Ապրիլ 25, 2024
exclusive
30663 դիտում

Մեծ աղմուկ Մխիթարյանի շուրջ. Կիսապաշտպանը խաղից դուրս չի եկել


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` express.co.uk

Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com


«Հենրիխ Մխիթարյանը պայքարում է «Մանչեսթեր Յունայթեդում» իր կարիերան փրկելու համար», «Նա ծանր ժամանակներ է ապրում անգլիական թիմում»… Նման վերնագրերով հրապարակումներ անգլիական ԶԼՄ-ում անցած ու այս շաբաթվա ընթացքում շատ եղան:

«Մոուրինյոն ու իր թիմը մեծ կասկածներ ունեն հայ ֆուտբոլիստի հետ կապված, որը վերջին շրջանում ակնհայտորեն հոգնածության նշաններ է ցույց տալիս»,- գրել էր The Sun-ը:

Իսկ ՉԼ-ում «Բազելի» հետ խաղից առաջ նրա մարզումային լուսանկարը կարծես իրավիճակի լավագույն բնութագիրը լիներ: Միայնակ, մի քիչ էլ տխուր երեւացող Մխիթարյանն այնքան անօգնական էր թվում, բայց…

Լուսանկարը` express.co.uk


Հենց այդ բացերի մասին էլ այսօր Mediamax Sport-ը կխոսի: Կարիք չկա մեծ աղմուկ հանել ու Մխիթարյանին ժամանակից շուտ խաղից դուրս պատկերացնել:

«Միկին` հայ հերոսը» ֆիլմի շնորհանդեսը Մխիթարյանի համար ծանր ժամանակի հետ համընկավ: Մինչ էկրաններից նրա մասին գովասանքի խոսքեր էին հնչում, կիսապաշտպանը կորավ ֆուտբոլային ռադարներից:

Նա արդեն 2 խաղ շարունակ անգամ ՄՅՈւ-ի հայտացուցակում չի ընդգրկվում: Անգլիայի առաջնության «Նյուքասլի» (4:1) դեմ ու մրցաշրջանում ՉԼ-ում «Բազելից» կրած առաջին պարտության խաղերում Մխիթարյանը դիտողի դերում էր:

Վերջին շրջանում ՄՅՈւ-ի երկրպագուները շատ հաճախ էին սոցցանցերում բոքողում նրա խաղից ու նմանատիպ մեկնաբանություններ գրում. «Ինչ-որ մեկը պետք է դուրս գա խաղադաշտ Մխիթարյանի փոխարեն, նա անօգուտ է», «Միկին բացարձակապես օգտակար չեղավ: Երկրպագուները սիրում են նրան, բայց վերջին շրջանում նա շատ է զիջում», «Մխիթարյանը կարծես հանդիսատես լիներ: Ճիշտ ժամանակն է, որ նա սկսի նստել պահեստայինների նստարանին»:  

Լուսանկարը` manutd.com


Մխիթարյանը խաղում էր, քանի դեռ վնասվածք ունեցող ֆուտբոլիստները դաշտ չվերադարձան: Միաժամանակ ապաքինվեցին Պոլ Պոգբան, Զլատան Իբրահիմովիչն ու Մարկոս Ռոխոն: Ժոզե Մոուրինյոն էլ կտրուկ արձագանքեց իր ընտրած կազմը քննադատողներին:

«Միշտ հարցեր են առաջանում, թե կոնկրետ խաղում ինչու են որոշակի ֆուտբոլիստներ բացակայում: Պատասխանը միշտ նույնն է: Մի դիրքի համար, եթե վնասվածքներ չեն լինում, մի քանի ֆուտբոլիստ են հավակնում: Հիմա մենք ունենք Պոլ Պոգբա, Մարուան Ֆելաինի, Անդեր Էրերան, Նեմանյա Մատիչ ու Սքոտ Մակտոմինեյ: Ինչպես հասկանում եմ հաջորդ շաբաթ կրկին հարցնելու եք, թե նրանից որեւէ մեկը ինչու չի խաղացել»,- Մխիթարյանի բացակայության մասին այսպես էր պատասխանել մարզիչը:

Մխիթարյանի հետ, թե առանց նրա, մանկունյան թիմի առօրյայում ոչինչ չփոխվեց՝ ՄՅՈւ-ն հանդիպումներ ունեցավ, երեկ զիջեց Չեմպիոնների Լիգայում, վերադարձավ Շվեյցարիայից, կհանգստանա ու կսկսի պատրաստվել նոյեմբերի 25-ին Անգլիայի առաջնությունում «Բրայթոնի» դեմ խաղին:

Լուսանկարը` manutd.com


Իսկ այդ ընթացքում Հայաստանում շարունակում են գուշակություններ անել ու փորձում հասկանալ Մխիթարյանի բացակայությունը՝ համընդհանուր սուգ բարձրացնելով: Ոմանք իրենց աջակցությունն են հայտնում, ասես ֆուտբոլիստի հետ որեւէ վատ բան է պատահել, կամ ակումբն արդեն հրաժարվել է նրանից:

Մխիթարյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է ու գիտի ինչ գին պետք է վճարել ՄՅՈւ-ի հիմնական կազմում լինելու համար՝ անդադար մարզվել, չհանձնվել ու միշտ լինել պայքարի մեջ:

Նա միայնակ հաղթահարեց մանչեսթերյան առաջին ճգնաժամը, որում հայտնվել էր Անգլիա տեղափոխվելու սկզբնական շրջանում, հիմա առավել քան հասուն ֆուտբոլիստ է ու կկարողանա ելքը գտնել: Ինչ-ինչ, բայց համառության պակասով ու աշխատասիրությամբ Մխիթարյանն ոչ մեկին չի զիջում:

Բնական է, որ մեր հայրենիքում ցավագին չեն ընդունում հայտացուցակից Լյուկ Շոուի բացակայությունը, կամ Լեո Մեսսիի պահեստային մնալը, նման բաներ ֆուտբոլային աշխարհում յուրաքանչյուր օր են տեղի ունենում, հետեւաբար Մխիթարյանի «կարճատեւ հանգիստն» էլ չպետք է համաշխարհային ֆուտբոլի աղետ համարել:

Լուսանկարը` manutd.com


Ամեն ինչ այդքան էլ մռայլ չէ, հայ կիսապաշտպանն ընդգրկվեց ՈւԵՖԱ-ի 50 ֆուտբոլիստների ցանկում, ովքեր հավակնում են ընդգրկվել տարվա խորհրդանշական հավաքականում:

2016-17 մրցաշրջանում ՄՅՈւ-ի հետ Անգլիայի Սուպերգավաթակիր, Անգլիայի լիգայի գավաթակիր եւ Եվրոպայի լիգայի հաղթող դարձած մեր ֆուտբոլիստը հեշտ հանձնվողներից չէ, նա բոլորից լավ գիտի իր հնարավորություններն ու նման արտակարգ իրավիճակներում ճիշտ գործելու կանոնները:

Մխիթարյանն իր հաջողության բանաձեւն ունի, որի մասին բազմիցս խոսել է.

«Քչերն էին հավատում, որ կարող եմ հասնել այս մակարդակին ու խաղալ Անգլիայում: Դժվարություններ բոլորն են ունենում, բայց ես պատրաստ էի ամեն ինչ հաղթահարել, որովհետեւ դրանից միայն ուժեղ են դառնում: Օրեր են եղել, որ արտասվել եմ, մտածել, որ ոչինչ չի ստացվի: Բայց հաջորդ օրն ամեն ինչ մոռացել եմ, խաղադաշտ դուրս եկել ու մարզվել: 100 տոկոսով եմ տրվել, նույնիսկ ավելին: Համոզված էի, որ ինձ մոտ ամեն ինչ ստացվելու է»:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին