին Մխիթարյանը Boxing day-ի շրջանակներում «Սանդերլենդի» դարպասը կարիճ գոլ խփեց, Զլատանը կրկին գովեց նրան.

«Ուրախ եմ նրա համար, քանի որ այս գոլը միշտ հիշվելու է: Ուրախ եմ նաեւ նրա համար, որ իմ մասնակցությունն եմ ունեցել դրանում: Երկրպագուները հիացած էին, քանի որ նման գոլի ականատես դառնալն, իսկապես, զարմանալի է»:

Լուսանկարը` manutd.com


Հրաժեշտի խոսքեր

Երբ այս տարվա հունվարի 23-ին Մխիթարյանը պաշտոնապես դարձավ «Արսենալի» խաղացող ու հրաժեշտ տվեց «Մանչեսթեր Յունայթեդին», Զլատանն առաջինն էր, որ սոցիալական ցանցերում լուսանկար հրապարակեց ու գրեց հետեւյալը. «Դու հաջողության կարիք չունես, պարզապես վայելիր քո խաղը»:

Լուսանկարը` uefa.com


Դրանից 2 ամիս անց՝ մարտի 22-ին նախկին կարմիր սատանա դարձավ նաեւ Զլատանը: Այս անգամ արդեն Մխիթարյանի գրելու հերթն էր. Նա էլ նույն լուսանկարը հրապարեց ու գրեց. «Շոուն պետք է Հոլիվուդում շարունակվի: Ինձ համար մեծ պատիվ էր քեզ ճանաչելը, Հանճար: Ամենալավը քեզ՝ Զլատան Իբրահիմովիչ»:

 

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին