exclusive
25592 դիտում

Բարի վերադարձ. «Մանչեսթեր Յունայթեդը» կրկին Չեմպիոնների Լիգայում է


Լուսանկարը` mirror.co.uk

Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` thesun.co.uk

Լուսանկարը` Reuters


Չեմպիոնների Լիգան այսօր վերադառնում է «Օլդ Թրաֆորդ», երկարատեւ դադարից հետո կրկին այնտեղ կհնչի հայտնի օրհներգը`«Սրանք լավագույն թիմերն են, կարեւոր իրադարձությունը: Չեմպիոնները, լավագույնները, հզոր ակումբները»:

Սիրելի ակումբին կրկին լավագույնների պայքարում տեսնելու համար Կարմիր սատանաների երկրպագուները ստիպված եղան չափից շատ սպասել:

Այսօր սեփական հարկի տակ ՄՅՈւ-ն ՉԼ-ի խմբային փուլում կհյուրընկալի «Բազելին»: Ֆուտբոլային տոնի մեկնարկին ընդառաջ Mediamax Sport-ը ներկայացնում է անգլիական ակումբի ակնկալիքներն ու սպասված վերադարձը:

Մոուրինյոյի ու ՄՅՈւ-ի ուղին ՉԼ-ում

«Իմ ֆուտբոլիստները չպետք է Եվրոպայի Լիգան իրենց մրցաշարը համարեն»,- դեռ 2013-ին հայտարարել էր Ժոզե Մոուրինյոն: Տարբեր թիմերի հետ մեծ հաջողությունների հասած ու ոսկե մեդալներ նվաճած պորտուգալացին 2016-2017 մրցաշրջանի վերջում հասկացավ, որ Անգլիայի առաջնությունում քառյակում ընդգրկվելն անհնար է եւ շեշտը դրեց Եվրոպայի Լիգայի վրա:

Լուսանկարը` manutd.com


Պլանն արդարացվեց, ՄՅՈւ-ն առաջին անգամ հաղթեց մրցաշարում ու նորից կվերադառնա եվրոպական բեմահարթակ: Դա տեղի է ունենում եվրոպական ֆուտբոլային մրցանակը ՄՅՈւ-ի կողմից 50 տարի անց նվաճվելուց հետո, ՉԼ-ն այն ժամանակ դեռ Եվրոպական Գավաթ էր կոչվում:

Ակումբը, երկրպագուները, մարզչական շտաբն ու ֆուտբոլիստներն առանձնակի անհամբերությամբ են սպասում այդ իրադարձությանը. 2015 թվականի դեկտեմբերին Լուի վան Գալի գլխավորությամբ ՉԼ-ում «Վոլսբուրգին» 3:2 հաշվով զիջելուց հետո ՄՅՈւ-ն շատ փորձություններ ստիպված եղավ հաղթահարել կրկին այստեղ հայտնվելու համար:

Անհաջող մեկնարկ առաջնությունում, վայրիվերումներ, նոր ձեռքբերումներ, մարզիչ ու, վերջապես, սպասված հաղթանակ Եվրոպայի Լիգայում, ինչն էլ ՄՅՈւ-ին բերեց այդքան ցանկալի մրցաշար:

Լուսանկարը` uefa.com


Սա Մոուրինյոյի ու թիմի միասին առաջին ճանապարհորդությունն է լինելու մրցաշարում, թեեւ առանձին-առանձին նրանք շատ բաների միջով են անցել ու մեծ նվաճումներ արձանագրել:

«Չեմպիոնների Լիգայում լինելը կեցության սովորական միջավայր վերադառնալու պես է: Անհամբերությամբ եմ սպասում խաղին ու հույս ունեմ, որ «Օլդ Թրաֆորդն» էլ է նույնը զգում, ինչ մենք: Մեր մոտիվացիան չափազանց բարձր է, կաշխատենք հաղթահարել խմբային փուլն ու փլեյ-օֆֆը վայելել Եվրոպայի լավագույն թիմերի հետ»,- անկեղծացել է Մոուրինյոն:

Թիմերի նոր մրցաշրջանն ու դիմակայությունը

Հանդիպման ֆավորիտ անգլիական ակումբն է համարվում: Մոուրինյոյի թիմը վստահ է մեկնարկել առաջնությունում՝ 3 հաղթանակ գրանցել, իսկ շաբաթ օրը ոչ-ոքի խաղացել «Սթոք-Սիթիի» հետ: Մանչեսթերյան մյուս ակումբի՝ «Սիթիի» հետ այն 12 հնարավորից վաստակել է 10 միավոր ու առաջատարն է: 4 խաղերի արդյունքում ՄՅՈւ-ն խփել է 12 գնդակ ու ընդունել 2-ը:

Լուսանկարը` manutd.com


Շվեյցարիայի չեմպիոն «Բազելն» էլ երկրի առաջնությունում 7 հանդիպում է անցկացրել՝ 3 հաղթանակ, 2 ոչ-ոքի ու 1 պարտություն: Ինչպես եւ մանկունիացիները, այն եւս 12 գոլ է հեղինակել, սակայն եւ ընդունել է ավելի շատ՝ 9-ը: Թեեւ մեկնարկը մրցաշրջանում «Բազելի» համար հաջող է դասավորվել, սակայն արդեն 3 խաղ է հաղթել չի կարողանում:

Թիմերը միմյանց հանդիպել են նաեւ ՉԼ-ի 2002-2003 եւ 2011-2012 թթ. մրցաշրջաններում: Դրանց դիմակայություններում հաշիվը դեռ հավասար է, յուրաքանչյուրը մեկական հաղթանակ ունի գրանցած, 2 հանդիպում էլ ոչ-ոքի է ավարտվել:

Ի դեպ, միասին խմբային փուլը չեն հաղթահարել, 2003-ին փլեյ-օֆֆ փուլ է դուրս եկել անգլիական ակումբը, իսկ 2012-ին՝ շվեյցարական: Սակայն ակումբների պայքարը ՉԼ-ում երկար չի եղել, «Բազելը» հաջորդ փուլում 1:7 հաշվով զիջել է «Բավարիային», իսկ ««Յունայթեդը»՝ 5:6 հաշվով «Ռեալին»:

Մխիթարյանի գործոնը

Լուսանկարը` manutd.com


Մեզ համար մանչեսթերյան ակումբի ելույթներն առանձնակի կարեւորություն են ունենալու: Հայաստանը ՉԼ-ում ներկայացված լինելով միայն մեկ ֆուտբոլիստով՝ անհանգստությամբ ու անհամբերությամբ է հետեւելու A խմբի հանդիպումներին:

Թեեւ դժվար, բայց ստացված ու հաջողված մրցաշրջանից հետո Հենրիխ Մխիթարյանի փայլելու հերթն արդեն Չեմպիոնների Լիգայում է: «Բորուսիայից» հեռանալուց հետո նա մեկ տարի բացակայել է մրցաշարից, համառորեն աշխատել է ԵԼ-ում, 11 խաղերում 6 գոլի հեղինակ դարձել ու թարմացրել ՄՅՈւ-ի ակումբային ռեկորդը:

«Այնքան երջանիկ էի Եվրոպայի Լիգայում հաղթելու համար: Հիմա արդեն ցանկանում եմ ՉԼ-ում հաղթել: Չեմպիոնների Լիգան այն մրցաշարն է, որին ՄՅՈւ-ն պատկանում է: Ուրախ ենք կրկին այդ հրաշալի մրցաշարում խաղալու համար: Նոր մրցաշրջանում ուզում ենք Գավաթի համար պայքարել: Մի քանի տարվա անհաջող ելույթներից հետո «Յունայթեդն» առաջիկայում վերելք կապրի: Հույս ունեմ՝ նոր մրցաշրջանում բազմաթիվ գոլեր կխփեմ ու գավաթներ կնվաճեմ»,- խոստովանել է Մխիթարյանը:

Թիմակիցների սպասումները

Այսօրվա խաղին Մանչեսթերում անհամբերությամբ են սպասում ու միաժամանակ ցանկանում  հաղթական մեկնարկ ունենալ:

Ֆուտբոլիստներն իրենց զրույցներում կարեւորում են հաղթանակն ու խոսում իրենց առջեւ դրված նպատակների մասին:

Լուսանկարը` manutd.com


Անդեր Էրերա. Այսօրվա դիմակայությանը պատրաստ ենք: Պետք չէ առաջ ընկնել ու մտածել ՉԼ-ում հաղթելու մասին: Մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի ամեն սպասվող հանդիպում: Պետք է կենտրոնանանք «Բազելի» հետ խաղի վրա:

«Յունայթեդը» ՉԼ-ում պետք է ամեն տարի հանդես գա, քանի որ աշխարհի ամենամեծ ակումբներից մեկն է: Թեեւ անցած տարի այն բաց ենք թողել, բայց միեւնույն է թոփ-ակումբ ենք: Մենք երկրպագուների ամենամեծ բանակն ունենք: Ուրախ եմ ՉԼ վերադառնալու համար, այն զարմանալի մրցաշար է, երեւի, ֆուտբոլում ամենահիանալին:

Նեմանյա Մատիչ. Չեմպիոնների Լիգան ամենակարեւոր մրցաշարն է, որը թույլ է տալիս խաղալ Եվրոպայի ամենալավ թիմերի դեմ: Շատ հուզված եմ, հաճելի է լինելու «Օլդ Թրաֆորդում» խաղալ 70 հազ. հանդիսականների առաջ: Հիանալի երեկո ու դրական արդյունք եմ սպասում: Բոլոր ջանքերը կգործադրենք, որ խմբում առաջինը լինենք:

Խուան Մատա. Հավատում ենք մեր ուժերին: Ամեն ինչ ունենք, որ հաղթենք Անգլիայի առաջնությունում ու նվաճենք ՉԼ-ի գավաթը: Նախորդ մրցաշրջանում ձախողված հանդիպումներ եղան, բայց հիմա ամեն ինչ փոխվել է:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին