exclusive
27616 դիտում

Ուրիշ Մոլորակից Ռոջեր Ֆեդերերը. Մեծ Սաղավարտի 19-ակի հաղթողը


Լուսանկարը` http://www.wimbledon.com

Լուսանկարը` http://www.wimbledon.com

Լուսանկարը` http://www.wimbledon.com

Լուսանկարը` http://www.wimbledon.com

Լուսանկարը` http://www.wimbledon.com

Լուսանկարը` http://www.wimbledon.com

Լուսանկարը` http://www.wimbledon.com


Հանգստյան օրերին Ռոջեր Ֆեդերերը հերթական սուպերաստղային ժպիտով գլխավերեւում  բարձրացրեց Ուիմբլդոնի իր 8-րդ գավաթը:

Մինչ սպորտային աշխարհը փորձում է հասկանալ 35-ամյա թենիսիստի ֆենոմենալ հաջողությունների գաղտնիքը, Ֆեդերերն այս տարվա իր արդեն 2-րդ մրցանակն է  նվաճում մեծ Սաղավարտի մրցումներում:

Նա Զլատան Իբրահիմովիչից  հետո 2-րդ սպորտային Բենջամին Բաթոնը կլինի, որը տարիների հետ ավելի ու ավելի է բացահայտում իր պոտենցիալը:

Mediamax Sport-ի այսօրվա հերոսը Մեծ սաղավարտի մրցումների 19-ակի ու Ուիմբլդոնի 8-ակի հաղթող Ռոջեր Ֆեդերերն է:

Ռեկորդային մրցաշարը

Ռոջեր Ֆեդերերը շարունակում է ապացուցել, որ աշխարհի լավագույն թենիսիստներից մեկն է: Բարձրակարգ խաղ ամբողջ մրցաշարի ընթացքում՝ ոչ մի զիջած սեթ, վստահ ու գեղեցիկ հաղթանակներ:

Եզրափակչում էլ նա իր բարձրության վրա էր ու առանց դժվարության կարողացավ առավելության հասնել Մարին Չիլիչի նկատմամբ:

Լուսանկարը` http://www.wimbledon.com


Դժվար է հավատալ, որ նախորդ տարի նա 6 ամսով ընդմիջում էր արել վնասվածքից ապաքինվելու համար, ու շատերն անգամ չէին հավատում, որ կկարողանա կրկին վերադառնալ իր նախկին մարզավիճակին: Բայց Ֆեդերերը վերադարձավ ավելի երիտասարդացած ու գնաց արդեն 19-րդ տիտղոսի հետեւից:

Իսկ Ուիմբլդոնում այն 8-րդն էր, ինչը բացարձակ ռեկորդ է համարվում: 7-ական անգամ հաղթել են միայն Փիթ Սամփրասն ու Ուիլյամ Ռենշոուն:

Լոնդոնում առաջին անգամ Ֆեդերերը հաղթել է հեռավոր 2003-ին: Իր հայրենի Բազելում այդ հաղթանակի կապակցությամբ նրան կով էին նվիրել:

Ուիմբլդոնի եզրափակիչներում նա 5 անընդմեջ հաղթանակ է տարել՝ 2003-2007 թթ ու հաղթել է Մարկ Ֆիլիպուսիսին, երկուական անգամ իրար հետեւից Էնդի Ռոդիկին ու Ռաֆայել Նադալին: Այնուհետեւ մեկ տարվա դադարից հետո հաղթել 2009-ին ու հաջողությունը շարունակել 2012-ին:

Լուսանկարը` http://www.wimbledon.com


Բայց եւս 3 անգամ էլ շվեյցարացին հասել է մինչեւ եզրափակիչ, սակայն պարտություն կրել Նադալից ու երկու անգամ Նովակ Ջոկովիչից:

Մեծ Սաղավարտի մրցումներում 19 հաղթանակներով էլ բացարձակ առաջատարն է: Նրան հաջորդում են Նադալը (15 մրցանակ), Սամփրասն (14)  ու Ջոկովիչը (12 մրցանակ):

Կախարդ Ֆեդերերը

Կատակով ասում են, որ մինչ Ալպերում Ֆեդերերը վնասվածքն էր բուժում ու ապաքինվում, լեռներում գտել է հավերժ երիտասարդ մնալու ու ժամանակը հետ տալու գաղտնիքը: Հիմա ամեն խաղի երկրպագուները տեսնում են Ֆեդերերի նոր ու թարմացված տարբերակը, որը գիտի ինչպես շարքից հանել ցանկացած մրցակցի:

Վնասվածքից վերադառնալուց հետո նա իրեն հիանալի դրսեւորեց, արագ հաղթեց Ավստրալիայի բաց առաջնությունում, հետո մի քանի մրցաշարում նույնպես լավագույնն էր ու ընտանիքով 2-շաբաթյա հանգստի մեկնեց Փարիզ: Նա բաց թողեց Ռոլան Գարոսը, որպեսզի վերականգնվի կարեւոր մրցաշարից առաջ ու չսխալվեց:

Ֆեդերերի խաղն այնքան փայլուն է, որքան լավագույն տարիներին: Մատուցումը 90 % արդյունավետություն ունի, ինչպես միշտ շվեյցարացու ուժեղ կողմը նրան հուսախաբ չի անում:

Լուսանկարը` http://www.wimbledon.com


Ուիմբլդոնում էլ նա մատուցումները մրցակիցներին սարսափի մեջ էին պահում: Միջինը 1,5 րոպեում նա կարողանում էր վերցնել գեյմը:

Թենիսիստը հիանալի է սկսել կատարել բեքհենդները: ATP-ի պաշտոնական կայքը ուսումնասիրել է Ֆեդերերի խաղն ու հետաքրքիր հրապարակում կատարել. «Նա գնդակն ընդունում է բեքհենդով, ինչը նախկինում չի արել: Առաջ նա ճնշվում էր ու հաճախակի սխալվում: Բայց հիմա թենիսիստը հանկարծակի հրեշի վերածվեց, Ռոջեր Ֆեդերերի խաղի ամենաթերագնահատված կողմը նրա գլխավոր առավելությունը դարձավ»:

Հիմա նա հեշտորեն է վերցնում մրցակցի մատուցումները, ավելի հեշտ անցում կատարում իր սիրելի ագրեսիվ ոճին: Ֆեդերերը միշտ էլ նախընտրել է արագությունը, հենց դա էլ նրա երկարակեցության հիմնական աղբյուրն է:

Հաճույք խաղից ու կյանքից
Ֆեդերերի հաջողության հիմնական գաղտնիքներից մեկն էլ այն է, որ թույլ չի տալիս իրեն չափից շատ հոգնել:

Այս մրցաշրջանում նա իրեն խոստացել է խաղալ միայն այն մրցաշարերում, որոնցից հաճույք է ստանում ու երբ լիովին պատրաստ է դրանց: Այդ պատճառով էլ նախընտրեց Փարիզում չմրցել Նադալի սիրած գրունտի վրա: Երբ նրա հիմնական մրցակիցները՝ Մարրեյն ու Ջոկովիչը վնասվածքներով ժամանեցին Լոնդոն, Ֆեդերերը կազմ ու պատրաստ սպասում էր մրցաշարին:

Լուսանկարը` http://www.wimbledon.com


Բացի այդ Ֆեդերերը վաղուց պարզապես թենիս չի խաղում, նա հաճույք է ստանում խաղից ու ողջ պրոցեսից: Նա սիրում է ճանապարհորդել, մարզվել ու ուրախացնել երկրպագուներին իր նվաճումներով: Մարզչի խոսքով, մարզումներից առաջ միշտ բարձր տրամադրություն է ունենում ու լիաթոք ժպտում: Թենիսը շվեյցարացու համար նաեւ հարազատ միջավայր է, ամենուր նրան ուղեկցում է մեծ ու ջերմ ընտանիքը՝ կինն ու 4 երեխաները:

Սպորտն էլ աշխատանք չէ 35-ամյա Ֆեդերերի համար, որը օգոստոսի 8-ին տոնելու է ծննդյան հերթական տարեդարձը: Նա շատ հագեցած կյանք ունի ու բազում հետաքրքրություններ, այդ պատճառով էլ պարտությունները ծանր չի տանում ու հեշտ է վերականգնվում:

Թեթեւ վերաբերմունքը կյանքին արտացոլվում է նաեւ կորտում, այդ պատճառով այդքան հեշտ ու հաճելի է դիտել մեծն Ֆեդերերի նորանոր փայլատակումները:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին