exclusive
30362 դիտում

Կատալոնական հանրաքվեն ու Լա Լիգայի ապագան


Լուսանկարը` The Field

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` AFP

Լուսանկարը` Պիկեի Ինստագրամից

Լուսանկարը` Barca Blaugranes

Լուսանկարը` goal.com

Լուսանկարը` Barca Blaugranes


Կատալոնիայում տեղի ունեցող իրադարձությունները հանրաքվեից առաջ եւ հետո շարունակում են լինել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Իսպանիայի կազմում ինքնավարություն ունեցող Կատալոնիան ցանկանում է անկախանալ ու առանձին միավոր կազմել: Հանրաքվեին մասնակցածների շուրջ 90 տոկոսը կողմ է արտահայտվել դրան:

Այս ամենը, մեղմ ասած, Իսպանիայի ղեկավարության սրտով չէ: Մադրիդը ոստիկանական մեծ ուժեր է ուղարկել, որոնք էլ բիրտ ուժ են կիրառել կատալոնացիների նկատմամբ:

Mediamax Sport-ը փորձել է ներկայացնել, թե ինչ տեղի կունենա ֆուտբոլային Կատալոնիայի հետ, եթե վերջինս դուրս գա Իսպանիայի կազմից:

Լուսանկարը` Reuters


«Բարսելոնայի» ֆուտբոլիստների ակտիվ մասնակցությունը

Հոկտեմբերի 1-ը որպես հանրաքվեի օր հայտնի է եղել դեռ շատ վաղուց, նույնիսկ երբ դեռ չէր կազմվել Լա Լիգայի օրացույցը: Բայց Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հենց այդ օրն էր նշանակել «Բարսելոնա»-«Լաս-Պալմաս» հանդիպումը:

«Բարսելոնայի» ղեկավարությունը խնդրել էր հանդիպումը տեղափոխել, սակայն մերժում էր ստացել: Արդյունքում, կապտանռնագույնները որոշում էին կայացրել խաղը դատարկ ստադիոնում անցկացնել: Ավելի ուշ ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուն հայտարարել էր, որ դա բողոքի նշան էր:

«Ափսոսում եմ, որ քվեարկության օրը Կատալոնիայում այսպիսի իրադարձություններ տեղի ունեցան: Մեզ զրկում են ազատ խոսքի իրավունքից, իսկ դա անհանգստացնող է»,- ասել է Բարտոմեուն:

Լուսանկարը` AFP


Կապտանռնագույնների ներկա ու նախկին շատ ֆուտբոլիստներ կողմ են Կատալոնիայի անկախացմանը: Ինչպես տարիներ առաջ, այնպես էլ այսօր, Կարլես Պույոլը, Չավին, Ժերար Պիկեն, Պեպ Գվարդիոլան ակտիվորեն մասնակցում են այդ գործընթացներին, կոչ անում գնալ ընտրատեղամասեր ու քվեարկել հանուն դեմոկրատիայի:

Ամենաակտիվներից է Պիկեն, որը հայտարարում է, թե Մադրիդի կիրառած ուժն ավելի է հեռացնելու Կատալոնիան Իսպանիայից:

«Կարծում եմ, որ կարող եմ ելույթներս շարունակել հավաքականի կազմում, քանի որ Իսպանիայում շատ են մարդիկ, ովքեր կողմ են դեմոկրատիային: Բայց եթե ղեկավարները գտնում են, որ ես խանգարում եմ իրենց ու խնդիր եմ ներկայացնում, ապա պատրաստ եմ լքել Իսպանիայի հավաքականը»,- խոստովանել է Պիկեն:

Լուսանկարը` Պիկեի Ինստագրամից


Ի տարբերություն «Բարսելոնայի», «Էսպանյոլը» ոչ մի կերպ չի արձագանքել Կատալոնիայում տեղի ունեցած հանրաքվեին: Ի դեպ, «Էսպանյոլը» կատալոնական միակ թիմն է, որը չի խառնվում իսպանա-կատալոնական հարցերին: Այդ օրը «Ռեալի» դեմ խաղում երկրպագուները հանդես են եկել միասնական Իսպանիայի օգտին ու պարզել են «Մենք բոլորս մի Իսպանիա ենք» կարգախոսով պաստառներ:

Բաց կթողի՞ Լա Լիգան «Բարսելոնային»

Ի՞նչ կլինի ֆուտբոլային թիմերի հետ, եթե Կատալոնիան անկախանա: Մարզասերներին ամենաշատը տանջող այս հարցը միանշանակ պատասխան չունի: Ըստ մամուլի, եթե Իսպանիան արգելի ակումբների մասնակցությունը Լա Լիգայում, ապա ՖԻՖԱ-ն կարող է Իսպանիայի հավաքականին արգելել մասնակցել Մունդիալ-2018-ին: Լա Լիգան կարող են լքել «Բարսելոնան», «Էսպանյոլն» ու «Ժիրոնան»:

Սակայն

Արդյո՞ք Իսպանիայի ֆեդերացիան պատրաստ է առաջնություն անցկացնել առանց աշխարհի ամենահայտնի ակումբներից մեկի: Պատրա՞ստ է արդյոք Լա Լիգան հավաքել միլիոնավոր ֆուտբոլասերներ առանց «Բարսայի» աստղային թիմի:

Ի՞նչ է լինելու Սուպեր Կլասիկոյի հետ: Ունենալո՞ւ է «Ռեալն» ավելի մոտիվացնող մրցակից, իսկ ինչի՞ է ականատես լինելու ողջ ֆուտբոլային հանրությունն առանց այդ խաղի:

Լուսանկարը` Barca Blaugranes


«Բարսան» խորհրդանշում է ամբողջ Կատալոնիան: Ակումբի գերբի վրա Կատալոնիայի դրոշի գույներն են, այն միշտ պաշտպանել է բոլոր կատալոնացիներին: Ակումբում վստահ են, որ իրենք կարող են խաղալ տարբեր առաջնություններում: Չնայած նաեւ համոզված են, որ նույնիսկ անկախանալու դեպքում Իսպանիան չի ցանկանա բաց թողնել «Բարսելոնային»:

«Բարսելոնայի» ղեկավարները նշել են, որ իրենց ապագան կորոշեն իրենք:  Ամենահավանական տարբերակները երկուսն են. կամ «Բարսան» կշարունակի հանդես գալ Լա Լիգայում, կամ էլ կտեղափոխվի Կատալոնիայի լիգա: Չնայած վերջին տարբերակը քիչ հավանական է, քանի որ դժվար է կապտանռնագույնների աստղային կազմը պատկերացնել կիսապրոֆեսիոնալ թիմերի դեմ խաղերում:

Լուսանկարը` Barca Blaugranes


Նշվում է, որ անկախանալուց հետո «Բարսելոնայի» ղեկավարությունը միայնակ չի կարող որոշում կայացնել, ակումբի ապագա գործունեության համար պետք է իրենց կարծիքները հայտնեն ֆուտբոլիստները եւ երկրպագուները: Մյուս կողմից, «Բարսելոնան» ամենահարգված ակումբներից է ամբողջ աշխարհում, ու ցանկացած երկիր պատիվ կհամարի իր առաջնությունում տեսնել այն, այդ թվում եւ Իսպանիան:

Կարծիք կա նաեւ, որ կատալոնական թիմերը կկարողանան հանդես գալ Իսպանիայում, ինչպես դա անում է Ֆրանսիայի առաջնությունում ելույթ ունեցող «Մոնակոն»:

Լուսանկարը` goal.com


Թե ինչպես կդասավորվեն իրադարձությունները, Կատալոնիան իսկապես կանկախանա, թե կշարունակի մնալ Իսպանիայի կազմում, դեռ ոչ ոք չգիտի: Իսկ ամենաուժեղ առաջնություններից մեկը՝ Լա Լիգան առանց առաջատար ակումբների տեսնելը, խոստովանենք, ֆուտբոլասերների սրտով չէ: Այդ թվում նաեւ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի:

«Կան մարդիկ, ովքեր կողմ են անկախացմանը, ոմանք էլ դեմ են: Սա բարդ հարց է: Մի բան կարող եմ հաստատ ասել, որ առանց «Բարսելոնայի» Իսպանիայի առաջնությունը դժվար է պատկերացնել»,- ասել է Զիդանը:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին