Ապրիլ 20, 2024
exclusive
9931 դիտում

#Մխիթարյանացավ. Ընտրություն ճամփաբաժանի առջեւ


Լուսանկարը` performgroup.com

Լուսանկարը` http://www.punditarena.com

Լուսանկարը` performgroup.com

Լուսանկարը` performgroup.com

Լուսանկարը` performgroup.com/


Քանի դեռ սոցիալական ցանցերում հայ երկրպագուները հուսահատությունից ու անզորությունից հավանում են այս կամ այն հնարավոր ակումբները, որտեղ կարող է կարիերան շարունակել Հենրիխ Մխիթարյանը, Mediamax Sport-ը փորձել է վերլուծել իրավիճակի ամենատրամաբանական լուծումներն ու դրա վրա ազդող գործոնները: Միասին հասկանանք, որտեղ կարող է Հենրիխը շարունակել ֆուտբոլիստի իր կարիերան եւ որ ակումբին ենք երկրպագելու մոտ ապագայում:

 «Բորուսիա»

Գերմանական Բունդեսլիգայում դորտմունդյան ակումբը, մեղմ ասած, չի տպավորում: Ռուրյան թիմն անընդհատ վաճառելով առաջատար ֆուտբոլիստներին ու գնելով հեռանկարային, բայց ոչ կայացած խաղացողների՝ այս պահին դժվարությամբ տեղ է զբաղեցնում լավագույն քառյակում ու թիկունքում զգում է «Բայերի», «Հոֆենհայմի» ու Մյունխենգլադբախի «Բորուսիայի» շունչը: Հենրիխն անշուշտ գնահատում է իրավիճակն ու հասկանում է, որ «Յունայթեդից» «Բորուսիա» վերադարձը ռիսկային է իր համար, ու նա կարող է նույնիսկ լավ խաղի պարագայում կարիերայի տեսանկյունից առաջընթաց չունենալ: Հենրիխի տեղափոխության վրա կարող է ազդել Մարկո Ռոյսի առկայությունը, որի հետ Հենոն ժամանակին մի շարք հաղթանակներ է կերտել: Մյուս կողմից՝ մտածել, որ Ռոյսը լավագույն որակներին կվերադառնա ու նրան չեն խանգարի վնասվածքները, այնքան էլ իրատեսական չէ: Սա կարող է ազդել մեր հավաքականի առաջատարի որոշման վրա:

Լուսանկարը` performgroup.com/


Հենրիխն այլ ակումբ տեղափոխվելուց առաջ, անկասկած, անձնական շահից զատ նայելու է նաեւ թիմային պոտենցիալին: «Բորուսիան» ներկայիս կազմով տարեց չկայացած գերաստղերի ու հեռանկարային նորեկների խառնուրդ է, որից սպասելիքներն անհայտ են: Եթե Օբամեյանգը մնա «Բորուսիայում», նրան ավելանա նաեւ լավ մարզավիճակ հավաքած Ռոյսը, Մխիթարյանի միացումը թիմի համար վերականդանացման հույս կարող է դառնալ: «Բորուսիայում» գործերն այնքան անկայուն են, որ Մխիթարյանի համար ցանկացած գոտում հնարավոր է տեղ ազատել մեկնարկային կազմում: Բոլոր այս գործոնների համագումարով եթե դիտարկենք, Հենրիխի՝ Դորտմունդ տեղափոխությունը կլինի քայլ ետ եւ չի նպաստի հետագա հաջողություններին: Կագավան, Շահինը, Գյոցեն՝ վառ օրինակ վերադարձողների: Չնայած տրանսֆերային շշուկներին` Հենրիխը դժվար թե ռիսկի դիմի ու վերադառնա չհասկացվող, բայց հարազատ «Բորուսիա»:

 «Ինտեր»

Տրանսֆերային պատուհանը դեռ չէր հասցրել բացվել, իսկ ԶԼՄ-ները Հենրիխին արդեն ուղարկում էին Իտալիա՝ Միլանի «Ինտեր»: Այդ պահին Լուչանո Սպալլետիի թիմը մրցաշարային աղյուսակի ամենավերին հորիզոնականում էր, եւ շատ էին խոսակցությունները, որ թիմն այս մրցաշրջանում պայքարելու է միայն չեմպիոնության համար: Այո՛, դա այդպես է, անկախ այս պահին մրցաշարային աղյուսակում զբաղեցրած դիրքից: Հենրիխի Իտալիա տեղափոխությունն առաջին հայացքից շատ գայթակղիչ տարբերակ է, քանի որ իտալական թիմի խաղային փիլիսոփայությունը հնարավորություն կտա հայ ֆուտբոլիստին ստեղծագործել դաշտում: «Ինտերը» կայացման փուլում է, եւ դրանում ամենափոքր ավանդն ունենալն արդեն քաջալերվելու մեծ առիթ է:

Լուսանկարը` performgroup.com


Թեեւ իտալական ակումբի տեսլականը բավական լավն է, այնուհանդերձ, թիմը կախված է մեկ ֆուտբոլիստից, որի նույնիսկ մեկ խաղ բացակայությունն անմիջական ազդեցություն ունի արդյունքների վրա: Եթե Մաուրո Իկարդին լքի «Ինտերը», ապա թիմը դժվար թե կարողանա նույն մակարադակն ունեցող առաջատար հարձակվողի գտնել: Այդ պարագայում, տեղափոխվելով «Ինտեր», Հենրիխը կարող է հզոր ճնշման ալիքի տակ ընկնել, ու փաստ չէ, որ նման իրավիճակը հօգուտ Մխիթարյանի կլինի: Հենրիխը ստեղծագործող խաղացող է, բայց կարիք ունի իր հետ առաջատար ֆուտբոլիստի առկայության: Միայնակ պատասխանատվություն կրելը Հենոյի համար բարդ է: Մտածել, որ «Ինտերում» Իկարդիից բացի Պերիշիչն ու Կանդրեւան կարող են օգնել Մխիթարյանին, սին խոսակցություններ են: Իտալիա տեղափոխությունը կարդարացվի, եթե միլանյան ակումբում մնա Իկարդին: Թիմն աստիճանաբար մրցաշարային աղյուսակում էլ զիջել է դիրքերը, 8-9 միավորով ետ է մնում առաջատար  «Նապոլիից» ու «Յութենտուսից»: «Ինտեր» տեղափոխությունը եւս ետ քայլ է եւ քիչ հավանական՝ անկախ վճարվելիք աշխատավարձի չափից  ու անձնական շահից:

«Լիվերպուլ» 

Ֆելիպե Կոուտինյոյի՝ «Բարսելոնա» տեղափոխությունից հետո մերսիսայդյան ակումբում շարունակվում են նոր ստեղծագործ ֆուտբոլիստի փնտրտուքները: Հենրիխն իր խաղային որակներով ու կրեատիվությամբ հիանալի լուծում կարող է լինել Յուրգեն Կլոպի «Լիվերպուլի» համար: Ֆելիպե Կոուտինյոն «Լիվերում» անընդհատ ստանում էր ազատություն եւ կարողանում էր կազմակերպել թիմի խաղը: Մխիթարյանն իր ոճով բավական նման է բրազիլացուն: Հայ ֆուտբոլիստի մոտ կաղում են միայն հեռահար հարվածները, որն էլ Կոուտինյոյին առանձնացնում է Մխիթարյանից: Գաղտնիք չէ, որ հենց Կլոպի շնորհիվ Մխիթարյանը սկսեց իր քայլերը «Բորուսիայում», բայց պետք է նաեւ չմոռանալ, որ հենց գերմանացու օրոք «Բորուսիայում» կար մի շրջան, որ Հենոն իրեն նման չէր: Սա թերեւս ռիսկային գործոնն է  «Լիվերպուլ» տեղափոխության համար: Մյուս բոլոր տեսանկյուններից «Լիվերպուլը» թիմ է, որը ֆանտաստիկ երկրպագուներ ունի, հիանալի ֆուտբոլ է խաղում եւ չի կարեւորում միայն արդյունքը: «Լիվերպուլում» ֆուտբոլիստն ավելի ազատ է դաշտում որոշումներ կայացնելիս ու չի վախենում սխալվել: Ամեն անհաջող հարվածից հետո խաղացողը դաշտում չի սկսում մտածել, որ հաջորդ խաղում կմնա պահեստայինների նստարանին: Սա կարեւոր նախապայման է Հենրիխի համար`վստահություն հավաքելու: «Լիվերպուլում» չկան կարծրատիպեր, Կլոպն էլ անընդհատ ռոտացիաներ է կատարում: Գնալով Էնֆիլդ՝ Մխիթարյանը կարող է նաեւ բարելավել ֆիզիկական վիճակը: «Լիվերպուլը» թիմ է, որի արկածախնդիր ֆուտբոլի համար երկրպագուները մեղադրանքների տարափ չեն թափում: Կլոպի բանդա Մխիթարյանի տեղափոխությունը հիանալի տարբերակ կարող է լինել թե մեր, թե ֆուտբոլիստի համար, եթե ակումբները համաձայնության գան: Բայց խոսակցությունները կարծես սկսում են դադարել:

Լուսանկարը` http://www.punditarena.com


«Արսենալ»

Ալեքսիս Սանչեսի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը գնալով ավելի հավանական է դառնում: Այդ մասին են վկայում «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի վերջին ասուլիսիներից մեկը եւ, առհասարակ, համաշխարհային մամուլը:

Եթե Սանչեսը տեղափոխվի «Յունայթեդ», Լոնդոնում լուրջ վերադասավորումներ ու տրանսֆերներ անհրաժեշտ կլինեն: Վերջին տարիներին համաշխարահային ֆուտբոլը «Արսենալի» հանդեպ լուրջ վերաբերմունք ունի միայն Սանչեսի ու Մեզութ Օզիլի առկայության շնորհիվ: Մի պահ պատկերացնենք՝ այս ֆուտբոլիստները չլինեն զինագործների կազմում, ու ակնհայտ դատարկությունը կերեւա: Օզիլի տեղափոխության մասին լուրերը կարծես դադարել են, եւ հույս կա, որ գերմանացին կմնա: Սա լավ ազդակ կարող է լինել Մխիթարյանի համար «Արսենալի» մասին մտածելու: Ընդամենը ժամեր առաջ տեղեկություն տարածվեց, որ Պիեռ Էմերիկ Օբամեյանգը կարիերան կարող է շարունակել «Արսենալում»: Եթե տեղափոխությունը կայանա, Օզիլը մնա, ապա Մխիթարյանի համար իդեալական լուծում է հենց «Արսենալը»: Նման կազմով հնարավոր կլինի գալիք մրցաշրջանում պայքարել լուրջ արդյունքների համար: Վերջին օրերի ընթացքում մամուլում շրջանառվում են լուրեր, որ Մխիթարյանը հրաժարվել է գնալ «Արսենալ», քանի որ թիմի խաղամակարդակն իրեն չի բավարարում: Եթե նույնիսկ սա իրականություն է, ապա Հենրիխը չի սխալվում: Եթե Սանչեսը հեռանա, ու փոխարենը թոփ ֆուտբոլիստ չմիանա «Արսենալին», Լոնդոն մեկնելը ռիսկային կարող է լինել: Այս պահին հնարավոր տրանսֆերի կայացման վրա ազդում է նաեւ «Արսենալի» քաղաքականությանը: Մխիթարյանը երեւի թե ինքն էլ է սպասում հնարավոր զարգացումներին: Զինագործների կազմում այս պահին չկա ֆուտբոլիստ, որի հետ պայքարում Մխիթարյանը չի կարող մեկնարկային կազմում տեղ զբաղեցնել: Սանչեսի՝ «Յունայթեդ» տեղափոխությունը կարող է ստիպել Հենրիխին նույնիսկ իր կամքից անկախ գնալ «Արսենալ», բայց այստեղ եւս փոքր վերադասավորումներից հետո իրավիճակը դրական ավարտ կարող է  ունենալ Մխիթարյանի համար:

Լուսանկարը` performgroup.com


 «Մանչեսթեր Յունայթեդ»

Այս տարբերակն ամենաանհավանականն է: Եթե Մոուրինյոն հիմա նման որոշումներ է կայացնում, հետո դժվար թե փոխի մոտեցումը: Սանչեսի տրանսֆերից հետո Մխիթարյանը կարող է ավելի քիչ հայտնվել դաշտում: Բայց փաստ չէ, որ «Յունայթեդում» գործերն այնքան լավ կդասավորվեն, որ Ժոզեն երկար կմնա իր զբաղեցրած պաշտոնին: Իսկ նրա հեռանալուց հետո «Յունայթեդում» Մխիթարյանի համար գուցե հեռանկար բացվի...

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին