Ապրիլ 25, 2024
exclusive
32614 դիտում

Թբիլիսիի նորաձեւ ղեկավարը. Ֆուտբոլից քաղաքականություն տանող ուղին


Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Instagram

Լուսանկարը` Instagram

Լուսանկարը` Instagram

Լուսանկարը` Instagram

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Instagram

Լուսանկարը` Instagram


Իտալական «Միլանի» ու Վրաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան ու ավագ Կախա Կալաձեին այսուհետ նոր կարգավիճակում ենք տեսնելու:

Արդեն նախկին հայտնի 39-ամյա ֆուտբոլիստը նոր բարձունքներ է նվաճում որպես քաղաքական գործիչ: Հոկտեմբերի 22-ին կայացած ընտրություններում նա առաջին փուլով ընտրվել է Թբիլիսիի քաղաքապետ:

Mediamax Sport-ն ուսումնասիրել է ՉԼ-ի կրկնակի հաղթողի ու Իտալիայի չեմպիոնի անցած ուղին ու ներկայացնում է ֆուտբոլիստ-քաղաքապետ Կալաձեին:

Մուտքը քաղաքականություն

Իր ֆուտբոլային նորամուտը նա նշել է 1994 թվականին Թբիլիսիի «Դինամոյում», կարողացել է հիանալի կարիերա ունենալ, Վրաստանի, Ուկրաինայի եւ Իտալիայի չեմպիոն դառնալ, ազգային ընտրանու կազմում 83 հանդիպում անցկացնել: Միակ վրացի ֆուտբոլիստն է, ով 2 անգամ հաղթել է եվրոպական ֆուտբոլային ամենահեղինակավոր մրցաշարում՝ Չեմպիոնների լիգայում:

Կարիերան Կալաձեն 2012 թվականին է ավարտել, հրաժեշտի հանդիպումն էլ մեկ տարի անց կազմակերպել: 60-հազարանոց «Դինամո» մարզադաշտը պռնկեպռունկ լցված է հրաժեշտ տվել սիրելի ֆուտբոլիստին: Նրա պատվին Թբիլիսի են ժամանել Մալդինին, Շեւչենկոն, Ինձագին, Կանավարոն, Կոուտուն, Ռոսսին…

Լուսանկարը` Facebook


Նույն տարի էլ զբաղվել է քաղաքականությամբ, որով սկսել էր հետաքրքրվել դեռ Իտալիայում խաղալու տարիներից:

«Ես մտածում էի իմ երկրի ու ժողովրդի ապագայի մասին: Ուզում եմ, որ երեխաներս մեծանան ազատ ու դեմոկրատական երկրում: Երբ ես տեսա, թե Վրաստանում ինչ է տեղի ունենում ու մարդիկ ինչպես են ապրում, որոշեցի, որ ընդմիշտ պետք է վերադառնալ հայրենիք ու օգնել մարդկանց»,- տարիներ առաջ նշել է Կալաձեն:

Ընդդիմադիր «Վրացական երազանք» նրան Բիձինա Իվանիշվիլին է հրավիրել: 2012-ին նրանց քաղաքական խմբավորումը հաղթել է Միխայիլ Սահակաշվիլիի «Ազգային շարժմանը»: Կալաձեն 2012-ի հոկտեմբերին զբաղեցրել է էներգետիկայի նախարարի ու փոխվարչապետի պաշտոնները:

«Սկզբում շատ դժվար էր: Տնից առավոտյան շատ շուտ էի դուրս գալիս ու վերադառնում լուսաբացին, քանի որ ցանկանում էի ամեն ինչից գլուխ հանել: Բայց ես այդ ամենին պատրաստ էի: Դեռ խաղալու տարիներին բիզնես ունեի, ամեն ինչին ինքնուրույն էի հասել: Այնպես որ, լավ մենեջերի որակներ արդեն ունեի: Իսկ կարիերայիս 12 տարիների ընթացքում բավականին գումար էի վաստակել, որ հրաժարվեմ փոխվարչապետի աշխատավարձից»:

Այդ գումարը՝ մոտ 8,5 հազ. դոլար, նա ամեն ամիս տրամադրում էր Թբիլիսիի ուռուցքաբանության հիվանդանոցին:

Քաղաքապետի պաշտոնի համար պայքարը


Թբիլիսյան ակումբում 23 տարի առաջ առաջին քայլերը կատարելիս Կալաձեն, հավանաբար, երազել էլ չէր կարող մի օր այդ քաղաքը գլխավորելու մասին:

Կիրակի «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչ Կալաձեն ֆուտբոլային դաշտից դուրս իր առաջին ամենամեծ հաղթանակներից մեկը տարավ: Նա ստացավ քվեարկողների 51,06 % ձայները:

Քաղաքապետի պաշտոնում ընտրվելը նախկին ֆուտբոլիստի համար չափազանց կարեւոր էր: Նախընտրական արշավի մեկնարկում նա ընդգծել էր, որ ուզում է փորձել իր ուժերն ու հասկանալ, ո՞ւմ են ավելի շատ հարգում՝ Կալաձե քաղաքական գործչին, թե՞ Կալու ֆուտբոլիստին:

Լուսանկարը` Facebook


«Շատ պարզ կարգախոս էինք ընտրել «Թբիլիսին՝ լցված մարդկանցով»: Այն նաեւ մեր թիմի կարգախոսն է դառնալու: Իրավիճակը շրջաններում փորձելու են ակտիվացնել նաեւ իմ կուսակիցները»,- ընտրվելուց հետո խոստովանել է Կալաձեն:

Մասշտաբային ընտրարշավից նա միանգամից էր հրաժարվել, պարզապես շրջել է Թբիլիսիում, բջջային հեռախոսով նկարել քաղաքի խնդիրներն ու հոլովակները տեղադրել համացանցում.

«Ահա ձեզ հետ ժամերով խցանման մեջ ենք հայտնվել, բողոքում ենք նեղ ճանապարհների դեմ: Սա մեծ խնդիր է, որը միասին ենք փորձելու լուծել: Չպետք է նաեւ հետիոտների մասին մոռանալ, ինչպես նաեւ սպորտով զբաղվող մարդկանց: Նրանց հարթակներ, վազքուղիներ են պետք»,- ասում էր Կալաձեն:

Քաղաքը գեղեցիկ, հարմար ու ժամանակակից դարձնելու համար Կալաձեն բազմաթիվ մտահաղացումներ ունի: Ամենակարեւորը մարդիկ վսահում են նրան ու մեծ փոփոխություններ սպասում:

Լուսանկարը` Facebook


Նորաձեւ քաղաքապետը

Կալաձեն ոչ միայն հայտնի ու եռանդով լի քաղաքապետ է, այլ նաեւ չափազանց նորաձեւ: Դեռ Միլանում խաղալու տարիներից նա սկսել է մեծ ուշադրություն դարձնել իր արտաքին տեսքին, հետեւել նորաձեւությանն ու գեղեցիկ հագնվել:

Կալաձեն sprezzatura ոճի հետեւողներից է, որը նախկինում միայն իտալացիների սեփականությունն էր համարվում: Սակայն այդ երկրում անցկացրած 11 տարիներն անհետեւանք անցնել չէին կարող: Այդ հարցում նրան շատ է օգնում նաեւ կինը՝ դիզայներ Անուկի Արեշիձեն:

Լուսանկարը` Instagram


Սոցցանցերում էլ Կալաձեն շատ ակտիվ է, հենց այնտեղից էին նրա look-երին ծանոթանում հետեւորդները: Այնպես որ, Թբիլիսիի քաղաքացիները մշտապես կարող են տեսնել իրենց քաղաքապետի ոճային կերպարները:

Պատահական չէ, որ ռուսական GQ ամսագիրը նրան ամենաոճային արտասահմանցիների ցանկում է ընդգրկել՝ Բեքհեմի, Դի Կապրիոյի, Ջարեդ Լետոյի, Դանիել Քրեյգի, Ջասթին Թիմբերլեյքի, Ռայան Ռեյնոլդսի թվում:

***

Կախան ու Անուկան 2013-ին են ամուսնացել: Նրանք 2 երեխա ունեին, սակայն հարսանիքի համար ժամանակ չէին կարողանում գտնել, վերջապես արարողությունը կայացավ: Հիմա զույգն արդեն 3 երեխա է մեծացնում:

***

Լուսանկարը` Instagram


Նա հիմնադրել է Կալա բարեգործական հիմնադրամը, որը շատ է օգնել 2008-ի դեպքերի արդյունքում տուժած Հարավային Օսեթիայի բնակիչներին:

Նախապես նրա ֆոնդը 3 նպատակ է ունեցել՝ զարգացնել սպորտը, կրթությունն ու Վրաստանում սոցիալական ծրագրեր իրականացնել: Հիմա հիմնադրանը նպաստում է երկրում մանկապատանեկան սպորտի զարգացմանը:

***

2015-ի հունիսին Թբիլիսին տուժել է սարսափելի ջրհեղեղից, քաղաքը 23 մլն դոլարի վնաս է կրել: Վնասների դեմ լիկվիդացիոն աշխատանքներին նաեւ Կալաձեն է մասնակցել:

***

Նա նաեւ ամեն կերպ աջակցել է, որ «Դինամո» մարզադաշտը պատրաստ լինի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղին: Կառավարությունը մոտ 8 մլն եվրո է ծախսել, որպեսզի ենթակառուցվածքները պատրաստ լինեն «Բարսելոնայի» ու «Սեւիլիայի» դիմակայությանը:

***

Կալաձեն Վրաստանի ամենահարուստ մարդկանցից է: Նա 9,6 մլն դոլարից ավելի գումար ունի, մի քանի բնակարաններ ու հողատարածքներ Վրաստանում ու Ուկրաինայում, ինչպես նաեւ թանկարժեք մեքենաներ ՝ Ferrari, Mercedes  եւ 3 մոտոցիկլ՝ HARLEY DAVIDSON:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին