Ապրիլ 20, 2024
exclusive
8227 դիտում

Ձմռան ամենաթանկ տրանսֆերները եւ ՈւԵՖԱ-ի նոր խիստ կանոնները


Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` The Sun

Լուսանկարը` newshub.co.nz

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` Twitter

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` manchestereveningnews.co.uk


Արդեն մի քանի օր է ավարտվել է ձմեռային տրանսֆերային պատուհանը: Ֆուտբոլիստներն իրենց նոր ակումբներում են ու փորձում են հարմարվել աշխատանքային պայմաններին:

2018-ի ձմռան գլխավոր ու առաջին առք ու վաճառքի մասին էլ այսօր ներկայացնելու է Mediamax Sport-ը: Մեր ուշադրության կենտրոնում իրենց երազանքի ակումբներում հայտնված ֆուտբոլիստներն են, աղմկահարույց տեղափոխություններն ու միլիոնանոց պայմանագրերը, ինչպես նաեւ ֆուտբոլային շուկայում վերահսկողությունն իր ձեռքը վերցնելու ՈւԵՖԱ-ի փորձը:

Մխիթարյան. ՄՅՈւ-ից՝ «Արսենալ»

Իր ծննդյան 29-ամյակի օրը Մխիթարյանն արդեն Լոնդոնում էր ու մասնակցում էր «Արսենալի» ֆոտո-վիդեո նկարահանումներին, որպեսզի հաջորդ օրը պաշտոնապես ներկայանա որպես ակումբի խաղացող:

Սակայն մինչ պաշտոնական հայտարարությունն էլ ոչ ոք չէր կասկածում, որ տեղափոխությունը կայանալու է: ՄՅՈւ-ում նա անելիք չուներ ու որքան շուտ հեռանար, այնքան լավ կլիներ իր համար:

Լուսանկարը` arsenal.com


Մնում էր պարզապես, որ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան լոնդոնյան ակումբից նրա համար կորզի ամենաեկամտաբեր ու լավ տարբերակը, ինչն էլ նրան ի վերջո հաջողվեց: Ռայոլան կարողացավ այնպես անել, որ ակումբները պարզապես փոխանակվեն ֆուտբոլիստներով՝ առանց հավելյալ գումար վճարելու: Մխիթարյանը ժամանեց Լոնդոն, Սանչեսն էլ գնաց հակառակ ուղղությամբ՝ Մանչեսթեր:

Նոր ակումբում չիլիացին շաբաթական 500 հազ. ֆունտ ստերլինգ է վաստակում ու Անգլիայի առաջնության ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստն է: Նման փոխանակումներ Անգլիայի Պրեմիեր Լիգայում վաղուց չէին եղել:

Միշտ էլ սիրել եմ, թե ինչպես է խաղում «Արսենալը», ինչպես է Արսեն Վենգերը ղեկավարում թիմը: Այստեղ շատ երիտասարդ ֆուտբոլիստներ են եղել, որոնց հետ նա շատ լավ է աշխատել ու ովքեր իրենց հրաշալի են դրսեւորել: Իհարկե, ես շատ էի սիրում Տիերի Անրիի խաղը, միգուցե նաեւ դրա պատճառով եմ միշտ աջակցել «Արսենալին:  Իմ մասին շատ բան չեմ ասի, երկրպագուները կճանաչեն ինձ, երբ կխաղամ «Արսենալի» կազմում:

Լուսանկարը` arsenal.com


Օբամեյանգ. Դորտմունդից՝ Լոնդոն

«Արսենալի» մյուս ձեռքբերումը Պիեր-Էմերիկ Օբամեյանգն էր: Հարձակվողը Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվեց 66 մլն եվրոյով:

Նա վաղուց էր ցանկանում հեռանալ թիմից ու հարմար տարբերակ էր փնտրում, այն հնարավոր եղավ իրականացնել տրանսֆերային պատուհանի հենց վերջին օրը՝ հունվարի 31-ին:

Տեղափոխությունը կարող էր չկայանալ, եթե իր որոշակի միջամտությունը չունենար «Չելսին»: Այն բանից հետո, երբ այն գնեց Օլիվյե Ժիրուին, «Արսենալն» էլ արագ իրականացրեց գաբոնցի հարձակվողի ձեռքբերումը: Ակումբն ուժեղացրեց կենտրոնական հարձակվողի դիրքն ու 1 տարի 8 ամիս անց միացրեց Մխիթարյան-Օբամեյանգ զույգին, որը շատ արդյունավետ էր գործում Դորտմունդում:

Լուսանկարը` arsenal.com


«Էվերթոնի» դեմ խաղում էլ նրանք իրենց առաջին հաջող համագործակցությունը գրանցեցին, Մխիթարյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Օբամեյանգը:

«Արսենալը» հրաշալի պատմություն ու մեծ ֆուտբոլիստներ է ունեցել, ինչպիսին է Տիերի Անրին: Հույս ունեմ, որ «Արսենալը» որքան հնարավոր է շուտ բարձունքում կլինի, ես էլ դրա համար ամեն ինչ կանեմ: Իսկապես երջանիկ եմ Միկի հետ նույն թիմում լինելու համար: Նա ինձ համար ասես եղբայր լինի, լավ ընկեր:

Կոուտինյո. Լիվերպուլից՝ Բարսելոնա

Տրանսֆերային ձմռան ամենաթանկ ու աղմկոտ տեղափոխության հեղինակը Ֆելիպե Կոուտինյոն էր: Նա դեռ ամռանը կարող էր պայմանագիր ստորագրել «Բարսելոնայի» հետ, սակայն Յուրգեն Կլոպն ամեն ինչ արեց, որ խանգարի գործարքի կայացմանը:

«Բարսելոնան» ֆուտբոլիստին ձեռք բերեց 120 մլն եվրոյով, մինչդեռ նրա շուկայական արժեքը 90 մլն էր կազմում:

Լուսանկարը` FC Barcelona


Շատ ֆուտբոլային մասնագետներ համոզված են, որ Կոուտինյոն չարժե այդքան գումար, մանավանդ, որ չի կարողանա թիմին օգնել Չեմպիոնների Լիգայում, քանի որ այդ մրցաշարում հանդես գալու իրավունք չունի:

Անչափ երջանիկ եմ, միշտ երազել եմ հանդես գալ այստեղ: Չափազանց հուզիչ պահ է, քանի որ արդեն կրում եմ աշխարհի ամենակարեւոր թիմի մարզահագուստը: Միշտ ցանկացել եմ տեղափոխվել «Բարսելոնա», մեծ պատիվ է իմ կուռքերի կողքին խաղալը: Հույս ունեմ վայելել խաղս ու նոր տիտղոսներ նվաճել:

Էյմերիկ Լապորտ. Բիլբաոյից՝ Մանչեսթեր

Մինչ շատ թիմեր ամեն կեպ փորձում են ուժեղացնել իրենց հարձակման գիծը, փորձառու ու հմուտ Պեպ Գվարդիոլան համալրեց պաշտպանությունը: «Մանչեսթեր Սիթին» կարողացավ պաշտպանության գծում գործող Ջոն Սթոունզին, Բենջամին Մենդիին ու Քայլի Ուոկերին ավելացնել Էյմերիկ Լապորտին:

«Ատլետիկի» 23-ամյա պաշտպանը վաղուց էր իր վրա սեւեռել թոփ-ակումբների մարզիչների ուշադրությունը:

Լուսանկարը` The Sun


Սակայն «Սիթին» կարողացավ առանց մեծ աղմուկի իրականացնել Լապորտի 65 մլն եվրո արժողությամբ տրանսֆերը: Ակումբը նաեւ ռեկորդ սահմանեց՝ իր պաշտպանության գիծն ամենաթանկերից մեկը դարձնելով:

Ուրախ եմ «Սիթիում» լինելու համար, այն մեծ հավակնություններ ունի ու Եվրոպայի լավագույն ակումբներից է: Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ աշխատելու Գվարդիոլայի գլխավորությամբ ու օգնելու թիմին:

Վան Դեյկ. Սաութհեմփթոնից՝ Լիվերպուլ

«Լիվերպուլը» պաշտպանության կենտրոնն ուժեղացնելու կարիք ուներ, որոնումներից հետո ակումբը գտավ ամենահարմար թեկնածուին՝ Վիրջիլ վան Դեյկին: Հոլանդացի պաշտպանը հիանալի է գործում գնդակով ու հեշտորեն միանում գրոհներին:

Արդյունքում Յուրգեն Կլոպը ցանկացավ նրան տեսնել իր թիմում, ինչի համար «Լիվերպուլը» «Սաութհեմփթոնին» 78,8 մլն եվրո վճարեց՝ նրան ամենաթանկ պաշտպանը դարձնելով:

Դեյկը նոր թիմի կազմում անցկացրած առաջին իսկ խաղում կարողացավ գոլ գրանցել: Անգլիայի Գավաթում «Էվերթոնի» դեմ դիմակայությունում հաղթական գոլը հեղինակեց՝ միանգամից դառնալով «Էնֆիլդի» սիրելին:

Լուսանկարը` newshub.co.nz


Ի դեպ, նոր ակումբում նա հրաժարվեց իր շապիկին գրել ազգանունը՝ այդկերպ վրեժխնդիր լինելով հորից, որը տարիներ առաջ լքել է կնոջն ու 3 երեխաներին: Ֆուտբոլիստի 4 համարի մարզաշապիկին միայն անունն է գրված:

Ուզում էի տեղափոխվել «Լիվերպուլ», քանի որ սա լուրջ առաջընթաց է: Թեեւ ինձ չէին ցանկանում բաց թողնել, սակայն նոր թիմում եմ ու կփորձեմ հաջողությունների հասնել:

ՈւԵՖԱ-ի խաղի նոր կանոնները

Տրանսֆերային շուկայում տիրող բազմամիլիոնանոց գործարքները չէին կարող անուշադրության մատնվել ՈւԵՖԱ-ում: Կառույցի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոստացավ, որ կվերահսկեն գործընթացն ու կփորձեն խանգարել գրանդ ակումբներին որսալ  լավագույն  ֆուտբոլիստներին: Բոլոր այն ակումբները, որոնք չեն ենթարկվի նոր կանոններին՝ ճոխության հարկ կվճարեն:

Չեֆերինը պլանավորում է հանդիպել թոփ-ակումբների տերերի հետ ու քննարկել ֆուտբոլիստների աշխատավարձերի շեմ սահմանելու հարցը:

Բոլոր հարուստ ակումբները գնում են լավագույն խաղացողներին: Մենք պետք է դադարեցնենք այդ գործընթացը: Կարգը խախտողները կտուգանվեն: ՈւԵՖԱ-ն պետք է կանգնեցնի ամենահարուստ ակումբներին, որոնք խախտում են ֆուտբոլային հավասարակշռությունը:

ՈւԵՖԱ-ն նաեւ պլանավորում է տրանսֆերների վրա սահմանափակումներ դնել, որպեսզի առք ու վաճառքի տարբերությունը 100 մլն եվրոյից ավել չլինի:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին