Ապրիլ 25, 2024
exclusive
30020 դիտում

«Լե Մանի 24 ժամ»-ում առաջին անգամ կներկայանա նաեւ Հայաստանը


Լուսանկարը` Գոհար Մնացականյան

Լուսանկարը` Գոհար Մնացականյան

Լուսանկարը` Գոհար Մնացականյան

Լուսանկարը` Գոհար Մնացականյան

Լուսանկարը` Գոհար Մնացականյան

Լուսանկարը` Գոհար Մնացականյան

Լուսանկարը` Գոհար Մնացականյան

Լուսանկարը` Գոհար Մնացականյան

Լուսանկարը` Գոհար Մնացականյան

Լուսանկարը` Գոհար Մնացականյան


Օգոստոսի 26-ին Ֆրանսիայի Լե Ման քաղաքում կայանալու է «Լե Մանի 24 ժամ» հեծանվային ավանդական մրցաշարը, որին առաջին անգամ մասնակցելու է նաեւ Հայաստանը։

Գրենոբլի քաղաքապետարանն աջակցել է «Supra Chic Mechanics» ասոցիացիայի ծրագրին, որի նպատակն է ապահովել 6 կին հեծանվորդների մասնակցությունը «Լե Մանի 24 ժամ»-ին:

Mediamax Sport-ին հայկական թիմի անդամները պատմել են, որ խումբը ձեւավորվել է մեկ տարի առաջ՝ մրցութային կերպով։

Վեց հոգանոց կանանց թիմի հետ մեկ տարի բարեգործական հիմունքներով աշխատում է մարզիչ, պրոֆեսիոնալ հեծանվորդ Սամսոն Բուլղադարյանը:

Լուսանկարը` Գոհար Մնացականյան


Սամսոն Բուլղադարյան, մարզիչ

Ես աղջիկների մեջ նախ զարգացնում եմ կամքի ուժը, որ նրանք հավատան իրենց կարողություններին եւ մինչեւ վերջ պայքարեն՝ անտեսելով հոգնածությունը, ցուրտը եւ մկանային ցավերը։ Գիտեմ, որ նրանցից երբեմն պահանջում եմ ավելին, քան կարող են, բայց ավելիին ձգտելով են հասնում արդյունքի։

Թիմը սիրողական է, նրանցից շատերը մեկ, երկու տարի է, ինչ հեծանիվ վարել են սովորել, սակայն ես նրանց մարզում եմ այնպես, ինչպես պրոֆեսիոնալներին են պատրաստում։

Մեկ տարի անդադար պարապել եւ հետո 24 ժամվա մեջ դադարներով հինգ ժամ վարել, դա մեծ փոփոխություն է օրգանիզիմի համար։ Ամեն ինչ պետք է ճիշտ անել:

Լուսանկարը` Գոհար Մնացականյան


Թիմի անդամներն ունեն տարբեր մասնագիտություններ, սակայն նրանց համախմբել է հեծանվային սպորտի հանդեպ սերն ու առողջ ապրելակերպ վարելու մեծ ցանկությունը:

Քրիստինե Թորոսյան, նկարիչ մոդելավորող

Այս ծրագիրն ինքս ինձ բացահայտելու հնարավորություն է տալիս: Տեսնում եմ, որ առաջընթաց կա, ինչը ոգեւորում եւ ուժ է տալիս:

Ուրախ եմ, որ այստեղ ծանոթացել եմ լավ մարդկանց հետ ու հարազատացել ենք: Հիմա պարապում ենք ավելի բարդ ծրագրով՝ հույս ունենալով ցույց տալ լավ արդյունքներ:

Լուսանկարը` Գոհար Մնացականյան


Ռոզա Ամիրխանյան, ռեժիսորի օգնական

Պարապմունքները կազմակերպված ու պրոֆեսիոնալ են, ինչը մեզ ստիպում է մեծ սիրով եւ պատասխանատվությամբ մոտենալ այս ամենին: Նախագիծն իսկապես հեղափոխական է, այս մարզումները ձեւավորում են մեծ կամքի ուժ, առանց որի հնարավոր չէ հասնել հաջողության:

Այս ամիսների ընթացքում ձեռք բերեցի շատ լավ ընկերներ, որոնցից յուրաքանչյուրն առանձին անհատականություն է եւ իր գործի վարպետը:

Լուսանկարը` Գոհար Մնացականյան


Նարե Աղաբաբյան, զբաղվում է արթ մենեջմենթով

Սկզբում բոլորս կարծում էինք, որ հեշտ է լինելու, քանի որ սիրողական մրցաշար է, բայց երբ սկսեցինք մարզվել, հասկացանք, որ բարդ ճանապարհ է մեզ սպասվում։

Հիմա մարզվում ենք պրոֆեսիոնալ հեծանվորդների համար նախատեսված ծրագրով։ Եղել է, երբ ասել եմ, վերջ, այլեւս չեմ կարող, հանձնվում եմ։ Բայց հետո լավ էլ ստացվել է ու անցել եմ առաջ: Սա ինձ համար մի փորձություն է՝ հասկանալու ինքս ինձ։

Լուսանկարը` Գոհար Մնացականյան


Նարիկ Սահակյան, լեզվաբան-մանկավարժ-մշակութաբան

Քանի որ մենք այս նախագծում ներկայանում ենք որպես կանանց հեղափոխական խումբ, կարծում եմ՝ մարդիկ, ովքեր գուցե այդքան էլ չեն սիրում հեծանվասպորտը, կմոտիվացվեն եւ կնպաստեն հեծանվային մշակույթի զարգացմանը Հայաստանում:

Լուսանկարը` Գոհար Մնացականյան


Նարինե Ատանյան, մասնագիտությամբ լրագրող, լեզվաբան է

Սա մի երկրորդ ընտանիք է, թիմ, ընկեր, ինչ-որ տեղ նաեւ մրցակից ընկեր, քեզ առաջ հրող ու քեզ հետ գցող մրցակից: Մարզումները հրաշալի են անցնում, առողջ ընկերական մթնոլորտում, ուրախ, զավեշտալի միջադեպերով, բայց ամենի հետ մեկտեղ նաեւ մարզիչի խստություն, նույնիսկ պատիժներ ուշացումների համար:

Լուսանկարը` Գոհար Մնացականյան


Գայանե Սողոմոնյան, մոդելյոր-դիզայներ

Ինձ թիմի ավագ նշանակեցին: Ֆրանսիայի մեծ ու հեղինակավոր մրցույթում Հայաստանն ենք ներկայացնելու, ու ես էլ ավագն եմ, սա շատ պարտավորեցնող ու հաճելի է։ Ես հուսով եմ, որ մենք օրինակ կծառայենք այն բոլոր աղջիկների համար, ովքեր ցանկանում, բայց չեն համարձակվում հեծանիվ վարել։

Հեծանվորդները իրենց մարզիչի հետ ֆրանսիայում կլինեն օգոստոսի 19-ից  31-ը: Իսկ մրցաշարը կկայանա օգոստոսի 26-ին՝ շարունակվելով 24 ժամ։

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին