Ապրիլ 19, 2024
exclusive
30663 դիտում

Աբովյանի փոքրիկ մարզադպրոցի սաների մեծ երազանքները


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում շատ քիչ մարզադահլիճներ կան, որոնք գտնվում են լավ վիճակում ու մարզվողներն առանց խնդիրների կարողանում են անցկացնել պարապմունքները:

Հետաքրքիր է, բայց մարզիչներն ու նրանց սաները չեն բողոքում պայմաններից ու ամեն ինչ անում են սեփական դպրոցի խնդիրները լուծելու ու առաջ շարժվելու համար:

Mediamax Sport-ը վերջերս էր եղել Աբովյանում ու նյութ պատրաստել հայկական ավանդական կոխ մարզաձեւի մասին: Հովիկ Խոջայանի գլխավորությամբ Երեւանի սամբո-ձյուդոյի մարզադպրոցի մասնաճյուղում երեխաների պակաս չկար, չնայած փոքր դահլիճին՝ բոլորն աշխատում էին:

Որոշեցինք առանձին ներկայացնել նաեւ դպրոցի առօրյան:

Մարզումային կյանքը

Լուսանկարը` Մեդիամաքս


Խոջայան սամբո-ձյուդո մարզական ակումբը մասնավոր է ու պետական աջակցություն չունի: Այստեղ կան սամբոյի, ձյուդոյի եւ ազատ ոճի ըմբշամարտի խմբեր:

Հովիկ Խոջայանը պատմում է, որ ակումբը ստեղծվել է 1992 թվականին ու մինչ այսօր տվել բազմաթիվ մեդալակիրներ:

Գիտեք, թե ինչպիսի ծանր ժամանակներ էին 90-ականները, բայց մենք ցանկանում էինք երեխաների հետ աշխատել, նրանց ֆիզիկապես ուժեղ դարձնել: Աբովյանի քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանին խնդրեցինք, ու շտաբի որոշումով հիվանդանոցի էլեկտրական բաշխիչ ցանցից դպրոցը սկսեց հոսանք ստանալ: Լավ մարդիկ օգնեցին, ու երեխաների մարզումները կարողացանք կազմակերպել: Հենց այդ տարիներին պարապող տղաները միջազգային մրցաշարերում հետագայում դարձան մրցանակակիրներ:

Խոջայանն այսօրվա պայմաններից չի բողոքում, նշում է, որ գույքային խնդիրներ չունեն, իր եւ իր ընկերների միջոցներով կարողանում են պահել դպրոցը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզասարքեր ունենք, ձմռանը վառարանով ջեռուցում ենք ու բոլորովին ցուրտ չի լինում: Մեր կոխի ֆեդերացիայի նախագահ Վաղինակ Գալուստյանը խոստացել է գորգ տրամադրել, դա որ լինի նաեւ կվերանորոգենք ու ավելի կլավացնենք ամեն ինչ:

Մարզիչը նշում է, որ իրեն սպորտում պահում է մեծ սերը, կյանքն առանց իր սաների, մարզումների ու հարազատ դպրոցի պատկերացնել չի կարող:

Կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր ընտրել են մարզչի աշխատանքը, պարզապես հիվանդացել են սպորտով: Ես էլ բացառություն չեմ: Մեկ-մեկ որոշում եմ թողնել, բայց չի ստացվում, քայլերս կրկին բերում են դահլիճ ու սկսում եմ աշխատել երեխաների հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Դպրոցում մարզվում է շուրջ 200 երեխա ոչ միայն Աբովյանից, այլ նաեւ մոտակա քաղաքներից ու գյուղերից: Ավելի փոքրերը ոգեւորվում են, երբ իրենց կողքին տեսնում են չեմպիոնների, նրանցից ինչ-որ բաներ են սովորում ու ձգտում իրենք էլ հասնել հաջողությունների:

Դահլիճում պետք է լիդեր լինի, որպեսզի փոքրերը նրան նայելով՝ աճեն: Այստեղ բոլորը ընկերներ են, օգնում ու քաջալերում են միմյանց: Սպորտը կարողանում է համախմբել մարդկանց:

Լուսանկարը` Մեդիամաքս


Անահիտ Ասատրյան (18 տ)

Անահիտ Ասատրյանն արդեն 7 տարի է իրեն առանց սպորտի չի պատկերացնում: Տարբեր քաշային կարգերում Հայաստանի սամբոյի չեմպիոն է դարձել, Էստոնիայում կայացած պատանիների ԵԱ-ում առաջին մրցանակը նվաճել: Հիմա մարզուհին հանդես է գալիս մինչեւ 64 կգ քաշային կարգում ու լրջությամբ պատրաստվում հոկտեմբերին Սերբիայում անցկացվելիք Աշխարհի առաջնությանը:

Ես պարզապես ապրում եմ սպորտով, իմ վախերն եմ հաղթահարել, ինքս ինձ բացահայտել: Մինչ մարզվելը շատ կոմպլեքսավորված էի: Ծնողներս հենց սկզբից, դեռ երբ միայն ձյուդո էի պարապում, դեմ էին: Ամեն վնասվածքից հետո փորձել են ինձ համոզել, որ հեռանամ, բայց չի ստացվել: Ես իրենց մեջ փոխել եմ այդ ամենը, հիմա ընտանիքս էլ ինձ պես ոգեւորվում է մրցումներից առաջ ու ուրախանում ամեն հաջողության համար:

Լուսանկարը` Մեդիամաքս


Դահլիճ մտնելու հենց առաջին օրվանից նա սիրել է սպորտն ու Նելսոն Ստեփանյանի մրցաշարում հաղթելուց հետո որոշել, որ շարունակելու է զարգացնել հաջողությունները: Սպորտն Անահիտին օգնում է եւ ուսման մեջ, եւ կյանքում, յուրաքանչյուր հաջողության համար շնորհակալ է մարզչին ու սպորտային ընկերներին:

Չեմ սիրում սպորտում աղջիկ ու տղա բաժանումը դնել, քանի որ բոլորիս նպատակը մեկն է՝ հաղթել, կամ դու կտանես ուրիշի երազանքը, կամ քոնը կտանեն: Կախված է նրանից, թե այդ պահին ով հոգեպես ու ֆիզիկապես ավելի պատրաստված կլինի:

Ասատրյանը թեեւ անչափ սիրում է սպորտը, սակայն մեծ կարեւորություն է տալիս նաեւ ուսմանը: Նա ԵՊՀ-ի ռոմանոգերմանական ֆակուլտետի թարգմանչության բաժնում է սովորում: Համոզված է, որ մեծ ցանկության դեպքում հնարավոր է դրանք համատեղել ու երկուսում էլ արդյունքի հասնել:

Ամենամեծ նպատակս Օլիմպիական չեմպիոն դառնալն է: Թեեւ սամբոն Օլիմպիական ձեւ չէ, բայց դրան զուգահեռ կա ձյուդոն, որի մրցումներին ես նույնպես մասնակցում եմ: Կարծում եմ՝ ամենակարեւորը մարզիկ դառնալը չէ, հնարավոր է, ոչ մի մրցաշարում էլ չհաղթես, բայց քեզ ուժեղ ու վստահ զգաս:

Լուսանկարը` Մեդիամաքս


Արմեն Բաղեյան (9 տ)

Արմեն Բաղեյանը մարզադպրոցի ամենափոքր սաներից է: Նա եղբոր օրինակին է հետեւել ու եկել մարզվելու, որպեսզի իր ուժով ու ճարպկությամբ նրանցի հետ չմնա:

Սպորտում ու մարզումներում ամեն ինչ ինձ դուր է գալիս: Ուզում եմ ուժեղ ու առողջ լինել: Մեծ եղբայրս՝ Խաչատուրն է ինձ օգնում: Մինչեւ այստեղ իմ հաճախելն էլ նա ինձ հնարքներ էր ցույց տալիս ու սովորեցնում: Հիմա, որ դասերից ազատ ենք, ավելի շատ ենք մարզվում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեխաները հավատում են, որ դահլիճում կարող են իրականություն դարձնել իրենց նպատակները՝ առաջ գնալ չնայած դժվարություններին, առողջ լինել ու ընդգրկվել Հայաստանի անվանի մարզիկների ցանկում: Իսկ համատեղ աշխատանքի ու իրար օգնելու մասին այսպես են ասում.

Իսկական ընկերություն անել ենք սովորում այստեղ, իրար դուխ տալիս: Ուզում ենք լավ մարզիկներ դառնալ ու շատ մեդալներ նվաճել:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Արշակ Կոստանդյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին