Ապրիլ 24, 2024
exclusive
25717 դիտում

Ստեփանյան. Ուզում եմ նպաստել Հայաստանում հեծանվասպորտի զարգացմանը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Էդգար Ստեփանյանի շնորհիվ Հայաստանը կարողանում է մրցունակ լինել հեծանվասպորտում ու տարբեր մրցաշարերից մեդալներ ունենալ: Ամենավերջինն ու կարեւորը եղավ Աշխարհի գավաթի խաղարկությունում: Ստեփանյանը սկրեչ ձեւում արծաթե մեդալակիր դարձավ ու զգալիորեն բարելավեց անհատական վարկանիշը:

Նա երկար ու դժվար ճանապարհ է անցել այս արդյունքին հասնելու համար: Mediamax Sport-ին հեծանվորդն ու նրա անձնական մարզիչ Արմեն Գյոզալյանը պատմել են կատարած աշխատանքի, դժվարությունների, այս հաջողության կարեւորության ու հետագա անելիքների մասին:

Գավաթային հիանալի հաջողությունը

Ստեփանյան. Գավաթի խաղարկությունում միայն մեդալի մասին էի մտածում, թեեւ մրցումները միշտ էլ անկանխատեսելի են ու չգիտես՝ ինչպես կավարտվեն: Որակավորման փուլը 6-րդ տեղով հաղթահարեցի, շատ փորձառու ու մեդալակիր մարզիկներ էին, բայց խուճապի չմատնվեցի: Եզրափակիչ մրցավազքում, երբ ավարտին 12 շրջան էր մնացել, չորս հոգով մոտ 80 մ առաջ էինք անցել մյուսներից: 5 շրջան անց խումբն ավելի մոտեցավ մեզ, լարվածությունն արդեն գագաթնակետին էր հասնել:

Գիտակցում էի, թե որքան պատասխանատու է պահը, պետք էր դիմանալ: Աստիճանաբար հետապնդողները թուլացրին ճնշումն, ու մեդալների համար արդեն երեք հոգով էինք պայքարում: 1,5 շրջան մնացած սկսեցի վերջնարկը,  ինչը շատ ռիսկային էր, բայց ոչ ոք չկարողացավ ինձ շրջանցնել: Ղեկի տակով հետ նայեցի ու տեսա մեզ բաժանող տարածությունը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Չէի նկատել, որ բելգիացի Ռոբբի Գիսին մեկ շրջան առաջ էր անցել բոլորից, ու երբ հատեցի եզրագիծը, մտածեցի՝ ես եմ հաղթողը: 2-3 րոպե անց ամեն ինչ իր տեղն ընկավ, բայց երջանկությունս շարունակվեց, որովհետեւ ինձ համար 2-րդ տեղն էլ մեծ նվաճում էր:

Հետո տեսա անչափ ուրախ մարզչիս, ծածանվող հայկական դրոշները, բարեկամներս էին ինձ աջակցում, նրանց շնորհիվ աջ տրիբունան հայկական էր դարձել, զգացողություններս աննկարագրելի էին:

Գյոզալյան. Այս մեդալը երկար տարիների մեծ աշխատանքի արդյունք է: Մի մեծ ու լավ ընտանիքի պես ենք գործել՝ մանկապատանեկան դպրոցը, որտեղ նա սկսել է առաջին քայլերը կատարել, ֆեդերացիան, բոլոր օղակները ճիշտ համագործակցել են, որ Աշխարհի գավաթում մեդալ ունենանք: Էդգարին լավ եմ ճանաչում ու համոզված եմ, որ կանգ չի առնի, կշարունակի զարգացնել հաջողությունը: Նա շատ կամային մարզիկ է, դա հենց ամենասկզբից էր երեւում: Երբ պատանեկան մրցաշարերում մրցանակային տեղ չէր զբաղեցնում կամ տասնյակում չէր ընդգրկվում, ցավագին էր տանում ու ամեն ինչ անում հաջորդ անգամ ավելի լավ հանդես գալու համար:

Լուսանկարը` Մեդիամաքս


Վնասվածքն ու դրա հաղթահարումը
 
Ստեփանյան. Ցանկացած մարզիկի մոտ էլ, կարծում եմ, լինում են նման պահեր, երբ հիասթափվում է ու մտածում ամեն ինչ թողնելու մասին: Սակայն ես միշտ էլ իմ մեջ առաջ շարժվելու ուժ էի գտնում, գիտակցում էի, որ կարող եմ հաջողությունների հասնել: Հատկապես շատ ծանր էի տանում, որ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չէի կարողանում մրցաշարի մասնակցել, թեեւ հիանալի մարզավիճակում էի գտնվում ու պատրաստ էի լավ արդյունք ցույց տալ: Բայց մարզիչս բացատրում էր իրավիճակն, ու ամեն ինչ հասկանում էի: Սպորտում առանց դժվարությունների չի լինում, բայց չպետք է թույլ տալ, որ երկարատեւ տարիների քրտնաջան աշխատանքն իզուր լինի:

Գյոզալյան. Ուրախ եմ, որ Էդգարի հետ միասին ենք անցնում սպորտային ճանապարհը, թեեւ երբեք էլ հեշտ չի եղել, բայց միասին ամեն ինչն էլ հաղթահարել ենք:


Ինձ համար ամենացավալի օրերից մեկը Պորտուգալիայում Մ-23 տ. ԵԱ-ում էր, Էդգարը շատ լավ մարզավիճակում էր, հույս ունենինք, որ լավագույն հնգյակում կընդգրկվի, սակայն մկանային շատ վատ վնասվածք ստացավ: Անգամ վախենում էի, որ ստիպված կլինի կարիերան ավարտել, միայն նրա առողջության մասին էի մտածում: Սակայն հայ բժիշկները հանգստացրին մեզ, կարողացանք մասնակցել Ֆրանկոֆոնյան խաղերին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ստեփանյան. Փափուկ մկանահյուսվածքների վնասվածք էր, այն առաջանում է մեծ ծանրաբեռնվածության դեպքում: ԵԱ-ում ցավի պատճառով ելույթս չկարողացա ավարտել: Դրանից մեկ շաբաթ անց Ֆրանկոֆոնյան խաղեր ունեի, բժիշկ Դավիթ Մոսինյանն ու մերսող Էդգարը Ավետիքյանն ինձ շատ օգնեցին, թեյպով մասնակցեցի խաղերին ու 130 կմ խմբակային վազքում 8-րդ տեղը գրավեցի: Գիտեի, որ առջեւում մեծերի ԵԱ-ն ու Աշխարհի Գավաթն են:

Մարզումների ընթացքում ցավեր լինում էին, որովհետեւ լիարժեք բուժումը երկար ժամանակ պետք է տեւեր: 2-3 ամիս ընդմիջում կար, այդ ընթացքում փորձեցի ապաքինվել: Հոկտեմբերին Բեռլինում մասնակցեցի ԵԱ-ին ու գրավեցի 11-րդ տեղը: Լավ մարզավիճակում էի, շարունակեցի համառորեն մարզվել ու արդյունքը եղավ Աշխարհի Գավաթում:

Գյոզալյան. Հեծանվասպորտի ֆեդերացիան ֆինանսապես աջակցում է Էդգարին, բայց նաեւ եղել են դեպքեր, որ ինքն է վճարել մերսումների համար:

Ստեփանյան. Դե ինքս ինձ համար եմ անում, որովհետեւ ուզում եմ պրոֆեսիոնալ մարզիկ դառնալ ու հասնել մեծ հաջողությունների, ամեն անգամ չեմ կարող գումար ակնկալել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մրցաշարերի սակավությունն ու փորձի պակասը

Գյոզալյան. Արծաթե մեդալի շնորհիվ Էդգարը սկրեչի վարկանշային աղյուսակում կարողացավ միանգամից բարձրանալ 25-րդ տեղը՝ վաստակելով 450 միավոր: Նրան նախորդող մարզիկներն անհամեմատ ավելի շատ մեկնարկ են ունենում ու բոլորից էլ միավորներ վաստակում: Մենք միավորների պայքարին միայն մայիսից ենք միացել, երբ փետրվարից արդեն մյուսները սկսել էին ելույթները:

Ստեփանյան. Մրցակիցներս բավականին շատ մրցումների են մասնակցում, մոտ 70 ելույթներից հետո նոր սկսում են պայքարը կարեւորագույն մրցաշարերում, մինչդեռ ես Գավաթից առաջ 10 մեկնարկ էի ունեցել: Հոգեբանորեն էլ ծանր էր, վնասվածքից նոր էի ապաքինվել, անընդհատ հետեւում էի սննդիս, տարվա սկզբից քաղցրն եմ խիստ սահմանափակել, հաշված թխվածքներ եմ կերել, հաց ընդհանրապես չեմ օգտագործում, հիմնականում տավարի խաշած միս, սպագետտի ու փաթիլներ եմ ուտում, խորովածից ձեռքս միշտ հեռու եմ պահում (ծիծաղում է):

Ցավալի է, որ ֆինանսական խնդիրների պատճառով չեմ կարողանում մեծ մրցումային փորձ ձեռք բերել: Այն մրցակիցներս, որոնց երիտասարդական մրցումներում հաղթում էի, մի պահ ավելի շատ ելույթներ ունենալու շնորհիվ սկսեցին անցնել ինձ: Ուրախալի է, որ այս տարի գոնե կարողացա այդ բացը լրացնել: Շատ բաներից էի զրկվել արծաթե մեդալը նվաճելու համար: Փորձում եմ ամեն ինչ անել, որ հետագայում էլ լավ մասնակցեմ ու հեծանվասպորտը Հայաստանում ավելի պատմական դարձնեմ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նոր հավաք ու նպատակներ

Գյոզալյան. Գավաթի խաղարկությունից վերադառնալուց հետո եղանակային վատ պայմաններ էին, մի քանի օր դադար ունեցանք, ապա վերսկսեցինք մարզումները: Դեկտեմբերի 5-12-ն Օլիմպավանում հավաք կանցկացնենք: Առավոտյան մարզումը հեծանվադազգահի վրա կլինի, այնուհետեւ խճուղի դուրս կգանք, երեկոյան էլ հեծանվահրապարակում կշարունակենք աշխատել: Անընդհատ մարզումային պրոցեսի մեջ ենք:

Ստեփանյան. Հավաքի ընթացքում Օլիմպավանում լողի մարզումներ կանցկացնեմ, որոնք շատ կարեւոր հանգստացնող դեր ունեն, ինչպես նաեւ մարզասարքերի վրա կաշխատեմ: Պարզապես պետք է չափավոր մարզվել, քանի որ դրանք մրցումներից առաջ ուժն են ավելացնում՝ նվազեցնելով արագությունը:

Դեկտեմբերից 3 ամիս ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության վրա կաշխատեմ, որպեսզի կարողանամ դիմանալ խճուղիի երկար կիլոմետրերին ու ավելի դիմացկուն դառնամ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ապագա ծրագրերն ու մարզաձեւի բարդությունը

Ստեփանյան. 1,5 ամսից կավարտեմ ծառայությունս, այնուհետեւ կփորձեմ ակումբ գտնել ինձ համար: Ակումբի կազմում ավելի շատ մրցումների մասնակցելու հնարավորություն կունենամ, ինչպես նաեւ կվարձատրվեմ: Ցանկացած մարզիկ պետք է գումար վաստակի, որովհետեւ սպորտն էլ մեր աշխատանքն է:

Դեռ ոչ մի թիմ որոշված չէ, ուղղակի ռեզյումես պատրաստ է: Հնարավոր է հանդես գամ եվրոպական թիմերից որեւէ մեկում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում կամ ինչու ոչ՝ ԱՄՆ-ում:

Հեծանվահրապարակում հանդես եկող բոլոր մարզիկներն էլ պրոֆեսիոնալ են ու ակումբներ ունեն, որոնք էլ հոգում են նրանց ծախսերը: Նաեւ կշարունակեմ ներկայացնել Հայաստանն ու պայքարել Օլիմպիական խաղերի ուղեգրի համար:

Գյոզալյան. Դեկտեմբերին Պորտուգալիայում միջազգային վարկանշային մրցաշարի կմասնակցենք, առաջին տեղը 300 միավոր կտա: Այնուհետեւ 2018 թվականից Հոլանդիայում կայանալիք ԱԱ-ին մասնակցելու համար կպայքարենք: Պետք է փորձենք միավորների շեմը հասցնել 1100-ի, որպեսզի հանգիստ շունչ քաշենք: Երբեք Աշխարհի առաջնությանն այսքան մոտ չենք եղել: Մյուս տարվանից կսկսենք նաեւ Օլիմպիական վարկանիշի համար պայքարը: Անելիքներն, իսկապես, շատ են:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ստեփանյան. Պետք չէ կարծել, որ հեծանվային սպորտը շատ հեշտ է: Կարող ես ուժեղ լինել, սակայն ոչինչ էլ չհաղթել: Աշխարհի Գավաթին մասնակցում էին Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոնը, խաղերի մեդալակիրներ, Աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնը, բայց բոլորին էլ շրջանցեցի: Անգամ եզրագծին 50 մ մնացած ամեն ինչ կարող է պատահել, մեկ բախում, հեծանիվի վնասում կամ ծակված անիվ, ու պայքարից դուրս կմնաս: Ասես կարուսել լինի, երբեմն անգամ գլուխդ է պտտվում ՝ միջինը 53 կմ/ժ, երբեմն էլ 75 կմ/ժ իրար հետապնդելով սլանում ենք, ամեն ինչ պետք է ճիշտ հաշվարկել:

Գյոզալյան. Էդգարին երբեք անտեղի չեմ գովել, նա իր բնավորության ու ձգտման շնորհիվ շատ բաների է հասել: Անդադար աշխատում է ու փորձում ուշադրություն չդարձնել դժվարություններին: Իսկական մարտիկի բնավորություն ունի, եթե խնդիր է դնում իր առջեւ, մինչեւ վերջ պայքարում է, գործի կեսից երբեք չի հանձնվում:

Ուզում եմ, որ այս հաջողությունը շարունակական լինի ու միայն Էդգարով չսահմանափակվի, նրա օրինակով երիտասարդ հեծանվորդները ոգեշնչվեն ու կարողանան նմանատիպ արդյունքներ գրանցել: 

Միշտ պատրաստ ենք նոր մարտահրավերների, Էդգարն էլ հնարավորը կանի ավելիին հասնելու համար, բայց հաջողությունը միայն մեզնից չէ կախված: Եթե մոտեցումը ոչ հենակետային մարզաձեւերի նկատմամբ մեր երկրում փոխվի, շատ լավ կլինի:

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին