Ապրիլ 26, 2024
exclusive
39647 դիտում

Ալեքսանյանի շապիկի պատմությունը. Օլիմպիական ոսկուց 1 տարի անց


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեկ տարի առաջ այս օրը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանը նվաճեց Հայաստանի 14-րդ ոսկե մեդալը:

Ռիոյում Արթուր Ալեքսանյանն իրականություն դարձրեց բոլոր մարզիկների ամենանվիրական երազանքը. լինել լավագույնը, ամենաբարձունքում ու հավերժ կրել Օլիմպիական չեմպիոնի ամենաբաղձալի տիտղոսը:

Րոպեների ընթացքում նա ստիպեց ապրել հպարտության ու երջանկության պահեր, փայլել լայնարձակ ժպիտով, բայց եւ կրկին վերապրել կորստի ցավը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ալեքսանյանը սովորական մարզիկ չէ ու իր Օլիմպիական նվաճումը նշեց բոլորից տարբերվող կերպով:

Օլիմպիական չեմպիոնն ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված 19-ամյա կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի լուսանկարով շապիկով էր: Օլիմպիական չեմպիոնը հերոսին վայել կերպով մեծարեց հերոսներին:

Mediamax Sport-ը ներկայացնում է օլիմպիական շապիկի պատմությունը, որի մասին պատմել է Ալեքսանյանի մտերիմ ընկեր, կրկին հունահռոմեական ոճի ըմբիշ Վաղարշակ Մինասյանը:

Գաղտնի մտադրությունն ու դրա իրագործումը

2016-ի ապրիլը շատ մռայլ ու ծանր ստացվեց, 4-օրյա պատերազմը անտարբեր չէր թողնել ոչ մեկի: Բացառություն չէին նաեւ մարզիկները, որոնց համար տարին առանց այն էլ շատ պատասխանատու ու կարեւոր էր, պետք էր պատրաստվել օգոստոսին կայանալիք Օլիմպիական խաղերին:

Հենց այդ ընթացքում էլ՝ խաղերի նախապատրաստական հավաքներից մեկի ժամանակ, Արթուրի մոտ առաջացավ Ռիոյում նման շապիկ կրելու գաղափարը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հավաքի էինք, պարզապես զրուցում էինք, բնականաբար պատերազմի թեման շրջանցել չէինք կարող: Արթուրը հայտնեց իր մտադրությունը: Այս մասին միայն երկուսիս էր հայտնի, որոշել էինք ոչ ոքի չասել:

Ալեքսանյանն ինքն է ընտրել Ռոբերտ Աբաջյանի լուսանկարը, իսկ շապիկը պատվիրելու պարտականությունը եղել է Մինասյանի վրա: Այն պատրաստ է եղել հունահռոմեական թիմի Ռիո մեկնելուց ընդամենը մի քանի օր առաջ:

Արթուրը շատ էր ուզում շապիկը հագնել ու որոշել էր միայն  ոսկե մեդալ նվաճելու դեպքում այն ցուցադրել: Օլիմպիական խաղերի կանոնակարգով արգելվում է պարգեւատրման ժամանակ որեւէ լուսանկար կրել շապիկին, հակառակ դեպքում կարող են  որակազրկել: Արթուրը գնացել էր այդ ռիսկին ու իր մտադրությունն իրականություն դարձրել:

Օլիմպիական խաղերին Գյումրիում, ինչպես եւ ամբողջ Հայաստանում մեծ ոգեւորութամբ են հետեւել, քաղաքի կենտրոնում տեղադրված մեծ էկրանին ըմբիշի որոշիչ գոտեմարտին հետեւելու են եկել բազմաթիվ համաքաղաքացիներ ու ընկերներ:

Երբ չեմպիոն դարձավ, հավաքվածներին ասացի, որ նրանց անակնկալ է սպասվում, բայց չբացահայտեցի, թե ինչ: Պարզապես ասացի՝ կբացի շապիկն ու կտեսնեք, այդպես էլ եղավ: Շատ հուզիչ պահ էր, այնուհետեւ մեր օլիմպիականներին մեծ ոգեւորությամբ դիմավորեցինք օդանավակայանում: Արթուրին ուսերիս վրա  տարա, անչափ ուրախ էի, աննկարեգրելի ոգեւորություն էր տիրում ամենուր:

Լուսանկարը` PAN Photo


Հերոսներին նվիրված հաղթանակը

Օլիմպիական պատվոհարթակից իջնելուց հետո իր առաջին հարցազրույցում Արթուր Ալեքսանյանը խոստովանեց, որ հաղթանակը նվիրում է մեր հերոսներին, զինվորներին, ովքեր զոհվել են կամ հիմա կանգնած են սահմաններում:

Ապրիլյան դեպքերից հետո էի դեռ որոշել, որ հաղթելու դեպքում անպայման այսպիսի շապիկ եմ հագնելու:  Շատ եմ ցանկացել, որ այն մեր բոլոր հերոսների նկարով լինի, բայց, ցավոք, նրանք այնքան շատ են, որ հնարավոր չէր տեղավորել մեկ շապիկի վրա: Ռոբերտի նկարում բոլորն են խտացված: Երբ իմացա, թե Աբաջանն ինչ սխրանք է գործել, հենց այդ ժամանակ էլ այդ միտքն առաջացավ: Նրա շնորհիվ ես շատ բան հասկացա, սկսեցի պատկերացնել, թե ինչ հզոր ուժ ունի հայն ու ինչեր կարող է անել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզիկը ցանկացել էր ամբողջ աշխարհին ցույց տալ հայ հերոսին ու ոչ Օլիմպիական խարտիայի խախտումը, ոչ էլ այլ արգելքներ նրան չէին խանգարել իրականություն դարձնել մտածածը:

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Գոհար Նալբանդյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին