Ապրիլ 20, 2024
exclusive
28155 դիտում

Փոքրիկ գյուղից դուրս եկած ու լեգենդ դարձած ատլետը. Ուսեյն Բոլտ


Լուսանկարը` GQ

Լուսանկարը` NBC

Լուսանկարը` London2012.com

Լուսանկարը` si.com

Լուսանկարը` The Independent

Լուսանկարը` CNN

Լուսանկարը` London2012.com

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Puma

Լուսանկարը` GQ

Լուսանկարը` applauss.com

Լուսանկարը` Eurosport


Օլիմպիական 8-ակի, Աշխարհի 11-ակի չեմպիոն, 100 եւ 200 մ մրցատարածությունում պատմության ամենաարագ վազորդ: 100 մ-ը նա հաղթահարում է 9,58, իսկ 200-ը՝ 19,19 վայրկյանում:

Միակն է, ով երեք Օլիմպիական խաղերում՝ Պեկին, Լոնդոն եւ Ռիո դե Ժանեյրո, այդ տարածություններում ոսկե մեդալ է նվաճել:

Այսպիսի արագություն առայժմ զարգացնում է միայն մեկ մարդ՝ Ուսեյն Բոլտը:

Մեր ժամանակների լավագույն մարզիկներից համարվող Բոլտը հայտարարել է, որ օգոստոսի 4-ին Լոնդոնում մեկնարկող Աշխարհի առաջնության ժամանակ կավարտի պրոֆեսիոնալ կարիերան:

«Շատ վստահ եմ ուժերիս, ինչպես միշտ: Ցանկությունս սպորտից հաղթանակած հեռանալն է ու չեմ կասկածում, որ այդպես էլ կլինի: Անկեղծ ասած հուզվում եմ, բայց դա ինձ չի խանգարի: Կապ չունի, որ այդքան տիտղոսներ ունեմ, սիրում եմ նոր մարտահրավերներ ընդունել ու ամեն ինչ մաքուր էջից սկսել»,- խոստովանել է Բոլտը:

Լուսանկարը` NBC


Փոքրիկ գյուղից դուրս եկած չեմպիոնը

Բոլտը ծնվել է Ճամայկայի Շեվուրդ-Կոնտենտ փոքրիկ գյուղում, որտեղից դեռ ոչ ոքի չէր հաջողվել նվաճել աշխարհը: Սակայն մնալ հարազատ գյուղում ու շարունակել հոր գործը, որը խանութ ուներ եւ առեւտրով էր զբաղվում, փոքրիկ տղայի համար չէր:

Ակտիվ, անընդհատ վազքի մեջ գտնվող Ուսեյնի սիրած զբաղմունքը կրիկետ խաղալն էր, որի համար նա գնդակի փոխարեն նարինջ էր օգտագործում: Դպրոցում եւս աչքի էր ընկնում իր ֆիզիկական լավ տվյալներով, բայց սիրում էր նաեւ սովորել՝ հատկապես անգլերեն ու մաթեմատիկա:

Լուսանկարը` London2012.com


Ամեն դեպքում գիտությունը նրա համար չէր, մանավանդ, որ արդեն սկսել էր մասնակցել դպրոցական մրցումների: Կրիկետի հանդիպումներից մեկի ժամանակ էլ նրան նկատում է դպրոցի ատլետիկայի մարզիչն ու հետո արդեն խոստովանում, որ զարմացել էր պատանու հսկայական արագություն զարգացնելու ունակության վրա: Պաբլո Մաքնեյլը մրցումներից հետո հանդիպել է Ուսեյնին ու խորհուրդ տվել թողնել կրիկետն ու զբաղվել ատլետիկայով:

Տղան սխալ որոշում չի կայացնում, չնայած հետագայում խոստովանում է, որ եթե ընտրեր կրիկետը, ապա այնտեղ եւս կլիներ լավագույնը:

Դեպի չեմպիոնություն

Ատլետիկան դառնում է Բոլտի կյանքի ամենակարեւոր բանը, իսկ հաջողությունները երկար սպասեցնել չեն տալիս:

Դպրոցական մրցումներին հաջորդում են ավելի ուժեղ ու ներկայացուցչական ելույթները: Շուտով նա անհասանելի է դառնում մրցակիցների համար, միջազգային ասպարեզը Բոլտին էր սպասում:

Լուսանկարը` si.com


Սակայն 2004-ին Բոլտը վնասվածք է ստանում ու ստիպված բաց թողնում մարզումներն ու պատանիների Աշխարհի առաջնությունը: Հաջորդ մրցաշարը լինում է Աթենքի Օլիմպիական խաղերը, որտեղ եւս ցավերի պատճառով չի կարողանում լավ ելույթ ունենալ ու 200 մ-ում չի հաղթահարում որակավորման փուլը:

Հետագայում մարզիկը խոստովանել է, որ պարտություններից հետո շատ բան է սովորել ու զգացել, թե դրանք որքան չի կարողանում տանել:

2005-ին նրա նոր մարզիչը նախ որոշում է իմանալ Բոլտի վնասվածքի պատճառը: Պարզվում է, որ նա սկոլիոզ ունի, իսկ աջ ոտքը շուրջ 1,3 սմ-ով կարճ է ձախից: Բժիշկները զգուշացնում են, որ Ուսեյնը պետք է թողնի սպորտը, այլապես ավելի լուրջ խնդիրներ կունենա:

Լուսանկարը` The Independent


Միգուցե շատերը լսեին մասնագետներին, սակայն հանձնվելը Բոլտի համար չէ: Ավելի ուշ նա ասել է, որ երբեք չի սիրել սկսած գործը կիսատ թողնել: Առանց ատլետիկայում բարձր նվաճումների հասնելու՝ Բոլտը չէր կարող թողնել այն:

Մեկնում է Գերմանիա ու սկսում բուժվել: Մի քանի ամիս անց նա կամաց-կամաց դառնում է ատլետիկայի ծագող աստղը:

Ես ուշադրություն չեմ դարձնում, թե քանի տիտղոս ունեմ: Պարզապես դուրս եմ գալիս ու փորձում եմ որքան հնարավոր է լավ վազել: Իսկ սպորտային նպատակս մեկն է՝ մեկ շարքում կանգնել լեգենդների հետ, ինչպիսին օրինակ Մուհամեդ Ալին է:

Օլիմպիական խաղեր՝ Պեկին

2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերում Բոլտը պարզապես փայլեց: Սա նրա աստեղային ժամն էր: 100 մ վազքում ոչ միայն գերազանցեց բոլորին, այլ նաեւ դարձավ ռեկորդակիր՝ տարածությունը հաղթահարելով ընդամենը 9,69 վայրկյանում:

Լուսանկարը` CNN


Օսլոյի համալսարանի մասնագետները հաշվարկներ էին կատարել ու պարզել, որ եթե Բոլտը մինչեւ եզրագիծը շարունակեր վազել նույն ուժով, ապա տեղ կհասներ 9,55-9,69 վրկ-ի ինտերվալում:

Այս հաջողությունից մի քանի օր անց նա չեմպիոն դարձավ նաեւ 200 մ-ում՝ կրկին ռեկորդով:

Շատերը կարծում են, որ ես այսպիսինն եմ միայն բնության շնորհիվ, սակայն դա այդպես չէ: Ես շատ եմ աշխատել ու տանջվել, որպեսզի դառնամ այն Ուսեյն Բոլտը, որին գիտեն բոլորը: Միգուցե ես էլի հաղթեի, սակայն առանց աշխատելու չէի դառնա սպրինտի արքան:

Լոնդոն

Լուսանկարը` London2012.com


Լոնդոնում նա արդեն հայտնի էր, այդ չորս տարիների ընթացքում տիտղոսների թիվն անհամեմատ ավելացրել էր ու արդեն գիտեին, որ նա կրկին գերազանց է ելույթ ունենալու: Օլիմպիական խաղերում Բոլտը Ճամայկայի հավաքականի դրոշակակիրն էր, իսկ բացման արարողությունից մի քանի օր անց իր երկրի դրոշը կրկին ամենաբարձրում էր ծածանում:

Կրկին ոսկե մեդալներ ու ռեկորդներ սահմանելով՝ նա մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից պահանջել էր, որպեսզի իրեն կոչեն «կենդանի լեգենդ»:

Միշտ ցանկանում եմ, որ մարդիկ ավելի արագ վազեն, որպեսզի այդ մտքից սկսեմ էլ ավելի շատ աշխատել ու առաջ անցնել նրանցից: Կարող եմ ասել, որ ես լեգենդ եմ, խոսքեր չունեմ նկարագրելու այն ամենն, ինչ արել եմ այս տարիների ընթացքում: Ես հպարտ եմ:

Ռիո

Լուսանկարը` Getty Images


Մեկ տարի առաջ Ռիոյում Բոլտը եկել էր ապացուցելու, որ սպորտում պատահականություններ չեն լինում, իսկ ինքն ատլետիկայի պատմության ամենավառ ներկայացուցիչներից է:

Ոսկե մեդալներ նվաճելուց հետո դարձավ առաջին ատլետը, որը 100 եւ 200 մ մրցատարածություններում Օլիմպիական երեք խաղերում անընդմեջ չեմպիոն է դարձել:

Ես աշխարհին ապացուցեցի, որ լավագույնն եմ: Սա այն էր, ինչի համար եկել էի այստեղ: Ահա թե ինչու եմ ասել, որ Ռիոն իմ վերջին Օլիմպիական խաղերն են՝ այլեւս ապացուցելու ոչինչ չունեմ:

Բոլտի ֆենոմենը

2008-ին գրանցած ռեկորդներից հետո տարբեր մասնագետներ սկսեցին ուսումնասիրել Բոլտին: Ամերիկացի մարզիչներից մեկի կարծիքով նրա ֆենոմենի գաղտնիքը գենետիկան է: Ուսեյնը ծնվել է մի վայրում, որտեղ ժամանակին ապրելիս են եղել Աֆրիկայից բերված ստրուկներ, ովքեր անչափ ուժեղ են եղել վազքում: Նա նաեւ ենթադրել է, որ վազորդի մկանների մեկ երրորդը կազմված է մկանային սուպերարագ մասնիկներից:

Լուսանկարը` Puma


Մեկ այլ մասնագետ նշել է, որ Ուսեյնը ֆիզիոլոգիական թռիչք է կատարել դեպի ապագա: Այն արդյունքները, որոնք նա ցույց է տալիս այսօր, պետք է գրանցվեն միայն 30 տարի անց:

Իսկ ահա կենսաբանության պրոֆեսորներից մեկի կարծիքով, պետք չէ ընկնել հատուկ բացատրությունների հետեւից, Բոլտի բախտը պարզապես բերել է, քանի որ բնությունը նրան օժտել է յուրահատուկ տաղանդով:

Լուսանկարը` applauss.com


Բոլտը մեկ ժամում կարող է զարգացնել մինչեւ 44,72 կմ արագություն: Չնայած նրա մեկնարկն ամենալավերից չէ, սակայն պարզապես հիանալի է գործում եզրագծին հասնելիս: Վազքի ժամանակ քայլի երկարությունը հասնում է 2,6 մ-ի, իսկ երկար ու ձիգ ոտքերի շնորհիվ կարողանում է ավելի ուժեղ հրվել:

Ես Օլիմպիական չեմպիոն եմ ու կարող եմ մեկ-մեկ դանդաղ վազել, կարեւորը՝ ոսկե մեդալ նվաճելն է: Տարիների ընթացքում հասկանում ես, երբ շատ արագ ես մեկնարկում, միանգամից հոգնում ես: Այնպես որ, կարեւորն ուժերը ճիշտ օգտագործելն է:

Շռայլ կյանքը

Բոլտն այն մարզիկներից չէ, ովքեր կամ մարզվում են, կամ տանն են: Նա սիրում հետաքրքիր ժամանակ անցկացնել, ուրախանալ ու վայելել այն փոքրիկ դադարները, որը նրան տալիս են մարզիչները:

Ես իմ մրցակիցներից շատերի հետ մտերիմ եմ, միասին ժամանակ ենք անցկացնում, միջոցառումների մասնակցում եւ երեկույթներին ուրախանում: Սակայն երբ դուրս ենք գալիս մեկնարկի՝ նրանք իմ հակառակորդներն են դառնում, որոնց անպայման պետք է հաղթեմ:

Լուսանկարը` GQ


Երեկույթների ժամանակ նա առիթը բաց չի թողնում ծանոթանալ տարբեր աղջիկների հետ: Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո նրա մայրը խոստովանել էր, որ ցանկանում է տղան ամուսնանա ու իրեն շատ թոռնիկներ պարգեւի:

Տարեկան շուրջ 34 մլն դոլար վաստակող մարզիկը շռայլորեն գումար է ծախսում թանկարժեք մեքենաների, ժամացույցների ու պարզապես շռայլ կյանքի վրա: Նրա եկամտի մեծ մասը հովանավորներից է, որոնցից շատերի հետ նա համագործակցելու է նաեւ կարիերան ավարտելուց հետո:

Դերասանական տաղանդը

Այս մարզիկը կարողանում է գրավել մասսաներին ու իր դերասանական տաղանդի շնորհիվ դառնալ շատերի սիրելին:

Լուսանկարը` Eurosport


Մրցելույթից հետո բոլորն են սպասում նրա հայտնի ժեստին, որն այսօր արդեն ճանաչված է ամբողջ աշխարհում: Նա գիտի ինչպես պահել իրեն տեսախցիկների առաջ, հիանալի է համագործակցում ֆոտոլրագրողների հետ, արդյունքում՝ նրա լուսանկարներն ամենապահանջվածներից են:

Նա սիրում է լինել ուշադրության կենտրոնում, լինել լավագույնն ու միշտ առաջինը:

Ես հավատացյալ մարդ եմ ու մեկնարկից առաջ պարտադիր աղոթում եմ: Խնդրում եմ Աստծուն, որ ինձ լավ դրսեւորվելու հնարավորություն տա: Նրան շնորհակալություն եմ հայտնում նաեւ հաղթելուց հետո, չէ՞ որ նրա կամքով եմ ես հասել այս ամենին:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին