Ապրիլ 25, 2024
exclusive
29255 դիտում

Ստեղծագործող Արոնյանը, որը միշտ մնում է նույն համեստ մարդը


Լուսանկարը` tbilisi2017.fide.com

Լուսանկարը` tbilisi2017.fide.com

Լուսանկարը` tbilisi2017.fide.com

Լուսանկարը` tbilisi2017.fide.com


2005 թվականին, երբ Լեւոն Արոնյանն առաջին անգամ նվաճեց Աշխարհի գավաթը, դեռ ուսանող էի: Մամուլի տեսության համար թերթերն էի ուսումնասիրում, որոնք մեծ ոգեւորությամբ լուսաբանում էին այդ իրադարձությունը: Արոնյանի հաղթանակի համար ուրախացել էինք բոլորս:

Տարիներ անց չէի էլ կարող պատկերացնել, որ Արոնյանի հետ կմտերմանանք ու բազմաթիվ հարցազրույցներ կունենանք: Իսկ արդեն 2017-ին մեծ ոգեւորությամբ ու ամեն խաղի համար հուզվելով` կլուսաբանեմ հաղթական Աշխարհի գավաթը:

Լուսանկարը` tbilisi2017.fide.com


Լեւոնի ամեն մի մրցաշար դառնում է իսկական տոն, նրա պարտիաներին հետեւելը, հետաքրքիր լուծումների մասին քննարկումներ ունենալը, հաղթանակներից ոգեւորվելն ու պարտություններով տխրելը շատերիս համար է օրինաչափ:

Բացառիկ համեստություն ունեցող Լեւոնը երբեք չի գոռոզանում, ցույց տալիս իր առավելությունը կամ հայտարարում, որ աշխարհում լավագույն շախմատիստներից է: Հասարակ ու խելացի այս մարդուն հաճախ կարող ենք տեսնել Շախմատի տանը հավաքված պապիկների հետ զրուցելիս, ովքեր միշտ ոգեւորված բարեւում են նրան ու սկսում խորհուրդներ տալ, թե ինչպես պետք է նա գործի այս կամ այն պարտիայի ժամանակ:

Այն, որ Լեւոնն այս տարի հրաշալի մարզավիճակում էր, զգացվում էր դեռ ամիսներ առաջ, երբ մեկը մյուսի հետեւից հաջող հանդիպումներ էր անցկանցում: Իսկ Սենթ-Լուիսում կայացած արագ եւ կայծակնային շախմատի մրցաշարում հաղթելուց հետո նա խոստովանեց, որ Աշխարհի գավաթում իր դեմ մրցելը հեշտ չի լինելու:

Լուսանկարը` tbilisi2017.fide.com


Երեւի առաջին անգամն էր, երբ Արոնյանն այդչափ վստահ խոսեց ու զգուշացրեց մրցակիցներին, որ չի պատրաստվում որեւէ մեկին զիջել: Նա իր խոսքի տերը եղավ: Շախմատից հասկացողներն ու գեղեցիկ լուծումների սիրահարները ողջ մրցաշարի ժամանակ առանձնացնում էին մեր շախմատիստի ոչ թե հաղթանակը, այլ յուրօրինակ խաղը. նա ամեն ինչ այնքան հաշվարկած ու երբեմն առաջին հայացքից անհասկանալի քայլեր էր կատարում, որ մրցակիցները պարզապես չէին հասցնում ընկալել ու հակաքայլ գտնել:

Երբ Գավաթի 4-րդ շրջանի 2-րդ դասական պարտիաներն ավարտվել էին ու շարունակվում էր միայն Լեւոն Արոնյան-Դանիիլ Դուբով հանդիպումը, պաշտոնական կայքի մեկնաբանները նշեցին, որ այն ավարտվելու է ոչ-ոքիով: Բոլոր մեկնաբանություններն էլ հաստատում էին այդ միտքը: Սակայն այլ բան էր որոշել Արոնյանը եւ շուրջ 5 ժամ տեւած խաղում անչափ գեղեցիկ ձեւով հաղթեց մրցակցին: Կայքում մեկնաբանություններ գրողները պարզապես հիացմունքի խոսքեր էին ասում, իսկ նրանցից մեկը նշեց. «Ահա թե ինչու են մարդիկ սիրում ստեղծագործող շախմատիստներին»:

Ստեղծագործող: Ահա այսպիսինն է Լեւոնը: Նա սիրում է պարզապես հաճույք ստանալ շախմատից, ինքն իր համար նոր բացահայտումներ անել, հաղթել ու միեւնույն ժամանակ անչափ շատ հարգել մրցակցին:

Լուսանկարը` tbilisi2017.fide.com


Նրա այդ հարգանքը կարելի է տեսնել ամեն անգամ: Սակայն Աշխարհի գավաթում Մաքսիմ Վաշյե-Լագրավին կրկին անհավանական թվացող դիրքում հաղթելուց հետո նա պարզապես խորը շունչ քաշեց ու ափսոսանք հայտնեց, որ վերջինիս զրկեց եզրափակչում հայտնվելու հնարավորությունից. «Մաքսիմն իմ լավ ընկերներից է: Իհարկե, ես ուրախ եմ, որ հաղթեցի, սակայն նաեւ ափսոսում եմ, որ նա դուրս մնաց հավակնորդների մրցաշարի համար մղվող պայքարից»:

Արեւային տղայի, ինչպես անվանում են Արոնյանին, ուրախությանը չափ չկար պարգեւատրման արարողության ժամանակ: Իսկ երբ հնչում էր Հայաստանի օրհներգը (չնայած սկզբում վրացիները սխալմամբ միացրել էին ՖԻԴԵ-ի օրհներգը), նա խորը շունչ քաշեց, կանգնեց հպարտ ու ստիպեց բոլորիս հուզվել:



Արդեն Երեւանում մենք տեսանք կրկին նույն Լեւոնին՝ ժպտերես, պատրաստակամ, բարի ու բոլորին լսող: Նա նույն վստահությամբ ու վճռականությամբ պատրաստվելու է մարտին կայանալիք հավակնորդների պայքարին, որպեսզի վերջապես նվաճի այն ուղեգիրը, որին անհամբեր սպասում է ողջ հայությունը:

Ինչպես Գարրի Կասպարովն է գրել. «Շնորհավոր Հայաստանի Հպարտություն՝ Լեւոն Արոնյան»: Իսկապես, Լեւոնը մեր հպարտությունն է, ում շնորհիվ բոլորս մի պահ տարբեր խնդիրներից կտրվում, ուրախանում, համախմբվում ու իրար անչափ սիրող ենք դառնում:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին