Ապրիլ 24, 2024
exclusive
23745 դիտում

2017-ին Հայաստանի դրոշի տակ փայլած ու ճանաչում բերած մարզիկները


Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` fide.com

Լուսանկարը` aiba.com

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Մեդիամաքս


2017-ն էլ նախորդ տարիների պես Հայաստանի համար աչքի ընկավ սպորտային մեծ նվաճումներով, անակնկալ ձեռքբերումներով ու հաջողություններով:

Լավագույնը լինելն, իսկապես, բարդ ու պատասխանատու աշխատանք է, սակայն մեր մարզիկներն այդ առաքելությունը պատվով են կատարում:

Mediamax Sport-ն առանձնացրել է այն մարզիկներին, ովքեր ողջ տարվա ընթացքում մինչեւ վերջ պայքարեցին, չհանձնվեցին, հավատացին իրենց ուժերին ու հասան նոր բարձունքների: Նրանցից ոմանք այդ նվաճմանն առաջին անգամ հասան, մյուսներն էլ շարունակեցին կրել առաջինը լինելու պատիվը:

98 քաշային կարգի հայկական ոսկին. Արթուր Ալեքսանյան

Արթուր Ալեքսանյանը հերթական տարին նշանավորեց ոսկե մեդալով: 2014 թվականի Աշխարհի առաջնությունից հետո ոչ մի ըմբիշի այդպես էլ չի հաջողվում նրա քաշային կարգում առավելությունն իր ձեռքը վերցնել:

Լուսանկարը` unitedworldwrestling.org


Թեեւ այս տարվա Եվրոպայի առաջնությունում նա ընդամենը 3-րդն էր, բայց դրանից 3 ամիս անց կրկին տեսանք հաղթող Արթուր Ալեքսանյանին:

98 կգ քաշային կարգում արդեն 4 տարի է միայն նա է ոսկիներ նվաճում՝ Տաշքենդից, Լաս Վեգասից, Ռիոյից ու Փարիզից բոլոր մեդալները Հայաստան են ուղեւորվել:

Փարիզում էլ նա շարունակեց ԱԱ-ներում իր անպարտելի շարքը, գործեց վստահ, գեղեցիկ ու իրեն հատուկ հանգստությամբ: Արդյունքում նվաճեց Աշխարհի 3-րդ անընդմեջ ոսկե մեդալը:



Բոլոր հաղթանակներս յուրահատուկ են ինձ համար, շատ ծանր աշխատանք է տարվել դրանց հասնելու համար: Աշխարհի առաջնություններում հեշտ մրցակիցներ չեն լինում: Հպարտ եմ, որ դարձա աշխարհի եռակի չեմպիոն:

Շարունակելու եմ ձգտել նոր տիտղոսների, փորձելու եմ մինչեւ 2020թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերը կայանալիք բոլոր մրցաշարերում առավելության հասնել:

Մեր ֆուտբոլային դեսպանը. Հենրիխ Մխիթարյան

2017-ը չափազանց հակասական ստացվեց Հայաստանի հավաքականի ավագի համար: Տարվա առաջին 6 ամիսներին նա փայլում ու գոլերի հեղինակ էր դառնում եվրոպական ստադիոններում՝ օգնելով «Մանչեսթեր Յունայթեդին» նախ հասնել Եվրոպայի Լիգայի եզրափակիչ, ապա գոլերից մեկի հեղինակը դարձավ ու իր համար ճանապարհ հարթեց դեպի Չեմպիոնների Լիգա:

Լուսանկարը` Reuters


Մխիթարյանը իրականացրեց նաեւ իր վաղեմի երազանքներից մեկը՝ եռագույնն ուսերին բարձրացրեց Եվրոպայի Լիգայի գավաթն ու այդ նվաճմանը հասած առաջին հայ ֆուտբոլիստը դարձավ:

Այնքան երջանիկ էի Եվրոպայի Լիգայում հաղթելու համար: Ստոքհոլմում գոլ խփելն ու գավաթը բարձրացնելն աննկարագրելի էր ինձ համար: Երազանքները կատարվում են, երբ տքնաջան աշխատում ես, պոզիտիվ ես ու հավատում ես քեզ: Կյանքում ամեն ինչի էլ հնարավոր է հասնել, երբ վստահ ես գործում:



Սակայն նոր մրցաշրջանի մեկնարկից ամիսներ անց իրավիճակը կտրուկ փոխվեց՝ նա անգամ թիմի հայտացուցակում չի հայտնվում: Մարզիչի հետ կոնֆլիկտը կիսապաշտպանին դուրս թողեց թիմի կազմից ու հիմա էլ շատ մոտ է Անգլիայից հեռանալուն:

Չնայած դժվարություններին ու 2 ամիս խաղադաշտից բացակայելուն, հայրենիքում Մխիթարյանը շարունակում է ոգեշնչման օրինակ լինել ու իր տված բազմաթիվ դրական հույզերի փոխարեն հայերը նրան իրենց աջակցությամբ են վարձահատույց լինում:

Մաքսիմ Մանուկյանի անակնկալը

Մաքսիմ Մանուկյանն այս տարի գերազանցեց ինքն իրեն: Նախկինում Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններում աչքի չընկած, բայց հնարքների մեծ զինանոց ունեցող ըմբիշը պարզապես փայլեց Փարիզում կայացած Աշխարհի առաջնությունում:

Փորձեք առանձնացնել ԱԱ-ում նրա տարած հաղթանակներից լավագույնը եւ կդժվարանաք: Ահա, թե որքան թեթեւ, գեղեցիկ ու ճկուն էր գործում նա:



Մանուկյանը շարունակեց հավատալ իրեն ու ամեն ինչ արեց 30 տարեկանում իր նպատակը կյանքի կոչելու համար: Նույնիսկ ըմբշամարտից ժամանակավոր հեռանալը նրան չխանգարեց հասնել բարձունքի, Մանուկյանը վերադարձավ ավելի լավը, ուժեղ ու կամային դառնալու համար:

2017-ի օգոստոսին ըմբիշն ապացուցեց, որ անկախ ամեն ինչից պետք է հավատալ սեփական ուժերին ու երազանքին:

Լուսանկարը` unitedworldwrestling.org


Շատ էի հավատում այս նվաճմանն, այլապես չէի հասնի այս հաջողությանը:

Մեծ գործ եմ արել, շատ դժվար էր հատկապես անցած ճանապարհը: Շատ ուրախ եմ, որ երջանկացրել եմ ընկերներիս ու ընտանիքիս անդամներին, մեր ազգին: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ուրախանում են իմ հաղթանակով:

Տարվա վերադարձը. Լեւոն Արոնյան

Լեւոն Արոնյանը Թբիլիսիում 24-օրյա համառ ու գեղեցիկ պայքարում այս տարվա սեպտեմբերին 2-րդ անգամ նվաճեց Աշխարհի Գավաթը:

Չինացի Դին Լիժենի հետ թայ բրեյքի արագ շախմատի 2 պարտիաներում էլ նա կարողացավ հաղթանակ տանել ու 128 շախմատիստների պայքարում լավագույնը ճանաչվել: Արոնյանը միակ շախմատիստն է, ով 2 անգամ դարձել է Աշխարհի գավաթակիր, նրա առաջին հաջողությունը եղել էր 2005-ին:

Լուսանկարը` fide.com


Այդ փայլուն նվաճումը նրան նաեւ հնարավորություն տվեց 2018-ի մարտին Բեռլինում պայքարել հավակնորդների մրցաշարում, ինչպես նաեւ երկարատեւ ընդմիջումից հետո վերադարձրեց ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակի 2-րդ հորիզոնական:

Ընդհանուր առմամբ տարին Արոնյանը մեծ վերելքով անցկացրեց՝ հաղթելով նաեւ Norway Chess ու Grenke Chess սուպերմրցաշարում, Սենթ Լուիսի արագ ու կայծակնային մրցաշարերում, Grand Chess Tour-ում գրավեց 3-րդ տեղը, իսկ ԵԱ-ի թիմային առաջնությունում 1-ին խաղատախտակի վրա չկրեց ոչ մի պարտություն ու ոսկե մեդալակիր դարձավ:



Մեկ տարի առաջ անհաջողություններ ունեի, նման պահերին ես հասկանում, թե ով է քեզ հետ, ով է հավատում քո հաջողություններին: Երբեք ամբիցիաների հետ կապված խնդիր չեմ ունեցել, միշտ հավատացել եմ իմ ուժերին, թեեւ նախկինում հավակնորդների մրցաշարում վատ եմ խաղացել, բայց այս անգամ լավ է լինելու:

Կամային մարզիկը. Հովհաննես Բաչկով

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի համար սպորտային ամառը չափազանց թեժ էր: Նա ընդամենը 2 ամսվա տարբերությամբ հունիսին Եվրոպայի չեմպիոն, իսկ օգոստոսին Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ:

Լուսանկարը` aiba.com


Չափազանց աշխատասեր, կամային ու իր գործին նվիրված բռնցքամարտիկը կարողացավ 7 տարվա ընդմիջումից հետո Հայաստան ոսկե մեդալ բերել:

Եվրոպայի առաջնությունում նա իր բարձրության վրա էր ու մրցակիցներին հերթով դուրս էր թողնում պայքարից:

Ոսկին նվաճելուց հետո նրա թիրախը դարձավ Աշխարհի առաջնությունը, որտեղից էլ բրոնզե մեդալով վերադարձավ:



Եվրոպայի չեմպիոն դառնալն իմ նպատակներից մեկն էր: Ես միշտ էլ համոզված եմ եղել, որ պետք է հաջողության հասնեմ ԵԱ-ում կամ ԱԱ-ում, նոր սկսեմ մենամարտեր վարել պրոֆեսիոնալ բռնցքամարտում:

Անպարտելին. Սիմոն Մարտիրոսյան

20 տարեկանում նա արդեն Օլիմպիական խաղերի արծաթե, մեծահասակների ու Մ-23 տ. Եվրոպայի չեմպիոն է, երիտասարդական ու պատանեկան բոլոր հնարավոր մրցաշարերի հաղթող:

Այս տարին էլ Մարտիրոսյանի համար նշանավորվեց մի քանի կարեւոր ձեռքբերումներով: Փետրվարին նա սպորտի վաստակավոր վարպետի կոչում ստացավ, իսկ մարտին արդեն փայլում էր Եվրոպայի առաջնությունում: Երկամարտի 414 կգ-ով նա ոսկե մեդալ նվաճեց՝ տիրանալով նաեւ փոքր մեդալներին:



Հունիսին ծանրորդը լավագույնն էր երիտասարդների Աշխարհի առաջնությունում 426 կգ-ով, 2 ամիս անց էլ 3 ոսկե մեդալով վերադարձավ Ուսանողական խաղերից՝ բարձրացնելով  401 կգ:

Տարվա հաղթական եզրափակումն էլ նա արեց հոկտեմբերին Մ-23 տ. Եվրոպայի առաջնությունում՝ 433 կգ-ով սահմանելով Եվրոպայի ռեկորդ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սակայն 12 ոսկե մեդալներ նվաճած ծանրորդը Հայաստանի որակազրկման պատճառով չկարողացավ մասնակցել Աշխարհի առաջնությանը, այլապես ով գիտի, թե էլ ինչ հաջողություն կգրանցեր:

Չեմ կարծում, որ երիտասարդ տարիքում բազմաթիվ մեդալներ նվաճելը հետագայում կխանգարի ինձ լավ ելույթ ունենալ: Ես դեռ ոչ Օլիմպիական, ոչ էլ Աշխարհի չեմպիոն չեմ դարձել, այնպես որ պետք է ձգտեմ դրանք էլ նվաճել:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին