Ապրիլ 20, 2024
exclusive
31624 դիտում

Ալեքսանյան. Նորաձեւության մայրաքաղաքի սպորտային բույրի հեղինակը


Արթուր Ալեքսանյանը
Արթուր Ալեքսանյանը

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org


Օլիմպիական Ռիոյում հաղթելուց հետո 1 տարի ու 5 օր անց Արթուր Ալեքսանյանը կրկին ոսկով նշանավորեց իր ելույթը:

2014 թվականի Աշխարհի առաջնությունից հետո ոչ մի ըմբիշի այդպես էլ չի հաջողվում նրա քաշային կարգում առավելությունն իր ձեռքը վերցնել:

2014-ին Տաշքենդում, 2015-ին՝ Լաս Վեգասում ու 2017-ին Փարիզում ոսկի մեդալներ միայն Ալեքսանյանն է նվաճում:

Mediamax Sport-ը հետեւել է նրա բոլոր չեմպիոնական ելույթներին ու ներկայացնում է ալեքսանյանական հաջողությունների ուղին:

Լուսանկարը` unitedworldwrestling.org


Օլիմպիական խաղերում հաղթելուց հետո Արթուր Ալեքսանյանի համար նոր ժամանակներ սկսվեցին: Սպորտային բոլոր տիտղոսներին արժանացած մարզիկը պետք է իր կարիերայում այլ մեկնարկ ազդարարեր: Նա մեկ անգամ չէ, որ Եվրոպայի չեմպիոն էր եղել ու հաղթել Աշխարհի առաջնությունում: Բայց դա եղել էր նախաօլիմպիական շրջանում:

Ռիո-2016-ից  հետո Ալեքսանյանը երկար ընդմիջում ունեցավ, լիարժեք հանգստացավ, ճանապարհորդեց, վայելեց երկրպագուների սերն ու ճանաչումը՝ այդ ընթացքում բաց թողնելով մի քանի մրցաշարեր:

Սակայն գորգ վերադառնալու ժամանակն էր, անհամբերությամբ սպասում էր ոչ միայն ըմբիշը, այլ նաեւ նրա տաղանդի սիրահարները: 

Լուսանկարը` unitedworldwrestling.org


2017-ը նրա համար այդքան էլ հեշտ չստացվեց: Եվրոպայի առաջնությունում 2016-ի ամենակարեւոր ոսկու նվաճողն ընդամենը 3-րդն էր: Գուցե, շատ մարզիկների համար դա երազանքի մեդալ կհամարվեր, սակայն ոչ Ալեքսանյանի:

Հնարքների մեծ զինանոց ու անկրկնելի տեխնիկայի ունեցող, գեղեցիկ ըմբշամարտի կողմնակից ըմբիշի համար անսովոր եւ ձանձրալի էր գոտեմարտել նոր կանոններով: Մենք չտեսանք այն ոգեւորությունն ու կայծը, որ սովորաբար լինում է, երբ գորգում հայտնվում է Ալեքսանյանը:

Դրան հաջորդեց Թբիլիսիում կայացած Աշխարհի Գավաթը, որի եզրափակիչը հայ-վրացական ընդհարումներով ու հայ ըմբիշի որակազրկմամբ ավարտվեց:

Սակայն Աշխարհի առաջնությանը 2 ամիս ժամանակ էր մնում ու պետք էր ցույց տալ, թե ինչպես են վերադառնում չեմպիոնները: Նախապատրաստական հավաքներից մեկի ժամանակ Ալեքսանյանը մասնակցեց իրեն նվիրված նամականիշի մարման արարողությանը:

Լուսանկարը` unitedworldwrestling.org


Վերջապես եկավ եւ Փարիզի Աշխարհի առաջնության ժամանակը: Հիմա սիրո ու Էյֆելյան աշտարակի, օծանելիքի ու նորաձեւության քաղաքը մեզ համար նաեւ ըմբշամարտի բույրով է հիշվելու:

Այն «օծանելիքի», որը տարիներ շարունակ իր հաղթական «լաբորատորիայում» ստեղծում է Ալեքսանյանը: Դրա մեջ խտացված են տարբեր ու առաջին հայացքից անհամատեղելի թվացող բույրերը՝ հաղթանակների ոգեւորությունը, եզակի, բայց եւ դառը պարտությունները, վնասվածքների ցավը, երկարատեւ ու հոգնեցնող մարզումների քրտինքը:

Նրանք հավաքված են բոլոր այն քաղաքներից, որտեղ ելույթ է ունեցել ու ոսկիներ կուտակել ըմբիշը՝ Բելգրադից, Թբիլիսից, Վանտայից, Տաշքենդից, Լաս Վեգասից Ռիոյից ու Երեւանից:

Լուսանկարը` unitedworldwrestling.org


Այդ հսկայական քաղաքների շարքում սակայն առանձնակի տեղ ունի համեստ ու փոքրիկ Գյումրին, որտեղ գտնվում է Ալեքսանյանի անվան մարզադպրոցը:

Սակայն սարսափելի պայմաններում գտնող դպրոցում միեւնույն է հավատում են հրաշքների, որ մի օր իրենց համաքաղաքացին կրկին հաղթելու է ամենամեծ գորգերում ու այդ հաղթական ալիքը կրկին տարածվելու է ողջ Հայաստանում՝ ոգեւորություն առաջացնելով անգամ ամենահեռավոր անկյուններում:

Նրանք իրենց աչքերով են տեսնելու, թե ինչպես են աշխատում, չհանձնվում ու դժվարությունները հաղթահարում ֆանտաստիկ մարզիկները, որոնք գորգում այնպես են կախարդում, ինչպես հմուտ վարպետներն են ստեղծում արվեստի մնայուն գլուխգործոցներ:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին