Ապրիլ 24, 2024
exclusive
7938 դիտում

Օլիմպիական խաղերում Հայաստանի երեք պատվիրակները


Լուսանկարը` Olympic

Լուսանկարը` Անձնական արխիվ

Լուսանկարը` Անձնական արխիվ

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Անձնական արխիվ

Լուսանկարը` Անձնական արխիվ

Լուսանկարը` Անձնական արխիվ


Այսօրվանից մարզասերների ու հատկապես ձմեռային մարզաձեւերի սիրահարների ամբողջ ուշադրությունը սեւեռվելու է Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքի վրա: Հենց այնտեղ փետրվարի 9-25-ը կայանալու են ձմեռային Օլիմպիական խաղերը:

Խաղերի մայրաքաղաքում այսօր տեղի կունենա բացման արարողությունը: Իսկ մինչ այդ Mediamax Sport-ը զրուցել էր խաղերում Հայաստանի երեք ներկայացուցչի հետ, ովքեր փորձելու են իրենց լավագույն արդյունքները գրանցել Օլիմպիական խաղերում:

Միքայել Միքայելյան (սպրինտ 1,5 կմ, դասական ոճ 15 կմ)

Լուսանկարը` Անձնական արխիվ


Միքայելյանների ընտանիքում բոլորը դահուկորդներ են: Օլիմպիական խաղերում այս անգամ մասնակցելու է տան ամենակրտսեր ներկայացուցիչը՝ Միքայելը:

Մթնոլորտը Փհենչհանում հիանալի է, մարդիկ բոլորը դրական էմոցիաներ են փոխանցում միմյանց: Կարծում եմ, որ Օլիմպիական խաղերը հենց բարություն տարածելու համար են ստեղծված, հետո նոր միայն պայքարի ու մեդալների:

Ես 2016-ին մասնակցել եմ պատանեկան Օլիմպիական խաղերին, հիմա այստեղ քայլում եմ ու ինձ ամեն ինչ հարազատ է թվում: Գրեթե նույնն է, պարզապես այստեղ ամեն ինչ ավելի մեծ է ու, բնականաբար, մասնակիցներն էլ ավելի տիտղոսակիր ու հայտնի:

Միքայելն Օլիմպիական խաղերում մասնակցելու է եղբոր՝ Սերգեյի փոխարեն: Ավելի մեծ փորձ ունեցող ու ճանապարհ անցած Սերգեյը պետք է մեկներ իր արդեն 3-րդ խաղերին, սակայն վնասվածքի պատճառով ստիպված այն բաց կթողնի:

Ես շատ լավ եմ ճանաչում նրան, գիտեմ, թե ինչպիսի մարզումներ է անցկացնում, ինչպես էր պատրաստվում այս խաղերին: Նա ավելի փորձառու է, երկու անգամ արդեն ելույթ է ունեցել Օլիմպիական խաղերում: Սակայն, ցավոք, Սերգեյը վնասվածք ստացավ ու չկարողացավ իր նպատակն իրականացնել: Իսկապես, շատ դժվար էր այս ամենն ինձ համար:

Միքայելյանը խոստովանում է, որ ավագ եղբայրը միշտ խորհուրդներ է տալիս, հուշում, թե ինչպես իրեն պահի մրցատարածությունում: Օրինակ՝ վերջերս կայացած Աշխարհի առաջնության ժամանակ Միքայելը հետեւել է Սերգեյի խոսքերին ու 20 կմ տարածությունում գրավել 23-րդ տեղը: Հայաստանի պատմության մեջ այսպիսի արդյունք առաջին անգամն էր գրանցվում:

Լուսանկարը` Անձնական արխիվ


Պետք է պարապել, չարչարվել, համառ աշխատել, որպեսզի լավացնեմ արդյունքս, քանի որ նպատակ ունեմ հետագայում տեղ զբաղեցնել լավագույն տասնյակում:

Մեր ընտանիքը դահուկասպորտի նվիրյալ է: Ծնողներս, եղբայրս ու ես տարիներ շարունակ, չնայած գրեթե առանց պայմանների ու պետության ուշադրության, անընդհատ աշխատում ու ցանկանում ենք այս մարզաձեւում հաջողություններ գրանցել:

Ես հոգեբանորեն պատրաստ եմ Օլիմպիական խաղերին, գիտեմ ուր եմ եկել ու ինչի եմ ընդունակ: Նպատակս մեկն է՝ լավագույնս ներկայացնել մեր փոքրիկ լեռնային հայրենիքը:

Լուսանկարը` Անձնական արխիվ


Կատյա Գալստյան (10 կմ ազատ ոճ)

Կատյա Գալստյանի համար սրանք 2-րդ Օլիմպիական խաղերն են լինելու: 2014-ին նա հանդես է եկել Սոչիում: Իր առաջին ելույթից գոհ չէ, գիտի, որ կարող էր ավելի լավ հանդես գալ, սակայն վատ պատրաստվածությունն ու ինքնազգացողությունը խանգարեցին դրսեւորել իրեն:

Կենտրոնացած մարզվել եմ նոր մարզչիս հետ: Աշոցքում պարապել եմ Արթուր Միքայելյանի գլխավորությամբ: 2015-2016 թվականների համեմատ ցուցանիշս բարելավել եմ 1,5 րոպեով: Ոչինչ մեր ուշադրությունից դուրս չի մնացել, ֆիզիկապես ու հոգեբանորեն շատ լավ եմ պատրաստվել:

Նա էլ բոլոր մարզիկների պես երազել է մասնակցել Օլիմպիական խաղերի, Սոչիից հետո ավելի է հասկանում, որ շփումը նման բարձրակարգ ու մեծ մարզիկների հետ շատ կարեւոր է հայ դահուկորդների համար:

Անկասկած, Օլիմպիական խաղերը սպորտի գագաթնակետն են: Քանի որ մենք միջազգային մրցումների շատ մասնակցելու ու նման փորձ ձեռք բերելու  հնարավորություն չունենք, խաղերի ժամանակ ենք այդ բացը լրացնում: Անհամեմատելի է նման մարզիկների պատրաստվածության աստիճանն ու մոտեցումն աշխատանքին:

Մարզուհին ցավում է, որ ձմեռային մարզաձեւերում Հայաստանը մրցունակ չէ միջազգային ասպարեզում, սակայն կարծում է, որ արդյունքի հասնելու համար պետք է նախ մեծ ուշադրություն դարձնել դրանց ու ներդրումներ կատարել:

Լուսանկարը` Getty Images


Իմ կարծիքով՝ ձմեռային մարզաձեւերն ամառայիններից շատ ավելի հետաքրքիր ու դիտարժան են: Սիրողական ըմբշամարտով կամ ծանրամարտով չեն զբաղվում, մինչդեռ դահուկների վրա կանգնելու գայթակղությանը շատերը չեն կարողանում դիմանալ:

Մարզուհու համոզմամբ, ձմեռային մարզաձեւերի շնորհիվ  հնարավոր կլինի նաեւ զարգացնել տուրիզմն ու շատ ավելի զբոսաշրջիկներ բերել Հայաստան, իրենք էլ լավ պայմաններ լինելու դեպքում այստեղ ավելի որակյալ հավաքներ ու մարզումներ կանցկացնեն:

Շատ թանկ, բայց եւ առողջարար մարզաձեւ է: Ցավում եմ, որ մեդալի համար պայքարել  կամ 10-20-յակում ընդգրկվել չեմ կարող, բայց դրա համար պետք է անհամեմատ շատ գումար ծախսել մեր մարզաձեւի վրա ու ավելի շատ աշխատել:

Լուսանկարը` Անձնական արխիվ


Աշոտ Կարապետյան (հսկա ոլորավայրէջք եւ հատուկ ոլորավայրէջք)

Փհենչհանի Օլիմպիական խաղերի լեռնադահուկ մարզաձեւում Հայաստանը ներկայացնելու է Աշոտ Կարապետյանը:

18-ամյա մարզիկն ամենակրտսերն է Հայաստանի հավաքականի կազմում, ում համար Օլիմպիական խաղերին մասնակցելը մեծ պատասխանատվություն է:

Ես Ծաղկաձորից եմ, հայրիկս նույնպես մարզիկ է եղել: Նրա շնորհիվ ես կանգնեցի դահուկների վրա ու սիրեցի այս սպորտը: Ես թմբլիկ էի, չէի կարողանում մրցակցել, խնդիրն իմ մեջ էր: Հետո շատ աշխատեցի ինձ վրա, անընդհատ մարզվում էի, որ ճկուն դառնամ, աշխատասիրության շնորհիվ կարողացա որակներս բարձրացնել:

Անընդհատ մարզվելու շնորհիվ էլ Աշոտը դարձել է Հայաստանի չեմպիոն, սկսել մասնակցել միջազգային մրցաշարերի: Նա խոստովանում է, որ շատ մեծ կամքի ուժ ունի, անհաջողություններից չի կոտրվում ու միշտ պայքարում է:

Վերջին շրջանում Հայաստանում լեռնադահուկային սպորտից լավագույն արդյունքները ես էի ցույց տալիս, Օլիմպիական միավորներ հավաքում: Անչափ ուրախ եմ, որ մասնակցելու եմ խաղերին, շատ մեծ պատասխանատվություն եմ զգում:

Լուսանկարը` Անձնական արխիվ


Տարիքով փոքր եմ, շատ լուրջ մրցաշարերի մասնակցության փորձ չունեմ, բնականաբար, մեդալ նվաճելուն պատրաստ չեմ: Բայց շատ եմ ցանկանում իմ ելույթով հնարավորինս լավ ներկայացնել Հայաստանը, այն ճանաչելի ու սիրելի դարձնել:

Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերում առայժմ բավարարվում է միայն մասնակցելով: Ցավոք, բայց այստեղ մեր մարզիկներին չի հաջողվում պայքարել մեդալների համար: Կարապետյանը նշում է, որ եղանակային պայմաններից ելնելով՝ լեռնադահուկորդները մեր երկրում մարզվում են երեք ամիս: Իրենք նաեւ հավաքներ են անցկացնում Ավստրիայում, մասնակցում մրցաշարերի:

Լեռնադահուկային սպորտը ֆիզիկական մեծ պատրաստվածություն է պահանջում: Այստեղ արդեն մարզումներ ենք անցկացնում,  զգացել եմ լեռան թեքությունը, ձյան որակը: Ամեն ինչ կանեմ, որպեսզի ցույց տամ իմ լավագույն արդյունքը:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին