exclusive
24056 դիտում

Մոուրինյոյի քմահաճույքների զոհերը՝ Ռաուլից մինչեւ Մխիթարյան


Լուսանկարը` thesun.co.uk

Լուսանկարը` thesun.co.uk

Լուսանկարը` ESPN.com

Լուսանկարը` Twitter

Լուսանկարը` zimbio.com

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` squawka.com


Իսպանիայում, Անգլիայում, թե մեկ այլ մոլորակի վրա Ժոզե Մոուրինյոն շարունակում է զիջել Պեպ Գվարդիոլային: Կիրակի էլ դա տեղի ունեցավ Անգլիայի առաջնությունում: «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտություն կրեց «Սիթիից» ու նրանից արդեն 11 միավորով է հետ մնում:

Կարմիր սատանաները շարունակում են անհետաքրքիր ու չգրավող ֆուտբոլ ցույց տալ, թիմի հայտացուցակից էլ Մոուրինյոն համառորեն դուրս է թողնում Հենրիխ Մխիթարյանին:

Ինքն իրեն «The Special One» անվանող մարզչի հետ այդքան էլ հեշտ չէ լեզու գտնել, նրա ռեժիմին շատ տաղանդավոր ու հայտնի ֆուտբոլիստներ են զոհ գնացել: Ժոզեն չի ընդունում, երբ որեւէ մեկը հակառակվում իր կարծիքին, այլապես նրա վերջը գալիս է:

Հայ կիսապաշտպանն առաջինը չէ, որը Մոուրինյոյի քմահաճույքների ու եսասիրության պատճառով տուժում է: Mediamax Sport-ը հավաքել է պորտուգալացու կողմից «մերժված» մի քանի ֆուտբոլիստի եւս:

Հենրիխ Մխիթարյանի առեղծվածը

Թեեւ ոչ փայլուն, բայց նաեւ ոչ ձախողված մրցաշրջան անցկացնող հայ կիսապաշտպանն աստիճանաբար սկսեց կորցնել իր տեղը թիմի եւ հիմնական, եւ պահեստային կազմում: Մոուրինյոն Անգլիայի առաջնությունում «Բրայթոնի» դեմ խաղից առաջ հայ ֆուտբոլիստի «բմբուլները քամուն տվեց» ու խիստ քննադատեց:


Արդեն 6 խաղ է նա անգամ պահեստային նստարանին չի հայտնվում ու արդեն շշուկներ են պտտվում, որ շատ մոտ է «Յունայթեդից» հեռանալուն: Ասում են, հիշաչար մարզիչն այդպես էլ չի կարողացել ներել Մխիթարյանին ՖԻՖԱ-ի The Best քվեարկությունում Զինեդին Զիդանի օգտին քվեարկելու համար, երբ ինքն էլ առաջադրված էր: Հայաստանի հավաքականի ավագը քվեարկել է իր մանկության կուռքի օգտին:

Լուսանկարը` thesun.co.uk


Վիճակահանության արդյունքները հրապարակվեցին հոկտեմբերի 24-ին: Դրանից հետո Մխիթարյանը հոկտեմբերի 31-ին ՉԼ-ում միայն «Բենֆիկայի» դեմ խաղում փոխարինման մտավ, առաջնությունում էլ մասնակցեց «Չելսիի» (նոյեմբերի 5) ու «Բրայթոնի» (նոյեմբերի 25) դեմ հանդիպումներին`կրկին փոխարինման մտնելով 62-րդ ու 71-րդ րոպեներին:

Ստեղծված իրավիճակի հետ կապված ոչ մի հստակ բացատրություն չեն կարողանում գտնել ոչ անգլիական, ոչ էլ հայկական լրատվամիջոցները: Միայն հայտնի է, որ Մխիթարյանը ցանկանում է հանդիպել Մոուրինյոյի հետ ու խոսել «Մանչեսթեր Յունայթեդում» իր ապագայի մասին:

Լուսանկարը` thesun.co.uk


Facebook-ով ի պաշտպանություն կիսապաշտպանի մասշտաբային ակցիա է սկսվել՝ #ԴուխովՀենո, դրան միացողների թիվը գնալով ավելանում է, սակայն այն դժվար ազդի Հատուկի ու նրա որոշումների վրա:

Ռաուլի վտարումը

Ֆուտբոլիստների հետ անհատական ճակատամարտերում Մուրինյոյի տարած ամենամեծ հաղթանակը թերեւս «Ռեալի» ավագ Ռաուլի նկատմամբ էր: Արքայական թիմի ղեկը ստանձնելուց հետո պորտուգալացին միանգամից փորձեց ցույց տալ, որ որոշողն ինքն է լինելու:

Լուսանկարը` Facebook


16 տարի Մադրիդի թիմի հետ անհավանական կարիերա կերտած Ռաուլի հեռանալուն թիմից շատ քչերն էին հավատում, բայց Ժոզեն դրան էլ հասավ:

«Նա չի համապատասխանում մեր նպատակներին: Ես նոր թիմ եմ կառուցելու, որը փորձելու է հաղթել ՉԼ-ում»,-ասաց Ժոզեն ու ազատվեց Ռաուլից:

«Դա իմ կյանքի ամենածանր օրն էր: «Ռեալն» իմ 2-րդ տունն էր»,- Ռաուլի հրաժեշտի խոսքերն են:

Հարձակվողը կարիերան Գերմանիայում շարունակեց ու «Շալկեի» կազմում երկրորդ երիտասարդույթունն էր ապրում՝ գոլի հեղինակ դառնալով ամեն երկրորդ խաղում:

Իկեր Կասիլիասի մղձավանջը

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ժոզե Մոուրինյոն Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը համարվող Իկեր Կասիլիասին Մադրիդի «Ռեալում» պահեստային դարձրեց:

Նախ ողջ Իսպանիան, ապա նաեւ ֆուտբոլային աշխարհը մեծ ցնցում ապրեց: 2012 թվականին «Մալագայի» դեմ խաղում պահեստային նստարանին ձանձրացող Կասիլիասը խամրեցրեց ֆուտբոլային ուիքենդի բոլոր իրադարձությունները: Վերջին անգամ նա այդ կարգավիճակում հայտնվել էր 2001-2002 մրցաշրջաններում, երբ Դել Բոսկեն նախընտրել էր հիմնական տեղը Կանիսարեսին տալ:

Այդ քայլը Մոուրինյոն տեխնիկական որոշում համարեց, քանի որ իբր Ադանն ավելի լավ վիճակում էր գտնվում:

«Իկերի բացակայությունը բոլորիս համար էլ շոկային էր, նա մեր թիմի ավագն է ու կարեւոր խաղացող է համարվում»,- խաղից հետո խոստովանել էր Արքայական թիմի ներկայիս ավագը՝ Սերխիո Ռամոսը:

Թեեւ դարպասապահն ու մարզիչը հերքում էին կոնֆլիկտի առկայությունը, աստիճանաբար մամուլ սողոսկեցին նրանց տարաձայնության իրական պատճառները: Նախ Մոուրինյոն մեղադրում էր Կասիլիասին իր ընկերուհի՝ լրագրող Սառա Կարբոներոյին թիմի ներքին ինֆորմացիան տրամադրելու մեջ:

Լուսանկարը` ESPN.com


Իսկ իրականում պորտուգալացուն հունից հանել էր Կասիլիասի ընկերական զանգը Խավիին հոկտեմբերյան կլասիկոյից հետո: Ավագը փորձել էր շտկել իրավիճակն ու խոսել ազգային հավաքականում իր թիմակցի հետ: Մոուրինյոն մեղադրել էր նրան ու նշել, որ հաջորդ խաղից հետո կարող է միանգամից «Բարսելոնայի» հանդերձարան գնալ:

Բայց Մոուրինյո-Ռամոս հակամարտության ժամանակ էլ ավելի խորացավ դարպասապահի ու մարզչի միջեւ ընթացող սառը պատերազմը: Կասիլիասը նրան խորհուրդ էր տվել որոշ հարցեր թիմում քննարկել, ոչ թե այդ մասին միանգամից հայտնել ԶԼՄ-ին:

Բանը հասավ նրան, որ 2015-ի հուլիսին Կասիլիասը հրաժեշտի ասուլիս անցկացրեց ու արցունքն աչքերին հայտարարեց թիմից հեռանալու մասին:

«Թիմում իմ անցկացրած վերջին մրցաշրջանում ես ու Մոուրինյոն, գրեթե, չէինք խոսում, մեր միջեւ իսկական պատերազմ էր ընթանում: Նրան դուր չէր եկել իմ հեռախոսազրույցը Խավիի ու Պույոլի հետ»,- տարիներ անց խոստովանել է Կասիլիասը:

Խուան Մատայի արժեզրկումը

Երբ հայտնի դարձավ, որ Մոուրինյոն գլխավորելու է ՄՅՈւ-ն, անգլիական մամուլը շուտափույթ եզրափակություններ արեց՝ Մատայի օրերն ակումբում հաշվված են:

Պատճառը նրա ու Մոուրինյոյի կոնֆլիկտն էր դեռ «Չելսիում» աշխատելու տարիներին: Բարձրակարգ մարզիչներից քչերը, եթե ոչ եզակիներն էին Մուորինյոյի պես խաղում ֆուտբոլիստների ճակատագրերի հետ: Նա իսպանացուն սկսեց թողնել լոնդոնյան ակումբի պահեստային նստարանին՝ այդպիսով լցնելով ֆուտբոլիստի համբերության բաժակը:

Լուսանկարը` Twitter


Վիլաշ-Բոաշի, Դի Մատտեոյի ու Բենիտեսի օրոք Մատան անչափ կարեւոր ու առանցքային խաղացող էր ազնվականների համար: Անգամ եթե մարզիչները նրանից դժգոհ էին լինում, դրանից մեծ աղմուկ չէին սարքում: Բայց եկավ Մոուրինյոն, ու իսկական շոուն սկսվեց:

Ողջ մրցաշրջանի ընթացքում նա փոքր առիթներ էր փնտրում իսպանացուց ազատվելու համար: Մոուրինյոն աստիճանաբար Մատային միջինից էլ վատ ֆուտբոլիստի կարգավիճակի հասցրեց՝ խաղադաշտ դուրս բերելով հատուկենտ խաղերում  ու հիմնականում թողնելով պահեստային նստարանին: Առանց նրա էլ «Չելսին» լավ էր գործում՝ ապահովելով մարզչի ալիբին:

Մատան հասկացավ, որ այդկերպ շարունակվել այլեւս չի կարող ու լոնդոնյան թիմից հեռացավ ՄՅՈւ:

Չենթարկվող Դավիդ Լուիսը

«Գուցե Մոուրինյոն ձեզ համար է հատուկ, բայց ոչ ինձ»,- այսպես է «Չելսիից» հեռանալուց հետո ասել Դավիդ Լուիսը:

Այն, որ բրազիլացին լոնդոնյան ակումբ վերադարձող Մոուրինյոյի առաջին զոհն է լինելու, կասկածներ չէին առաջանում: Սակայն Հատուկը միանգամից կտրուկ քայլերի չդիմեց, պահեց նրան թիմում, սակայն կենտրոնական պաշտպանությունից տարավ հենակետային կիսապաշտպանի դիրք:

Լուսանկարը` zimbio.com


Բայց Լուիսը թե պաշտպանությունում, թե հենակետային դիրքում գործում էր այնպես, ինչպես ինքն էր ցանկանում՝ կատաղեցնելով Մոուրինյոյին: Նա միշտ էլ սիրել է իրեն ենթարկվող ու հանգիստ խաղացողների Մատիչի ու Կեհիլի պես:

Ու երբ 2014-ին եկավ բաժանվելու ժամանակը, կողմերից ոչ մեկը չտխրեց, առավել եւս մարզիչը: Լուիսը գնաց նոր արկածներ որոնելու Փարիզում, Մուորինյոն էլ վերջապես հանգիստ շունչ քաշեց՝ ազատվելով եւս մեկ անցանկալի խաղացողից:

«Համոզված եմ, որ առանց Լուիսի «Չելսիի» կազմը շատ ավելի ուժեղ կլինի»,-նշեց նա:

Պայքարը շարունակվում է…

Մոուրինյոյի կողմից անտեսված ֆուտբոլիստների մի ամբողջ թիմ է կարելի հավաքել՝ Կեւին դե Բրյույնե, Ռոմելու Լուկակու, Ֆիլիպե Լուիս,  Խուան Կուադրադո, Մաքսվել, Նուրի Շահին…

Լուսանկարը` squawka.com


Ամեն մեկի հետ հակամարտության առանձին պատմություն կա, բոլորում էլ որպես կանոն հաղթողը Մոուրինյոն է եղել, թեեւ ֆուտբոլիստները նրանից վրեժխնդիր են եղել ավելի լավ ակումբներ տեղափոխվելով ու նրա իսկ գլխավորած թիմերի հետ խաղերում փայլելով:

Մխիթարյանի հետ իրավիճակն ավելի շատ դեռ հանգած ֆուտբոլային հրաբուխ է հիշեցնում, կժայթքի այն, թե պարզապես մի քիչ ծխելուց հետո կմարի, դեռ ոչ ոք չգիտի: Երբեք էլ չես կարող կանխատեսում անել, երբ Մոուրինյոյի մատը խառն է լինում:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին