exclusive
8855 դիտում

Հարգանքի տուրք Փոքրիկ Ռոնալդոյին. Գնդակի կախարդի կարիերայի ավարտը


Լուսանկարը` brazilfooty.com

Լուսանկարը` bleacherreport.com

Լուսանկարը` Twitter

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` youtube.com

Լուսանկարը` standard.co.uk

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` goal.com

Լուսանկարը` goal.com

Լուսանկարը` thesun.co.uk

Լուսանկարը` gettyimages.com

Լուսանկարը` listotop.com

Լուսանկարը` goal.com

Լուսանկարը` ronaldo.ru

Լուսանկարը` goal.com

Լուսանկարը` uefa.com


1999-ին 19-ամյա Ռոնալդինյոն պատահաբար հայտնվեց Ամերիկայի Գավաթում, հայտացուցակում 1 տեղ էր մնացել, ու մարզիչը որոշեց երիտասարդ ֆուտբոլիստին շանս տալ:

Ռոնալդինյոյի նորամուտը Գավաթում կախարդական էր. 70-րդ րոպեին Վենեսուելայի դեմ խաղում փոխարինման մտավ ու գոլի հեղինակ դարձավ՝ գնդակը մեկ հպումով անցկացնելով պաշտպանի գլախավերեւով: Հաջորդ օրը բրազիլական թերթերը գրում  էին նոր Պելեի ծնունդի մասին:

Դրանից համարյա 20 տարի անց մեծ, լեգենդար ու անկրկնելի ֆուտբոլիստը հայտարարեց կարիերայի ավարտի մասին: Թեեւ մեծ հաշվով, վաղուց նրան չենք տեսնում ֆուտբոլային մեծ մարզադաշտերում, բայց գիտեինք, ինչ-որ մի տեղ շարունակում է ֆուտբոլ խաղալ:

Նրա ֆուտբոլային հրաժեշտից հետո եւս մեկ անգամ հարգանքի տուրք ենք մատուցում մեծ ֆուտբոլիստին, որի լայնարձակ բրազիլական ժպիտը, խոպոպիկներն ու կախարդական հնարքները դեռ երկար չեն մոռացվի:

Լուսանկարը` bleacherreport.com


Ֆուտբոլային աստղի ծագումը

Ռոնալդո դե Ասսիս Մորեյրան ծնվել է 1980 թվականի մարտի 21-ին Պորտու Ալեգրիում: Նա իր ընտանիքի 3-րդ երեխան էր, մայրը վաճառողուհի էր, հայրն էլ աշխատում էր նավերի կառուցման ու վերանորոգման տեղում, զուգահեռ «Գրեմիո» ֆուտբոլային ակումբի պահակն էր:

Հենց հայրն էլ դարձավ Ռոնալդոյի առաջին մարզիչը՝ նրան փոխանցելով ֆուտբոլի նկատմամբ ունեցած ողջ սերը: Երիտասարդ տարիքում նա էլ բոլոր բրազիլացիների պես ֆուտբոլով էր զբաղվել՝ խաղալով «Կրուզեյրոյում»: Այդպես ապագա ֆուտբոլային աստղն իր ողջ ազատ ժամանակը փողոցում ֆուտբոլ խաղալով էր անցկացնում:

«Իրականում ես ֆուտբոլ խաղալ իմ շան հետ եմ սովորել: Սովորաբար ընկերներիս հետ էինք մարզվում, բայց երբ նրանք հոգնում էին, ես դեռ շատ էներգիա էի ունենում ու շարունակում էի շանս հետ խաղալ: Իսկ նա երբեք չէր հոգնում, անընդհատ վազում էր գնդակի շուրջը»,- խոստովանել է Ռոնալդինյոն:

Լուսանկարը` Twitter


7 տարեկանում նա «Գրեմիոյի» ամենափոքրերի համար նախատեսված թիմ ընդունվեց՝ «Լանջենդոնկ»: Այդ թիմում էլ ստացավ իր մականունը, որով հետագայում նրան ճանաչեց ամբողջ աշխարհը՝ Ռոնալդինյո, այսինքն՝ փոքրիկ Ռոնալդո, քանի որ ամենափոքրն էր թիմում: Այդ տարիքից նա ապրում էր ֆուտբոլով, կատարելագործում տեխնիկան, զուգահեռ զբաղվում նաեւ ծովափնյա ու մինի ֆուտբոլով:

Ռոնալդինյոյի կյանքը փոխվեց հոր մահից հետո, բոլոր հոգսերն իր վրա վերցրեց նրա ավագ եղբայրը՝ Ռոբերտո դե Ասսիսը: Հենց նրա նախաձեռնությամբ Ռոնալդինյոն պայմանագիր կնքեց «Գրեմիոյի» հետ, որի արդյունքում նրանք հարմարավետ տուն ստացան: Հետագա իր ողջ կյանքի ընթացքում ֆուտբոլիստն անսահման շնորհակալ էր եղբորը, որ կարողացել է իր համար հայր, ընկեր ու ուսուցիչ լինել:

Ճանապարհը դեպի մեծ ֆուտբոլ

1991-ին Ռոնալդինյոն տեղափոխվեց «Բելու Օրիզոնտի» ու 2 տարի անց արդեն հայտնվեց ԶԼՄ-ի ուշադրության կենտրոնում: Սիրողական թիմերից մեկի հետ խաղում «Բելու Օրիզոնտին» հաղթել էր 23:0 հաշվով, ու բոլոր գոլերը խփել էր հենց 13-ամյա տղան: Աստիճանաբար նրան սկսեցին հետեւել ֆուտբոլային ղեկավարներն, ու 1995-ին Ռոնալդինյոն հանդես էր գալիս «Գրեմիոյի» երիտասարդական թիմում: Արդեն այդ ժամանակ երեւում էր նրա անհավանական տաղանդն ու գնդակի հետ վարվելու եզակի ձիրքը, նրանք ասես մեկ ամբողջություն լինեին:
 

Լուսանկարը` Facebook


1997-ին Ռոնալդինյոն իր առաջին պաշտոնական պայմանագիրը կնքեց թիմի հետ, որին մանկուց էր երկրպագել ու որի հետ նրան կապում էր նաեւ հայրը: Այդ ժամանակ էլ նորամուտը նշեց Բրազիլիայի Մ-17 տ. հավաքականում որպես Ռոնալդո:

«Գրեմիոյի» հիմնական կազմում նա հայտնվեց 1998-ին Լիբերտադորեսի գավաթում, իսկ մեկ տարի անց արդեն առաջին տիտղոսը նվաճեց:

Աստիճանաբար ֆուտբոլիստի ճանաչումը դուրս եկավ Բրազիլիայի սահմաններից ու հասավ Եվրոպա, որտեղ բրազիլացի ֆուտբոլիստների համար հսկայական գումարներ էին վճարում: Առաջինը նրանով հետաքրքրվեց «Արսենալը», սակայն ազգային հավաքականում բավականաչափ խաղեր չանցկացնելու պատճառով չկարողացավ հանդես գալ ԱՊԼ-ում:

Ֆուտբոլային Եվրոպայի նվաճումը

Ռոնալդինյոն հայտնվեց ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում, «Գրեմիոյի» երկրպագուները չէին կարողանում համակերպվել ֆուտբոլիստի հեռանալու մտքի հետ ու իրենց բողոքի ակցիաներում նրան դավաճան էին կոչում: 2001-ին Ռոնալդինյոն արդեն Ֆրանսիայում էր, որտեղ երկար չմնաց: Շատ անկարգապահ էր, հաճախ էր ուշանում մարզումներից կամ բաց թողնում դրանք, կառնավալներ կազմակերպում Փարիզի գիշերային ակումբներում, արդյունքում լարվեցին հարաբերությունները մարզչի հետ:

Լուսանկարը` youtube.com


 «ՊՍԺ-ն ինձ համար առանձնահատուկ ակումբ է, այնտեղ եմ ես սկսել իմ եվրոպական կարիերան, հարմարվել աշխարհի նոր մասում կյանքին, ինքնուրույն դարձել: Գուցե, սխալներ էլ շատ եմ թույլ տվել, բայց առանց դրանց չի լինում»,- խոստովանել է ֆուտբոլիստը:

Փարիզից նա 32,25 մլն եվրոյով տեղափոխվեց «Բարսելոնա», այդ ժամանակ արդեն երիտասարդական ԱԱ-ի հաղթող էր (1997 թ.), Կոնֆեդերացիայի գավաթի լավագույն խաղացող ու ռմբարկու (1999 թ.), Ամերիկայի Գավաթի հաղթող (1999 թ.), Աշխարհի չեմպիոն (2002 թ.):

Նորամուտը Կատալոնիայում «Միլանի» դեմ խաղում տոնեց ու գոլի հեղինակ էլ դարձավ: Թիմում անցկացրած հենց առաջին մրցաշրջանում՝ 2003-2004 թթ. նա պարզապես փայլում էր ու Իսպանիայի առաջնության լավագույն օտարերկրացի ֆուտբոլիստ ճանաչվեց, ինչպես նաեւ դարձավ ՖԻՖԱ-ի Տարվա լավագույն խաղացող:

Լուսանկարը` standard.co.uk


2005-ի նոյեմբերին Սուպեր Կլասիկոյում նա լեփ-լեցուն «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնում դուբլի հեղինակ դարձավ: Երեւի թիմերի հակամարտության  պատմության մեջ առաջին անգամ մադրիդցի երկրպագուները «Բարսելոնայի» խաղացողին այդպես մեծարեցին:

«Այն ժամանակ չէի էլ հասկանում, թե ինչ է կատարվում: Տարիներ անց եմ միայն ընկալում, որ դա պատմական ու երջանիկ պահ էր ինձ համար, ոչ բոլոր ֆուտբոլիստներն են արժանանանում այդ պատվին: Ինձ ավելի հպարտ եմ զգում»,- խոստովանել է Ռոնալդինյոն:



Նորանոր բարձունքների նվաճումը

2005-ին նա արդեն Իսպանիայի չեմպիոն էր, Ոսկե գնդակի դափնեկիր ու կրկին ՖԻՖԱ-ի վարկածով լավագույնը, ՈւԵՖԱ-ի կողմից էլ ստացավ լավագույն հարձակվողի մրցանակը:

Այդ տարիներին Ռոնալդոյին կախարդական ու ոչ երկրային ֆուտբոլի խորհրդանիշ էր դարձել, գնդակին նրա մեկ հպումն անգամ հմայում էր բազմաթիվ երկրպագուների:

2005-2006-ին Ռոնալդինյոն «Բարսելոնայի» հետ եւս մեկ անգամ Իսպանիայի չեմպիոն, Սուպերգավաթակիր ու Չեմպիոնների Լիգայի հաղթող դարձավ՝ կրկին տիրանալով մի քանի անհատական մրցանակների: Այդ ժամանակ էլ նա սահմանեց մեկ մրցաշրջանում խփած գոլերի անհատական ռեկորդ 26 գնդակով:

«Ես տիրացել եմ ֆուտբոլիստի համար 2 ամենակարեւոր տիտղոսները՝ Աշխարհի չեմպիոնի ու Չեմպիոնների Լիգայի: Երկուսն էլ անչափ նշանակալի են իմ նվաճումներում»:

Լուսանկարը` uefa.com


Սակայն ֆուտբոլիստն աստիճանաբար սկսեց կորցնել մարզավիճակն ու խիստ քննադատության ենթարկվել, «Բարսելոնան» անգամ փորձեց ազատվել նրանից, սակայն որոշեց 2-րդ շանս տալ: Ռոնալդինյոն հասցրեց կապտանռնագույն մարզաշապիկով իր 200-րդ հանդիպումն անցկացնել, սակայն դա արդեն այն Ռոնալդինյոն չէր, որին սովոր էինք տեսնել:

2008-ին 21 մլն-ով նա նոր արկածներ որոնելու մեկնեց «Միլան»: Անձամբ Սիլվիո Բեռլուսկոնին էր պնդել, որ նրան ձեռք բերեն, քանի որ շարունակում էր հավատալ Ռոնալդինյոյի տաղանդին:

Սկզբում այդքան էլ հեշտ չէր ֆուտբոլիստի համար, սակայն ՉԼ-ում «Ռեալի» հետ խաղից հետո Ռոնալդինյոն ասես կերպարանափոխվեց, նա կրկին «Բարսելոնայում» փայլած տարիներն էր հիշեցնում: Նկատելիորեն աճեց արդյունավետությունը, ամեն ինչ վկայում էր այն մասին, որ Ռոնալդինյոն վերածնվել է…

Լուսանկարը` goal.com


«Սիրում էի գոլերս գեղեցիկ նշել: Երբեմն հատուկ էի պատրաստվում դրանց: Եվրոպայում սամբա չեն լսում, մինչդեռ ես մեծ սիրահար եմ, այդ պատճառով էլ մրցակցի դարպասը գրավելուց հետո շատ հաճախ ասես պարում էի»:

Իտալիայից էլ նա 2011-ին տեղափոխվեց «Ֆլամենգո», ապա խաղաց եւս մի քանի թիմերում, 2016-ից Հնդկաստանում ուժերը փորձեց մինի ֆուտբոլում: Թեեւ մեծ ֆուտբոլիստի կարիերայի ավարտը տպավորիչ չստացվեց, բայց նա անկրկնելի, հաղթանակներով լի ու երկրպագուների սրտերում վառ թողած կարիերա է կերտել:
 
 «Ես միշտ ժպտում եմ, պարզապես այդպիսին եմ: Երջանիկ մարդ եմ: Միշտ իրերի ու մարդկանց լավ կողմն եմ տեսնում: Երբեք գումարի համար չեմ ֆուտբոլ խաղացել, ինձ համար միշտ խաղն է առաջին տեղում եղել ու այն հաճույքը, որը ստանում էի»:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին