exclusive
29976 դիտում

ԱԱ-2018. Կարմիր քարտեր, խոշոր պարտություններ ու չգրավող ֆուտբոլ


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` SI.com

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` frf.ro

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` PAN Photo


Անվերջանալի թվացած ԱԱ-2018-ի ընտրական մրցափուլում Հայաստանի հավաքականի կյանքի գիծը մի քանի անգամ մոտ էր կտրվելուն՝ 0:4, 0:5, 1:4, 1:6…

Ռումինիայի, Դանիայի, Լեհաստանի անունները տալն էլ բավական են նորից նույն ծանր ապրումները վերհիշելու համար: Իսկական խայտառակություն ու մղձավանջային հանդիպումները ոչ մի տեսակի դրական էմոցիաների ու հիշողությունների տեղ չթողեցին:

Mediamax Sport-ը վերհիշել է Հայաստանի հավաքականի բոլոր 10 հանդիպումներն ԱԱ-2018-ի ընտրական E խմբում ու ներկայացնում է այն նաեւ մարզիչների ու ֆուտբոլիստների աչքերով:

Դանիա-Արսեն Բեգլարյան՝  1:0

Ընտրական փուլի մեկնարկը հայերը տվեցին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում: Հանդիպման միակ գնդակն առաջին խաղակեսում իր հաշվին գրանցեց Քրիստիան Էրիկսենը:

Հորդառատ անձրեւի տակ ընթացած խաղում բոլոր առումներով առավելությունը տանտերերի ձեռքերում էր: Հայաստանի հավաքականն ամեն անգամ մեծ դժվարությամբ էր հասնում մրցակցի դարպասին: Միակ հայ ֆուտբոլիստը, որն աչքի ընկավ ողջ խաղի ընթացքում, դարպասապահ Արսեն Բեգլարյանն էր: Նա մի քանի րոպեն մեկ խաղի մեջ էր մտնում ու փրկում թիմին:

Լուսանկարը` fifa.com


Վարուժան Սուքիասյան. Դանիան շատ լավ հավաքական է, բայց եթե բոլոր ֆուտբոլիստները վնասվածք չունենային ու մեր տրամադրության տակ լինեին, հաշիվն այլ կլիներ:

Հենրիխ Մխիթարյան. Ես չեմ մասնակցել հանդիպմանը, բայց շնորհակալ եմ թիմին կատարած աշխատանքի համար: Մենք հաղթել ու պարտվել ենք միասին:

Հայկական ֆուտբոլի վախճանը. Հայաստան-Ռումինիա՝ 0:5  

1-ին տնային հանդիպումը Հայաստանի հավաքականի համար դասավորվեց ամենավատ կերպով: Արդեն 4-րդ րոպեին հայ ֆուտբոլիստները զիջում էին հաշվի մեջ ու մնացել էին 10 հոգով: Գոռ Մալաքյանը կարմիր քարտ ստացավ, իսկ 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Բոգդան Ստանկուն:

0:5 հաշվով ավարտված այդ խաղում երկրպագուները տրիբունաներից վանկարկումներով էին արտահայտում իրենց դժգոհությունը՝ «Ֆուտբոլ ենք ուզում», «Յուրա» գոռալով, ապա պահանջեցին Վարդան Մինասյանին ու Վարուժան Սուքիասյանի հրաժարականը, իսկ «ամոթ» վանկարկումները շարունակվեցին ողջ խաղի ընթացքում:

Լուսանկարը` Photolure


Սուքիասյան. Մեղքը վերցնում եմ ինձ վրա, ես երբեք թիմը չեմ թողնի այս ծանր վիճակում, պետք է մնամ ու հանեմ այս դրությունից: Այն վատ մթնոլորտը, որը կա ձեր (լրագրողների-խմբ.) մեջ, մեր ֆուտբոլիստների վնասվածքների պատճառն է:

Հայերը չկարողացան վաստակել 1-ին միավորը. Լեհաստան-Հայաստան՝ 2:1

Այդ պարտությունից հետո Լեհաստանի դեմ խաղում հայ ֆուտբոլիստներն ամբողջովին կերպարանափոխվել էին: Վարշավայի Ազգային ստադիոնում մենք տեսանք լիովին այլ հավաքական, այն փորձեց ամեն ինչ անել երկրպագուների հավատը վերադարձնելու համար:

Թեեւ արդեն 30-րդ րոպեին Հայաստանի ընտրանին կրկին մնաց 10 հոգով (հեռացվեց Գաել Անդոնյանը), սակայն թիմի խաղը չփլուզվեց:
 
Առաջին խաղակեսում հայերը կարողացան դիմակայել լեհերի գրոհներին ու անգամ փորձել առջեւի գծում ակտիվ լինել: Սակայն 2-րդ խաղակեսի հենց սկզբնամասում Հրայր Մկոյանի ինքնագոլի արդյունքում տանտերը հաշվի մեջ առաջ անցան: Դրանից րոպեներ անց Հայաստանի ընտրանին խփեց ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարում առաջին գնդակը: Գոլի հեղինակ դարձավ Մարկոս Պիզելին:

Լուսանկարը` SI.com


Երբ թվում էր առաջին վաստակած միավորն արդեն կա, իր խոսքն ասաց Ռոբերտ Լեւանդովսկին ու ավելացված ժամանակում դարձավ հաղթական գոլի հեղինակը:

Սուքիասյան. Ամեն դեպքում շնորհավորում եմ Լեհաստանի հավաքականին, շնորհակալություն եմ հայտնում տղաներին, նրանք իրենց մեջ ուժ են գտել ու հավաքվել, տակտիկապես շատ գրագետ խաղացին: Հայաստանի հավաքականն արժանի չէր պարտության:

Այդ հանդիպումից 2 օր անց մարզիչը հրաժարական տվեց՝ այդպես էլ պաշտոնական խաղերում ոչ մի հաղթանակ չտանելով:

Հավաքականի վերադարձը. 1-ին հաղթանակը նոր մարզչի գլխավորությամբ՝ 3:2

Հավաքականը Մոնտենեգրոյի դեմ խաղում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոն դուրս եկավ նոր մարզչի՝ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ:
 
Նման թիմային խաղ, տրամադրվածություն ու եռանդ հայ ֆուտբոլիստներն այս ընտրական փուլում միայն Մոնտենեգրոյի դեմ ցույց տվեցին: 1-ին կեսում զիջելով 0:2 հաշվով՝ ընդմիջումից հետո նրանք ասես կերպարանափոխվեցին, սկսեցին ավելի համարձակ ու ակտիվ գործել: Արտակ Գրիգորյանի, Վարազդատ Հարոյանի ու Գեւորգ Ղազարյանի գոլերը հաղթանակ բերեցին Հայաստանին:

Լուսանկարը` Photolure


Վաղուց հանրապետական ստադիոնի տրիբունաներն այդպես չէին ցնցվել հայ երկրպագուների ձայներից:

Արթուր Պետրոսյան. Փառք տղաներին, որ կարողացան հաղթանակ տանել: Մենք կարգապահ ֆուտբոլ ցույց տվեցինք: Խաղի ավարտից հետո այնքան շատ էին զգացմունքներս, որ ուզում էի առանձին լինել: Հետո մտա հանդերձարան, շնորհավորեցի տղաներին: Սա թիմային աշխատանք է, ու ես շնորհակալ եմ բոլորից:

Հենրիխ Մխիթարյան. Հանդերձարանը ցնծում էր, շատ ուրախացանք, 3 տարի պաշտոնական խաղերում հաղթանակ չէինք տարել: Այն մեզ համար շատ կարեւոր էր եւ ընտրական փուլում, եւ մեր հետագա վերելքի համար: Պարզապես ֆանտաստիկ հանդիպում ստացվեց:

Գեւորգ Ղազարյան. Սա երկար սպասված հաղթանակ էր: Այն բոլոր տղաների նվիրվածության շնորհիվ եղավ, չեմ ուզում առանձնացնել որեւէ մեկին, բոլորն էլ լավ էին գործում: Արթուր Պետրոսյանը մեզ տրամադրություն ու հավատ տվեց:

Սեփական հարկի տակ 2-րդ հաղթանակը. Հայաստան-Ղազախստան՝ 2:0

Լուսանկարը` Photolure


Հանդիպումը հենց մեկնարկից անհաջող դասավորվեց տանտերերի համար: Դարպասապահի հետ բախման արդյունքում վնասվածք ստացավ Գեւորգ Ղազարյանը, նա մինչ օրս էլ խաղադաշտ չի վերադարձել:

Այս անգամ հայերն առավելություն ստացան 10 հոգով մնացած ղազախների նկատմամբ: 73-րդ րոպեին հաշիվը բացեց Մխիթարյանը, իսկ 3 րոպե անց գոլի հեղինակ դարձավ փոխարինման մտած Արաս Օզբիլիսը: Համարյա ամբողջությամբ լվցած հանրապետական ստադիոնը մի քանի րոպե չէր դադարում տոնել խփված գնդակները:
 
Պետրոսյան. Պրեսինգ արեցինք ու հարձակողական ֆուտբոլ խաղացինք: Ինձ համար մեծ ձեռքբերում էր, որ Հայաստանի ընտրանին գնդակ բաց չթողեց: Վերջին անգամ մեր թիմը գոլ չէր ընդունել 4 տարի առաջ: Գոհ եմ փոխարինման մտած բոլոր ֆուտբոլիստներից:

Լուսանկարը` Photolure


Պիզելի. Հասարակ էինք խաղում, հենց դա էլ մեզնից պահանջում է Պետրոսյանը: Նա լավ գիտի թիմի պոտենցիալը, շատ է ուզում, որ հավատանք մեզ: Ծնողներս վերջապես եկան Հայաստան ու հետեւեցին հավաքականում իմ ելույթին: Դա շատ կարեւոր էր ինձ համար, կուզեմ, որ ամեն խաղի այստեղ լինեն, ու մենք հաղթենք:

Մոնտենեգրոն վրեժխնդիր եղավ պարտության համար՝ 4:1

Մոնտենեգրոյի դեմ հանդիպման մեկնարկը սառը ցնցուղի պես էր Հայաստանի հավաքականի համար: Առաջին գրոհը, ու գնդակն 1-ին րոպեին հայտնվեց Արսեն Բեգլարյանի դարպասում:

Մոնտենեգրոյի գրոհներն ավելի վտանգավոր դարձան, գոլերն էլ հաջորդեցին իրար: Հայերի հեղինակության գնդակը խաղավարտին խփեց Ռուսլան Կորյանը:

Պետրոսյան. Մենք ճանապարհի սկզբին ենք եւ պետք է շատ աշխատենք, որպեսզի կարողանանք բարձրակարգ թիմ դառնալ: Երբեք չեմ ասել, որ մենք մասնակցելու ենք ԱԱ-ին, քանի որ լավ գիտեմ մեր հնարավորությունները։ Բայց այս պարտությունը չի շեղի մեզ մեր ճանապարհից, լինելու են եւ հաղթանակներ, եւ պարտություններ:

Լուսանկարը` PAN Photo


11-մետրանոց, կարմիր քարտ ու պարտություն. Ռումինիա-Հայաստան՝ 1:0

Բուխարեստում տանտերերը հաղթեցին նվազագույն հաշվով: Դժվար չէ գուշակել 3 անգամից, որ կրկին Հայաստանի հավաքականը մնաց 10 հոգով: Այս անգամ 54-րդ րոպեին կենտրոնական պաշտպան Տարոն Ոսկանյանը ձեռքով խաղի համար կարմիր քարտ ստացավ:

Ռումինիան օգտվեց թվային առավելությունից ու Ալեքսանդր Մաքսիմի գոլի շնորհիվ հաղթեց:

Պետրոսյան. Թիմի հիմնական կորիզը կա, բայց դեռ փնտրտուքների մեջ ենք։ Տղաները պայքարեցին մինչեւ վերջին վայրկյանները, արժանի էինք Բուխարեստից  1 միավոր տանել։ Ես ճանապարհ ունեմ անցնելու թիմի հետ եւ ոչինչ չի ստիպի ինձ հետ դառնալ այդ ուղուց։

Լուսանկարը` frf.ro


Երջանկության 11 րոպե. 3-րդ անընդմեջ պարտությունը՝ Հայաստան-Դանիա 1:4

Հանրապետական ստադիոնում կայացած խաղում հայերին առաջ մղեց Ռուսլան Կորյանը, սակայն սեպտեմբերի 4-ը ոչ թե նրա, այլ Թոմաս Դիլեյնիի օրն էր: Հայերի ուրախությունն ընդամենը 11 րոպե տեւեց, այդ երեկո Դանիացին անկասելի էր, նա հեթ-տրիկի հեղինակ դարձավ, մեկ անգամ էլ աչքի ընկավ Քրիստիան Էրիկսենը:

Հանդիպումն ավարտվեց դանիացի երկրպագուների ոգեւորված երգերով ու վանկարկումներով:

Պետրոսյան. Արժանի չէինք պարտությանը, բայց հաշիվը կա ու այն պետք է ընդունել:

Մենք պատրաստ էինք խաղին, բայց, ցավոք, անտեղի սխալների պատճառով գոլեր ընդունեցինք: Ամենամեծ խնդիրը տեխնիկական խոտանն էր՝ կամ փոխանցումը տեղ չէր հասնում, կամ գնդակն էինք կորցնում, ու գրոհը զարգացնել չէր ստացվում:

Լուսանկարը` Photolure


Կորյան. Իսկապես, շատ եմ ցավում, որ այդպիսի խոշոր հաշիվ գրանցվեց: Իմ գոլի մասին ի՞նչ կասեմ: Ճիշտն ասած արդեն մոռացել եմ դրա մասին:

Լեհական խելահեղ գիշեր Երեւանում. Հայաստան-Լեհաստան՝ 1:6

Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Երեւան էր ժամանել միայն հաղթանակի հետեւից: Հաղթանակը եղավ, ու այն էլ ինչպիսի:

Արդեն 2-րդ րոպեին Կամիլ Գրոսիցկին գրավեց Գրիգոր Մելիքսեթյանի դարպասը: Այնուհետեւ Երեւանում փայլելու հերթը Ռոբերտ Լեւանդովսկունն էր, կրկին հեթ-տրիկ, իրենց գոլերը հեղինակեցին նաեւ Յակուբ Բլաշիկովսկին ու Ռաֆալ Վոլսկին:

Հայկական կողմի միակ գնդակի հեղինակն էլ Հովհաննես Համբարձումյանն է:

Լուսանկարը` Facebook


Պետրոսյան. Այս խաղը խայտառակություն էր: Պետք է փորձել տարրական սխալներ չանել, ու նաեւ ֆուտբոլիստները սկսեն մտածել պատասխանատվության մասին: Ավելի լավ է գետինը մտնել, քան նստել այստեղ ու պատասխանել այս հարցերին: Պարտավոր ենք վերականգնվել, ավարտել այս ընտրական փուլն ու չխայտառակվել: Մեզ թարմ արյուն է պետք, որպեսզի գոնե կարողանանք Ազգերի Լիգայում պայքարել:

Մխիթարյան. Հանդերձարանում վատ մթնոլորտ էր, խոսքեր չունեմ ասելու, սա խայտառակ պարտություն էր: Թիմի ավագը ես եմ, հետեւաբար պարտության ամենամեծ մեղավորը ես եմ:

7 պարտություն, 2 հաղթանակ, 1 ոչ-ոքի. Ղազախստան-Հայաստան՝ 1:1

Ընտրական վերջին խաղում Հայաստանի ընտրանին առաջին ոչ-ոքին գրանցեց: Հյուրընկալվելիս այն մեկ միավոր վաստակեց Ղազախստանի դեմ խաղում: Գոլն էլ իր հաշվին գրանցեց Հենրիխ Մխիթարյանը:

Վաստակած 7 միավորով Հայաստանի հավաքականը խմբում 5-րդ տեղը գրավեց ու դուրս մնաց հետագա պայքարից:

Լուսանկարը` Photolure


Պետրոսյան. Եթե սա Հայաստանի ընտրանու առավելագույն մակարդակն է, ապա հաջորդ ընտրական փուլում մենք անելիք չունենք։ Մեզ նոր ֆուտբոլիստներ են պետք, որովհետեւ պետք է ինչ-որ բան փոխել։ Հիմա ամենալավ պահն է փոփոխություններ կատարելու, որովհետեւ այսպիսի խաղով մենք ոչ մի հնարավորություն չենք ունենա:

Պիզելի. Ընտրական փուլի ձախողման համար մեղավոր ենք բոլորս՝ մանավանդ ֆուտբոլիստներս: Չի կարելի առանձնացնել մեկին՝ լինի մարզիչ, թե ֆեդերացիայի նախագահ: Վատ եմ զգում, որ լավ չստացվեց հավաքականի մոտ: Որպեսզի հաղթահարենք այս վիճակը, պետք է միասնական լինենք, առանց աշխատանքի ու օգնության ոչինչ չի ստացվում:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին