Ապրիլ 20, 2024
exclusive
7289 դիտում

Անգլիական գրանդերի խաղը, Զիդանի ապտակն Էմերիին, սպասելիքներ «Արսենալից»


Լուսանկարը` https://pbs.twimg.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` http://media.video-cdn.espn.com

Լուսանկարը` https://www.theanfieldwrap.com

Լուսանկարը` https://www.standard.co.uk/


Mediamax Sport-ը  վերլուծում է չեմպիոնների լիգայի խաղարկության փլեյ-օֆֆի առաջին 4 հանդիպման արդյունքները: Անդրադառնում ենք նաեւ «Արսենալի» սպասվող խաղին:

«Ռեալ Մադրիդ»-ՊՍԺ: Սա Զիդանի մաքուր մարզչական հաղթանակն էր Ունայ Էմերիի նկատմամբ: Առաջին անգամ չէ, որ Էմերին ունենալով հիանալի կազմ ու դրական արդյունքի հասնելու հնարավորություն՝ չի կարողանում ճիշտ բաշխել ուժերը: 1:1 հաշվի ժամանակ հարձակողական ֆուտբոլ ցուցադրող թիմը, որը սովոր չէ մնալ պաշտպանությունում ու հաշիվ պահել, կատարում է հարձակվողի փոխարինում պաշտպանով ու նոմինալ թիկունքի խաղացողին ուղարկում առջեւի գիծ գրոհելու:

Արդյունքում չի փոխվում խաղի փիլիսոփայությունը, ՊՍԺ-ն շարունակում է գրոհել, բայց առանց հիմնական հարվածային ուժի՝ Էդինսոն Կավանիի: Զիդանը ճիշտ ժամանակին գնում է ռիսկի ու հենակակետային Կազեմիրոյի, հոգնած Իսկոյի ու Բենզեմայի  փոխարեն գրոհի նետում բոլոր թարմ ուժերը՝ Բեյլ, Ասենսիո, Վասկես:

Րոպեներ հետո Մարսելո-Ասենսիո դուետը սկսում է քանդել ՊՍԺ-ի այն եզրը, որտեղ Էմերին դաշտ էր դուրս բերել Տոմա Մյոնեին: Ահա այն  պարզ պատճառը, որը ՊՍԺ-ին զրկեց ցանկալի ոչ-ոքիից: Արդյունքում ոսկե ձախլիկներից՝ Մարսելոն դարձավ գոլի հեղինակ, Ասենսիոն՝ 2 գոլային փոխանցման: «Ռեալը» հաղթեց 3:1 հաշվով: ՊՍԺ-ն պարտվեց մի խաղում, որտեղ բոլոր շանսերն ուներ առնվազն ոչ-ոքի խաղալու:

Լուսանկարը` http://media.video-cdn.espn.com


Հատկանաշական է, որ «Ռեալի» հետ մրցավեճում Էմերին դուրս էր բերել 3 ընդգծված հենակետային կիսապաշտպանների, ովքեր նաեւ գրոհներ պետք է կազմակերպեին: Սովորաբար հիմնական կազմում բացի առաջատար 3 հարձակվողներից  Ունայը   խաղալու հնարավորություն է տալիս Դի Մարիա-Դրաքսլեր զույգից  որեւէ մեկին: Այս անգամ իմպորվիզ, ու նման արդյունք: Սրանք ՊՍԺ-ի պարտության պատճառներն են:

Տպավորեց ՊՍԺ-ի դարպասպահ Ալֆոնս Արեոլան, ով Ռոնալդուի հարվածից հետո անհավանական կերպով փրկեց իր թիմին եւ դա ֆրանսիացու միակ  փայլուն սեյվը չէր: «Ռեալի» վերջին խաղերում անընդհատ խնդիրներ էին առաջանում պաշտպանությունում, բայց  փարիզեցիների հետ խաղում Զիդանը կարողացել էր տրամադրել իր պաշտպաններին:

Գերազանց խաղ անցկացրեց Նաչոն, ով գրեթե պայքարից դուրս թողեց Նեյմարին: Ամբողջովին չեզոքացնել բրազիլացուն այժմ հնարավոր չէ: «Ռեալի» ֆուտբոլիստների խաղին վստահություն հաղորդեց նաեւ դարպասապահ Կեյլոր Նավասը, երբ կարողացավ հետ մղել Կիլիան Մբապեի ներքեւից կատարած հուժկու հարվածը: Ռոնալդուն դուբլ գրանցեց, բայց նա չէ դիմակայության հերոսը: Պատասխան խաղից առաջ «Ռեալը»  հարմար առավելություն ստացավ, բայց Փարիզում ամեն ինչ կարող է լինել:

«Յուվենտուս»-«Տոտենհեմ»: Կարճատեւ դադարից հետո չեմպիոնների լիգան վերադարձավ Թուրին:  Տոտենհեմի հետ 1/8 եզրափակչի առաջին խաղը «Յուվեն» անցկացրեց սեփական հարկի տակ ու չկարողացավ հաղթել: Եվ դա այն դեպքում,երբ առաջին 9 րոպեի ընթացքում Գոնսալո Իգուաինը 2 անգամ պատռել էր Ուգո Լյուրիսի պաշտպանած դարպասը:

Բոլորըն արդեն մտածում էին, որ «Յուվեի» հաղթանակը գրպանում է: Լոնդոնցիներն այլ կարծիք ունեին ու գտան «ծեր սինիորայի» դեմ գործելու հակախաղը: Առաջին հերթին Մաուրիսիո Պոչետինոն հասկացավ, որ «Յուվենտուսի» պաշտպանությունում իներտ է Մատեո Դե Շիլիոն: «Տոտենհեմի», գրեթե, բոլոր գրոհները զարգացան հենց այդ ուղղությամբ: Զարմանալի է, բայց փաստ՝ Դե Շիլիոն անընդմեջ կտրվելով խաղից, այդպես էլ չհասկացավ, որ եզրում հարձակվողներին փակելու պարտականությունն իր վրա է: 17-րդ,  26-րդ ու 30-րդ րոպներին եղան «Տոտենհեմի» առաջին խայթոցները: Քանի դեռ Դե Շիլիոն քայլում էր ու զիջում դիրքային պայքարում, Հարրի Քեյնը բացեց հաշիվը:

Լուսանկարը` https://www.standard.co.uk/


«Հոտսպուրի» հետ խաղում իր բարձրության վրա չէր նաեւ Ջորջիո Կյելինին: Երկու գոլում էլ կա նրա մեղավորությունը: Առաջինում՝ կորուստ դաշտի կենտրոնում, երկրորդում՝ ոչ պարտադիր  կանոնների խախտում տուգանային հրապարակի մատույցներում: Հետո եղավ 11 մետրանոցից Իգուաինի վրիպումը, հաջորդիվ «Յուվեն» հոգեբանորեն չկարողացավ վերականգնվել:

«Տոտենհեմը» Թուրինից հեռացավ իր համար նպաստավոր 2:2 հաշվով: Լոնդոնցիները հերթական անգամ ապացուցին, որ հեղինակություն չեն ճանաչում ու կազմում ունեն ֆուտբոլիստներ, որոնք խաղի ելք են վճռում: «Յուվեն» չպարտվեց, բայց այն ինչ կատարվեց թուրինցիների հետ, արդեն նոր բան չէ ֆուտբոլասերների համար:

Չեմպիոնների Լիգայի նախորդ խաղարկության եզրափակիչն Ալեգրիի թիմը պարտվել էր հենց նույն մարտավարություն պատճառով: «Յուվեն» իր կարողություններով ունակ էր «Տոտենհեմին» հեռու պահել սեփական դարպասից: Ակնհայտ էր, որ մարզչական հրահանգ կար՝ պահպանել 2 գոլի առավելությունը: Այլապես բարդ է պատկերացնել, որ խաղակեսի մեծ մասը Բիանկոներին պետք է անցկացներ իր կիսադաշտում պաշտպանվելիս:

Բլեզ Մատիուդիի բացակայությոան պայմաններում Սամի Խեդիրան միայնակ չկարողացավ փակել կենտրոնական հատվածը, որտեղ Ալին ու Էրիկսենն իսկական կարուսել էին ստեղծել ու մեկը մյուսի ետեւից խլում էին գնդակը: Պատասխան խաղից առաջ ֆավորիտ դարձավ «Տոտենհեմը», բայց «Յուվենտուսն» իր կարգով ու ֆուտբոլային փորձով, անշուշտ, կարող է շտկել իրավիճակն ու Լոնդոնից հեռանալ ցանկալի արդյունքով: Ցանկացած այլ արդյունք կատարյալ ձախողում կլինի: Իսկ «Տոտենհեմը» շարունակում է քանդել ֆուտբոլում առկա բոլոր կարծրատիպերը:

Անգլիական գրանդերը: «Մանչեսթեր Սիթի»-«Բազել» խաղի մասին խոսելու եւ  վերլուծություններ կատարելու կարիք չկա: Ինչպես սպասվում էր, «Սիթին» իր համար ստեղծեց հսկայական առավելություն ու պատասխան խաղին կարող է ներկայանալ պահեստային կազմով: 4 գոլի տարբերությունը «Բազելը» վերականգնել չի կարող, եւ դա բոլոր տեսակի քննարկումներից ու ֆուտբոլային մարտավարական լուծումներից վեր է:

«Պորտու»-«Լիվերպուլ» զույգում եւս հարցեր չկան: Մերսիսայդցիները «Դրագաու» մարզադաշտում հաշվեհարդար տեսան վիշապների նկատմամբ: Կլոպի թիմը հերթական անգամ հակագրոհներով խաղի ֆանտաստիկ օրինակներ ցույց տվեց, որով կարող է հպարտանալ: Այս պահին համաշխարհային ֆուտբոլում դժվար է գտնել մի թիմի, ով մեկ-երկու փոխանցումով կարող է այնպես գրոհել, ինչպես Լիվերը: Անկրկնելի մարզավիճակ է հավաքել Մոհամեդ Սալլահը, ով իր ներկա խաղով ոչինչով չի զիջում Լիոնել Մեսսիին: Եթե այս նախադասությունը երկվություն է առաջացնում, կարող եք բացել եւ դիտել եգիպտացու վերջին խաղերի տեսագրությունները:

Լուսանկարը` https://www.theanfieldwrap.com


Սալլահ-Ֆիրմինո-Մանե տրիոն քարը քարի վրա չթողեց «Պորտուից»՝ դառանալով տարբեր ճաշակի ու գեղեցկության 5 գոլի հեղինակ: Մանեն հեթ-տրիկ ձեւակերպեց, Սալլահը՝ մեկ գոլ, Ֆիրմինոն՝ գոլ ու գոլային փոխանցում: Սա անկասելի «Լիվերպուլն» է, որի այս խաղը մանրակրկիտ վերլուծելու կարիք չկա: «Պորտուն» պարտվեց՝ դարպասապահի, հենակետային կիսապաշպանների, հարձակվողների անօգնական  խաղի պատճառով:

«Արսենալի» խաղին ընդառաջ: Եվրագավաթային շաբաթն ավելի քան դրական մեկնարկ ունեցավ անգլիական ակումբների համար: Չեմպիոնների լիգայում իրենց առջեւ դրած բոլոր հարցրերն իդեալական լուծեցին «Լիվերպուլը», «Սիթին» ու «Տոտենհեմը»: Հիմա հերթը Լոնդոնի «Արսենալինն» է: Զինագործները Եվրոպայի Լիգայում միակ անգլիական թիմն են ներկայացնում: Հաշվի առնելով ինչպես է դասվորվում գործերն Անգլիայի առաջնությունում, Եվրոպայի Լիգան Վենգերի թիմի միակ ռեալ հնարավորությունն է  ՉԼ-ի ուղեգիր վաստակելու: Չնայած այստեղ  եւս հավաքված են եվրոպական մի շարք գրանդեր, այնուհանդերձ լիգայում հաղթելն ավելի իրատեսական է, քան առաջնության լավագույն քառյակին հասնելն ու ամրապնդվելը:

Եթե Վենգերը որոշի Եվրոպա Լիգային վերաբերվել նույն արկածախնդրությամբ, ինչ խմբային փուլում էր, պարզից պարզ է, որ «Արսենալն» ինչ-որ փուլում  կզիջի ճանապարհը ավելի մոտիվացված թիմի: Մնում է հուսալ ու հավատալ Վենգերի այն խոսքերին, որ բոլոր ուժեղագույները մասնակցելու են հետագա հանդիպումներին:

Լուսանկարը` arsenal.com


«Էստերսունդն» իրեն հիանալի դրսեւորեց խմբային փուլում ու միայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեց Բիլբաոյի «Ատլետիկին»: Թիմը հատկապես վստահ է խաղում սեփական հարկի տակ : Խմբային փուլի 3 խաղում՝ 2 հաղթանակ, մեկ ոչ-ոքի:

«Արսենալը» ցանկացած իրավիճակում պարտավոր է Շվեդիայից հեռանալ հաղթանակով: Նույնիսկ եղանակային պայմանները չեն կարող արդարացում լինել Վենգերի թիմի անհաջողության դեպքում: «Էստերսունդի» կազմում գլխավոր հարվածային ուժն իրանցի ֆուտբոլիստ Սաման Գադոսն է, ով վերջին երկու ընկերական խաղում 3 գոլ է խփել: «Արսենալի» կազմում սպասում ենք Հենրիխ Մխիթարյանի նորամուտին:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին