exclusive
20878 դիտում

Մասշտաբային դոպինգային սկանդալը. Ռուսական սպորտի հեղինակազրկումը


Լուսանկարը` vedomosti.ru

Լուսանկարը` nsidethegames.biz

Լուսանկարը` wsj.com

Լուսանկարը` nsidethegames.biz

Լուսանկարը` tvc.ru

Լուսանկարը` edition.cnn.com

Լուսանկարը` rsport.ria.ru

Լուսանկարը` businessnews.blogs.latrobe.edu.au

Լուսանկարը` fresher.ru

Լուսանկարը` sport-express.ru


Դեռ երկար ժամանակ ողջ մարզաշխարհը կքննարկի Ռուսաստանի Օլիմպիական հավաքականի շուրջ ստեղծված աղմուկը, որակազրկումը, պատժի չափերն ու դրանց արդարացի կամ չհիմնավորված լինելը: Վաղուց նման մասշաբային ու կազմակերպված դոպինգային կեղծարարություն չէր բացահայտվել:

Կառուցել մի ամբողջ լաբորատորիա, հսկայական գումարներ ծախսել ու կեղծել դոպինգ թեստերը, այլ կերպ, քան ստորություն, դժվար է անվանել: Ու հիմա Ռուսաստանն այլ բան չի գտնում, քան մեղադրել բոլորին՝ ՄՕԿ-ին, ԱՄՆ-ին, դրա մեջ դավադրություն տեսնել, բայց ոչ մի կերպ իր վրա չվերցնել ողջ պատասխանատվությունն ու պատժել մեղավորներին, ինչպես նաեւ փոխհատուցել մարզիկներին հասցրած բարոյական վնասը:

ՄՕԿ-ի կողմից Օլիմպիական խաղերին ցմահ ներկա լինելու իրավունքից զրկված Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն մի բան էլ ինքն է դժգոհ ուրիշների աշխատանքից. «Մենք գիտենք ում է պետք հեռացնել, իսկ ես շարունակելու եմ աշխատել: Ապացուցելու ենք, որ Սոչիի ցանկացած մեդալ արդար ճանապարհով է եղել»:

Mediamax Sport-ն էլ որոշել է իր ճանապարհով գնալ ու ներկայացնել դոպինգային սկանդալի հետ կապված մանրամասները:

Մաքլարենի զեկույցը

Կանադացի պրոֆեսոր, միջազգային իրավունքի պրոֆեսոր Ռիչարդ Մաքլարենը 2016 թվականի հուլիսի 18-ին ու դեկտեմբերի 9-ին երկու մասից բաղկացած զեկույց հրապարակեց Ռուսաստանի կատարած կեղծումների մասին:

Լուսանկարը` nsidethegames.biz


Հենց այդ զեկույցի շնորհիվ ողջ աշխարհն իմացավ ռուսների դոպինգային գաղտնի գործունեության մասին. 2012-2014 թթ. ավելի քան 30 ամառային ու ձմեռային մարզաձեւերում կեղծ դոպինգ արշավ էր իրականացվել: Մաքլարենի տվյալների համաձայն, այն ղեկավարել է Ռուսաստանի կառավարությունը, հատկապես մեծ է եղել սպորտի նախարարության ու ԱԱԾ-ի մասնակցությունը:

Մաքլարենը հետաքննությունն իրականացնել է Համաշխարհային հակադոպինգային ծառայության (WADA) պատվերով, այն բանից հետո, երբ 2014-ին գերմանական ARD-ով դոպինգի մասին ցուցադրված ֆիլմում վազորդուհի Յուլիա Ստեպանովան խոսել է Ռուսաստանի թեթեւ ատլետիկայի ֆեդերացիայում դոպինգ նմուշների փոխելու մասին: Մեղադրանքներ են ներկայացրել նաեւ այլ ռուս մարզիկներ:

Հակադոպինգային ծրագրի իրականացումը

2014 թվականի Սոչիի Օլիմպիական խաղերում Ռուսաստանի հավաքականը պարզապես փայլեց ու նվաճեց 33 մեդալ, 10-ով ավելի նախորդ խաղերի համեմատ:

«Մինչ բոլորը շնորհավորում էին մարզիկներին, մենք փոխում էինք նրանց մեզի նմուշները»,- իր սենսացիոն խոստովանության ժամանակ ասել է Ռուսաստանի հակադոպինգային կենտրոնի նախկին ղեկավար Գրիգորի Ռոդչենկովը:

Նա ու իր թիմը 2014-ի Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ կյանքի են կոչել սպորտի պատմության մեջ ամենախորամանկ ու առաջին հայացքից հաջողված դոպինգային ծրագիրը:

Լուսանկարը` wsj.com


Ռուսաստանում անցկացված Օլիմպիական խաղերի ժամանակ տանտերերը ցանկանում էին ցույց տալ իրենց գերակայությունն ու հզորությունը, ու ավելի լավ տարբերակ, քան դոպինգ արդյունքները կեղծելն էր, չգտան:

Տասնյակ ռուս մարզիկներ, այդ թվում Սոչի-2014-ի ամենաքիչը 15 մեդալակիրներ, ընդգրկվել էին երկրի դոպինգային ծրագրում, որը մանրակրկտորեն մշակվել էր տարիների ընթացքում: Ռոդչենկովը 3 արգելված նյութերից  հատուկ կոկտեյլ է պատրաստել ու ալկոհոլի հետ խառնած տվել մարզիկներին:

Այն բավականին արդյունավետ է աշխատել: Օգնել է մարզիկներին շատ արագ վերականգնվել հոգնեցնող մարզումներից ու լավագույն մարզավիճակը պահպանել երկար օրերի ընթացքում: Որպեսզի այն օրգանիզմում արագ լուծվեր, քիմիկոսն այն տղամարդկանց դեպքում խառնել է վիսկիի,  իսկ կանանց՝ մարտինիի հետ: Դոպինգի ընդունումը կատարվել է հենց խաղերի ընթացքում:

Ըստ մասնագետի՝ գաղտնի օպերացիայի ընթացում Ռուսաստանի հակադոպինգային մասնագետներն ու հատուկ ծառայության աշխատակիցները մարզիկների մեզի նմուշները փոխել են մաքուրների հետ, որոնք մի քանի ամիս առաջ էին հավաքել: Նրանք կարողացել են գտնել փորձանմուշների տարրաներն անվտանգ բացելու եղանակը, ինչը գործնականում անհնար է համարվում: Ամեն օր ժամերով աշխատել են միայն մեկ լամպով լուսավորված լաբորատորիայում, պատի մեջ արված հատուկ անցքի միջոցով փոխանցել են այն նմուշները, որոնք պետք է այդ օրն անալիզի ենթարկվեին:

Լուսանկարը` nsidethegames.biz


Արդյունքում կեղծվել է մոտ 100 նմուշ, ու ոչ մի մարզիկ չի բռնվել: Ռուսաստանը բոլորից շատ մեդալներ է նվաճել ու առաջ անցել իր հիմնական հակառակորդ ԱՄՆ-ից:

Գաղտնիքի բացահայտումը

Ոչ ոք այդպես էլ չէր իմանա գաղտնի օպերացիայի մասին, եթե Ռոդչենկովը 3 օր տեւած հարցազրույցում չպատմեր ամերիկացի կինովավերագիր Բրայան Ֆոգելին:  Նա նաեւ The New York Times-ին էլեկտրոնային փոստով ուղարկված նամակներ է տրամադրել, որոնցում ներկայացված են եղել օպերացիայի բոլոր մանրամասները, ինչպես նաեւ սպորտի նախարարության կազմած աղյուսակը: Այն պարունակել է դոպինգային ծրագրին մասնակցած մարզիկների անունները:

Իր նվաճումների համար մասնագետն անգամ Պուտինի կողմից շքանշանով է պարգեւատրվել, սակայն դրանից 6 ամիս անց ամեն ինչ դրամատիկ ընթացք է ստացել:

WADA-ն իր հաշվետվությունում բացահայտել է ռուսների կեղծարարությունն ու հենց Ռոդչենկովին դոպինգային  ծրագրի հիմնական իրականացնող համարել՝ մեղադրելով նաեւ նմուշները ոչնչացնելու դիմաց մարզիկներից մեծ գումարներ ստանալու մեջ: Դա, ի դեպ, միակ մեղադրանքն է, որը Ռոդչենկովը ժխտում է: Նա հաստատել է, որ Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայում WADA-ի ստուգումներից ընդամենը 3 օր առաջ 1417 նմուշ է ոչնչացրել:

Լուսանկարը` tvc.ru


Ռոդչենկովին հեռացրել են աշխատանքից, ու իր անվտանգությունն ապահովելու համար նա Ֆոգելի օգնությամբ մեկնել է Լոս-Անջելես: Ռուսաստանում մնացած նրա 2 կոլեգաները փետրվարին հանկարծակի մահացել են:

ՄՕԿ-ի պատժամիջոցները

Երկար ժամանակ անց, հսկայական ծախսեր ու դոպինգ նմուշների վերստուգումներ անելուց հետո միայն, ՄՕԿ-ը հայտարարեց իր որոշման մասին:

Օրեր առաջ ՄՕԿ-ն արգելեց Ռուսաստանին մասնակցել 2018 թ. Փհենչհանում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին։ ՄՕԿ-ի մեկ այլ որոշմամբ, «մաքուր» ռուս մարզիկներն, այնուամենայնիվ, կկարողանան հանդես գալ Օլիմպիական խաղերում, սակայն չեզոք Օլիմպիական դրոշի տակ:

Շատերը համարում են, որ պատիժն ավելի խիստ կարող էր լինել: ՄՕԿ-ի գործկոմը, որի կազմում 15 հոգի է ընդգրկված եղել, այդ թվում եւ Թոմաս Բախը, մինչ որոշում կայացնելն, ուսումնասիրել են Սամուել Շմիդի զեկույցը:

1,5 տարի ՄՕԿ-ի հատուկ հանձնաժողովը Շմիդի գլխավորությամբ ուսումնասիրել է արդյոք Ռուսաստանում եղել է դոպինգի աջակցման պետական ծրագիր: «Չի եղել, ու դա այս պատմության մեջ մեր գլխավոր հաղթանակն է»,- ասել է Շվեյցարիայի նախկին նախագահը:

Լուսանկարը` edition.cnn.com


Ռուսաստանը պետք է վճարի ՄՕԿ-ի կատարած հետաքննության ծախսերն ու 15 մլն դոլլար տրամադրի Անկախ թեստավորող կառուցի զարգացման համար:
 
Ռուսաստանցի մարզիկներին խաղերին մասնակցելու համար ընտրելու է հատուկ հանձնաժողովը, այն ղեկավարելու է Անկախ թեստավորող մարմնի նախագահ իտալացի  Վալերի Ֆուրներոնը, կազմի մեջ են մտնելու նաեւ WADA-ի ու Doping-Free Sport Unit-ի ու ՄՕԿ-ի մեկական ներկայացուցիչ:

ՄՕԿ-ի գործկոմի նիստում Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդեվան ելույթ է ունեցել ռուս մարզիկների անունից ու նշել հետեւյալը.
 
«Ես համարել եմ, որ մենք՝ «մաքուր» ռուս մարզիկներս, չպետք է անհանգստանանք: Մենք հաստատ հակադոպինգային խախտումներ չենք արել: Ինձ համար Օլիմպիական խաղերում հանդես գալու առաջին հնարավորությունը Փհենչհանում  կլինի: Չեմ հասկանում, թե ինչու ես ու թիմակիցներս չենք կարող Ռուսաստանի դրոշի տակ հանդես գալ: Հպարտ եմ իմ երկրով ու մեծ պատիվ է խաղերում այն ներկայացնելը: Դա ինձ ոգեշնչում է ելույթների ժամանակ»:

Լուսանկարը` rsport.ria.ru


Ռուսաստանի նախագահն էլ ՄՕԿ-ի որոշումը քաղաքական է համարել, սակայն ընդգծել, որ խաղերը չեն բոյկոտի, բոլոր ցանկացողները կկարողանան մասնակցել:

«Մեր առաջատար մարզիկների որակազրկումը արդիական է, ինչը կբերի մեր ազգային հավաքականի զգալի թուլացմանը: Քանի դեռ գործընթացը շարունակվում է, վտանգն առկա է: Իսկ այդ դեպքում ի՞նչ հավաքական մենք կունենանք՝ 4-5-րդ համարների»,- ընդգծել է Պուտինը:

Օլիմպիական խաղերում ռուսների ներկայության հարցը

Մասնակցության հարցը Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեն կհայտարարի դեկտեմբերի 12-ին, ենթադրվում է, որ դա կանի հենց Պուտինը:

Եթե ամեն դեպքում ռուսները որոշեն հանդես գալ Հարավային Կորեայում, ՄՕԿ-ի որոշմամբ այդ մարզիկները կկոչվեն Olympic Athletes from Russia: Տիտրերում «RUS»-ի փոխարեն կնշվի «OAR»:

Նրանց հաղթանակի դեպքում կհնչի Օլիմպիական օրհներգը, որը դեռ 19-րդ դարում գրել է հույն կոմպոզիտոր Սպիրոս Սամարասը: Այն առաջին անգամ հնչել է 1986-ի Օլիմպիական խաղերի ժամանակ:



ՄՕԿ-ն արդեն պատվիրել է մարզիկների համար չեզոք մարզահագուստ, որի վրա «Ռուսաստան» գրություն կամ դրոշի գույներ, բնականաբար, չեն լինի:

Սակայն տրիբունաներում ռուսական դրոշների հետ կապված սահմանափակում, հավանաբար, չի լինի:

Ամեն դեպքում խաղերի մասնակցելու իրավունքից ռուսներին չեն զրկել, թեեւ ոմանք դա ստորացում են համարում, սակայն այդ պրակտիկան դեռ 1980-ականներից  է կիրառվում, երբ մի քանի ամերիկացի մարզիկներ որոշեցին հանդես գալ Մոսկվայի Օլիմպիական խաղերում:

Լուսանկարը` businessnews.blogs.latrobe.edu.au


Չեզոք դրոշով են հանդես եկել նաեւ հայ մարզիկները: 1992 թվականի Բարսելոնայի Օլիմպիական խաղերում, 3 ոսկե ու 1 արծաթե մեդալ նվաճել: Ռիոյի Օլիմպիական խաղերում էլ այդ կարգավիճակով է եղել փախստականների հավաքականը:

Հաղթանակի, կամ ցանկացած մեդալի դեպքում, միեւնույն է պարգեւները հենց Ռուսաստան են գնալու, ոչ թե ՄՕԿ, ու հենց իրենց հայրենիքում են մեծարվելու մարզիկները:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին