exclusive
23468 դիտում

Մեյվեյզեր-ՄաքԳրեգորի նախահանդիպումային շոուն ու գռեհկությունը


Լուսանկարը` flocombat.com

Լուսանկարը` russian.rt.com

Լուսանկարը` gamebet.news

Լուսանկարը` sport.bigmir.net

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` reviewjournal.com

Լուսանկարը` bloodyelbow.com

Լուսանկարը` Facebook


Սպորտում մրցակցին հարգելն ու նրան չվիրավորելը չգրված օրենքներից են: Շատ մարզաձեւերում է այդ կանոնը խստագույնս պահպանվում, սակայն ոչ բռնցքամարտում:

Մենամարտից առաջ որքան հնարավոր է շատ հարված հասցնել մրցակցի ինքնասիրությանը, աչքերի մեջ նայելով փոշիացնել նրան, այնուհետեւ սկսած գործն ավարտին հասցնել ռինգում:

Mediamax Sport-ը կներկայացնի բռնցքամարտիկների ամենաաղմկահարույց հակամարտություններն ու կսկսի օգոստոսի 27-ին կայացած «Դարի մենամարտ» անվանումը ստացած հանդիպումից: 

Այդ դիմակայությունում ամենատիտղոսակիր բռնցքամարտիկներից մեկը՝ Ֆլոյդ Մեյվեյզեր կրտսերը նոկաուտով հաղթեց UFC-ի չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորին:

Վաղուց բռնցքամարտի աշխարհն այդքան շոու, միմյանց հասցեին շպրտված խոսքեր ու գռեհկություն չէր տեսել: Սակայն այս անգամ այդ մենամարտի սպորտային մասը բաց կթողնենք. մինչ ռինգում միմյանց տապալելը նրանք հաղթողին որոշեցին  նախահանդիպումային բանավեճերի ժամանակ:

Լուսանկարը` russian.rt.com


Կազմակերպիչներին մենամարտը մոտ 600 մլն դոլար եկամուտ բերեց, մարզիկները ստացան հսկայական գումարներ, իսկ եզակի « Money Belt»-ը՝ 3000 ադամանդ, 600 շափյուղ, 300 զմրուխտ ու 1,5 կգ ոսկի բաժին հասավ հաղթողին:

Հուլիսի 11-14-ը մարզիկները մասշտաբային շրջագայություն կազմակերպեցին՝ այցելելով Լոս Անջելես, Տորոնտո, Բրուքլին ու Լոնդոն, բոլոր քաղաքներում էլ հսկայական թվով երկրպագուներ հավաքեցին:

Լոս Անջելես. 100 մլն-ոց մարզիկն ու չստորագրված չեկը

Մարզիկների սպորտային ներկայացումը սկսվեց Լոս Անջելեսում՝ դերասանական հմուտ խաղով ու պատրաստված ճառերով:

«Թույլ տվեք ձեզ ցույց տալ, ինչպիսի տեսք ունի 100 մլն-ոց մարզիկը»,- ասաց Մեյվեյզերը, պայուսակից հանեց նշված գումարի չափով չստորագրված չեկն ու ցույց տվեց բեմահարթակից:

Սակայն ՄաքԳրեգորը չշփոթվեց, գոհ ժպիտով պատասխանեց, որ ավելի լավ կլիներ Ֆլոյդը գումարը հարկային ծառայությանը ցույց տար:

Լուսանկարը` gamebet.news


Բանն այն է, որ թեեւ սոցցանցերում Մեյվեյզերը սիրում է նկարվել իր փողերի հետ ու ցույց տալ գնումները, իրականում նա ԱՄՆ-ի հարկային ծառայությանը 32 մլն դոլար էր պարտք:

Իսկ երբ բռնցքամարտիկները հայացքների մենամարտի համար դեմ դիմաց կանգնեցին, Մեյվեյզերը նկատեց ՄաքԳրեգորի կոստյումի առանձնահատկությունը. մոխրագույն կոստյումի վրայի սպիտակ գծերն իրականում «F… you»-ի կրկնությամբ էին: Մեյվեյզերն էլ 48 գրությամբ գլխարկով էր, հենց այդքան էին մինչ վերջին  հաղթանակը նրա նվաճումները: 48-րդ հաղթանակը նա տարել էր Մեննի Պակյաոյի նկատմամբ ու 300 մլն դոլար ստացել:

Լուսանկարը` sport.bigmir.net


ՄաքԳրեգոր. Նա փոքր ոտքեր, մարմին ու գլուխ ունի: 4-րդ ռաունդում նրան նոկաուտի կենթարկեմ: Տեսնում եք, Ֆլոյդն առանց կոստյումի է եկել, քանի որ իրեն չի կարող թույլ տալ գնել այն: Ի դեպ, տեսեք, թե իմ կոստյումն ինչպիսինն է:

Մեյվեյզեր. Ինձ համար միեւնույն է անձրեւ կլինի, թե մենք Արկտիկայում կմենամարտենք, հաղթելու եմ նրան, նոկաուտի եմ ենթարկելու: Դրանից էլ հեշտ բան:

ՄաքԳրեգոր. Դու հազար տարի է ոչ մեկի նոկաուտի չես ենթարկել:

Մեյվեյզեր. Տեսեք, թե բոլոր պաստառների վրա ում անունն է առաջինը գրված: Ես եմ գլխավորն այստեղ: Ես Քոնորին բռնցքամարտի դաս կտամ: 90-ականներից ռինգի վրա եմ, 18 տարի չեմպիոն եմ եղել: Այո, դու կոստյումով ավելի լավ տեսք ունես, սակայն մենամարտի արդյունքը դրանից կախված չի լինելու:

Տորոնտո. Փողերով լի ճամպրուկն ու Իռլանդիայի դրոշը

Տորոնտոյում մարզիկների շոուին ավելի շատ մարդիկ էին եկել հետեւելու: Այս անգամ այն սկսեց ՄաքԳրեգորը: Խոսափողը ձեռքին նա երկրպագուներին կոչ արեց 3 հաշվի ժամանակ վիրավորել Մեյվեյզերին, ու ամբոխը պատասխանեց նրան:

Իռլանդացին իրեն ավելի լկտի ու սանձարձակ էր պահում. «Ֆլոյդ, ասես 12 տարեկան բրեքդանս պարող լինես: Գրողը տանի, 40 տարեկան ես: Ուսապարկդ ասես դպրոցականի լինի, ինչի՞դ է այն պետք բեմի վրա, անգամ կարդալ չգիտես»,- գոռաց նա:

Լուսանկարը` Facebook


Բանն այն է, որ Մեյվեյզերը կանխիկ գումարն է նախընտրում ու ձեռքի տակ միշտ պահում է դոլարներով լցված պայուսակ:

Ամերիկացին զայրացրեց ՄաքԳրեգորին, երբ երկրպագուներից մեկից խնդրեց  Իռլանդիայի դրոշն ու գցեց ուսերին: Մրցակիցն ի պատասխան վերցրեց նրա ուսապարկն ու ցույց տվեց պարունակությունը:

ՄաքԳրեգոր. Այստեղ ընդամենը 5000 է: Եթե դրոշի հետ որեւէ բան անես, ոչ գումարը կստանաս, ոչ էլ պայուսակը, իսկ քեզ հենց այս բեմի տակ կթաղեմ:

Մեյվեյզեր. Եթե այդքան վստահ ես հաղթանակիդ վրա, ինչո՞ւ ողջ հոնորարդ չես դնում դրա վրա:

Հայացքների մենամարտի ժամանակ, որը ինչպես եւ Լոս Անջելեսում, 1,5 րոպե տեւեց, բռնցքամարտիկները չլռեցին, Մեյվեյզերն ընդօրինակում էր ՄաքԳրեգորի շարժումները:

Լուսանկարը` reviewjournal.com


Նյու Յորք. Սպիտակ մուշտակն ու օդ նետված 1 դոլարանոցները

«Բարքլայնս» կենտրոնում, որտեղ սովորաբար երգում են առաջին մեծության աստղերը, հանգրվանեցին նաեւ բարձրագոչ ճառերի սիրահար մարզիկները:

ՄաքԳրեգորն իր սիրելի կոստյումների փոխարեն այդ անգամ սպիտակ մուշտակով էր, գունավոր տաբատով ու սեւ ակնոցով՝ չմոռանալով ցույց տալ նաեւ հսկայական դաջվածքը:

Ֆլոյդն էլ շարունակեց Տորոնտոյում սկսած ներկայացումը՝ նա Իռլանդիայի դրոշով էր, հետն էլ մի քանի հսկայական չափերի հասնող թիկնապահներ:

Իրեն ռեփերի դերում պատկերող ՄաքԳրեգորը նրան Jay-Z-ի նոր ալբոմը նվիրեց. «Շուտով սնանկանալու ես, սովորիր նրանից, թե ինչպես է պետք իսկական կայսրություն կառուցել, ոչ թե արհեստական»:

Լուսանկարը` Facebook


Ամերիկացին վերցեց ալբոմը՝ շարունակելով հեռախոսով նկարել ՄաքԳրեգորին:

«Համառ աշխատանք ու նվիրվածություն, եւ ցանկացած աշխատանք ամենահեշտ աշխատանքն է»,- իր կարգախոսը գոռաց Մեյվեյզերը, ապա շարունակեց. «Դու պարզապես մարմնավաճառ ես, DJ միացրեք մերկապարուհիների երաժշտությունը»:

Ապա պայուսակից հանեց մեկ դոլարանոցներն ու նետեց իռլանդացու վրա:

ՄաքԳրեգոր. Որտե՞ղ է իսկական գումարը, այստեղ միայն 1 դոլարանոցներ են:

Մեյվեյզեր. Հենց այնքան է, որքան դու արժես:

Այնուհետեւ նա թիկնապահների օգնությամբ փակեց իռլանդացու ու նրա թիմի ճանապարհն ու, վերցնելով խոսափողը, գոռաց. «Յեե, այս ռաունդն, անկասկած, իմն է»:



Լոնդոն. Ստացված տարեդարձն ու երկրպագուների երգը

«Ուեմբլիի» վրա տեղադրված ռինգի վրա էլ բռնցքամարտիկները եզրափակեցին իրենց բանավեճը:  96 ժամում նրանք 6 մասնավոր ինքնաթիռներով 3 երկրի 4 քաղաքներում եղան՝ անցնելով 40 հազ կմ ու հավաքելով 50 հազ. երկրպագուներ:

Հենց այդ օրը ՄաքԳրեգորը նշում էր 29-ամյակը, երեւի դա էր պատճառը, որ ավելի զուսպ էր հագնվել՝ կոստյումով էր, իսկ արտահայտություններում էլ՝ զգույշ: 10 հազ. իռլանդացիներ էին եկել նրան աջակցելու:

Մեյվեյզերն արեց այն, ինչ նախորդ 3 հանդիպումների ժամանակ էր արել, հիշեց մրցակցի պարտությունները, նրան մարմնավաճառ անվանեց: Իռլանդացին էլ ի պատասխան 2 միջնամատերը ցույց տվեց:

Լուսանկարը` bloodyelbow.com


Իսկ երբ Մեյվեյզերը կրկին ցանկացավ իր կարգախոսը գոռալ, տրիբունաները լռեցրին նրան ու «Happy Birthday to you» երգեցին:

Մասնագետները համարում էին, որ այդ շրջագայությունը հավասար՝ 2:2 հաշվով ավարտվեց, սակայն Մեյվեյզերի կարծիքով ինքը մաքուր հաղթանակ էր տարել. «Միեւնույն է, երկրպագուները չեն կարողանա կռվել նրա փոխարեն: Հաղթանակն իմն է լինելու»:

Այդպես էլ եղավ, նա այս անգամ էլ կարողացավ պահել ինքն իրեն տված խոստումը: 1996 թվականի Ատլանտայի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում զիջելուց հետո Մեյվեյզերը խոստացել էր էլ երբեք ռինգը պարտված չլքել ու 21 տարի է հավատարիմ է մնում այդ խոստմանը:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին