Ապրիլ 19, 2024
exclusive
10129 դիտում

Ոչ ցավոտ բաժանում. Մխիթարյանի ու Մոուրինյոյի հարաբերությունների խզումը


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` sport.de

Լուսանկարը` 101greatgoals.com

Լուսանկարը` europsort

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` europsort.com

Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` europsort.com

Լուսանկարը` eurosport

Լուսանկարը` The Telegraph

Լուսանկարը` manutd.com


Ծննդյանն 55-ամյակն այսօր նշող Ժոզե Մոուրինյոյի ու «Արսենալի» կազմում 2-րդ մարզմանը պատրաստվող Հենրիխ Մխիթարյանի համատեղ աշխատանքը ձանձրալի ու միօրինակ չես անվանի, իսկ նրանց բաժանումից երկու կողմերն էլ միանշանակ օգուտ կքաղեն:

«Խորհուրդներ, ինչպես ֆուտբոլիստներին ստիպել ինքնակամ հեռանալ» կամ «Ձերբազատվել անցանկալի խաղացողներից» թեմայով ուղեցույցներ գրելու հարցում պորտուգալացին դուրս է մրցակցությունից: Նա միշտ կարողանում է ստանալ այն, ինչ ցանկանում է: Մխիթարյանն էլ ավելի շատ վարձատրվող ու իրեն հոգեհարազատ ֆուտբոլ ցուցադրող «Արսենալում» է:

Փոխադարձ գովասանքներ, տարաձայնություններ, նվաճումներ, դժգոհություններ՝ ամեն ինչ էլ կգտնեք Mediamax Sport-ի այսօրվա պատմության մեջ:

Մաս 1. Ծանոթությունն  ու լարված «ընկերության» սկիզբը

Լուսանկարը` manutd.com


«Մոուրինյոն «Մանչեսթեր» տեղափոխության հիմնական պատճառներից է, բայց ՄՅՈւ-ն էլ մեծագույն ակումբներից մեկն է ու հարուստ ֆուտբոլային պատմություն ունի: Չէի կարող մերժել այս առաջարկը: Երջանիկ եմ, որ միացել եմ թիմին, սա կատարված երազանք է: Շնորհակալություն թիմին եւ Մոուրինյոյին` ինձ վստահելու համար»:

Սրանք Անգլիա տեղափոխվելուց հետո ԶԼՄ-ին ասած Մխիթարյանին առաջին խոսքերն են: Հետագայում ինչպես պարզվեց, հենց Մոուրինյոյի պատճառով էլ ֆուտբոլիստը հեռացավ Մանչեսթերից: Սակայն սա երկար պատմություն է ու պետք է դրան մանրամասն անդրադառնալ:

Չկտրվենք ժամանակագրությունից ու տեղափոխվենք ոչ այնքան հեռավոր 2016-ի ամառ, երբ տանտիրոջ կարգավիճակով իր հյուրին ու նորեկին դիմավորեց նաեւ Հատուկը:

«Մխիթարյանը ճանաչվեց Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ, իսկ սա շատ բան է նշանակում: Նա ֆանտաստիկ խաղացող է, չլինելով հարձակվող, կարողանում է շատ գոլեր խփել: Մեկ մրցաշրջանում Մխիթարյանի գոլերի ու փոխանցումների թիվն անհավանական բարձր է: Նա ստեղծագործ ֆուտբոլիստը է, ինչի կարիքը մանչեսթերյան ակումբն ուներ»,- հիացած ասաց Մոուրինյոն:

Լուսանկարը` sport.de


Տեղափոխությունից հետո Մխիթարյանը մի քանի ընկերական հանդիպումների մասնակցեց, առաջին գոլը խփեց իր նախկին թիմի՝ «Բորուսիայի» դարպասը, նորամուտը նշեց Անգլիայի առաջնությունում, ամեն ինչ այդքան էլ վատ չէր ընթանում, բայց օգոստոսին կայացած Հայաստան-Չեխիա ընկերական խաղի ժամանակ վնասվածք ստացավ ու 10 օրով շարքից դուրս եկավ՝ կորցնելով տեղը նաեւ ակումբի կազմում:

Դեռ հոկտեմբերին Մխիթարյանը խաղադաշտ դուրս չէր գալիս, ինչն առաջացնում էր երկրպագուների զայրույթը, Մոուրինյոն հստակ բացատրություն ուներ.

Մի բան է վնասվածք չունենալ, մյուս՝ պատրաստ լինել պաշտոնական խաղի: Ես խաղում եմ Լինգարդի եւ Մարսիալի հետ, ունեմ Ռեշֆորդ եւ Դեպայ: Չեմ կարող խաղադաշտ դուրս բերել բոլոր ֆուտբոլիստներին միաժամանակ: Մխիթարյանը երկար ժամանակ բացակայել է, իսկ այս կազմը լավ է խաղում:

Մամուլում սկսեցին շրջանառվել լուրեր, որ ՄՅՈւ-ն կվաճառի Մխիթարյանին, համացանցում էլ տարածվեց  #FreeMkhitaryan հաշթեգը: 

Լուսանկարը` 101greatgoals.com


Եթե ինձ գնել են 38 կամ 40 մլն եվրոյով դեռ չի նշանակում հիմնական կազմում տեղս երաշխավորված է: Մարզումների ժամանակ փորձում եմ աշխատել ամբողջ ուժով, որպեսզի խաղամ, սակայն համոզված չեմ, որ ամեն հանդիպման կմասնակցեմ:

Մոուրինյոն շարունակում էր անդրդվելի մնալ, նշելով, որ շատ դեպքերում անգլերենում շփոթում են վնասածք չունի եւ պատրաստ է հանդիպումներին արտահայտությունները, մինչդեռ պորտուգալերենում տարբեր իրավիճակների համար առանձին բառեր կան:

Մխիթարյանը մարզվում է 100 %-ով, նրան ժամանակ է պետք թոփ խաղացող դառնալու համար: Մենք հավատում ենք նրան, վաղ թե ուշ խաղալու է:
 
Մխիթարյանի վերադարձն, իսկապես, ուշ եղավ՝ 2 ամսվա բացակայությունից հետո նա վերադարձավ նոյեմբերին Եվրոպայի Լիգայի խմբային փուլի «Ֆեներբահչեի» հետ խաղում:

Նրանից մեծ ակնկալիքներ ունենք: Այդ դիրքում շատ խաղացողներ կան, ու Մխիթարյանը պետք է ավելի լավ խաղա, քան Մատան, Լինգարդն ու Մարսիալը: Նա իր հիասթափությունը դրական կողմով է օգտագործում՝ փակում է բերանը, տքնաջան աշխատում ու փորձում հարմարվել:

Լուսանկարը` europsort


Եվրոպայի Լիգայի «Ֆեյենորդի» նկատմամբ 4:0 հաշվով հաղթանակ տարած խաղում Մխիթարյանը  մեկնարկային կազմում էր  ու ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող:

Մեծ պատիվ է կրկին թիմի մեկնարկային կազմում հայտնվել: Փորձել եմ ցույց տալ լավագույն որակներս:

Նա աստիճանաբար վերգտավ իրեն, ավելի շատ խաղաժամանակ ստացավ, դեկտեմբերին Եվրոպայի Լիգայի խմբային փուլում գրավեց «Զարյայի» դարպասն ու բացեց ՄՅՈւ-ում իր գոլերի թիվը:

Չուշացավ մարզչական խոստովանությունը՝ նորանոր գովասանքի խոսքերով.

Գիտեինք, որ Մխիթարյանը շատ տաղանդավոր է: Նա շատ ուժեղ մտածելակերպ ունի, վճռականորեն պայքարել է թիմում հարմարվելու համար: Այժմ հիանալի է խաղում բոլոր մրցաշարերում՝ Անգլիայի առաջնությունում, Գավաթի խաղարկությունում ու Եվրոպայի Լիգայում: Խփած գոլն էլ ավելի կուրախացնի նրան:

Մաս-2. Կայունության ու նվաճումների շրջանը

Եվրոպայի Լիգայում առաջին գնդակը խփելուց օրեր անց Մխիթարյանն աչքի ընկավ նաեւ Պրեմիեր Լիգայում՝ «Տոտենհեմի» դեմ խաղում: Հայ կիսապաշտպանն, ինչպես եւ ցանկանում էր, գոլ խփեց «Օլդ Թրաֆորդում»:

Լուսանկարը` REUTERS


Անհավանական թիմային հաղթանակ էր: «Օլդ Թրաֆորդում» խփած առաջին գոլս նվիրում եմ «Յունայթեդի» բոլոր երկրպագուներին:

Ապա Մխիթարյանը փայլեց Boxing day-ի շրջանակներում՝ գեղեցիկ խաղ ու գոլեր, որոնցից մեկը հայտնի կարիճ-գոլն էր, Մոուրինյոն այն ֆենոմենալ համարեց:

Դա շատ հիանալի ու կարեւոր պահ էր Մխիթարյանի համար: Իր կարիերայի ընթացքում նա միշտ էլ գեղեցիկ գոլեր է խփել, այս անգամ էլ նկատվում էր ստեղծագործական աշխատանքը: «Օլդ Թրաֆորդը» սիրում է նրան:

«Լեսթեր Սիթիի» դեմ փետրվարյան դիմակայությունում հայ ֆուտբոլիստը կրկին իր բարձունքի վրա էր, իր հերթական գոլը գրանցեց, թիմն էլ հաղթեց 3:0 հաշվով:

Մոուրինյոն խոստովանեց, որ Մխիթարյանը խաղադաշտում հրաշք է գործում ու իսկապես սկսել է լավ դրսեւորել իրեն, թիմի կազմում հիմնական տեղն էլ ամրագրել է աշխատասիրության շնորհիվ:

Դրան հաջորդած հարցազրույցներից մեկում ֆուտբոլիստն անկեղծացավ ու պատմեց Մոուրինյոյի հետ իրենց հարաբերությունների մասին: Նա չժխտեց, որ սկզբում դժվարություններ են ունեցել, բայց նոյեմբերից սկսել են հաղթել, ու ամեն ինչ աստիճանաբար հարթվել է:

Ես պարզապես անհամբեր էի ու սպասում էի իմ ժամանակին: Գիտեի, որ այն կգա ու ինձ եւս մեկ հնարավորություն կտա: Ես շարունակում էի ժպտալ ու աշխատել, հիմա իսկապես երջանիկ եմ:

Լուսանկարը` europsort.com


Ապա եկավ հաղթական մայիսը, Եվրոպայի Լիգայի եզրափակչում Ստոքհոլմում ՄՅՈւ-ն ուժեղ էր «Այաքսից»: Մխիթարյանը եզրափակչի հերոսներից մեկն էր ու գոլի հեղինակը, նա իր կարիերայում ամենամեծ նվաճմանը հասավ.

Այս հաջողությունն ինձ ու իմ երկրի համար շատ կարեւոր է: Անչափ երջանիկ եմ ու բառեր չունեմ ապրումներս նկարագրելու համար: Միայն հույզեր են ու լավ զգացողություններ:

Հունիսին  Facebook-ում Մխիթարյանը պատասխանեց երկրպագուների հարցերին ու անդրադարձավ նաեւ Մոուրինյոյին՝ նրան հաղթող մարզիչ անվանելով.

Նա այնքան շատ է աշխատում ամեն խաղում հաղթելու համար ու վստահ լինելու, որ խաղացողները 100 % պատրաստ են: Մոուրինյոն մեզ շատ էմոցիաներ ու մոտիվացիա է տալիս: Նրանից շատ բան եմ սովորել ու շարունակելու եմ սովորել:
 
Մեկ ամիս անց կրկին Մխիթարյանի շուրթերից գովասանք հնչեց մարզչի հասցեին, ֆուտբոլիստը նշեց, որ Մոուրինյոն միշտ մտածում է խաղացողների մասին, մարզումների ժամանակ ուշադիր հետեւում բոլորին:

Օգոստոսին էլ Մոուրինյոն արդեն չէր թաքցնում, որ Մխիթարյանն ու ինքը հրաշալի են հասկանում միմյանց, ինչի արդյունքում ֆուտբոլիստն ավելի լավ է սկսել գործել.

Երկար ժամանակ ենք միասին անցկացրել, ճանաչել միմյանց, սովորել իրարից: Սա երկուսիս համար էլ լավ է: Իր տաղանդով Մխիթարյանն այս մրցաշրջանում էլ ավելի լավը կլինի:

Չեմպիոնների Լիգայի հանդեսին հյուրընկալվելիս Մխիթարյանը նոր կողմերով բացահայտեց Մոուրինյոյին, նրան իսկապես Հատուկ մարզիչ անվանելով.

Նա գիտի՝ ինչպես խաղալ ուժեղ թիմերի դեմ: Կարողանում է ֆուտբոլիստներից առավելագույնը ստանալ: Միշտ փորձում է թիմին հաղթական ոգի տալ:

Լուսանկարը` europsort.com


Վերջին մաս. Մոուրինյո-Մխիթարյան համագործակցության անկումը

2017-ի նոյեմբերին էլ Մխիթարյանը շարունակում էր մեծ հավատ ունենալ իր մարզչի նկատմամբ ու առիթը բաց չթողնել հիշատակել նրա մասին: Դա տեղի ունեցավ «Матч ТВ»-ին տված հարցազրույցի ժամանակ:

Շատերը չեն սիրում Ժոզե Մոուրինյոյին, բայց չես կարող բոլորի կողմից սիրված լինել: Նա եւ դրական, եւ բացասական կողմեր ունի, բայց աշխարհի ուժեղագույն մարզիչներից մեկն է, ինչն արդեն ապացուցել է մի քանի անգամ:

Նոյեմբերին հայտարարվեցին ՖԻՖԱ-ի The Best քվեարկության արդյունքները, որում Մխիթարյանն իր ձայնը Զինեդին Զիդանին էր տվել, իսկ Մուորինյոն հայտավորվածների թվում էր: Թեեւ այս վարկածը պաշտոնապես հաստատված չէ, բայց կիսապաշտպանի բացակայությունների ալիքը սկսվեց հենց այդ ժամանակից, նա ասես չէր էլ եղել ՄՅՈւ-ում:

Մխիթարյանը չի խաղացել, քանի որ բազում տարբերակներ եմ ունեցել: Որոշել եմ, որ Մարսիալն ու Ռեշֆորդը միասին պետք է գործեն: Քանի դեռ կանոները չեն փոխվել, ես խաղադաշտ կարող եմ դուրս բերել միայն 11 խաղացողի:

Բայց Մուորինյոյի այս խոսքերը ոչինչ են այն քննադատությունների տարափի համեմատ, որ նա թափեց Մխիթարյանի գլխին «Բրայթոնի» դեմ խաղից առաջ:

Դժգոհ եմ նրա ելույթներից, ու խոսքը 1-2 հանդիպման մասին չէ, այլ 4-5-ի: Մխիթարյանը մրցաշրջանի մեկնարկը շատ լավ է սկսել, սակայն հետո նրա խաղն աստիճանաբար վատացել է՝ նվազել են գոլերի քանակն ու արդյունավետ փոխանցումները, պրեսինգը, մրցակցից գնդակի խլումն ու սկսել է քիչ օգուտ տալ թիմին:

Լուսանկարը` manutd.com


Ապա լուրեր տարածվեցին, որ Մխիթարյանն ու Մոուրինյոն վիճել են: Մարզիչը դժգոհ է եղել հայ կիսապաշտպանի խաղից ու կատարած մի քանի սխալներից:

Մխիթարյանին կրկին խաղադաշտում տեսանք 2018-ին, նա մասնակցեց «Դերբիի» դեմ հանդիպմանն ու փոխարինվեց: Մոուրինյոն նրանից ներողություն խնդրեց.

Ինձ դուր չեկավ՝ ինչպես վարվեցի Մխիթարյանի հետ, դա անարդար էր, քանի որ լավ էր խաղում: Թեեւ մի քանի պահեր բաց թողեց, բայց թիմին ակտիվություն էր հաղորդում:

Իսկ մի քանի օր անց, երբ արդեն պարզ էր, որ Մխիթարյանը հաստատ հեռանալու է թիմից, փաստեց, որ նա բարձրակարգ ֆուտբոլիստ է ու իրենց շատ բան կարող է տալ, եթե մնա ՄՅՈւ-ում:

Հունվարի 22-ին 1 տարի 8 ամիս ՄՅՈւ-ում անցկացնելուց հետո Մխիթարյանը հեռացավ Մանչեսթերից: Ահա եւ Մոուրինյոյի հրաժեշտի խոսքերը.

Մխիթարյանին հաջողություն ու երջանկություն եմ մաղթում: Համոզված եմ` նա կհասնի այդ ամենին: Այն խաղացողներից է, ում երբեք չենք մոռանա: Մխիթարյանը մեզ օգնել է նվաճել Եվրոպայի Լիգայի գավաթը: Մենք ֆանտաստիկ խաղացողի ենք կորցրել:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին