exclusive
31004 դիտում

Ստադիոններ. Այլընտրանքային էներգիա ունեցող, թռչնաբնի պես ու սառնաշունչ


Լուսանկարը` twitter

Լուսանկարը` trivela.uol.com.br

Լուսանկարը` barcamania.com

Լուսանկարը` twitter

Լուսանկարը` redbull.com

Լուսանկարը` thespaces.com

Լուսանկարը` trivela.uol.com.br

Լուսանկարը` twitter


Ֆուտբոլիստներն իրենց գործն անում են խաղադաշտում, իսկ մտքի երեւակայական թռիչք ունեցողներն ու գեղեցիկն արարելու մասնագետները նրանց համար ստեղծում են յուրահատուկ ստադիոններ:

Այսօրվա հերոսները ճարտարապետական յուրահատուկ լուծումներ ունեցող, ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով այլընտրանքային էներգիա արտադրող, թռչնաբուն հիշեցնող, մշակութային ժառանգության կողքին ու սառչաշունչ Ատլանտիկ օվկիանոսի ափին գտնվող ստադիոններն են:

Mediamax Sport-ը ներկայացնում է աշխարհի շուրջ կատարած վիրտուալ ճանապարհորդության ընթացքում գտած յուրահատուկ կառույցները:

«Քեյփթաուն» (ՀԱՀ)

«Քեյփթաունը» 2010 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության ստադիոններից է, ընդունել է 8 հանդիպում: Այն կառուցվել է «Կանաչ կետ» ստադիոնի տեղում, որն ամբողջովին քանդվել է 2007 թվականին:

3 տարվա շինարարական աշխատանքներից հետո 2009-ին ստադիոնը շահագործման է հանձնվել ու որոշ ժամանակ շարունակել կոչվել «Կանաչ կետ»: Սակայն Քեյփթաունի քաղաքային խորհուրդը որոշել է վերափոխել անվանումը:

Լուսանկարը` twitter


Ստադիոնը նախատեսված է 66 հազ. հանդիսատեսի համար, նախկինում այն ընդամենը 18 հազ. նստատեղ ուներ:

Ճարտարապետները նախատեսել էին այն ճախրող ամպի տեսքով կառուցել, ինչը եւ կարողացել են իրականացնել: «Քեյփթաունի» յուրահատկություններից մեկն էլ այն է, որ խաղին զուգահեռ երկրպագուները կարող են հիանալ նաեւ օվկիանոսի գեղեցկությամբ: Այն քաղաքի հանգիստ թաղամասերում է գտնվում, որտեղ շատերն են նախընտրում զբոսնել:

Ոչ ֆուտբոլային օրերին այնտեղ այլ մարզաձեւերի մրցումներ են անցկացվում, ինչպես նաեւ համերգներ ու ցուցահանդեսներ: «Քեյփթաունում» համերգներ են ունեցել Մայքլ Ջեքսոնը, Ռոբի Ուիլյամսը եւ այլ հայտնի աստղեր:

Մոռո դա Մինեյրա (Բրազիլիա)

Բրազիլիայում ապրում են, շնչում ֆուտբոլով: Այնտեղ յուրաքանչյուր բակ, թաղամաս ու շենք իր սեփական դաշտն ունի, որտեղ էլ ծնվում են ապագա պելեները, ռոնալդոներն ու նեյմարները:

Լուսանկարը` trivela.uol.com.br


Այսօրվա մեր ամենայուրահատուկ դաշտերից մեկն էլ գտնվում է Ռիո դե Ժանեյրոյի հենց կենտրոնում գտնվող ամենամեծ Մոռո դա Մինեյրա ֆավելայում: Այն առաջին նմանատիպ ֆուտբոլային դաշտն է, որն էլեկտրականություն ունի: Բոլոր աշխատանքերը կատարվել են 18 ամսում:

Մինչ այդ խաղադաշտն այդքան էլ լավ վիճակում չէր գտնվում, բացի այդ էլ մութն ընկնելուն պես այնտեղ հնարավոր չէր ֆուտբոլ խաղալ:

Բրազիլիան խենթ ֆուտբոլային երկիր դարձնելու գաղափարը Պելեինն է, հենց նա է հանդես եկել նախաձեռնությամբ ու JWT London ու Shell ընկերություններին թույլ տվել կյանքի կոչել իրենց նորարարական գաղափարը:

Ինժեներներն առաջին անգամ փորձել են միացնել ֆուտբոլն ու այլընտրանքային էներգիան:  Մինչ այդ նրանք արդեն ստեղծել էին ֆուտբոլային գնդակ աղքատ երկրների համար, որն ի զորու էր կենցաղային կարիքների համար էլեկտրաէներգիա արտադրել:

Լուսանկարը` trivela.uol.com.br


Իսկ Ռիոյում այդպիսին մի ամբողջ ֆուտբոլային դաշտ կառուցվեց՝ որը միաժամանակ նաեւ էլեկտրակայան է:

Դաշտի մեջ տեղադրված են Pavegen ընկերության 200 պանելներ, որոնք խաղացողների կինետիկ էներգիան վերածում են էլեկտրականի, ինչի արդյունքում էլ երեկոյան լույսերը վառվում են:

Դաշտում վազող երեխաներն այդպիսով իրենք են արտադրում էներգիա: Սակայն նրանք էլեկտրականության միակ աղբյուրը չեն, կան նաեւ արեւային մարտկոցներ:

Ստադիոնը կառուցվել է Royal Dutch Shell ընկերության պատվերով, որը մի շարք բարեգործական նախագծեր է իրականացրել ամբողջ աշխարհում:

Ազգային ստադիոն (Չինաստան)

Բազմաֆունկցիոնալ սպորտային համալիրը կառուցվել է 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի համար: Այն էլ հենց ընդունել է խաղերի բացման ու փակման արարողությունները: Հայտնի է նաեւ «Թռչնաբուն» անունով, նախատեսված է 91 հազ. հանդիսականի համար:

Ստադիոնի շինարարությունը սկսվել է 2003 թվականին, իսկ բացումը կայացել 2008-ի մարտին: Շինարարության վրա ծախսվել է 3,5 մլն յուան, ինչը մոտավորապես 325 մլն եվրո է կազմում: Ստադիոնը նաեւ 2022 ձմեռային խաղերի բացման ու փակման արարողություններն է ընդունելու:

«Թռչնաբունը» բավական հետաքրքիր ու անսովոր տեսք ունի: Այն շվեյցարացի ճարտարապետներ Ժակ Հերցոգի ու Պիեր դե Մերոնի նախագիծն է: Նրանք հիանալի կերպով կարողացել են արեւելքի ավանդույթները, ներդաշնակությունն ու գեղեցկությունը վերածել գեղեցիկ ստադինոնի, որը զարդարում են 258 հազ. լուսադիոտային լամպեր:

Կառուցման ընթացքում ոչ մի հորիզոնական սյուն չի օգտագործվել, ինչի արդյունքում պահանջվել է մեծ քանակությամբ տեխնիկա ու 36 կմ երկաթե ձող, ինչը մոտ 45 տոննա է կշռել:

Լուսանկարը` barcamania.com


Ստադիոնի տարածք հնարավոր է մտնել միայն հատուկ էլեկտրոնային արգելապատնեշներն ացնելուց հետո, դրանք չինացիների պատվերով Գերմանիայում են պատրաստել:

«Օտտմար Հիցֆելդ» (Շվեյցարիա)

Շվեյցարական Գսպոն գյուղն ամբողջ աշխարհին հայտնի է դարձել համանուն ֆուտբոլային թիմի ու այնտեղ կառուցված ստադիոնի շնորհիվ: Այն կրում է գերմանացի հայտնի ֆուտբոլիստ ու մարզիչ Օտտմար Հիցֆելդի անունը:

Դաշտը գտնվում է շվեյցարական Ալպերում ծովի մակարդակից 2000 մ բարձրության վրա, ինչի շնորհիվ այն Եվրոպայի ամենաբարձրադիր ֆուտբոլային դաշտն է համարվում:



Քանի որ բարձրադիր տեղերում խոտը մեծ դժվարությամբ է աճում, այն արհեստական տորֆի վրա է կառուցվել:

Դաշտը շատ բարձր դիրք ունի ու այնտեղ հասնելը մեծ դժվարություն է առաջացնում: Ֆուտբոլիստները ճոպանուղիով են գալիս, որտեղից ճանապարհ կա միայն հարեւան Շտալդեն գյուղից:

2007-ին այդտեղ առաջին անգամ անցկացվել է բարձրլեռնային ֆուտբոլային թիմերի մրցաշարը: Մասնակիցներ են եկել Իսպանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Շվեդիայից, Ավստրիայից ու Հոլանդիայից: ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերն է նաեւ հետեւել մրցաշարի ընթացքին: Նա տպավորվել է մրցաշարով ու խոստացել թիմերին օգնել դաշտերի հետ կապված հարցերում:

Լուսանկարը` thespaces.com


Վարաժդինի ամրոցի դաշտը (Խորվաթիա)

Վարաժդին քաղաքը գտնվում է Զագրեբից 70 կմ հյուսիս-արեւելք: Այն հատկապես հայտնի է միջնադարյան ամրոցներով ու գեղեցիկ շինություններով:

1765-76 թթ. մեծահարուստներն ու ազնվական ընտանիքները հենց Վարաժդինում էին ապրում, բայց այն բանից հետո, երբ քաղաքում հրդեհ բռնկվեց, այն առաջատար դիրքերը Զագրեբին զիջեց:

Ավերիչ հրդեհը ոչնչացրեց, գրեթե, բոլոր շինությունները, որոնք երկար տարիների ընթացքում կրկին վերականգնվել են: Դրանից մեկն էլ Կամերլենգո ամրոցն ու Սուրբ Մարկոյի աշտարակն են, երկուսն էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում են:

Լուսանկարը` twitter


Հենց դրան հարեւանությամբ էլ գործում է ֆուտբոլային դաշտ: Այն «Տրոգիր» է կոչվում համանուն թիմի պատվին, որն էլ իր տնային հանդիպումներն անցկացնում է այդտեղ:

«Էյդի» ստադիոն (Ֆարերյան կղզիներ) 

Ֆարերյան կղզիների ամենագեղեցիկ ու զարմանալի տեսարժան վայրերն ամբողջ երկրով սփռված յուրահատուկ ֆուտբոլային դաշտերն են: 49 հազար բնակչություն ունեցող երկիրը 3000 նստատեղ ունեցող ընդամենը 20 ստադիոն ունի:

Մնացածն առանց տրիբուանների են ու եղանակային տարբեր պայմանների դեպքում երկրպագուները ստիպված են լինում դիմակայել դրանց:

Ստադիոնների մեծ մասը Ատլանտյան օվկիանոսի ափին են կամ Սլտտարատինդուր ձյունապատ լեռան հարեւանությամբ:

Լուսանկարը` redbull.com


«Էյդի» մարզադաշտն էլ Ատլանտյանի ափին է՝ մի քանի մետր հեռավորության վրա,  այն կրում է համանուն քաղաքի անվանումը, որը 669 բնակիչ ունի: Դաշտից երեւում է  նաեւ Տոֆտավատն լիճը:

Այն ընդմենը մեկ փոքրիկ տրիբունա ունի, որտեղ հաշված երկրպագուներ միայն կարող են տեղավորվել:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին