exclusive
42754 դիտում

Անկախ Հայաստանի սպորտային առաջին նվաճումները


Լուսանկարը` Մեդիաամքս

Լուսանկարը` ՀԱՕԿ-ի արխիվից

Լուսանկարը` ՀԱՕԿ-ի արխիվից

Լուսանկարը` FC Banants

Լուսանկարը` FC Banants

Լուսանկարը` nazaryan.net

Լուսանկարը` nazaryan.net


1991 թվականին Հայաստանի բնակչությունն ապրում էր ծանր օրեր. երկրաշարժ, Ադրբեջանից մի կերպ հայրենիք տեղափոխված փախստականներ, պետերազմ: Այս ամենն ավելի էր ուժեղացրել հայերին, որոնց երկար տարիների երազանքը կատարվեց սեպտեմբերի 21-ին: Հայաստանը հռչակվեց անկախ պետություն:

Չնայած դժվարություններին՝ Հայաստանում այդ թվականներին սպորտը երբեք չմահացավ: Շնորհիվ նվիրված մարդկանց այն շարունակեց գոյատեւել՝ իրականացնելով բազմաթիվ երիտասարդների նպատակները:

Mediamax Sport-ն անկախության օրվան նվիրված հոդված է պատրաստել, որում փորձել է ցույց տալ, թե ինչպես են մեր մարզիկները նման պայմաններում կարողացել պարապել ու մեդալներ նվաճել:

Մենք զրուցել ենք Օլիմպիական չեմպիոններ, հունահռոմեական ոճի ըմբիշներ Մնացական Իսկանդարյանի ու Արմեն Նազարյանի, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ Արա Նիգոյանի հետ:

Չհանձնվող, սեփական ուժերին հավատացող ու աշխատասեր

Մնացական Իսկանդարյանն իր վրա է զգացել անկախության բերած ուրախություններն ու չափից շատ դժվարությունները:

Մարզվելու տեղ համարյա չունեին, գյումրեցի մարզիկի համար նաեւ ցավալի էր իր քաղաքը տեսնել կիսաքանդ վիճակում, երկրաշարժից ընդամենը 3 տարի էր անցել:

Շատ ծանր էր՝ սով էր, լույս չկար, անգամ նորմալ դահլիճներ չունեինք: Առավոտյան շուտ մարզվում էի, ապա շտապում ընկերներիս ու բարեկամներիս օգնելու: Բայց միեւնույն է շարունակում էինք պարապել, մեր նպատակներին հասնելու համար ոչինչի առաջ կանգ չէինք առնում: Հանձնվել չէինք կարող, հաղթանակներն էին  սպասում:

Լուսանկարը` ՀԱՕԿ-ի արխիվից


«Ուժեղ եղիր, թույլերի բախտը չի բերում» կարգախոսով էլ Իսկանդարյանն առաջ է գնացել, հավատալով, որ անհնարին ոչինչ էլ չկա, երբ շատ ես ցանկանում, ամեն ինչ ենթարկում ես քեզ:

Հանձնվելը մեզ համար չէր: Իմ սերնդի մարզիկները շատ տաղանդավոր էին, շատերն են մեծ արդյունքների հասել, հաղթողներ դարձել ԱԱ-ում, ԵԱ-ում ու Օլիմպիական խաղերում: Ալեքսանդր Կարելինը միշտ սիրում էր ըմբիշների մասին ասել, որ մեր հիմնական մարզումը հենց մարզումից հետո է սկսվում: 1,5 ժամ պարապելուց հետո էլի էինք մնում ու սխալների վրա աշխատում: Այդպես են լավագույնը դառնում:

1991-ին անկախանալուց հետո Հայաստանն առաջին անգամ առանձին երկրի կարգավիճակով մարզիկներ ուղարկեց Բարսելոնայի Օլիմպիական խաղեր: Խաղերին 5 մասնակցով ներկայացած Հայաստանը 3 ոսկե ու 1 արծաթե մեդալ նվաճեց: Դա մինչ օրս Օլիմպիական խաղերում հայ մարզիկների գրանցած լավագույն ցուցանիշն է:

Լուսանկարը` ՀԱՕԿ-ի արխիվից


Երբեք չեմ մոռանա Անկախ Հայաստանի համար նվաճած առաջին մեդալս: Իմ կյանքի ամենաերջանիկ վայրկյաններն են, աննկարագրելի էր: Մեր թիմը շատ-շատ ուժեղ ու ամուր էր, ափսոս ընկերս՝ Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը վայրկյանների ընթացքում ձեռքից բաց թողեց ոսկին, նա էլ էր հաղթող լինելու: Բարսելոնայում մոտ ժամը 5-ին հաղթեցի, մինչ Օլիմպիական գյուղ հասնելն իմացա, որ Իսրայել Միլիտոսյանն էլ է ոսկի նվաճել: Ավելի ուշ էլ չեմպիոն դարձավ Հրաչյա Պետիկյանը: Մեկ օրում 3 ոսկե մեդալ ունեցանք, հրաշալի էր:

Օլիմպիադայից վերադառնալուց հետո ժողովուրդը մեծ ոգեւորությամբ է դիմավորել մարզիկներին, հատկապես մեծ տոն էր Գյումրիում, չնայած այդ տարիներին ունեցած մեծ կորուստներին, քաղաքում վերջապես տոն էր ու ցնծություն՝ իրենց չեմպիոնների պատվին:

Ճիշտ է ԽՍՀՄ-ի կազմում հանդես գալիս նշվում էր, որ երկրից ենք, բայց անկախանալուց հետո մենք հենց Հայաստանն էինք ներկայացնում: Դա մեծ նշանակություն ուներ մարզիկների համար, այդ ժամանակ Հայաստանի մասին իսկապես ոչ ոք չգիտեր:

Ֆուտբոլի ազգային հավաքականի առաջին միջազգային հանդիպումը

1992 թվականին ձեւավորվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, իսկ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց Էդուարդ Մարկարովը:

Նրա գլխավորությամբ էլ հոկտեմբերի 14-ին «Հրազդան» ստադիոնում կայացավ ազգային թիմի առաջին հանդիպումը: Ընկերական խաղում մրցակիցը Մոլդովան էր, իսկ հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով:

Ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արա Նիգոյան

Երբ իմացանք, որ ընկերական խաղ ենք անցկացնելու, շատ ուրախացանք: Առաջին անգամն էինք մեր երկիրը միջազգային հարթակում ներկայացնելու: Բոլորս այնքան հպարտ էինք, որ Հայաստանի հավաքականում ենք խաղում: Ազգ ներկայացնելը շատ պարտավորեցնող ու պատասխանատու գործ է:

Լուսանկարը` FC Banants


Իսկ ահա Նիգոյանի թիմակից Արսեն Ավետիսյանը դարձավ առաջին ֆուտբոլիստը, որին հաջողվեց խփել Հայաստանի հավաքականի առաջին գոլը: Նա դա արեց 1994-ին կայացած Մալթայի դեմ ընկերական խաղում: Նույն տարի սեպտեմբերին կայացավ Հայաստանի հավաքականի առաջին պաշտոնական խաղը: Եվրոպայի 1996 թվականի առաջնության ընտրական փուլում մեր թիմը 0:2 հաշվով զիջեց Բելգիայի հավաքականին:

Ուշացող աշխատավարձ, ուժեղ առաջնություն ու Անկախության գավաթ

Հայաստանի առաջնությունում եւս ամեն ինչ նոր-նոր էր ձեւավորվում: Չնայած պատերազմական իրավիճակին, սոցիալ-տնտեսական դժվարություններին, առաջնությունում առաջին տարին ելույթ էր ունենում 12 թիմ:

Նիգոյանը շատ լավ է հիշում, որ իրենց թիմը՝ «Բանանցը», գրավեց երրորդ հորիզոնականը:

Ֆուտբոլիստները Խորհրդային Միության դպրոցն էին անցել, ձեւավորվել էին ուժեղ թիմեր, որոնք շատ հետաքրքիր պայքար էին ծավալում: Կարծում եմ, որ 1992 թվականին է եղել Հայաստանի ամենաուժեղ առաջնությունը: 12 թիմ էր մասնակցում, ամեն խմբից 4 լավագույնները դուրս եկան ու պայքարեցին 1-ին տեղի համար: Այդպես էլ չհասկացա, թե ինչու այդ տարին 2 չեմպիոն ունեցանք: Հաղթողի կոչման համար պետք է պայքարեին «Շիրակն» ու ՀՄԸՄ-ն, բայց ընդհանուր հայտարարի չէին գալիս, թե խաղը որտեղ պետք է լինի: Արդյունքում, երկուսին էլ չեմպիոնական կոչում տվեցին:

Լուսանկարը` FC Banants


Հայաստանի Անկախության գավաթն առաջինը նվաճել է «Բանանցը», իսկ ահա Նիգոյանը դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը եզրափակչում խփել է առաջին գոլը:

Եզրափակիչը «Հրազդան» մարզադաշտում էր, հրաշալի մթնոլորտ էր, շատ երկրպագուներ էին եկել: 2:0 հաշվով հաղթեցինք ՀՄԸՄ-ին, առաջին գոլն էլ ես խփեցի: Իհարկե, ուրախացել էր ողջ թիմը, շատ լավ կոլեկտիվ էր հավաքվել «Բանանցում»: Գիտեք, այդ տարիներին ինչպիսին էր Հայաստանի վիճակը: Բայց մենք երբեք չենք տրտնջացել ցրտից, լույս չլինելուց, աշխատավարձերի ուշացումից: Բոլորս ապրում էինք ֆուտբոլով ու մեծ ոգեւորությամբ գնում էինք մարզման: Շատ մեծ էր մեր մեջ լավատեսությունը:



Անհավանական զրկանքներն ու առաջին նվաճումները

Հայաստանի դրոշի տակ Եվրոպայի կրկնակի ու Օլիմպիական խաղերի չեմպիոն Արմեն Նազարյանի կարիերայի վերելքը համընկավ երկրի համար բախտորոշ ու ծանր օրերի հետ՝ ազատագրական շարժում, անկախացում, պատերազմ:

Դահլիճները չէին ջեռուցվում, ձմռանը գորգի վրա սառույց էր լինում, բայց անգամ այդպիսի պայմաններում մենք շարունակում էինք մարզվել մեր երազանքներն իրականացնելու համար: Սպորտում ինձ մեծ սերն ու հավատը պահեց, գիտեի, որ մեծ հաղթանակներ են լինելու:

Նա սարսափով է հիշում իր կրած զրկանքները՝ վառելիք ու լույս չկար, կռիվ էր ու ցուրտ: Մարզվելու համար ստիպված էր լինում օրական երկու անգամ Մասիսից ոտքով հասնել Երեւան: Բայց անգամ նման ծանր պահերին Արմեն Նազարյանը չի մտածել սպորտը թողնելու մասին:

Լուսանկարը` nazaryan.net


Առաջին միջազգային նվաճումը եղավ 1992 թվականի երիտասարդների ԵԱ-ում, որտեղից էլ սկսվեց հաղթարշավը դեպի մեծ սպորտ: Առաջնությունը հյուրընկալել էր
Թուրքիան, ու Նազարյանի համար անչափ կարեւոր էր այնտեղից հաղթանակած վերադառնալ:

Թուրքիայում, բնականաբար, չէին ցանկանում, որ հայ մարզիկը հաղթի ու նրա պատվին բարձրացվի անկախ Հայաստանի դրոշը: Առաջնությունն անցկացվում էր Ստամբուլում, կազմակերպիչներն ամեն ինչ անում էին մեզ խանգարելու համար: Ասում էին՝ հույս էլ չունենաք, որ ձեր հիմնը հնչելու է: Սակայն այն հնչեց երկու անգամ՝ իմ ու Տիգրան Մկրտչյանի պատվին:

Բայց այդ հաղթանակի իսկական գինը Նազարյանը զգաց հայրենիքում, երբ Ստամբուլից վերադառնալուց հետո ջերմ ընդունելության արժանացավ հայ ֆիդայինների կողմից.

Անսահման  հպարտ էի, երբ նրանք ինձ ասացին՝ դու գործը գորգի վրա արեցիր, մենք էլ սահմանում կանենք:

Լուսանկարը` nazaryan.net


1996-ին Եվրոպայի կրկնակի չեմպիոնը մեկնեց Ատլանտայի Օլիմպիական խաղեր ու ամենաբարձունքում հայտնվեց: Հայաստանի համար ամենատարբեր խոշոր մրցաշարերում 8 մեդալ նվաճած Արմեն Նազարյանը, սակայն, արժանի ուշադրության ու գնահատանքի չարժանացավ, նա փոխեց քաղաքացիությունն ու սկսեց ներկայացնել Բուլղարիան:

Օլիմպիադայից հետո չափազանց բարդ էր ինձ համար: Մահացավ Վազգեն 1-ը, երկրում նախագահական ընտրություններ եղան, ու ինձ վրա որեւէ ուշադրություն չդարձրին: Այդ մասին չեմ սիրում խոսել, վաղուց ամեն ինչ մոռացված է, բայց շատ վիրավորական էր: 20 տարի է արդեն Բուլղարիայում եմ, մեծ անուն ու հեղինակություն ունեմ,  բայց առանց Հայաստանի չեմ կարող: Գործով եմ ապացուցել նվիրվածությունս մեր երկրին:



Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին