Ապրիլ 19, 2024
exclusive
29536 դիտում

Հեղափոխական Գվարդիոլան՝ նորարար ու թարմ գաղափարներով


Լուսանկարը` instagram

Լուսանկարը` mancity.com

Լուսանկարը` mancity.com

Լուսանկարը` mancity.com

Լուսանկարը` goal.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` irishmirror.ie

Լուսանկարը` mancity.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` mancity.com


Նրա մարզիչները կատակում էին, որ չափազանց մեծ գլուխ ունի իր նիհար մարմնի համեմատ: Չափից շատ խելացի է, որպեսզի պարզապես կատարի նրանց առաջադրանքներն ու շատ դաստիարակված՝ մեծերին հակաճառելու համար:

Նա դարձավ «Բարսելոնայի» պատմության ամենահաջողված ու տիտղոսաակիր մարզիչներից մեկը, թիմի հետ 13 տիտղոս նվաճեց, այդ թվում  Չեմպիոնների Լիգայի 2 Գավաթ, նաեւ ամենաերիտասարդ մարզիչն էր, ում ենթարկվեց ՉԼ-ն ու հաջողվեց մեկ տարում 6 տիտղոս նվաճել:

Իսկ նա Պեպ Գվարդիոլան է, մերօրյա ֆուտբոլի ամենատաղանդավոր ու վառ մարզիչներից մեկը: Իսպանացի մարզչի մտերիմները խոստովանում են, որ նրան ֆուտբոլից հնարավոր է շեղել ընդամենը 32 րոպեով:

Mediamax Sport-ը փորփել ու գտել է իսպանացի մարզչի աշխատանքային մեթոդների նրբություններն ու անգլիական Պրեմիեր Լիգա նրա բերած նորարարությունները:

Մտածող Պեպը

4:2, 3:2, 3:0, 7:0, 5:0… Սա Պեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթիում» գրանցած վերջին մի քանի հանդիպումների հաշիվներն են: Պեպի թիմը չի պարտվում այս տարվա Անգլիայի առաջնությունում ու Չեմպիոնների Լիգայում:

«Սիթին» առաջնությունում առաջատար է նաեւ կատարած հարվածներով՝ մեկ խաղում միջինը 18,9: Թիմը եւ խփում է շատ գոլեր, եւ բաց թողնում:

Լուսանկարը` mancity.com


Միշտ սկսում եմ անհանգստանալ, երբ գնդակը մեր կիսադաշտում է հայտնվում: Միշտ պահանջում եմ այն խլել: Իմ փիլիսոփայությունը շատ պարզ է՝ չկա փոխանցում, չկա վերահսկողություն, իսկ երբ չկա դա, չկա նաեւ ֆուտբոլ: Հնարավոր չէ ավելի արագ վազել, քան գնդակն է շարժվում:

Անգլիական թիմ նրա տեղափոխության մասին հայտնի դարձավ 2016-ի փետրվարին: Պայմանագիրը նախատեսված էր 3 տարով, Պեպն էլ տարեկան ստանալու էր մոտ 20 մլն եվրո:

Դեռ առաջին մարզումից առաջ նա փաստորեն, գրեթե, ամեն ինչ գիտեր բոլոր խաղացողների մասին: Պեպն ակումբից բոլորի մասին մանրամասն տեղեկություններ էր խնդրել՝ քաշի, արագության, վնասվածքից ապաքինման ու նմանատիպ այլ տվյալների վերաբերյալ:

Երիտասարդ ժամանակ կարծում էի, որ ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտեմ, բայց երբ հանդիպեցի Յոհան Կրոյֆին, իմ առաջ այլ աշխարհ բացվեց: Մարզիչները սովորաբար շատ են խոսում, բայց նա մեզ սովորեցրեց հասկանալ խաղը:

Լուսանկարը` mancity.com


Հիմա այդպես Գվարդիոլան սովորեցնում է անել «Մանչեսթեր Սիթիի» խաղացողներին՝ վերլուծել սեփական սխալները, ուսումնասիրել մրցակիցներին, ու դա անել գեղեցիկ:

Երբ դիտում եմ մրցակիցների խաղը, միայն մեկ բանի մասին եմ մտածում՝ ի՞նչ անել նրանց դարպասին հասնելու ճանապարհին ոչ մեկին չհանդիպելու համար:

Պեպը ֆուտբոլային դաշտը բաժանում է մասերի, ինչպես շախմատային տախտակի վրա է, ու իր ֆուտբոլիստներին սովորեցնում խաղաքարերի պես շարժվող մրցակիցներին շրջանցել՝ առանց նրանց դիպչելու:

Մրցակիցներին նա ուսումնասիրում է ժամերով, վերցնում է հանդիպումների տեսագրություններն ու փակվում իր աշխատասենյակում, դուրս չի գալիս մինչեւ չի գտնում հակախաղը:

Նստում եմ ու դիտում հանդիպումները: Այդ ժամանակ էլ գալիս է ոգեշնչումը, դա հենց այն պահն է, երբ իմ մասնագիտությունն իմաստ է ստանում: Ես հասկանում եմ՝ ինչպես հաղթել:

Լուսանկարը` mancity.com


Թիմային ոգին ու առողջ սնունդը

Պեպի թիմերում ֆուտբոլիստները գիտեն, որ միանման մարզումներ չեն լինում, նա դրանք անընդհատ է փոխում: Բայց «Սիթիում» նա վերափոխումները սկսեց սննդից, ստիպեց հրաժարվել պիցցաներից, հացեղենից ու կալորիաներով հարուստ հյութերից: Ամեն մարզումից առաջ ֆուտբոլիստները կշռվում են, ու եթե ավելորդ քաշ է գրանցվում, թիմի հետ մարզվել չեն կարող:

Թիմային ոգին այդպես է ստեղծվում, երբ մի ֆուտբոլիստը վազում է նաեւ մյուսների փոխարեն՝ իմանալով, որ իր փոխարեն էլ են վազելու: Ես ֆուտբոլիստների հետ չէ, որ գործ ունեմ, այլ մարդկանց, որոնք անհանգստանում են ու վախենում 80 հազ. երկրպագուների առաջ պարտվել: Դրա համար էլ պետք է կարողանամ համոզել, որ առանց թիմակցի նրանք ոչինչ են: 

Արգելված ուտելիքներին փոխարինելու են եկել պնդուկն ու նուշը, որոնք հիանալի են օգնում հանդիպումներից ու ծանր մարզումներից հետո:

Պեպը պահանջել է նաեւ ավտոմատ սարքերից ու ակումբի խոհանոցից հեռացնել քաղցրավենիքն ու սուրճը՝ թողնելով միայն մաքուր շոկոլադը: Այդ խիստ ռեժիմին միայն ֆուտբոլիստները չէ, որ ենթարկվում են, այլ ողջ անձնակազմը: Իսկ ուտելիքներից ճաշացանկում մեծ տեղ են զբաղեցնում ծովամթերքը, հավի միսը, բրինձը, մակարոնեղենն ու աղցանները:

Ինքը՝ Գվարդիոլան, հանդիպումների օրն ընդհանրապես չի ուտում, համարում է, որ այդկերպ արյունն ավելի լավ է հասնում գլխուղեղին՝ նպաստելով արդյունավետ աշխատանքին:

Լուսանկարը` goal.com


Միասնական թիմը

Հունվարի 18-ին՝ իր ծննդյան օրը, «Տոտենհեմից» 0:4 հաշվով կրած պարտությունից հետո Պեպն իր ֆուտբոլիստների հետ կինոթատրոն գնաց: Այդ ժամանակ ցուցադրվում էր «Լա-Լա-Լենդ» մյուզիքլը, որն էլ դիտեցին ողջ թիմով: Նպատակը մեկն էր՝ հանել լարվածությունն ու տղաներին ավելի միասնական դարձնել:

Գվարդիոլան խնդրեց վնասվածք ունեցող Բենջամին Մենդիին ավելի հաճախակի լինել հանդերձարանում, քանի որ նրա հումորի ու անմիջականության շնորհիվ մթնոլորտը միշտ ջերմ է լինում:

Մարզչի հաջորդ պահանջը Wi-Fi-ն անջատելն էր, քանի որ, ըստ նրա, ֆուտբոլիստները պետք է շփվեն, ոչ թե հետեւեն իրենց սոցցանցերի ակտիվությանը: Նաեւ պահանջեց, որ խաղացողները միասին նախաճաշեն ու ընթրեն՝ խոսելով միայն անգլերեն: Ասում են, այդ ժամանակ պետք էր տեսնել Սերխիո Ագուերոյի դեմքը, քանի որ նա, 2011-ից խաղալով Անգլիայում, դեռ իսպաներեն է խոսում:

Հաղթանակը միշտ անչափ կարեւոր է, այսպիսի հրահանգ պետք է ինքդ քեզ տաս: Եթե խաղադաշտ դուրս գաս մտածելով, որ մրցակցն իրենից ոչինչ չի ներկայացնում, հաստատ կպարտվես:

Լուսանկարը` uefa.com


Խիստ մարզչի մյուս հանձարարությունն այն էր, որ խաղացողներն անպայման տանը գիշերեն, այդ պրակտիկան էր կիրառվում նաեւ «Բարսելոնայում»: Նրա մարդիկ զանգահարում էին ֆուտբոլիստների տուն, ու խաղացողներն իրենք էին պարտավոր պատասխանել զանգին: Հակառակ դեպքում տուգանք էին վճարում, եթե չէին կարողանում հիմնավորել իրենց բացակայության պատճառները:

Խենթ մարզիչը

Գվարդիոլան գրավել է ֆուտբոլային աշխարհն իր յուրահատուկ մարզչական մտածելակերպով, երիտասարդներին հավատալու ունակությամբ, աշխատանքային էթիկայով ու նրբաճաշակությամբ: 

Ես լավագույն մարզիչը չեմ, պարզապես ձգտում եմ աշխատանքս կրքով կատարել: Երբեմն պարտությունից ավելի մեծ հաճույք եմ ստանում, քան հաղթանակից, 6:0 հաշվով հաղթանակը դժվար թե որեւէ բան սովորեցնի: Կարող եմ ներել անհաջությունը, սակայն երբեք ոչ ցանկության բացակայությունը: Ես մարզիչ եմ ու պետք է կարողանամ իմ դիրքորոշումը բացատրել լրագրողներին, դրանից է կախված առավոտյան ինչ վերնագրերով լույս կտեսնեն թերթերը:

Նա որոշ առումով խենթ է, սիրահարված իր բարդ ու պատասխանատու աշխատանքին, չի վախենում մարտահրավերներից, աշխարհի ուժեղագույն թիմերում աշխատելուց, չէ որ միայն այդկերպ է հնարավոր աճել ու նոր բարձրունքներ նվաճել:

Լուսանկարը` irishmirror.ie


Իսկ նրա ֆուտբոլային մտքերն ավելի ակնհայտորեն են բնութագրում Պեպ մարզչին ու մարդուն:

Ոչինչ այնքան ռիսկային չէ, որքան ռիսկի բացակայությունը:

Աճել թույլ են տալիս միայն սխալներն ու պարտությունները:

Ասում են՝ ավելի հեշտ է փոխել կնոջը, քան ակումբը: Այդպես էլ կա:

Հաղթանակի միակ օգուտն ամուր քունն է:

Չեմպիոնների Լիգան նման է թանկարժեք ռեստորանի ուտելիքի: Բայց եթե ամեն օր քեզ պիցցա ու համբուրգեր են տալիս, մարզավիճակդ պահպանելը հեշտ չէ:

Անգամ եզրափակչում  պարտվելով՝ կարող ես Աշխարհի լավագույն թիմը մնալ: Բայց միայն այն հաղթելով է հնարավոր հավերժության մասը դառնալ:

Մեսսին հրեշտակի դեմքով գազան է: Կանցնի 600 տարի, նոր ինչ-որ մեկը կկարողանա կրկնել նրա ռեկորդները:

Երիտասարդներին  որպես օրինակ միշտ Ինիեստային եմ բերում: Հրաշալի է ֆուտբոլ խաղում ու դրա համար նրան ոչ դաջվածքներ, ոչ էլ ներկած մազեր պետք չեն:

Խաղից առաջ միայն մեկ սովորություն ունեմ՝ պարտադիր զանգում եմ կնոջս ու ավագ դստերս:

Ես մարզիչ եմ, ոչ թե Հարրի Պոտերը: Խաղադաշտում միշտ գնդակն է թելադրում կանոնները:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին