exclusive
38084 դիտում

Դարչինյան-Դոնեյր. Կատաղած ցուլի հեղինակության մենամարտը


Լուսանկարը` sbnation.com

Լուսանկարը` youngvictorboxing.com.au

Լուսանկարը` latimes.com

Լուսանկարը` boxnews.com.ua

Լուսանկարը` ringtv.com

Լուսանկարը` hbo.com

Լուսանկարը` thecomeback.com

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` boxingscene.com

Լուսանկարը` boxingscene.com

Լուսանկարը` zimbio.com

Լուսանկարը` sbnation.com

Լուսանկարը` AP


Վիկ Դարչինյան-Նոնիտո Դոնեյր դիմակայությունը 2 մասից է բաղկացած: Առաջինը տեղի ունեցավ հեռավոր 2007-ին: Այն ժամանակ դեռ անպարտելի Աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը կրեց առաջին պարտությունը:

Այդ մենամարտը խորը հետք թողեց Դարչինյանի ողջ կարիերայի վրա, հետագայում նա անընդհատ փորձեց վերականգնել իր հեղինակությունն ու պահանջեց ռեւանշ-հանդիպում:

Այն 2013 թվականին, այնուամենայնիվ, կայացավ, սակայն այս անգամ Mediamax Sport-ի ուշադրության կենտրոնում բռնցքամարտիկների մի քանի ռաունդից բաղկացած «լեզվակռիվն» է:

Առաջին ծանր պարտությունը՝ ռաունդ-1

28 հաղթանակ տարած ու ամբողջ աշխարհին Կատաղի Ցուլ մականունով հայտնի Դարչինյանը 2007-ի հուլիսի 7-ին վայր դրեց իր չեմպիոնական լիազորությունները: 5-րդ ռաունդում նա զիջեց նոկաուտով:

Ասել, որ այդ պարտությունը նա չափազանց ծանր տարավ, կնշանակի ոչինչ չասել: Այդ մենամարտից տարիներ անց Դարչինյան այսպես է խոսել իր մրցակցի մասին.

«Վեց տարի առաջ ես չէի ճանաչում Դոնեյրին, ոչ ոք չէր ճանաչում նրան: Ինձ հետ մենամարտում նա հայտնի դարձավ, իսկ հիմա բոլորը Դոնեյրին ուժեղ մարզիկ են համարում: Դա իմ առաջին պարտությունն էր, բայց ես չընկճվեցի, կարողացա բացարձակ չեմպիոն դառնալ, իսկ դա ապացուցում է, որ ես եմ սխալվել, ոչ թե Դոնեյրն է լավը եղել»:

Լուսանկարը` youngvictorboxing.com.au


2007-ից հետո տարիներ շարունակ Դարչինյանն ամեն կերպ փորձում էր մրցակցի հետ համաձայնության գալ ու նրանից պատասխան մենամարտ անցկացնելու համաձայնություն ստանալ:

Բռնցքամարտիկները սովորաբար շատ են սիրում խոսել մրցակցի մասին` թույլ տալով նրանց հասցեին «սիրալիր արտահայտություններ»: Դարչինյանն էլ բացառություն չէր, ռինգում էլ, նրա սահմաններից դուրս էլ հայ բռնցքմարտիկի ձեռքից ու լեզվից քչերն են կարողացել անվնաս դուրս գալ:

Հակամարտության 2-րդ ռաունդ

2009-ին Դոնեյրը ցանկություն հայտնեց մենամարտել WBO-ի չեմպիոն Խորխե Արսեի հետ, որին նույն տարում Դարչինյանը հաղթել էր: Հայ բռնցքամարտիկի համար դա իր հետ ռեւանշից խուսափելու միջոց էր:

Դարչինյան. Ո՞ւմ հետ է նա մենամարտել ինձնից հետո: Միայն թույլերի, որոնց տեղը ռինգում չէ: Աղոթում եմ, որ իր հաջորդ մենամարտը Նոնիտոն հաղթի ու վնասվածք չստանա, որպեսզի նոր արադարացումներ չփնտրի: Հերիք է ստեր փչել, թե ես կարող էի մենամարտել քեզ հետ, սակայն չեմ արել դա: Ես հենց վաղը պատրաստ եմ քեզ հետ ռինգ դուրս գալ: Քեզ համար հատուկ այնպիսի մրցակիցներ են ընտրում, որ չվնասվես: Դու կեղծ ես, ու ես դա կապացուցեմ:

Լուսանկարը` latimes.com


2010-ին, երբ թվում էր կողմերի միջեւ համաձայնությունն արդեն կնքվել է, այն կրկին չեղարկվեց: Առաջին թեթեւագույն քաշային կարգում WBA ու WBC վարկածներով չեմպիոն հայազգի բռնցքամարտիկն այլեւ չցանկացավ սպասել ու ապրել ֆիլիպինցու հետ մենամարտի սուտ հույսերով:

Դարչինյան. Ես Աշխարհի չեմպիոն եմ, ուզում եմ 4-5 քաշային կարգերի չեմպիոնի կոչումները նվաճել, չեմ ցանկանում ժամանակս իզուր վատնել՝ սպասելով, թե Նոնիտո Արքայադուստրը երբ կորոշի, ցանկանում է մենամարտել, թե ոչ: Նա գիտի՝ ինչ է իրեն սպասվում, եթե մենք ռինգում հանդիպենք: Նոկաուտի եմ ենթարկելու: Խելամիտ է չհանդիպել մրցակցի, որը կոչնչացնի ողջ կարիերադ:

2011-ին էլ բռնցքամարտիկները միմյանց դեմ վճռական էին տրամադրված ու չէին խնայում միմյանց հասցեին «հաճոյախոսություններ» անել:

Դոնեյր. Նախորդ տարվա օգոստոսի 21-ին պայմանավորված էր մեր հանդիպումը Դարչինյանի հետ: Նա հրաժարվել է մենամարտից, քանի որ իբր ես պայմանագիրը չեմ ստորագրել: Սակայն դեռ 3 ամիս ժամանակ կար: Իսկ հիմա, երբ նա հաղթել է Պերեսին, կրկին հիշել է իմ մասին: Բայց ահա թե ինչ, նրա քաջությունը միշտ այն ժամանակ է թույլ տալիս ինձ մենամարտի հրավիրել, երբ դա անլուրջ է հնչում:

Լուսանկարը` boxnews.com.ua


Դարչինյան.Արդեն 4 տարի է ես այդ մենամարտին եմ սպասում, բայց նա հրաժարվում է: Անգամ իմ ողջ հոնորարն եմ պատրաստ նրան տալ, միայն թե ինձ հետ ռինգ դուրս գա: Նոնիտոյի հետ պատրաստ եմ մենամարտել որտեղ ցանկանա ու երբ ցանկանա:

Այդ ժամանակ էլ նա ասել էր իր ամենահայտնի արտահայտություններից մեկը՝ «Ձեր գարաժում էլ ըլի, կրիլ տեմ», սակայն հանդիպումը գնալով ուշանում էր, իսկ բռնցքամարտի միջազգային կառույցները դժվար թե համաձայնություն տային ավտոտնակում մենամարտ անցկացնել:

2-րդ հանդիպման անցկացման ճանապարհին՝ ռաունդ-3

Լեզվակռիվն ու բանակցությունները թեւակոխեցին վճռական փուլ 2013-ին: Այդ ժամանակ արդեն 2 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Նոնիտո Դոնեյրը հայտարարեց, որ ինքը չի կարող ռեւանշ-մենամարտ անցկացնել 37-ամյա Վիկ Դարչինյանի հետ:

Ֆիլիպինցի բռնցքամարտիկը 63,5 կգ էր կշռում ու պետք է վիրահատության ենթարկվեր, որից հետո նոր կկարողանար մենամարտել առաջին կիսաթեթեւ քաշային կարգում: Իմանալով այդ մասին՝ Վիկը կտրուկ արձագանքեց:

Դարչինյան. Կարեւոր չէ, թե ինչպես կարդարանաս, քեզ նոկաուտի եմ ենթարկելու: Այսպես թե այնպես, սպանելու եմ քեզ: Կրկին հիշեցնեմ, որ ես եմ քեզ աստղ դարձրել, իմ շնորհիվ էլ կմարես: Մի օգտագործիր հավելումներ ու քաշի խնդիրներ չեն առաջանա: Անցել է 6 տարի, ինչ ես քեզնից ռեւանշ-մենամարտ անցկացնելու հնարավորություն եմ խնդրել:

Լուսանկարը` ringtv.com


Այդ մենամարտը Դարչինյանն ամենից շատն էր տենչում ու նրան այլ բան չէր մնում, քան շարունակել մրցակցին սադրել, վիրավորել ինքնասիրությունն ու ստիպել նորից հանդիպել ռինգում:

Դարչինյան. Ես ուզում եմ բոլորին ապացուցել, որ նրա բախտը 2007-ին պարզապես բերել է: Երբ ես բացարձակ չեմպիոն դարձա, նրան ասացի. «Արի նորից մենամարտենք»: Սակայն Դոնեյրը հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ արդեն ինձ հետ կռվել է: Նա պարզապես ինձնից վախենում է, դա է հրաժարվելու միակ պատճառը: Հանդիպիր ինձ հետ եւ ապացուցիր, որ դու ճուտիկ չես, ես առանց խնդրի կանցնեմ WADA-ի դոպինգ-թեստերը:

Դոնեյր. Դու ասում ես, որ կոչնչացնես ինձ, նույն էլ ես քեզ կպատասխանեմ, ուղղակի ես դա տասնապատիկ անգամ կանեմ: Նորից եմ ուզում մենամարտել քեզ հետ ու նորից հաղթել: Ես Ֆիլիպիններում եմ ծնվել ուսուցչի ու զինվորականի ընտանքիում, շատ դժվարություններ եմ ունեցել: Սակայն երբ 10 տարեկանում տեղափոխվել ենք ԱՄՆ, կյանքս կտրուկ փոխվել է:

Այդ ժամանակ ես ընդամենը թույլ տղա էի, միշտ հիվանդ էի լինում: Սկսեցի բռնցքամարտով զբաղվել, ինչն ինձնից ոչ ոք չէր սպասում, միշտ վախեցած էի ռինգում: Ես էլ չէի կարծում, որ լավ բռնցքամարտիկ կդառնամ: Հիմա ես զգում եմ իմ ուժը ու պատրաստ եմ ցանկացած մարտահրավերի: Ուզում եմ կրկին մենամարտել, հաղթել ու տեսնել, թե որքան հեռուն կարող եմ գնալ:

Լուսանկարը` hbo.com


Որոշիչ լեզակռիվներն ու մենամարտը՝ ռաունդ-4

Կրքերը երկուստեք թեժացան, բռնցքամարտիկներից ոչ մեկը չէր ցանկանում զիջել նաեւ այս դիմակայությունում: Դարչինյանը կրակի վրա յուղ էր լցնում, իսկ Դոնեյրին մնում էր այն ավելի բորբոքել:

Դարչինյան. Ես միեւնույն է նրան նոկաուտի եմ ենթարկելու: Ես ավելին եմ կարող, ավելի շատ էներգիա ունեմ ու շատ եմ մոտիվացված: Պատրաստվում եմ ռինգ դուրս գալ ու ոչնչացնել նրան: Ամբողջ աշխարհին կապացուցեմ, որ սա ինձ համար շատ կարեւոր մենամարտ է:

Դոնեյր. Պերեսին հաղթելուց հետո Դարչինյանն իրեն ավելի վստահ է զգում, ու եթե ուզում է մենամարտել ինձ հետ, ես պատրաստ եմ: Բայց կրկին նույն բանն է կատարվելու ռինգում՝ նրան ուղարկելու եմ քնելու: Ես անընդհատ անտեսում եմ Դարչինյանին, սակայն նա ասես փոքրիկ չիխուախուա լինի, անընդհատ ձայներ է հանում: Արդեն հոգնել եմ, ուզում եմ նրա բերանը փակել: Իհարկե, ես դեմ չեմ այդ հանդիպմանը, մանավանդ, որ այն ինձ 2 գոտի է բերելու: Եկեք վերջապես կազմակերպենք այդ մենամարտը:

Լուսանկարը` AP


Դարչինյան. Դու գիտես, որ հաջողությունն է քեզ պարզապես ժպտացել: Եթե իսկական տղամարդ ես, անցկացրու այդ մենամարտը:

Ու վերջապես 6 տարվա պայքարից ու համառումներից հետո Դարչինյանը վերջապես ստացավ իր երազած մենամարտը: 2013 թվականի նոյեմբերի 9-ին Տեխասի Կորպուս- Քրիստի քաղաքում նա հանդիպեց Դոնեյրին ու կրկին պարտություն կրեց:

Մարտը պլանավորված էր անցկացնել 10 ռաունդ, մինչեւ 9-րդ ռաունդն այն անցավ գրեթե հավասար պայքարում: Սակայն  9-րդ ռաունդում ֆիլիպինցի բռնցքամարտիկը նոքդաունի ենթարկեց Դարչինյանին: Դոնեյրի մի քանի գրոհներից հետո ռինգի մրցավարը որոշեց կանգնեցնել մենամարտը եւ հաղթանակը շնորհել ֆիլիպինցուն: Այդ որոշումից առաջ Դարչինյանը հաղթում էր 78: 74 հաշվով, սակայն որոշիչ հարվածի հեղինակը Դոնեյրը դարձավ:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին