Ապրիլ 24, 2024
exclusive
45646 դիտում

Մեկ տարի առանց մրցման. Որակազրկված հայկական ծանրամարտը


Հռիփսիմե Խուրշուդյանը
Հռիփսիմե Խուրշուդյանը

Լուսանկարը` Getty images

Արեգ Հովհաննիսյանը
Արեգ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հռիփսիմե Խուրշուդյանն ու Փաշիկ Ալավերդյանը
Հռիփսիմե Խուրշուդյանն ու Փաշիկ Ալավերդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Wada

Սամվել Խաչատրյանը
Սամվել Խաչատրյանը

Լուսանկարը` Photolure


Հայկական ծանրամարտում դոպինգ-սկանդալի մեկնարկը տրվեց դեռ անցած տարվա սկզբին, երբ հակադոպինգային կազմակերպությունը սկսեց վերստուգել Պեկինի, ապա նաեւ Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ վերցված անալիզները:

2008 եւ 2012 թվականների Օլիմպիական խաղերում Հայաստանի 3 ծանրորդի մոտ հայտնաբերվել է 4 խախտում: Հռիփսիմե Խուրշուդյանի (2008 եւ 2012), Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանի (2008) եւ Նորայր Վարդանյանի (2012) անալիզներում երկու անաբոլիկ ստերոիդներ են առկա՝ ստանոզոլոլ եւ տուրինաբոլ:

Ծանրամարտի այսօրվա հավաքականի անդամները ստիպված կլինեն այդ որակազրկումների պատճառով մեկ տարի չմասնակցել ոչ մի միջազգային մրցման:

Mediamax Sport-ը փորձել է պարզել, թե ինչու են հայ ծանրորդները որակազրկվել, ով է դրանում մեղավոր ու ինչ պետք է անել այլեւս նման տհաճ իրավիճակում չհայտնվելու համար:

Վերջին խոսքը մարզիկինն է. լինել արդար կամ ընտրել ոչ մաքուր ճանապարհ

Արեգ Հովհաննիսյանը Արեգ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի հակադոպինգային բաժնի ղեկավար, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արեգ Հովհաննիսյանը բացատրում է, որ ստանոզոլոլ եւ տուրինաբոլ անաբոլիկ նյութերը մեծացնում են մկանային զանգվածը:

Այդ նյութերն օգտագործվում են միայն այս նպատակով, այլ դեղամիջոցների մեջ դրանք չկան: Հիմնականում մարզիկներն ընդունում են վիրահատություններից հետո, որպեսզի մկանները շուտ վերականգվեն: Օգտագործել կարող են մեկ ամսից մինչեւ ութ ամիս: 60-ականներին ծրագիր էին մշակել, 6-8 ամիս դրանք խմելու կամ սրսկվելու դեպքում արդյունավետությունը շուրջ 40 տոկոս մեծանում էր: Հիմա էլ 4-6 ամսվա ծրագիր կա, սակայն շատ մարզիկներ արդեն չեն ընդունում, որովհետեւ շատ վտանգավոր է:

Որակազրկումից ու ամոթով մնալուց բացի այս նյութերը մեծացնում են առողջությանը վտանգող ռիսկերը: Ստանոզոլոլի եւ տուրինաբոլի կարճատեւ օգտագործումն ազդում է գլխուղեղի վրա. մարզիկները դառնում են ագրեսիվ, անկառավարելի, լյարդը ճարպակալում է ու սկսում վատ գործել: Իսկ ահա երկարատեւ ընդունումից հետո լինում են ինսուլտ, ինֆարկտ, կանանց մոտ կրծքերը փոքրանում են ու սկսվում է մազակալություն, իսկ տղամարդկանց մոտ հակառակը՝ մազերը թափվում են, իսկ կրծքերը՝ մեծանում:

2013-ին մասնագետները բազմաթիվ փորձեր են արել, ինչի շնորհիվ այսօր արդեն ստանոզոլոլը հայտնաբերվում է այն ընդունելուց մեկ տարի անց, իսկ տուրինաբոլը՝ մեկ տարուց էլ ավել: Սա է եղել պատճառը, որ ՄՕԿ-ը որոշել է մարզիկների անալիզները նորից ենթարկել փորձաքննության:
Հռիփսիմե Խուրշուդյանը Հռիփսիմե Խուրշուդյանը

Լուսանկարը` Getty images


Հովհաննիսյանը կարծում է, որ մեր մարզիկների կողմից արգելված նյութեր օգտագործելու հիմնական մեղավորը ծանրամարտի ֆեդերացիան է, որի ղեկավարությունն այդ տարիներին հետեւողական չի եղել:

Մարզիկներն այդքան էլ մեղք չունեն, չնայած վերջնական որոշում կայացնողն իրենք են: Բայց այդպիսի հոգեբանությունը գալիս է ղեկավարներից, երբ ասում են՝ ընդունիր ու չես բռնվի: Ես մեր ծանրորդներին այնքանով եմ մեղադրում, որ իրենք կամքի ուժ չեն ունեցել հրաժարվելու դրանցից ու օգտագործել են: Սա, անշուշտ, ֆեդերացիայի ղեկավարության մեղավորությունն է: Ցավոք, այդ ժամանակ անտարբերություն կար, ու սպասվող որակազրկումները լուրջ չէին ընդունվում: Արգելված նյութերի հարցը պետք է շատ խիստ դրվեր, իսկ դա մեզ մոտ եղավ միայն 2013-ին, երբ ՀԱՕԿ-ի նախագահը ժողով արեց ու կարգադրեց սպորտը մաքուր պահել:

Վերջին շրջանում շուրջ 49 ծանրորդի դոպինգ ստուգում դրական արդյունք է տվել, ու ՄՕԿ-ն ու Հակադոպինգային կազմակերպությունն այս խախտումներն ու շուրջ 9 երկրի որակազրկելը պատահական չեն արել:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան մարզաձեւը մաքրելու համար հսկայական գործ ունի անելու: Հակադոպինգային կազմակերպությունը հիմա ոչ մի բանի չի խառնվում, այն իր գործն արդեն ավարտել է: 2019 թվականին կկայանա համաշխարհային կոնգրեսը, որտեղ առանձին կետով կնշվեն, թե ինչ տույժեր են հասնում այն մարզիկներին ու ֆեդերացիաներին, որոնց մոտ արգելված նյութեր կհայտնաբերվեն:

Անպատասխան հարցեր
Սամվել Խաչատրյանը Սամվել Խաչատրյանը

Լուսանկարը` Photolure


2008 ու 2012 թվականների Օլիմպիական խաղերի ժամանակ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը եղել է Սամվել Խաչատրյանը: Նրա գործունեության տարիներին հայ ծանրորդները մեծ թվով մեդալներ են նվաճել, սակայն նաեւ արգելված նյութերի օգտագործման դեպքերն են գրանցվել, որոնք էլ բերել են այս որակազրկմանը:

Մենք փորձեցինք կապ հաստատել Խաչատրյանի հետ ու որոշ պարզաբանումներ ստանալ, սակայն նա շատ կտրուկ արձագանքեց ու նշեց, որ առհասարակ չի ցանկանում խոսել հայկական ծանրամարտի մասին:

Ցավոք, բայց մեզ չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ նաեւ որակազրկված ծանրորդներից:

2008-ին հայ ծանրորդներից բացի որակազրկվել են նաեւ ուրիշները: Դրանցից է բելառուս Անդրեյ Ռիբակովը, որի արծաթե մեդալն արդեն ՄՕԿ-ն ուղարկել է Տիգրան Վարդանի Մարտիրոսյանին:

2016-17-ին հայ ծանրորդները շուրջ 375 միջազգային անալիզ են հանձնել
Հռիփսիմե Խուրշուդյանն ու Փաշիկ Ալավերդյանը Հռիփսիմե Խուրշուդյանն ու Փաշիկ Ալավերդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծանրամարտի հավաքականի որակազրկման փաստը հատկապես ծանր է տանում հավաքականի այսօրվա գլխավոր մարզիչ ու ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը, որը ընտրանին ղեկավարում է 2014 թվականից: Նա ցավում է, որ 1 տարով դուրս են գալու մրցումային պրոցեսից:

Մենք որակազրկված չենք, որակազրկվել նշանակում է որակ չունենալ, պարզապես մեր աշխատանքը 1 տարով կասեցված է: Նման բան առաջին անգամ չի տեղի ունենում, 2002-ին էլ անցել ենք այդ ամենի միջով:

Հավանական է, որ պատիժը կտարածվի բոլոր տարիքային հավաքականների վրա: Իսկ դա նշանակում է, որ այս տարվա մեծահասակների առաջնությունից բացի, Հայաստանը ծանրորդներ չի ունենալու նաեւ 2018-ին Արգենտինայում կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերում:

Այդ որակազրկումները 12 տարվա պատմություն ունեն, ես դրանց հետ որեւէ առնչություն չունեմ, իսկ զայրացած եմ, որ այսքան աշխատանք ենք կատարել ու ասում են՝ 1 տարով դադար եք ունենալու: 2016 թվականին ու այս տարվա ընթացքում 375 միջազգային անալիզ ենք հանձնել, ոչ մեկն էլ դրական չի եղել: Հիմա մենք մաքուր ենք, որեւէ խախտում չկա: Մյուս տարվանից կկարողանանք հանդես գալ վարկանշային ԱԱ-ում:

Միջազգային ֆեդերացիան դեռ չի հաստատել, թե որ ժամանակահատվածում է որակազրկումը գործելու, իսկ հայ ծանրորդների համար այս տարվա վերջին մրցաշարը կարող է լինել Մ-20 ու 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Կիրթ մարզիկները՝ պայքարի լավագույն միջոց

Լուսանկարը` Wada


Արեգ Հովհաննիսյանը նշում է, որ 2013-ից հետո հայկական սպորտում շատ բան է փոխվել: Հակադոպինգային կազմակերպությունը կարողանում է աշխատել մարզիկների հետ ու անում է ամեն ինչ, որպեսզի նրանք հեռու մնան արգելված նյութերից:

Մեզ մոտ հիմա շատ սրտացավ են գործում: 2013-ին առաջին բանը որ արեցինք, հրաժարվեցինք Մոսկվայի լաբորատորիայից, որը շատ վատ էր աշխատում ու սխալ պատասխաններ էր տալիս: Հիմա համագործակցում ենք Ավստրիայի հետ: Վերջապես պրակտիկայի մեջ մտավ Հայաստանի առաջնություններում դոպինգ-ստուգում անցկացնելը: Սա շատ կարեւոր ձեռքբերում եմ համարում:

Հովհաննիսյանը համոզված է, որ հնարավոր է արդար ճանապարհով դուրս գալ հարթակ ու լավ ելույթներ ունենալ: Իսկ արգելված նյութեր օգտագործելը կանխելու համար առաջինը պետք է կրթել մարզիկին, բացատրել, որպեսզի նա հասկանա հնարավոր հետեւանքները, ինչը եւ հիմա իրենք անում են:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին