exclusive
34115 դիտում

Մարզիկներին զորակոչելու նոր պայմանները հստակեցվել են


Լուսանկարը` Մեդիամաքս

Գաբրիել Ղազարյանը
Գաբրիել Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Նախորդ շաբաթ Ազգային ժողովի կողմից ընդունված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք վերաբերում են նաեւ երիտասարդ մարզիկների ծառայելուն եւ տարկետում ստանալուն:

Ինչպես հայտնի է, օրենքի ընդունումից հետո ՀՀ կառավարությունը պետք է մի շարք ենթաօրենսդրական ակտեր ընդունի, որոնց մի մասը վերաբերելու է հենց մարզիկներին։ Սակայն պարզվում է, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի եւ պաշտպանության նախարարությունները ոչ միայն հասցրել են քննարկել հարցը եւ առաջարկներ ներկայացնել, այլեւ նախորդ զորակոչի ընթացքում փորձարկել դրանք։ 

Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանից Mediamax Sport-ը մանրամասներ է իմացել, թե ինչ է սպասում մարզիկներին «ՀՀ հավաքական թիմերի լավագույն մարզիկներին պարտադիր զինվորական զորակոչից տարկետում տալու անհրաժեշտության տարկետման տրամադրման կարգը եւ տարկետում ստացող մարզիկների ընտրության կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունումից հետո:

Արտոնությունները շատանալու են

Չնայած որոշման նախագիծը կառավարությունը դեռ չի հաստատել, սակայն երկու նախարարների որոշմամբ մեկ զորակոչ այն որպես պիլոտային արդեն գործել է: Առաջիկա ձմեռային զորակոչի ժամանակ եւս այդպես կգործենք: 

Սպորտային վաշտը, որի վրա տարեկան պետական բյուջեից ծախսվում էր հսկայական գումար, այլեւս գոյություն չի ունենալու: Նախկինում գործող կարգով այն մարզիկները, ովքեր Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում եւ Օլիմպիական խաղերում զբաղեցնում էին մինչեւ 6-րդ տեղը, իրավունք էին ստանում ծառայել սպորտային վաշտում: Սակայն տարվա մեծ մասը նրանք ֆեդերացիաների տրամադրության տակ էին գտնվում: Ամեն անգամ մենք ՊՆ գրություն էինք ուղարկում, որպեսզի մարզիկին ազատ արձակեն հավաքներին կամ առաջնություններին մասնակցելու համար:

Այդ մեծ գումարը, կարելի է ասել, անիմաստ էր ծախսվում, որովհետեւ, խոշոր հաշվով, մարզիկներն այնտեղ չէին մնում ու գտնվում էին մարզումային պրոցեսում: 

Գաբրիել Ղազարյանը Գաբրիել Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Առաջարկվող նախագծով արտոնությունները կընդլայնվեն: Օլիմպիական մարզաձեւերի ներկայացուցիչներն ԱԱ-ում, ԵԱ-ում, Օլիմպիական, պատանեկան Օլիմպիական, Համաշխարհային Ուսանողական եւ Եվրոպական խաղերում մինչեւ 6-րդ տեղը զբաղեցնելու դեպքում 4 տարով տարկետում կստանան: Այդ սկզբունքը կգործի նաեւ Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերողների համար:


Մեր հենակետային մարզաձեւերը համարվող ըմբշամարտից, ծանրամարտից, բռնցքամարտից եւ ձյուդոյից բացի նախագծի մեջ ներառվել են նաեւ մարզաձեւեր, որոնցում մենք այնքան էլ ուժեղ չենք՝ օրինակ, լող, ջրացատկ, հեծանվասպորտ: Այս մարզաձեւերով զբաղվողներն էլ կօգտվեն տարկետումից, եթե իմ թվարկած մրցումներում զբաղեցնեն մինչեւ 12-րդ տեղերը:

Խաղային ու ոչ Օլիմպիական մարզաձեւերը

Օրենքը գործելու է նաեւ խաղային մարզաձեւերի համար: Այն թիմերի կամ հավաքականների անդամները, որոնք կկարողանան արդյունքներ ցույց տալ, կօգտվեն տարկետման իրավունքից: Այն կգործի նաեւ երեք ոչ Օլիմպիական մարզաձեւի ներկայացուցիչների համար՝ շախմատ, սամբո, ուշու: Ընտրությունը պայմանավորված է մեր երկրում դրանց մասսայականությամբ ու գրանցված հաջողություններով:

Մարզիկների անունները եւ մարզական արդյունքները ներկայացնելու են ֆեդերացիաները: Սակայն սպորտի եւ պաշտպանության նախարարությունները կիրականացնեն վերահսկողություն:

Ես կարծում եմ, որ առաջարկվող նախագծից սպորտը միայն շահում է: Մարզիկներն իրենք են շահագրգռվում, որպեսզի անեն հնարավորը մեդալով կամ բարձր ցուցանիշով վերադառնալու համար: Կլինի հաջողություն՝ կազատվեն 4 տարով: Եթե իսկապես տաղանդավոր է մարզիկը, չի կարող տարկետման 4 տարվա ընթացքում առանց մեդալի մնալ կամ նշված արդյունքը ցույց չտալ, իսկ եթե այդպիսին չէ, ուրեմն պրոֆեսիոնալ սպորտը նրա տեղը չէ, ու նա պարտավոր է ծառայել բանակում:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին