Ապրիլ 26, 2024
exclusive
27908 դիտում

Մարզիկների հայտարարած պատերազմը Դոնալդ Թրամփին


Լուսանկարը` eurosport.com

Լուսանկարը` cbc.ca

Լուսանկարը` CNN.com

Լուսանկարը` thenation.com

Լուսանկարը` cbc.ca

Լուսանկարը` cbc.ca

Լուսանկարը` cbc.ca

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` cnn.com

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` sportingnews.com


Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ու ամերիկացի մարզիկների կոնֆլիկտն արդեն մի քանի օր է միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է:

Պատճառն ազգային օրհներգն է. նախագահը պահանջում է այն պարտադիր հարգել, իսկ մարզիկներն այն բոյկոտելով իրենց բողոքն են արտահայտում:

ԱՄՆ-ում, ի տարբերություն Եվրոպայի, ոչ միայն ազգային հավաքականների խաղի ժամանակ է հնչում ազգային օրհներգը, այլեւ առաջնության յուրաքանչյուր խաղի:

Mediamax Sport-ը ներկայացնում է նախագահ-մարզիկներ հակամարտության ծագման ու դրա շուրջ ծավալվող իրադարձությունների մասին:

Ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց

2016 թվականի օգոստոսին «Սան Ֆրանցիսկո Ֆորտի Նայնրես» թիմի խաղացող Քոլին Կոպերնիկն ԱՄՆ-ի ազգային ֆուտբոլային լիգայի հանդիպումներից մեկի ժամանակ չկանգնեց օրհներգի ժամանակ:

Լուսանկարը` cbc.ca


Նա հայտարարեց, որ այդկերպ իր բողոքն է արտահայտում երկրում տիրող ռասսայական խտրականության դեմ ու չի կանգնի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ում փոփոխություններ չեն լինի ու միացավ Black Lives Matter ակցիային:

«Ես չեմ կանգնելու, քանի որ չեմ հպարտանում մի երկրով, որի փողոցներում սեւամորթներ են սպանում»,- հայտարարեց նա:

Կոպերնիկը փողոցային վիճաբանությունների ժամանակ սպանված աֆրոամերիկացիների մասին էր խոսում, որոնց մահվան համար ոստիկանները պատասխանատվություն այդպես էլ չկրեցին. «Ոստիկաններին վճարովի արձակուրդ էին ուղարկում մարդկանց սպանելու համար: Այդպես չի կարելի անել»:

Երկրպագուները խաղացողի արարքին տարբեր կերպ վերաբերեցին, ոմանք իրենց բողոքն արտահայտեցին՝ ԱՄՆ-ի հիմնի ներքո այրելով Կոպերնիկի անունով մարզահագուստը: Սակայն ֆուտբոլիստը չփոխեց մտադրությունն ու շարունակեց իր պայքարը: «Ես շարունակելու եմ նրանց իրավունքները պաշտպանել: Շատ բաներ կան, որոնք պետք է փոխել ԱՄՆ-ում, դրանցից մեկը՝ ոստիկանների դաժանությունն է»,- խոստովանեց  նա:

Լուսանկարը` CNN.com


Ոչ ազգային Լիգան, ոչ էլ ակումբը չդատապարտեցին Կոպերնիկի բողոքի արտահայտման ձեւը: Ըստ նրանց՝ խաղացողներին կոչ են անում կանգնել օրհներգի ժամանակ, սակայն չեն պարտադրում, բացի այդ էլ ըստ նրանց՝ ԱՄՆ-ում յուրաքանչյուրն ազատ կարող է արտահայտել իր կարծիքը:

Մարզիկների արձագանքն ու ակցիայի ընդլայնումը

Երկար ժամանակ Կոպերնիկը միայնակ էր ծնկի իջնում օրհներգի ժամանակ, սակայն բողոքի ալիքը սկսեց մեծանալ ու նրան միացան նաեւ ամերիկացի այլ հայտնի մարզիկներ: Ֆուտբոլիստի օրինակին հետեւեցին «Մայամի Դոլֆինսի» մի քանի խաղացողներ ու թիմի տերը՝ Սթիվ Ռոսսը:

Սոցցանցերում խաղացողը եւս իր կողմնակիցներն ուներ, նրանք սկսեցին դնել #kaepernick հաշթեգը: Ապա աջակցության մեծ ալիք ստացվեց բանակից: Նավատորմի հրամանատար Ջիմ Ռայթն այսպիսի գրառում կատարեց. «Հարգանքը պետք է վաստակել: Եթե Կոպերնիկը չի զգում, որ երկիրը հարգում է իրեն, չեք կարող ՍՏԻՊԵԼ, որ ինքն էլ հարգի ԱՄՆ-ն»:

«Ինդիան ֆիվերի» բասկետբոլիստուհիները ողջ թիմով գավաթի խաղից առաջ օրհներգը լսեցին ծնկների վրա՝ իրենց շարքերը ներքաշելով մրցակից «Ֆինիկս Սանսի» 2 խաղացողի:

Լուսանկարը` cbc.ca


«Ես աջակցում եմ բոլորին, որոնք պաշտպանում են այն, ինչին հավատում են: Նրանցից է Կոպերնիկը: Մի՞թե դա չէ մեր երկիրը հզոր դարձնում: Նա չի փորձել անհարգալից լինել որեւէ մեկի նկատմամբ, պարզապես արտահայտել է իր կարծիքը: Ես այդպիսի մարդկանց կողքին եմ»,- ասել է «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» խաղացող Քեւին Դյուրանտը:

Կոպերնիկի քայլը միանշանակ չէր, քիչ չէին նաեւ նրան դատապարտողները: Նրանցից է NBA-ի քառակի հաղթող, լեգենդար բասկետբոլիստ, իսկ հիմա հեռուստատեսային մեկնաբան Շաքիլ Օ’Նիլը:

«Ես երբեք այդպես չէի վարվի: Հայրս զինվորական է եղել, նա պաշտպանել է մեր երկիրը: Հորեղբայրներս պաշտպանական կառույցներում են աշխատում: Ուրիշ միջոցներ կան կարծիքն արտահայտելու համար»:

Թրամփի ընդվզումը

Սեպտեմբերի 22-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը կրակի վրա էլ ավելի շատ յուղ լցրեց: Նա դատապարտեց այն մարզիկներին, ովքեր օրհներգի ժամանակ ի նշան բողոքի ծնկի են իջնում:

Լուսանկարը` thenation.com


«Եթե մարզիկը ցանկանում է միլիոնավոր աշխատավարձ ստանալ Ազգային ֆուտբոլային Լիգայում կամ մեկ այլ լիգայում, պարտավոր է հարգել ամերիկյան հզոր դրոշն ու կանգնել օրհներգի ժամանակ: Հակառակ դեպքում ձեզ կհեռացնեն աշխատանքից: Ձեզ համար այլ զբաղմունք գտեք»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր Թրամփը:

Ավելի վաղ նույն օրն Ալաբամայում կայացած ցույցի ժամանակ նա հայտարարել էր, որ Ազգային ֆուտբոլային Լիգան պետք է հեռացնի այն մարզիկներին, որոնք օրհներգի ժամանակ չեն կանգնում: Նրա կարծիքով, այդ պարտականությունն իրենց վրա պետք է վերցնեն հենց ակումբները:

«Մի՞թե չէիք ցանկանա, որ ԱՖԼ-ի ղեկավարներից որեւէ մեկը նման միջադեպից հետո ասեր. «Այդ շան լակոտներին հենց հիմա հեռացրեք խաղադաշտից… Նա ազատված է աշխատանքից»,- հավաքվածներին ասել էր նախագահը:



ԱՖԼ-ի նախագահ Ռոջեր Գուդվելը չուշացրեց նախագահին ուղղված պատասխանը: Նրա կարծիքով, այդպիսի սադրիչ հայտարարությունները ցուցադրում են խաղացողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը:

Սակայն Թրամփը Twitter-ում շարունակեց առաջ տանել իր միտքը. «Ռոջեր Գուդվելը քիչ առաջ փորձեց արդարացնել մարզիկների անհարգալից վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ: Ստիպեք նրանց կանգնել օրհներգի ժամանակ»:

Խաղացողների ԱՖԼ-ի ասոցիացիան էլ հայտարարեց, որ նախագահն անցել է թույլատրելիի սահմանը՝ խաղացողներից պահանջելով պարզապես «լռել ու խաղալ»:

Միասնական մարզիկները

Թրամփի ելույթի հաջորդ իսկ երեկոյան բեյսբոլի Բարձրագույն Լիգայում օրհներգի ժամանակ ծնկի իջավ Բրյուս Մաքսվելը: Նման բան բեյսբոլի լիգայում առաջին անգամ տեղի ունեցավ:

Մաքսվելը զինվորականի որդի է ու ռազմական բազայում է ծնվել: Նա լրագրողներին խաղից հետո բացատրեց, որ ծնկի էր իջել հանուն այն մարդկանց, որոնք հնարավորություն չունեն լսելի դառնալ:

Լուսանկարը` cbc.ca


Շատ խաղացողներ առաջնությունում խաղից առաջ հայտնվեցին դաշտում միայն օրհներգը հնչելուց հետո, իսկ «Փիթսբուրգ Ստիլերզն» ամբողջ թիմով բոյկոտեց ազգային օրհներգը:

«Մեր նախագահի անհոգի ու վիրավորական մեկնաբանությունները հակասում են այն հիմքերին, որոնց վրա կառուցված է մեր երկիրը»,- այսպես արձագանքեց Կոպերնիկի ակումբի սպորտային մենեջեր Ջեյդ Յորքը:

Շաբաթ օրը Թրամփը Սպիտակ տուն էր հրավիրել ԱՄՆ-ի բասկետբոլի չեմպիոն «Գոլդեն Սթեյթին», սակայն նրա խաղացողներից մեկը՝ Սթեֆեն Քարրին հրաժարվեց ընդունել նախագահի հրավերը:

2015-ի NBA-ի լավագույն բասկետբոլիստը նշեց, որ ինքն ու թիմակիցները չեն ընդունում այն «ինչ ժամանակին ասել է ու չի ասել Թրամփը»:

«Սպիտակ տուն ուղեւորությունը մեծ պատիվ է թիմի համար: Քարրին երկմտում է, այդ պատճառով հրավերը հետ եմ կանչել»- կրկին Twitter-ում գրեց Թրամփը:

NBA-ի եռակի չեմպիոն Լեբրոն Ջեյմսը չդիմացավ նախագահի վիրավորանքներին ու պատասխանեց նրան կոպիտ հայհոյանքով:

Լուսանկարը` cbc.ca


«Քարրին արդեն ասել էր, որ չի մեկնելու: Այսինքն հրավերն էլ չի գործում: Իսկ Սպիտակ տանը լինելը պատիվ էր համարվում, քանի դեռ դու այնտեղ չէիր»,- նախագահին կտրուկ գրեց բասկետբոլիստը:

Բասկետբոլի սուպերաստղ Քոբի Բրայանտն էլ միացավ մարզիկների բանակին. «Նախագահ, որի անունը շփոթմունք ու զայրույթ է առաջացնում, ում խոսքերը տարաձայնություններ ու ատելություն են սերմանում, չի կարող Ամերիկան կրկին հզոր դարձնել (ակնարկում է Թրամփի նախընտրական կարգախոսը)»:

Հետաքրքիր է, որ համալսարանական «Հյուսիսային Կարոլինա Տար Հիլզը» նույնպես Սպիտակ տուն չմեկնեց իր հաղթանակը նշելու համար: Թեեւ թիմին հրավիրել են, սակայն իբր երկու կողմերն այդպես էլ օր չեն կարողացել ընտրել, որպեսզի իրենց հարմար լինի:

Սեփական կարծիքը հարգողները

Թրամփն իր հայտարարություններով էլ ավելի շատ մարդկանց հանեց իր դեմ, ԱՄՆ-ում առանց այն էլ քիչ թիվ չեն կազմում նախագահի հակառակորդները: Գաղտնիք չէ, որ սպորտը ու հատկապես ամերիկյան ֆուտբոլը երկրում պաշտամունքի իսկական առարկա են ու, վիրավորելով խաղացողներին, Թրամփը նաեւ մարզասերների ինքնասիրությունը խոցեց:



Հզոր, անկախ ու իրենց սեփական քաղաքական դիրքորոշումն ունեցող մարզիկները հեղինակություն չեն ճանաչում: Միլիոնավոր մարդկանց կուռքերն իրենց օրինակով են ցույց տալիս, որ պետք է հարգել սեփական կարծիքը, ամեն գնով պաշտպանել այն ու ոչինչից չվախենալ:

Միջազգային լրատվամիջոցները նույնիսկ գրում են, որ ֆուտբոլիստները պատրաստվում են դատական հայց ներկայացնել նախագահի դեմ: Նա կոչ է արել մարզիկներին զրկել սահմանադրական իրավունքներից ու նաեւ ռասսայական խտրականության ալիքն ավելի է բորբոքել, քանի որ ֆուտբոլային լիգայում խաղացողների մեծ մասը սեւամորթներ են:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին