Ապրիլ 24, 2024
exclusive
8670 դիտում

Ֆուտբոլային Աշխարհի խորհրդանիշը. 6 կգ-ոց գեղեցկուհու այցը Երեւան


Լուսանկարը` sites.duke.edu

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` welcome2018.com

Լուսանկարը` welcome2018.com

Լուսանկարը` radio.com

Լուսանկարը` sportsnet.ca

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` ibtimes.co.uk

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` sl.com


Այս գավաթը համբուրել են Պելեն, Մարադոնան, Զիդանը, Խավին, այն բարձրացնելու պատիվ են ունեցել Բեկենբաուերը, Կասիլիասը, Կանավարոն, Մարադոնան:

Վերջապես առաջին անգամ Գավաթի համաշխարհային շրջագայության ընթացքում իրենց կուռքերի պարգեւը Երեւանում տեսնելու հնարավորություն կունենան նաեւ հայ ֆուտբոլասերները:

 

Թեեւ սա Գավաթի առաջին պաշտոնական, սակայն 2-րդ այցն է Հայաստան: 1999-ին  Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի ընտրանին հայերի հետ ԵԱ-ի ընտրական փուլի խաղից առաջ ժամանել էր Աշխարհի գավաթով կրկնօրինակով:

 

Բոլոր ցանկացողները փետրվարի 7-ին ժամը 16:00-17:00-ը կարող են գնալ Ազատության հրապարակ ու տեսնել ցուցադրվող Գավաթը: Այն Հայաստան է բերելու 1998-ի Աշխարհի առաջնության չեմպիոն Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Քրիստիան Կարամբյոն:

 

Ֆուտբոլը բոլորի համար

Ֆուտբոլի Աշխարհի Գավաթի համաշխարհային շրջագայությունն իրականացնում է FIFA-ի պաշտոնական գործընկեր Coca-Cola-ն: Այն բացառիկ հնարավորություն է  տալիս ֆուտբոլի սիրահարներին, անկախ նրանից մասնակցում է  իրենց ազգային ընտրանին ԱԱ-ին, թե ոչ, մոտիկից տեսնել ու լուսանկարվել բաղձալի գավաթի հետ: Նպատակը մեկն է՝ ամենամասսայական ու սիրված մարզաձեւը հասանելի դարձնել բոլորին:

Լուսանկարը` fifa.com


Առաջին անգամ նման միջոցառում անցկացվել է 2006 թվականին Գերմանիայում կայացած ԱԱ-ից առաջ, դրանից հետո ավանդույթը պահպանվել է, շրջագայությունն էլ ավելի մասշտաբային ու հետաքրքիր է դարձել:

Առաջին շրջագայության ընթացքում ԱԱ-ի գավաթը եղել է 28 երկրի 31 քաղաքներում, այն մեկնարկել է Գանայի մայրաքաղաք Աքրայում ու ավարտվել Հռոմում: Երջանիկ քաղաքների թվում են եղել նաեւ Ռիո դե Ժանեյրոն, Մեխիկոն, Պորտ օֆ Սփեյնը, Լոս Անջելեսը, Տոկին:

Բայց ամենաշատ թվով երկրներ գավաթն այցելել է 2014-ին Բրազիլիայում կայացած ԱԱ-ից առաջ, այն հասցրել է լինել 90 երկրում: Շրջագայությունը մեկնարկել է 2013-ի սեպտեմբերին ու ավարտվել Քրիստոսի արձանի մոտ՝ տեւելով 221 օր: Այն տեսել են ավելի քան 1,3 մլն երկրպագուներ:

Օլիմպիական կրակի շրջագայությունից հետո, սա 2-րդ ամենասպասված ու ընդգրկուն միջոցառումն է ամբողջ աշխարհում:

Լուսանկարը` fifa.com


Իտալացի քանդակագործի ստեղծած աշխարհը

1930 թվականից անցկացվող ԱԱ-ի առաջին հաղթող Ուրուգվայի հավաքականը ստացել է «Ժյուլ Ռիմեի գավաթը»՝ Նիկա աստվածուհու տեսքով: 1970 թվականին, երբ Բրազիլիայի ընտրանին Աշխարհի եռակի չեմպիոն դարձավ այն ժամանակ գործող կանոններով 3,8 կգ կշռող ու «Ոսկե Աստվածուհի» անունը կրող մրցանակը ցմահ հանձնվեց նրան:

ՖԻՖԱ-ի 3-րդ նախագահի անունը կրող գավաթը 1983-ին անհետացավ: Թեեւ 4 հոգի մեղադրվեցին առեւանգման մեջ, սակայն մրցանակն այդպես էլ չհայտնաբերվեց:

Լուսանկարը` welcome2018.com


ՖԻՖԱ-ն ստիպված էր նոր գավաթ պատվիրել ու 1971-ին մրցույթ հայտարարեց, հաղթողն իտալացի Սիլվիո Գացցանիգան էր: Հետագայում նա ստեղծեց Եվրոպայի Սուպերգավաթը եւ ՈւԵՖԱ-ի Գավաթը, բեյսբոլի, բոբսլեյի ու վոլեյբոլի Աշխարհի գավաթները, ինչպես նաեւ մի շարք մեդալներ:

«Աշխարհի Գավաթը ստեղծելիս 2 միտք էր գլխումս պտտվում՝ հաղթող մարզիկն ու ամբողջ աշխարհը: Ուզում էի ցույց տալ մարդուն, որն իր հաղթանակից հետո թեւեր է առնում՝ միաժամանակ նրան սուպերհերոս չդարձնելով: Իր ձեռքերով ողջ աշխարհը գրկող իմ հերոսներն արտացոլում են այն ջանքերը, որոնք նրանք թիմակիցների հետ պետք է ամեն օր գործադրեն նպատակին հասնելու համար: Բայց միեւնույն ժամանակ նրանց ամենակարեւոր որակներն են երեւում՝ պատասխանատվությունն ու ազատությունը»,- խոստովանել է իտալացի քանդակագործը:

Ասում են նա մի շաբաթ դուրս չի եկել իր աշխատասենյակից, անընդհատ կատարելագործել է գավաթը: Հատկապես դժվար է եղել փոքր դետալների ճշգրիտ վերարտադրումը:

Լուսանկարը` welcome2018.com


1974-ին այն առաջին անգամ նվաճել է Գերմանիայի հավաքականը, գավաթը բարձրացնելու պատիվը տրվել է Ֆրանց Բեկենբաուերին:

6 կգ-ոց ու խիստ պահպանվող

Ի տարբերություն առաջին գավաթի, այս մեկը 18 կարատանոց 5 կգ ոսկուց է պատրաստված: Բարձրությունը 36,5 սմ է, քաշը՝ 6,142 կգ: Գավաթի վրա պատկերված են մայրցամաքները, որոնք խորհրդանշում են ֆուտբոլի ու ամբողջ աշխարհի միասնությունը, իսկ խաղացողներից առաջացող գծերը խորհրդանշում են այն էներգիան ու ապրումները, որոնք երկրպագուները ստանում են սպորտից: Դրանք ընդգրկում են բոլոր մայրցամաքները:

ՖԻՖԱ ու Աշխարհի գավաթ գրությունների հակառակ կողմում նշվում են հաղթող ընտրանիների անունները: Ի դեպ՝ 2038-ին Գավաթի վրա նոր չեմպիոնների անունները փորագրելու տեղ այլեւս չի լինի:

Լուսանկարը` radio.com


Մինչ 2006 թվականն այն պահվել է հաղթող երկրում ու վերադարձրել միայն ԱԱ-ի վիճակահանությունից առաջ: Հիմա ՖԻՖԱ-ի կանոնները փոխվել են ու հաղթողներն այլեւս Գավաթի լիիրավ պահպանողները չեն: Այն մնում է Ցյուրիխում գործող ՖԻՖԱ-ի համաշխարհային ֆուտբոլի թանգարանում ու ցուցադրվում է միայն շրջագայության ժամանակ:

2006-ի ԱԱ-ից առաջ Գավաթը կարճ ժամանով վերադարձել է Իտալիա, որպեսզի ռեստավրացիայի ենթարկվի: 2016-ի հուլիսին հայտնի է դարձել, որ այն վնասվել է հաղթող Իտալիային հանձնելուց մի քանի օր անց: Գավաթից մալախիտի մի փոքր կտոր է պոկվել, որն անմիջապես վերադարձվել է իր տեղը:

 

Ոչ մի հաղթող երկիր Գավաթին ցմահ տիրանալու հնարավորություն այլեւս չունի, այն ստանում է միայն դրա ոսկեզօծ կրկնօրինակը:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին