Ապրիլ 24, 2024
exclusive
7672 դիտում

Հայաստանի թիմն ունակ է հաղթել Ազգերի լիգայում


Լուսանկարը` pressball.by

Լուսանկարը` rsport.ru

Լուսանկարը` dcdn.lt

Լուսանկարը` ftbl.ru

Լուսանկարը` Photolure


Օրեր առաջ Լոզանում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության վիճակահանությունը: Mediamax Sport-ը վերլուծել է մեր հավաքականի հնարավորություները:

Եզրահանգումներ վիճակահանությունից

Եվրոպայի Ազգերի լիգայի խաղարկության վիճակահանությունը բարեհաջող ընթացք ունեցավ ֆուտբոլի Հայաստանի ազգային ընտրանու համար: Մեր ապագա մրցակիցներն են Մակեդոնիայի, Լիխտեյնշտեյնի ու Ջիբրալթարի հավաքականները: Անմիջական մրցակիցների հնարավորությունների, ուժեղ ու թույլ կողմերի մասին կխոսենք հաջորդիվ: Չնայած մամուլում ու երկրպագուների շրջանում կա կարծիք, որ սա «մահվան խումբն» է, այնուհանդերձ, իրականությունն այլ է: Իրավիճակն ավելի խճճված տեսք ունի առաջին խմբում՝ Վրաստան, Լատվիա, Ղազախստան, Անդորրա:

Եթե մի պահ վերանանք մեր ընտրանու հավատարիմ երկրպագու լինելու հանգամանքից, ապա միանշանակ պարզ է, որ այս հավաքականներից յուրաքանչյուրի հետ առանձին խաղերում մենք մեծ հավանականությամբ կարող ենք միավորներ կորցնել: Եվ սրանք պարզապես խոսքեր չեն, քանի որ բոլոր թիմերի հետ խաղեր ունեցել ենք: Արդյունքները միշտ չէ, որ գոհացուցիչ են եղել եւ բազմապիսի քննարկումների առիթ են հանդիսացել: Պաշտոնական ու ընկերական հանդիպումները հաշվի առնելով՝ միայն Ղազախստանի հետ խաղերում է, որ բալանսը դրական է:

Լուսանկարը` ftbl.ru


3-րդ խումբը եւս բարդ տեսք ունի՝ Ադրբեջան, Ֆարերյան կղզիներ, Կոսովո եւ Մալթա: Ադրբեջանի հետ ամեն ինչ պարզ է՝ նույն խմբում հայտնվել չէինք կարող: Ֆարերյան կղզիները, չնայած գաճաճ կարգավիճակին, անհարմար մրցակից է ու ներզոր կարողություններով շանսեր ունի մեր ընտրանուց միավոր վերցնելու: Մեծ հարցական է իրենից ներկայացնում Կոսովոյի ընտրանին, որը բոլորովին վերջերս է սկսել պաշտոնական խաղերի մասնակցել, բայց սեփական հարկի տակ խաղերն անցնում են դժոխային մթնոլորում: 2-րդ խումբը պայքարի առումով ամենաթույլն է: Այստեղ կա բացահայտ ֆավորիտ՝ Բելառուսի հավաքականը: Փոքր վերապահումներով «մահվան խումբ» կարելի է համարել վրացիներինը:

Մեր մրցակիցները

Լիխտեյնշտեյնի ու Ջիբրալթարի հնարավորությունների մասին խոսել ու նրանց ցուցադրած ֆուտբոլի վերաբերյալ վերլուծություններ անելը կնշանակի դատարկաբանել: Եվ սա ամենեւին մրցակիցներին թերագնահատել չէ: Ի՞նչ կարելի է սպասել թիմերից, որոնք աշխարհի առաջնության ընտրական փուլի բոլոր խաղերում պարտություններ են կրել, խփած ու բացթողած գոլերի -38 եւ -44 հարաբերակցությամբ: Ցանկության դեպքում երկու թիմերի  կազմերում էլ կարելի է գտնել մեկ ֆուտբոլիստի ու նրա մասին մի քանի գովեստի խոսք ասել, բայց ոչ ավելին: Ե՛վ Լիխտեյնշտեյնի, եւ՛ Ջիբրալթարի ցուցադրած արդյունքներն ավելի քան օրինաչափ են: Փոքր ինչ զգուշանալ կարելի է Լիխտեյնշտեյնից, քանի որ վերջիններս դեկետեմբերին անակնկալ հաղթանակ են տարել Քաթարի հավաքականի նկատմամբ:

Լուսանկարը` rsport.ru


Խմբում հնարավորություններով մեզ համար միակ մրցակիցը Մակեդոնիայի ընտրանին է: Թիմ, որը խաղից խաղ ավելացնելով, աստիճանաբար աճ է գրանցում: Եթե վիճակահանությունից առաջ D լիգայի թիմերին համեմատեինք, ապա առաջին հայացքից ամենազորեղ մրցակիցը, ում կարելի էր հանդիպել՝ հենց Մակեդոնիան էր: Թիմի բոլոր օղակներում կան բարձրակարգ ֆուտբոլիստներ: Դարպասապահի դիրքում վստահ խաղով աչքի է ընկում իսպանական «Խիմնաստիկի» ֆուտբոլիստ Ստոլե Դիմիտրեւսկին: Դժվար է գտնել հանդիպում, որտեղ մակեդոնացիները միավոր կորցնեն դարպասապահի անհաշվենկատ խաղի պատճառով, ինչը չի կարելի ասել մեր հավաքականի մասին: Պաշտպանության գիծը եւս բարձրակարգ ֆուտբոլիստների պակաս չունի: Հատկապես հզոր են եզրերը, որտեղից էլ կազմակերպվում է թիմի գոլային գրոհների մեծամասնությունը: Աջ եզրից անընդհատ մրցակիցներին տհաճություն է պատճառում պորտուգալական «Սպորտինգի» ֆուտբոլիստ Ստեֆան Ռիսոտվսկին:

Մեծ ճնշման շնորհիվ հնարավոր է ճեղքեր գտնել պաշտպանության կենտրոնում, որտեղ հիմնական բեռն իր ուսերին է կրում «Վարդարի» երիտասարդ ֆուտբոլիստ Վայզար Մասլյուն: Կիսապաշտպանության գծում կայուն ֆուտբոլ է խաղում անգլիական «Լիդսի» խաղացող Էգզիան Ալիոսկին: Ֆուտբոլիստը մշակված փոխանցում ունի ու կարողանում է ցանկացած դիրքից հարվածի դուրս բերել հարձակվողներին: Մակեդոնիայի ընտրանու ամբողջ խաղը կառուցվում է Գորան Պանդեւի վրա:

Մակեդոնական ֆուտբոլի «Պելեն», ով հիմա իտալական «Ջենովայի» ֆուտբոլիստ է, չնայած պատկառելի տարիքին, չի կորցրել դիպուկությունն ու ստացած հնարավորությունները փայլուն կերպով իրացնում է: Ասել, որ նա է թիմի շարժիչ ուժը, նշանակում է՝ ոչինչ չասել: Այս ամենով հանդերձ Իգոր Անգելովսկու թիմի գլխավոր զենքը կոլեկտիվ հզոր պաշտպանությունն է ու անցումը հակագրոհների: Պանդեւն ու ընկերները վերջին 5 խաղից 3-ում հաղթել են, 2-ն՝ ավարտել ոչ ոքի:

Մեր հավաքականի հետ մակեդոնացիներն անցկացրել են 6 խաղ՝ տարել 2 հաղթանակ, գրանցել 2 ոչ ոքի ու կրել նույնքան պարտություն:

Լուսանկարը` dcdn.lt


Խմբից դուրս գալու շանսերը

Ազգերի լիգան Եվրոպայի առաջնությանը մասնակցելու ֆանտաստիկ հնարավորություն է: Նման ռեալ շանս Հայաստանի ազգային ընտրանին դեռ չի ունեցել: Նույնիսկ այն հանգամանքը, որ մակեդոնացիների կազմում բարձրակարգ թիմերում հանդես եկող ֆուտբոլիստների քանակն ավելի մեծ է, չի խոսում այն մասին, որ մեր ընտրանին ներուժով ավելի թույլ է: Մենք ունենք Հենրիխ Մխիթարյան, ով իր ներկա  որակներով ու ֆուտբոլում հասած հաջողություններով մի քանի գլուխ բարձր է D լիգայի ցանկացած հավաքականում հանդես եկող յուրաքանչյուր ֆուտբոլիստից: Լավ մարզավիճակի, անցյալում ունեցած դառը փորձերից ստացած դասերի, սեփական ուժերի հանդեպ վստահության, մարզչական ճիշտ աշխատանքի դեպքում մեր հավակաքանի տրամադրության տակ եղած ֆուտբոլիստներով, անշուշտ, հնարավոր է եւ պետք է հաղթահարել խմբային փուլի արգելքը: Ցանկացած այլ արդյունք ձախողում է՝ առանց արդարացման: Հայաստանի հավաքականի կազմում կան ֆուտբոլիստներ, որոնց որակների ճիշտ օգտագործման դեպքում ցանկալի արդյունքի հնարավոր է հասնել: Մենք մեր հավաքականը գիտենք:

Լուսանկարը` Photolure


Ազգերի լիգայում հաղթանակի առաջին ու գլխավոր նախապայմանը Լիխտեյնշտեյնի ու Ջիբրալթարի ազգային թիմերի նկատմամբ եւ՛ տնային , եւ՛ արտագնա խաղերում հաղթանակներն են: Այստեղ մենք վրիպելու իրավունք չունենք: Խաղացանկը կառուցված է այնպես, որ արդեն 2-րդ խաղում արտագնա բարդ հանդիպում է լինելու սկզբունքային մրցակցի՝ Մակեդոնիայի հետ: Մրցակցի դաշտում նույնիսկ ոչ ոքին դրական արդյունք կարող է դիտվել: Մեզ համար եզրափակչին հավասար կլինի Մակեդոնիայի հետ երեւանյան դիմակայությունը, որտեղ էլ, ամենայն հավանականությամբ, կվճռվի խմբի հաղթողը:

Հետագա զարգացումներ... 

Ազգերի լիգայի D դիվիզիոնում հաղթելու համար բավական չէ միայն խմբից դուրս գալը: Ամեն մրցավեճ ու ցանկացած խաղարկված միավոր ուղիղ ներգործություն ունի հետագա չեմպիոնության վրա: Մրցաշարը կառուցված է այնպես, որ կիսաեզրափակչում ամենալավ ցուցանիշ ունեցող թիմը մրցելու է ամենավատ հանդես եկած, բայց խմբի հաղթող հավաքականի հետ: Մյուս զույգը՝ 2-րդ եւ 3-րդ արդյունքն ունեցող ընտրանիներն են: Ամենայն հավանականությամբ՝ կիսաեզրափակիչ կհասնեն Բելառուսի, Ղազաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ազգային թիմերը: Հաղթողը մենք ենք լինելու:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին