Ապրիլ 16, 2024
exclusive
7673 դիտում

ՉԼ-ի ֆավորիտներն ակնհայտ են.Բայց ֆուտբոլը հարուստ է անակնկալներով



Նախորդ շաբաթ եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարերում հայտնի դարձան քառորդ եզրափակչի բոլոր զույգերը: Mediamax Sport-ը վերլուծել է կենտրոնական խաղերի հնարավոր ելքերը:

«Ռեալ Մադրիդ» - «Յուվենտուս»

Չեմպիոնների լիգայի  նախորդ խաղարկության եզրափակչի կրկությունը քառորդ եզրափակչում: Երկխաղյա պայքարում «Յուվենտուսի» հաղթանակի շանսերն ավելի մեծ են, քան մեկ վճռական խաղով: Թուրինցիները նման դեպքերում իրենցից կարգով մի փոքր բարձր թիմերի հետ խաղերում գործում են պաշտպանությունից ու, կախված ստացված արդյունքից, պատասխան խաղում կերպարանափոխվում են: Ալեգրին չի սիրում արագ որոշումներ կայացնել: Համբերությունը նրա լավագույն զենքն է: «Տոտենհեմի» հետ խաղերում թուրինցիներն առավելության հասան իրենց փորձառության հաշվին: «Յուվենտուսի» պաշտպանությունում, հատկապես աջ եզրում քաոս էր տիրում: «Ռեալի» հետ այդպես խաղալը նման է ինքնասպանության: Շատ բան կախված է հենակետայինների խաղից: Եթե Մոդրիչ-Կրոս դուետը վերահսկի դաշտի կենտրոնը, նույնիսկ խորը պաշտպանության պարագայում «Յուվենտուսը» անկասկած կենտրոնում ճեղքեր տալու է: Դա ակնհայտ երեւում էր անգամ «Տոտենհեմի» հետ խաղում, որտեղ Դայեր-Ալլի-Էրիկսեն տրիոն վերահսկում էր կենտրոնը:

Լուսանկարը` epimg.net


«Ռեալի» հաջորդ փուլ դուրս գալու հարցն ավելի շատ կախված է սեփական հոգեբանական մոտեցումից: Բոլոր դեպքերում, արքայական թիմի կազմում հանդես են գալիս ֆուտբոլիստներ, ովքեր իրենց անհատական որակներով գերազանցում են «Յուվենտուսի» խաղացողներին: Եթե Զիդանը կարողանա պահպանել թիմի մարզավիճակը, Ռոնալդուն ու խաղընկերները ցուցադրեն  այն բալանսավորված ու հասուն ֆուտբոլը, ինչ ՊՍԺ-ի հետ, «Յուվենտուսի» հաղթելու շանսերն անկախ ընտրած մարտավարությունից հավասարվում է զրոյի: «Ռեալի» համար հույժ կարեւոր է առաջին խաղում մրցակցի հարկի տակ դարպասն անառիկ պահելը: Այս պահի դրությամբ կիսաեզրափակիչ դուրս գալու ֆավորիտ է Մադրիդի «Ռեալը»՝ 60/40 տոկոսային հարաբերակցությամբ:

«Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ»

Անգլիայի առաջնության ամենավառ ֆուտբոլ ցուցադրող երկու թիմերը կմրցեն Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչում: «Լիվերպուլը» միակն է, որ կարողացել է պրեմիեր լիգայում հաղթել «Մանչեսթեր Սիթիին»: Գվարդիոլայի թիմն այս մրցաշարջանում անկասելի ֆուտբոլ է խաղում, բայց շատ են քննարկումները, որ «Սիթին» դեռ լուրջ մրցակցի չի բախվել: «Լիվերպուլն» այն թիմն է, որ կարող է տալ շատ հարցերի պատասխաններ: Երկխաղյա դիմակայության ֆավորիտը «Մանչեսթեր Սիթին» է: Մանկունյանցիների հզոր  պահեստայինների նստարանն ու ռոտացիայի տարատեսակ հնարավորությունները Գվարդիոլային թույլ կտան մինչեւ առճակատման վերջին վայրկյանը նախաձեռնողի դերում լինել: Կլոպի թիմն այս պահին աչք շոյող ֆուտբոլ է խաղում, բայց բարդ իրավիճակներում չունի այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր դաշտ կմտնեն ու կփոխեն դիմակայության ելքը: Սա թերեւս Գվարդիոլայի ամենագլխավոր զենքերից մեկն է:

Լուսանկարը` https://www.theanfieldwrap.com


Ի տարբերություն Անգլիայի առաջնության 2-րդ շրջանի խաղի, որտեղ «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ունենալով 3 գոլի առավելություն, միայն մեկ գնդակով հաղթեց «Սիթիին», Չեմպիոնների լիգայում նման արկածախնդրությունը Կլոպի թիմին 100 տոկոսով դուրս կթողնի պայքարից: Լիգայում ցանկացած ուշադրության կորուստ «Լիվերպուլի» համար վերջին հույսի խախտում է: Մերսիսայդցիների ճակատագրում շատ բան է կախված  կենտոնական պաշտպան Վիրջիլ Վան Դեյքի կայուն խաղից: Եթե «Լիվերպուլն» արագ գոլ բաց թողնի, «Սիթիի» շանսերն անհամեմատ կմեծանան: Չնայած պաշտպանությունից խաղը Կլոպի թիմի ուժեղ կողմը չէ, այնուհանդերձ, թիմերի առաջին խաղում, որը տեղի է ունենալու «Էնֆիլդում», «Լիվերպուլը» պարտավոր է առաջին հերթին մտածել պաշտպանության մասին: Ծանր խաղ է սպասում Կլոպի հարձակվողներին: Փոքրամարմինների եռյակը ստիպված է լինելու պայքարել «Սիթիի» ֆիզիկապես շատ ամուր ու բարձրահասակ պաշտպանների դեմ: Գաղտնիք չէ, որ «Լիվերպուլը» տրամադրության թիմ է ու խաղը զգալու պարագայում կարող է հաղթել ցանկացած մրցակցի: Եթե Կլոպը կարողանա տրամադրել «Լիվերպուլին», «Սիթիի» համար հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը չափազանց կբարդանա: Այս պահին ուժերի դասավորությունը 60/40 տոկոսային հարաբերակցության է ՝ հօգուտ «Մանչեսթեր Սիթիի»:

«Բավարիա» - «Սեւիլիա»

Գերմանական մեքենային արդեն վիճակահանությունից հետո կարելի էր շնորհավորել կիսաեզրափակչի ուղեգիր վաստակելու կապակիցությամբ: Չնայած այն հանգամանքին, որ «Սեւիլիան» կարողացավ հաղթահարել «Մանչեսթեր Յունայթեդի» արգելքը, այդուհանդերձ, «Բավարիայի» համար ավելի բարդ կլիներ մրցել մանկունյանցիների հետ, քան անդալուզցիների: «Բավարիան» իր ֆուտբոլիստների կարգով ու խաղակցվածությամբ մի քանի գլուխ գերազանցում է իսպանական թիմին: Այստեղ վերլուծություն անելու, հեծանիվ հորինելու կարիք չկա: Վստահաբար կարելի է ասել, որ Մոնտելայի թիմի համար մեծ ձեռքբերում կլինի անգամ խոշոր հաշվով գերմանացիներից պարտություններ չկրելը: «Բավարիան» այն եզակի թիմերից մեկն է, որն ունի երկու հավասար կազմ ու ցանկացած խաղի մոտենում է 100 տոկոս կենտրոնացմամբ: Թիմերի միջեւ ուժերի տոկոսային հարաբերակացությունը 80/20 է, այն էլ պայմանականորեն:

Լուսանկարը` https://bookmaker-ratings.ru/


«Բարսելոնա» - «Ռոմա»

Էռնեստո Վալվերդեի թիմը կիսաեզրափակչի ճանապարհին թեթեւ զբոսանք կունենա Հռոմում: «Ռոմայի» հնարավորությունների սահմանները հնարավոր էր հասկանալ անգամ «Շախտյորի» հետ դիմակայությունում: Ջեկոն ու Ալիսոնն իրենց խաղային որակներով արժանի են հանդես գալ եվրոպական ավելի բարձրակարգ թիմում: Այս ֆուտբոլիստների ջանքերի գնով է միայն, որ «Ռոման» հայտնվել է քառորդ եզրափակչում: «Բարսելոնան» այդ խաղամակարդակի առնվազն 14-15 ֆուտբոլիստ ունի, հետեւաբար դիմակայության մեջ ինտրիգ փնտրելն անշնորհակալ գործ է: Ցանկացած պարագայում հռոմեացիները կարող են արդարանալ, որ մրցակից թիմում խաղում էր «այլմոլորակայինը», ու այդ «Բարսային» անցնել հնարավոր չէր: Թիմերի հաջորդ փուլ դուրս գալու հնավորությունները կարելի է բաժանել 85/15 տոկոսային  հարաբերակցության՝ հօգուտ «Բարսայի»:

Լուսանկարը` si.com


«Արսենալ» - ԲԿՄԱ

Քառորդ եզրափակչում Լոնդոնի «Արսենալի» մրցակիցը բոլոր հնարավոր թիմերից ամենաթույլն է: «Արսենալի» առաջնային զենքերն են հարձակվողների արագությունն ու ոչ ստանդարտ գործողությունները մրցակցի կիսադաշտում: Բանակայինները կազմում ունեն Ալեքսանդր Գոլովինի պես երիտասարդ տաղանդ, բայց միայն նրա հաշվին «Արսենալի» արգելքը հաղթահարել չեն կարող: Զինագործների համար ավելի հարմար պաշտպանություն, քան ունի ԲԿՄԱ-ն, բարդ է պատկերացնել: Այստեղ հանդես են գալիս ֆուտբոլային չափանիշներով բավական տարեց ու դանդաղաշարժ խաղացողներ: «Արսենալի» համար դժվարություններ կարող է առաջացնել միայն մոսկովյան հնարավոր ցուրտ եղանակն ու խաղադաշտի վատ որակը: 

Լուսանկարը` theweek.co.uk


Ցանկացած դեպքում Վենգերի թիմը համարվում է ֆավորիտ ու, եթե ֆուտբոլային մեծ հրաշք տեղի չունենա, ԲԿՄԱ-ն չի կարողանա հաղթահարել անգլիական գրանդի արգելքը: Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ ժամանելու է Ռուսաստան, որտեղ մշտապես աչքի է ընկել արդյունավետ ու դիտարժան խաղով: Այս մրցավեճը հիանալի հնարավորություն է հայ ֆուտբոլասերների համար եւս մեկ անգամ մոտիկից հետեւելու իրենց կուռքի խաղին: «Արսենալ»-ԲԿՄԱ զույգում ուժերի հարաբերակցությունը 80/20 է:

Եվրոպա լիգայի մյուս զույգերում ֆավորիտ են «Ատլետիկոն», «Լացիոն» եւ «Լեյպցիգը»:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին