Ապրիլ 25, 2024
exclusive
28547 դիտում

Ռումինիա-Հայաստան. ԱԱ-ի ընտրական փուլը մոտենում է ավարտին


Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo


Հայաստանի ֆուտբոլի հավաքականն Աշխարհի առաջնության ընտրական փուլում անցկացնելու է վերջին չորս հանդիպումները:

Սեպտեմբերի 1-ին ու 4-ին Արթուր Պետրոսյանի սաները մրցելու են Ռումինիայի ու Դանիայի դեմ, իսկ հոկտեմբերի 5-ին ու 8-ին՝ Լեհաստանի ու Ղազախստանի:

Այսօր Բուխարեստի Ազգային ստադիոնում հայ ֆուտբոլիստները փորձելու են վրեժխնդիր լինել տանտերերից՝ Երեւանում 0:5 հաշվով կրած ջախջախիչ պարտության համար:

2016-ի հոկտեմբերին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում իսկական քաոս էր: Հայաստանի ընտրանին, որը հենց խաղասկզբից մնաց 10 հոգով, չէր հասկանում ինչ է տեղի ունենում: Հազիվ էր գնդակը հանում սեփական դարպասից ու ամեն ինչ սկսում դաշտի կենտրոնից, երբ նորից ստիպված էր լինում գոլ ընդունել:

Շուրջ մեկ տարի է անցել, այդ ընթացքում թիմում փոփոխություններ են եղել: Արթուր Պետրոսյանի գալուց հետո մեր ֆուտբոլիստները կրկին վերգտել են իրենց, սկսել գրագետ ու թիմային խաղ ցուցադրել, ինչի արդյունքում էլ ունեցան նաեւ հաղթանակներ:

Լուսանկարը` PAN Photo


Մարզիչը խոստովանել է, որ 0:5 հաշվով պարտությունից հետո իրենք ապացուցելու բան ունեն: Նախորդ խաղի համեմատ ինչ-որ բաներ փոխել են ու կփորձեն իրականացնել բոլոր մտահաղացումները:

Հայաստանի հավաքականը ընտրական E խմբում վաստակել է ընդամենը 6 միավոր ու զբաղեցնում է նախավերջին տեղը՝ առաջ լինելով միայն Ղազախստանի թիմից:

Այսօրվա խաղում Պետրոսյանը դիրքային խնդիրներ կարծես թե չունի: Միայն Արտակ Գրիգորյանն է, որ որակազրկման պատճառով չի կարողանալու օգնել թիմին: Մյուսներն իրենց ակումբերից վերադարձել են լավ մարզավիճակում ու պատրաստ են լինելու խաղին:

 

Ռումինիան եւս խմբային փուլում վաստակել է 6 միավոր, սակայն անձնական գործակիցներով 4-րդ տեղում է: Մի քանի օր առաջ գլխավոր մարզիչ Քրիստոֆ Դաումը խոստովանել է, որ իր գործերն այդքան էլ հաջող չեն ընթանում, իսկ Հայաստանին ու Մոնտենեգրոյին պարտվելու դեպքում հնարավոր է լքի պաշտոնը: Այնպես որ, ռումինացիներն անելու են ամեն ինչ, որպեսզի մեզ հետ խաղում երեք միավոր վաստակեն:

Լուսանկարը` PAN Photo


Հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները մասնակցել են մարզումներին, միայն Էրիկ Բիլֆալվին է աշխատել անհատական ծրագրով, իսկ Չիպրիան Դյակին աստճանաբար ապաքինվում է վնասվածքից:

Բուքմեյքերները սպասվող դիմակայությունում հավատում են Ռումինիայի հավաքականի հաղթանակին՝ 1,61, իսկ ահա Հայաստանի թիմի գործակիցը 7,15 է, ոչ-ոքին գնահատվում է 4,31:

Երկու թիմերն էլ, որոնց խմբից դուրս գալու հնարավորությունները չափազանց ցածր են, ապացուցելու ու պարզապես վստահություն ձեռք բերելու խնդիր ունեն: Երկրպագուներին ուրախացնելը եւս կարող է մեծ մոտիվացիա լինել ֆուտբոլիստների համար: Այնպես որ, այսօր կրկին Հայաստան երկրպագելու համար պարզապես 22:45-ից պետք է հետեւել Ռումինիա-Հայաստան հանդիպմանը:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին