exclusive
19050 դիտում

2017-ի որակազրկումը, հաջողությունն ու հիասթափությունը


Լուսանկարը` AllthingsGym

Լուսանկարը` AllthingsGym

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաձգության ֆեդերացիա

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Այս տարի Հայաստանի մարզիկներն ու թիմերն ինչպես ուրախության, այնպես էլ հիասթափության պահեր պարգեւեցին երկրպագուներին:

Mediamax Sport-ն ամփոփիչ հոդվածներում այս անգամ առանձնացրել է հիմնականում թիմային հաջողություններն ու բացթողումները, ինչպես նաեւ անդրադարձել այն մարզաձեւերին, որոնք մեծ ուշադրության չեն արժանանում, սակայն ոչ պակաս աշխատանք են կատարում:

Ծանրամարտի երիտասարդ թիմը

Լուսանկարը` AllthingsGym


Հայաստանի ծանրամարտի հավաքականում սերնդափոխությունը սահուն ու հարթ ստացվեց: Այսօր գլխավոր թիմում հանդես են գալիս երիտասարդներ, ովքեր կարողանում են ոչ միայն երիտասարդական, այլ նաեւ մեծահասակների առաջնություններից վերադառնալ մեդալներով:

Փաշիկ Ալավերդյանն ու Արտաշես Ներսիսյանը կարողացել են գտնել ուժեղ թիմ ունենալու բանալին, ինչի շնորհիվ էլ այս տարի մեր ծանրորդները հաջող հանդես եկան միջազգային մրցաշարերում:

Եվրոպայի երիտասարդական առաջնությունում չկար մի օր, որ հայ մարզիկները մեդալ չնվաճեին: Մ-23 տ. պայքարում չեմպիոնի կոչումը նվաճեցին Գոռ Մինասյանը,Անդրանիկ Կարապետյանը եւ Կարուշ Ղուկասյանը, Տաթեւ Հակոբյանը դարձավ արծաթե, իսկ Իզաբելա Յայլյանը՝ բրոնզե մեդալակիր:

Լուսանկարը` AllthingsGym


Մ-20 տ-ում ռեկորդային արդյունքով չեմպիոն դարձավ Սիմոն Մարտիրոսյանը, արծաթե մեդալակիրներն էլ Դավիթ Հովհաննիսյանն ու Սամվել Գասպարյանն են: Աղջիկներից ոսկե մեդալակիրներ դարձան Սոնա Պողոսյանն ու Արփինե Դալալյանը:

Այս հաջողությունից ամիսներ առաջ էին ծանրորդները գրեթե նույն կազմով հանդես եկել երիտասարդական Աշխարհի առաջնությունում: Կրկին փայլել էր Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ու այս տարվա Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը՝ նվաճելով երեք ոսկե մեդալ:

ԱԱ-ի բրոնզե մեդալակիրներ էին դարձել Սամվել Գասպարյանն ու Սոնա Պողոսյանը:

Որակազրկված հավաքականը


Ցավոք, բայց ծանրամարտի հավաքականի այս հրաշալի ելույթներն այս տարվա երկրորդ կեսում խամրեցին: Պատճառը նախորդ տարիներին թույլ տրված կոպտագույն սխալներն էին: Մեր ֆեդերացիան մեկ տարով որակազրկվեց: Թիմը զրկվեց նաեւ Աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից: Բացի այս էլ, Հայաստանը տուգանվեց 50 հազար դոլարով:

2008 եւ 2012 թվականների Օլիմպիական խաղերում Հայաստանի 3 ծանրորդի մոտ հայտնաբերվել էր 4 խախտում: Հռիփսիմե Խուրշուդյանի (2008 եւ 2012), Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանի (2008) եւ Նորայր Վարդանյանի (2012) անալիզներում երկու անաբոլիկ ստերոիդներ էին առկա՝ ստանոզոլոլ եւ տուրինաբոլ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Քանի որ Հայաստանից միայն երեք մարզիկ է արգելված նյութեր օգտագործել, չի բացառվում, որ որակազրկման ժամկետները կրճատվեն, ու թիմը մասնակցի 2018-ի Եվրոպայի առաջնությանը: Վերջնական որոշումը կկայացվի 2018-ի հունվարին: 

«Մենք պարտավորություններ ենք վերցրել, որ մեր մարզիկներն ամեն մրցումից առաջ առնվազն 3 անգամ պետք է դոպինգ-ստուգում անցնեն: Վերջին չորս տարում մեր ծանրորդները 1200 դոպինգ-թեստ են հանձնել, եւ դրանցից ոչ մեկը դրական չի եղել: Ես շատ խիստ եմ դրել հարցը ու, երկար տարիներ լինելով այս ոլորտում, համոզված եմ, որ առանց արգելված նյութերի կարող ենք հասնել հաջողության, ինչին եւ վերջին շրջանում ականատես ենք լինում»,-ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Բասկետբոլային տոնը Հայաստանում

Լուսանկարը` Մեդիամաքս


Վերջին շրջանում ակտիվանում է հայկական բասկետբոլը: Տարբեր տարիքային հավաքականների ելույթները ոգեւորեցին երկրպագուներին, իսկ արդեն այս աշնանից սկսեցին անցկացվել Հայաստանի կանոնավոր առաջնություններ:

Ամառվանից բասկետբոլային իրարանցման սկիզբը դրեցին երիտասարդներն ու պատանիները: Եվրոպայի առաջնությունների տարբեր դիվիզիոններում տղաների ու աղջիկների թիմերը հաջող հանդես եկան ու նաեւ մրցանակային տեղեր գրավեցին:

Մինչեւ 16 տարեկան տղաների ու աղջիկների հավաքականները C դիվիզիոնում նվաճեցին ոսկե մեդալներ: Տղաների թիմից Գեորգի Շախնազարովը ճանաչվեց առաջնության լավագույն խաղացող, իսկ աղջիկներից լավագույնն Աննա Ասլանյանն էր:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հաջող ելույթները շարունակեց նաեւ ազգային թիմը: Այն ակտիվությունը, որն առաջացել էր Հայաստանում ու հատկապես «Միկա» մարզադահլիճում, վաղուց հայ մարզասերները չէին զգացել:

Աշխարհի առաջնության նախընտրական փուլում մեր թիմը հաջող ելույթներ ունեցավ, տոնեց մի քանի հաղթանակ, սակայն առաջին փորձը հաջող չստացվեց, ու բասկետբոլիստները չկարողացան շարունակել ելույթները:

Իսկ ահա աշնանը թիմը սկսեց ելույթները Եվրոպայի առաջնության նախընտրական փուլում: Մեկ հաղթանակ ու մեկ պարտություն, իսկ պայքարը կշարունակվի արդեն 2018-ին: Հայաստանի հավաքականն առաջին անգամ հայտնվեց ՖԻԲԱ-ի վարկանշային աղյուսակում ու տարին ավարտեց 89-րդ տեղում:

Հաջողություններ ոչ հենակետային մարզաձեւերում

Լուսանկարը` Մեդիամաքս


Տարեվերջյան մեր ամփոփումներում չէինք կարող աչքաթող անել այն մարզաձեւերը, որոնք մեր երկրում, չգիտես ինչու, ոչ հենակետային են համարվում:

Առանց լուրջ պետական աջակցության մեր շատ մարզիկներ շարունակում են աշխատել ու հավատալ հաջողությանը: Նրանցից է հեծանվորդ Էդգար Ստեփանյանը, որն այս տարի Աշխարհի գավաթում նվաճեց արծաթե մեդալ:

Այս մեդալի հետեւում կանգնած է հսկայական ու ծանր աշխատանք: Ինչպես խոստովանել է Էդգարը, այն միայն իրենը չէ: Հաջողությունից հետո մարզիկը նաեւ Պորտուգալիայում միջազգային մրցաշարում արծաթե մեդալ նվաճեց: Այժմ նրա նպատակն Աշխարհի առաջնությանը մասնակցելն է, որից հետո էլ կմտածի Օլիմպիական խաղերի մասին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հաջող ելույթներ ունեցան նաեւ մեր ջրացատկորդները: Առաջին անգամ Հայաստանի ջրացատկի պատմության մեջ Վլադիմիր Հարությունյան-Լեւ Սարգսյան զույգին հաջողվեց անցնել Աշխարհի առաջնության եզրափակիչ: Այստեղ մեր տղաները զբաղեցրին 9-րդ տեղը:

Եվրոպայի առաջնությունում Ազատ եւ Վլադիմիր Հարությունյանները ելույթն ավարտել էին 6-րդ տեղում, իսկ մի քանի ամիս անց նրանք նույն արդյունք էին ցույց տվել Ուսանողական խաղերում:

Ավելի վաղ Ուկրաինայի բաց առաջնությունում եղբայրները սինքրոն ցատկում բրոնզե մեդալ էին նվաճել: Իսկ Վլադիմիրը 10 մ անհատական աշտարակացատկում գրավել էր 2-րդ տեղը:

Նրանց համար հաջող էր նաեւ Մադրիդի Գրան Պրին, որտեղ կրկին սինքրոն ձեւում դարձել էին արծաթե մեդալակիրներ:

Լուսանկարը` Հրաձգության ֆեդերացիա


Տարին ստացված էր նաեւ հրաձիգ Լիլիթ Մկրտչյանի համար: Եվրոպայի առաջնության վազող թիրախ նորմալ վազք մրցաձեւում նա կանգնել էր պատվոհարթակի երկրորդ աստիճանին:
 
Մեծահասակների պայքարում սա Լիլիթի առաջին ելույթն էր ԵԱ-ում: Նա նշել էր, որ լարվածությունն անցել է, երբ գիտակցել է, որ անհնարին ոչինչ չկա, ու ինքը չի տարբերվում ավելի փորձառու մասնակիցներից: Արծաթե մեդալը ոգեւորել ու համոզել է, որ ավելի շատ ժամանակ անցկացնի հրաձգարանում:

Ֆուտբոլի հավաքականի չստացված ընտրական փուլը

Լուսանկարը` Photolure


Ցավոք, բայց այս տարի եւս Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ոչ մի ուրախանալու առիթ չտվեց: Պարտություններ ու անհետաքրքիր ֆուտբոլ Աշխարհի առաջնության ընտրական փուլում, եւ միայն տարեվերջին երկու հաղթանակ ընկերական խաղերում:

Ձախողված ընտրականում մեր թիմը կրեց 7 պարտություն, տարավ 2 հաղթանակ ու միայն 1 անգամ խաղաց ոչ-ոքի:

Նույնիսկ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը չթաքցրեց իր հիասթափությունն ու խոստովանեց, որ ազգային թիմում փոփոխություններ կատարելու ամենալավ պահն է, որովհետեւ այսպիսի խաղով ոչ մի հնարավորություն չեն ունենա մյուս ընտրական մրցաշարում: 

Լուսանկարը` Photolure


Հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը պարտությունների պատճառը վերագրեց իրեն: Մյուս ֆուտբոլիստներն էլ կոչ արեցին լրագրողներին ու երկրպագուներին քիչ քննադատել ու այս ծանր շրջանում լինել իրենց կողքին:

Հակասական ստացված հերթական ընտրական փուլը մեզ համար ավարտվեց առանց որեւէ հաջողության, ու 2018-ին հայ երկրպագուներն Աշխարհի առաջնությունում կրկին կերկրպագեն այլ երկրների հավաքականների:

Հաջորդ տարի մեր թիմին ավելի հեշտ մրցաշար է սպասվում՝ Ազգերի լիգան: Հավաքականի առջեւ խնդիր է դրված հաղթահարել խմբային փուլի արգելքը: Արդեն
սեպտեմբերից D դիվիզիոնում Պետրոսյանի սաները կփորձեն լավ հանդես գալ ու անցյալում թողնել բոլոր անհաջողությունները:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին