Ապրիլ 25, 2024
exclusive
21268 դիտում

Գալիք մունդիալի ֆավորիտները. Մեդիամաքսի կանխատեսումը


Լուսանկարը` https://www.opportunitydiary.com

Լուսանկարը` https://www.thenational.ae

Լուսանկարը` fourfourtwo.com

Լուսանկարը` kinja-img.com

Լուսանկարը` http://viralpirate.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` dailymail.co.uk

Լուսանկարը` reutersmedia.net

Լուսանկարը` colombia.com


Օրեր առաջ Կրեմլում կայացավ  2018 թվավականի աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանությունը: Mediamax Sport-ը ներկայացնում է չեմպիոնի կոչման իր հավակնորդին՝ վերլուծությամբ պատասխանելով բոլոր առաջացած հարցերին:

A խումբ. Ուրուգվայ, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս

Ռուսաստանում մեկ ամիս տեւող ֆուտբոլային հրավառության մեկնարկը կտրվի երազողների խմբում: Այստեղ ընդգրկված յուրաքանչյուր թիմ նվեր է մյուսի համար, եւ դա փաստ է: Միայն ամենալավ երազում այս հավաքականները միմյանց կտեսնեին միեւնույն խմբում: Իհարկե, ֆուտբոլին մոտ կանգնած յուրաքանչյուր ոք առաջին հայացքից կառանձնացնի ֆավորիտին:  Խոսքը, իհարկե, Ուրուգվայի հավաքականի մասին է: Աշխարհի կրկնակի չեմպիոնները կազմի խորությամբ, ֆուտբոլիստների անհատական վարպետությամբ, բալանսավորված խաղի շնորհիվ, անշուշտ, գերազանցում են մյուս հավաքականներին, եւ չպետք է խնդիրների հանդիպեն փլեյ-օֆֆի ճանապարհին: Ա խմբում հիմնական պայքարն ընթանալու է 2-րդ տեղի համար, որին հավակնում են Ռուսաստանի եւ Եգիպտոսի թիմերը:

Լուսանկարը` https://www.thenational.ae


2-րդ տեղի համար պայքարում ռուսները կարող են ապավինել իրենց երիտասարդ կազմին, որտեղ յուրաքանչյուր ֆուտբոլիստ խաղից խաղ ավելացնում է որակները: Եթե համեմատենք Եգիպտոսի եւ Ռուսաստանի ազգային առաջնությունները, ապա, միանշանակ, առավելությունը ռուսների կողմն է: Երկու թիմերի հիմնական կորիզը կազմում են հենց ազգային առաջնության ֆուտբոլիստները: Աֆրիկացիների միակ առավելությունը Մոհամեդ Սալահի պես ֆուտբոլիստի առկայությունն է, որի կարգի խաղացող այս պահին Ռուսաստանը չունի: Վերջիններիս համար հաղթաթուղթ կարող է լինել թիմային խաղը, երկրպագուների աջակցությունը, էմոցիոնալ ֆոնի վրա անհնարինն անելու ցանկությունը: Այս գործոնների հաշվին Ռուսաստանի հավաքականը խմբից դուրս կգա 2-րդ տեղով: Սաուդյան Արաբիան կմասնակցի ֆուտբոլային տոնին:

B խումբ. Իսպանիա, Պորտուգալիա, Մարոկկո, Իրան

Սա, թերեւս, այն խմբերից մեկն է, որտեղ անակնկալներ չեն սպասվում: Ընդգրկված են հավաքականներ, որոնցից Մարոկկոն ու Իրանը կարող են կռվել միայն 3-րդ տեղի համար: Նման վիճակագրությունը ճակատագրի հեգնանք էր բավական լավ ընտրական մրցաշար անցկացրած թիմերի համար: Այժմ մնում է մտածել առավելագույնը տալու եւ գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելու մասին: Բ խմբում առաջին հորիզոնականով փլեյ-օֆֆ դուրս կգան իսպանացիները: Նույնիսկ այն հանգամանքը, որ Պորտուգալիան Եվրոպայի գործող չեմպիոնն է, չի կարող ազդել կարմիր ֆուրիայի արդյունքի վրա: Պատճառները մի քանիսն են:

Լուսանկարը` fourfourtwo.com


Նախ՝ Իսպանիայի հավաքականի կազմում է խաղում աշխարհի լավագույն դարպասապահներից Դավիդ դե Խեան, որին նույնիսկ երազում հնարավոր չէ հավասար մակարդակի վրա տեսնել Ռուի Պատրիսիուի հետ։ Բացի այդ, իսպանացիները գերազանցում են պաշտպանական գծի գրեթե ուրաքանչյուր  ֆուտբոլիստի որակով: Ռոխայի գլխավոր մարզիչ Խուլիեն Լապոտեգին հիանալի թիմ է ստեղծել երիտասարդների ու փորձառուների միախառնումից, որտեղ  սպասվում է Սիլվա-Իսկո-Ասենսիո-Ինիեստա քառյակի փայլատակումը: Իսպանացիների թիմային խաղն ու գրոհներ զարգացնելու բազմազանությունը աչք է շոյում: Եթե այս բոլոր առավելություներին գումարենք նաեւ այն, որ Քրիշտիանու Ռոնալդուն աստիճանաբար սկսել է չցուցադրել նախկին վառ ֆուտբոլը, պատկերն ամբողջական է դառնում: Իսպանիան կանցնի առաջին տեղով, Պորտուգալիան՝ 2-րդ: Կարմիր ֆուրիան չեմպիոնի կոչման 4 հավակնորդներից մեկն է ու պետք է հասնի գոնե մինչեւ  կիսաեզրափակիչ:

C խումբ. Ֆրանսիա, Դանիա, Պերու, Ավստրալիա

Աշխարհի առաջնության 4  գլխավոր ֆավորիտներից մյուսը Ֆրանսիայի հավաքականն է: Այն, որ եռագույները խմբից դուրս կգան բացարձակապես առանց խնդիրների ու կգրավեն առաջին տեղը, կասկած չի հարուցում: Ֆրանսիան մունդիալի այն եզակի հավաքականներից մեկն է, որտեղ խաղային յուրաքանչյուր դիրքում 2 հավասարազոր ֆուտբոլիստ կա: Եթե առանձին խաղացողների անհատական վարպետությամբ վերցնենք եւ համեմատականներ անցկացնենք աշխարհի առաջնության մասնակից մյուս հավաքականների հետ, ապա պարզ կդառնա, որ կազմի խորությամբ ու ֆուտբոլիստների անհատական կարգով Ֆրանսիան փոքր առավելություն ունի մասնակից ցանկացած ընտրանու նկատմամբ:

Շատ բան է կախված Դիդիե Դեշամից: Մարզիչը պետք է այսքան որակյալ ֆուտբոլիստների մեջ ճիշտ կազմի ու մարտավարության ընտրություն կատարի՝ պահպանելով առողջ մթնոլորտը: Եթե հոգեբանորեն Դեշամը թերանա, ապա Ֆրանսիան կունենա հերթական ձախողումը: Նման կազմով, վատագույն դեպքում, եռագույները պետք է հասնեն եզրափակիչ:

Լուսանկարը` kinja-img.com


Այս խմբում 2-րդ տեղի համար պայքարում ֆավորիտ է Դանիայի ընտրանին: Օգե Հարեյդեն վերջապես կարողացել է բալանսավորել թիմի բոլոր օղակներն ու հստակ առաջատար է դարձրել Քրիստիան Էրիկսենին: Դանիայի կազմում բացի Էրիկսենից մյուս բոլոր ֆուտբոլիսները գրեթե նույն մակարդակի վրա են: Թիկունքում մաքրելով մրցակինցերի գրոհները՝ սկանդինավները գնդակը հասցնում են թիմի ուղեղին, որտեղից էլ առաջանում են գրեթե բոլոր արդյունավետ գործողություները: Պերուի եւ Ավստարլիայի հավաքականները, դատելով ընտրական մրցաշարերից ու կազմերում ունեցած ֆուտբոլիսներից, այնուամենայնիվ, չեն հաղթահարի խմբային փուլի արգելքը:

D խումբ. Արգենտինա, Խորվաթիա, Իսլանդիա, Նիգերիա

Աշխարհի գալիք առաջնությունում թեեւ ակնհայտ մահվան խումբ չձեւավորվեց, այնուհանդերձ, կա երկու խումբ, որտեղ հավաքվել են գրեթե հավասարազոր հավաքականներ: D խմբում հնարավոր է ամեն ինչ, եւ ցանկացած վերլուծություն ինչ-որ պահից դատապարտված է սխալ դուրս գալու: Նույնիսկ սա հաշվի առնելով՝ թղթի վրա կարելի է առաձնացնել ֆավորիտին, եւ դա Արգենտինայի ընտրանին է: Չնայած ընտրական փուլում ալբիսելեստեն չտպավորեց, բայց մունդիալը լրիվ այլ պատմություն է: Սամպաոլին երկար ժամանակ ունի իր տրամադրության տակ՝ հասկանալու՝ որն է իր թիմի ամենաօպտիմալ կազմը: Եթե դատենք առանձին ֆուտբոլիստներով, լատինաամերիկացիները խնդիրների չպետք է հանդիպեն: Թիմում առաջին հերթին պետք է կարգավորել առողջ մթնոլորտը, չտրվելով էմոցիաներին՝ հավաքական հրավիրել լավագույն ֆուտբոլսիտներին:

Լուսանկարը` http://viralpirate.com


Արգենտինայի հավաքականին առաջատարի դիրքից կարող է զրկել Խորվաթիան: Եթե ակնհայտ անկումներ չլինեն, շախմատավորները գոնե երկրորդ տեղով պարտավոր են անցնել փլեյ-օֆֆ: Կազմը թույլ է տալիս նման եզրահանգումներ անել: Ե՛վ արգենտինացիների, եւ՛ խորվաթների խաղաքարտերը կարող են խառնել Իսլանդիան ու Նիգերիան: Այս թիմերի պայքարում, առանձին դիմակայություններում հնարավոր է ցանկացած ելք: Խմբում մեծ հավանականությամբ ետնապահ կմնան Նիգերիան ու Իսլանդիան: Վիկինգների հեքիաթը կավարտվի…

E խումբ. Բրազիլիա, Սերբիա, Շվեյցարիա, Կոստա-Ռիկա

Աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականի համար վիճակահանությունը բավական հաջող էր: Տիտեի գլխավորած թիմը Ռուսաստան է մեկնում աշխարհի առաջնության գլխավոր 4 հավակնորդներից մեկի կարգավիճակում: Լատինաամերիկացիները իրենց ընտրական գոտում մի քանի գլուխ բարձր էին մրցակից բոլոր հավաքականներից: Չիլին, Արգենտինան, Կոլումբիան, Ուրուգվայը չկարողացան հավասար պայքար մղել Բրազիլիայի դեմ: Եվրոպայում էլ շատ չեն հավաքականները, որոնք վերոհիշյալ թիմերից ուժեղ են ու կարող են փակել Բրազիլիայի ճանապարհը: Թիմը բոլոր օղակներում ունի գերաստղեր, որոնք առանցքային դեր են կատարում իրենց հարազատ ակումբներում: Տիտեի շնորհիվ հավաքականում բոլոր ֆուտբոլիստները մի կողմ են դրել անձնական ամբիցիաներն ու խաղում են ընդհանուր շահի համար: Հանդերձարանում եւս մթնոլորտը հիանալի է: Ֆուտբոլիստները հավատում են ու սիրում իրենց մարզչին: Այս գործոնին ավելացնենք ֆուտբոլիստների գերաստղային կարգը, թիմային խաղն, ու Բրազիլիան առնվազն պետք է հասնի կիսաեզրափակիչ՝ խմբում գրավելով առաջին տեղը:

Լուսանկարը` fifa.com


2-րդ տեղի համար կատաղի կռիվ է սպասվում Շվեյցարիայի ու Սերբիայի միջեւ: Սա այն դիմակայություններից է, որտեղ վճռորոշ դեր են կատարելու մանրուքները: Շատ բան կախված է այն հանգամանքից, թե ինչ մարզավիճակում ֆուտբոլիսները կժամանեն իրենց ազգային թիմեր: Սերբերի կազմում աշխարհի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկն է Ստեֆան Միլիկովիչ-Սավիչը, որի համար արդեն հիմա պայքարում են եվրոպական գրանդեր: Առանձին ֆուտբոլիստներով Սերբիան փոքր առավելություն, գուցե, ունի: 2-րդ տեղով դուրս գալուն հավակնում են հենց նրանք: Ե՛վ Շվեյցարիան, եւ՛ Սերբիան փլեյ-օֆֆում կլքեն պայքարը: Կոստա-Ռիկան դժվար թե 2-րդ տարին անընդմեջ հրաշք գործի. Հիմնավորումը թույլ կազմն է եւ չափազանց  պրագմատիկ ֆուտբոլը:

F խումբ․ Գերմանիա, Մեքսիկա, Շվեդիա, Հարավային Կորեա

D խմբից բացի թաքնված մահվան խումբ է F-ը: Հասկանալի է, որ Գերմանիայի հավաքականի հետ առաջին տեղի համար դիմադրություն չի լինի: Աշխարհի գործող չեմպիոնների համար մինչեւ կիսաեզրափակիչ դժվարություններ չպետք է առաջանան: Չեմպիոնական կորիզին գումարվել են նաեւ երիտասարդ տաղանդներ, ովքեր ամեն օր բարելավում են իրենց մարզիավիճակը: Ապացույցը՝ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության չեմպիոնությունն է: Գերմանիան, ինչպես նախորդ մունդիալին, այս անգամ եւս չի հրաժարվի իր մարտավարությունից ու գրեթե բոլոր խաղերում կունենա տոտալ առավելություն: Յոհախիմ Լյովի համար բարդ կլինի կազմի ընտրությունը: Գերմանացիները բոլոր դիրքերում ունեն հավասարազոր մի քանի ֆուտբոլիստ:

Լուսանկարը` dailymail.co.uk


2-րդ տեղի համար պայքարում ի վիճակի է անակնկալ մատուցել Հարավային Կորեայի ընտրանին: Թիմը շատ արագ ֆուտբոլ է խաղում, եւ եվրոպական որոշ հավաքականների հետ մակարդակով հավասար կարգավիճակում կարող է լինել: Շվեդիան, չնայած հաղթահարեց Իտալիայի ընտրանու արգելքը, այնուհանդերձ, չտպավորեց իր ֆուտբոլով: Շվեդիայի ու Հարավային Կորեայի պայքարում դինամիկ ու արդյունավետ ֆուտբոլով առավելություն կարող են ստանալ ասիացիները: Այստեղ կարգով փոքր-ինչ բարձր է Մեքսիկայի հավաքականը, որը պետք է կարողանա վաստակել փլեյ-օֆֆի ուղեգիր 2-րդ տեղով:

G խումբ. Բելգիա, Անգլիա, Թունիս, Պանամա 

G խմբում ֆավորիտներն ակնհայտ են: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող, թե որ թիմերն են պայքարը շարունակելու 1/8 եզրափակչում: Առաջին տեղի համար պայքարում փոքր առավելություն ունի Բելգիայի ազգային թիմը, որի կազմում հանդես են գալիս ավելի փորձառու եւ ֆուտբոլում կոփված տղաներ: Անգլիան ինչպես միշտ համարվում է մունդիալի թաքնված ֆավորիտներից մեկը, բայց կազմում եղած երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստները բավական չեն համաշխարհային մեծ «ձկների» դեմ պայքարում լուրջ արդյունք սպասելու համար: Առանձին խաղային օղակների համեմատությամբ Բելգիայի կազմն ավելի աստղային տեսք ունի: Անգլիայի կազմում այս պահին չկան Կուրտուայի, Դե Բրույնեի, Ազարի, Վերտոնգենի, Կոմպանիի կարգի ֆուտբոլիսներ: Գլխավոր մարզիչներին եւս հնարավոր չէ համեմատել: Ռոբերտո Մարտինեզն իր խաղային փիլիսոփայությամբ ու մարտավարական լուծումներով գերազանցում է Գարեթ Սաութգեյթին: Հենց այս գործոնների հաշվին Բելգիան կգրավի առաջին տեղը, Անգլիան՝ 2-րդ: Թունիսի ու Պանամայի բախտը չի բերել: Վերջիններս ստիպված են հիանալ Ռուսաստանի գողտրիկ անկյուններով:

Լուսանկարը` reutersmedia.net



H խումբ. Կոլումբիա, Լեհաստան, Սենեգալ, Ճապոնիա

Խմբային վերջին զամբյուղից 1/8 եզրափակչի ուղեգիր կվաստակեն Կոլումբիայի եւ Լեհաստանի ընտրանիները: Կոլումբիայի հավաքականը մշտապես իր կազմում ունի ֆուտբոլիստներ, որոնց անհատական որակներից շատ բան է կախված: Այս մունդիալը եւս բացառություն չէ: Ճիշտ է, լատինաամերիակցիները հազիվ թե կարողանան պայքարել չեմպիոնության համար, բայց խմբից առաջին տեղով դուրս գալը նրանց ուժերի սահմաններում է: Լեհերը գերազանց են անցկացրել իրենց ընտրական մրցաշարը, ու այս պահին աշխարհի լավագույն թիմերի ցանկում են՝ ըստ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի: Եթե հաշվի առնենք՝ ինչ ճանապարհ են անցել լեհերն ու կոլումբիացիները, այստեղ պարզ է, որ առավելությունը վերջիններիս կողմն է: Եվրոպացիները հիանալի կազմ են հավաքել, բայց փորձով ու ֆուտբոլիստների վարպետությամբ դժվար թե նույն մակարդակի վրա լինեն, ինչ Կոլումբիան: Այս թիմը շատ ամուր կորիզ ունի եւ ի զորու է նույնիսկ փլեյ-օֆֆում արդյունքի հասնել:

Լուսանկարը` colombia.com


Խմբի մյուս երկու թիմերը, անշուշտ, զիջում են առաջին երկուսին, ու մեծ է հավանակնությունը, որ միավորներ կխաղարկեն միայն իրար դեմ խաղում: Կոլումբիան կգրավի 1-ին, Լեհաստանը՝ 2-րդ հորիզոնականը:

1/8 եզրափակչի զույգերը

Հաշվի առնելով մրցաշարի անցկացման ձեւաչափը, վիճակահանության կարգը եւ վերեւում կատարված փոքր վերլուծությունը՝ մեր կարծիքով, 1/8 եզրափակչում կկազմվեն հետեւալ զույգերը.

A1-B2 Ուրուգվայ-Պորտուգալիա          

B1-A2 Իսպանիա-Ռուսաստան

C1-D2 Ֆրանսիա-Խորվաթիա                 

D1-C2 Արգենտինա-Դանիա      

E1-F2 Բրազիլիա-Մեքսիկա                    

F1-E2  Գերմանիա-Սերբիա

G1-H2 Բելգիա-Լեհաստան                     

H1-G2 Կոլումբիա - Անգլիա

Աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտը

Յուրաքանյուր մունդիալ նախորդից տարբերվում է անակնկալներով ու նորանոր բացահայտումներով: Այս աշխարհի առաջնությունից առաջ եւս բազմաթիվ են քննարկումներն ու չեմպիոնի տարբերակները: Եթե ընթացքում անակնկալներ չլինեն խմբերում առաջին հորիզոնականները գրավող թիմերի հետ կապված, ապա կիսաեզրափակչում միմյանց կբախվեն Ֆրանսիա-Բրազիլիա, Իսպանիա-Գերմանիա զույգերը: Մրցաշարային ցանցն այս պահին թույլ է տալիս կատարել այդ եզրահանգումը:

Իհարկե, կիսաեզրափակչում վերոհիշյալ բոլոր թիմերից հնարավոր է սպասել ցանկացած արդյունք: Եթե Դիդիե Դեշամին հաջողվի Ֆրանսիայի հավաքանում ստեղծել ընտանեկան մթնոլորտ, ու թիմում հոգեբանական խնդիրեն չառաջանան, ապա անկախ բուքմեյքերական ընկերությունների կանխատեսումներից հենց եռագույնները կնվաճեն չեմպիոնի տիտղոսը, հակառակ դեպքում Բրազիլիան իր գեղեցիկ խաղով հերթական անգամ կնվաճի գավաթը:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին