Ապրիլ 25, 2024
exclusive
30302 դիտում

Գերմանիայի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման համակարգը


Լուսանկարը` http://cufc.co.nz/


Գերմանիայի ազգային հավաքականը գրեթե երկրորդ կազմով հաղթեց Կոնֆեդերացիայի գավաթը, իսկ մինչեւ 21 տարեկանների հավաքականը՝ Եվրոպայի առաջնությունը: Բացի այդ, 2014 թ-ին Գերմանիան դարձել էր աշխարհի չեմպիոն, որտեղ նույնպես երիտասարդների պակաս չէր զգացվում: Mediamax Sport-ը հակիրճ ներկայացնում է գերմանական մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի մանրամասները:

1990-ական թվականներին Գերմանիայի ֆուտբոլային միությունն արդեն իսկ մտածում էր ֆուտբոլի զարգացման ուղղությունը փոխելու մասին: Վերջնական որոշում կայացնելու հարցում վճռորոշ եղավ Խորվաթիայի հավաքականից կրած ջախջախիչ պարտությունը ԱԱ 1998-ի 1/4 եզրափակչում եւ ձախողումը Եվրո-2000-ում, որտեղ Գերմանիայի հավաքականը խմբում զբաղեցրեց վերջին տեղը՝ զիջելով Պորտուգալիային, Ռումինիային եւ Անգլիային: Տագնապ. Գերմանիայում երիտասարդ ֆուտբոլիստների պակաս կա: Խնդիրը պարզ էր՝ մանկապատանեկան ֆուտբոլի վատ վիճակը: Իսկ որո՞նք էին դրա առանցքային կետերը.

- պրոֆեսիոնալ ակումբները լիովին չէին օգտագործում իրենց ռեսուրսները՝ երիտասարդ ֆուտբոլիստներ պատրաստելու համար:

- լուրջ խնդիր կար 11-ից 14 եւ ավելի բարձր տարիքի տաղանդներ գտնելու եւ նրանց մարզելու առումով:

Արդյունքում՝ Գերմանիայի ֆուտբոլային միությունը եւ հովանավորները, որոնք եւս անհանգստացած էին հավաքականի հետագա ճակատագրով, սկսեցին գործել: Բարեփոխումների սկիզբը դրվեց 2001 թվականին, երբ DFB-ի (Գերմանիայի ֆուտբոլային միություն) նախագահ ընտրվեց նշանավոր իրավաբան, մարզական մենեջեր, քաղաքագետ Գերարդ Մայեր-Ֆորֆելդերը: Նա 1968 թվականից աշխատել էր DFB-ի տարբեր կառույցներում, 1992-ից ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ էր եւ զուգահեռաբար 1975-ից մինչեւ 2000-ը գերմանական «Շտուտգարտ» ակումբի նախագահն էր: Պատահական չէ, որ «Շտուտգարտի» ֆուտբոլային ակադեմիան այն ժամանակ եւ մինչեւ հիմա համարվում է լավագույններից մեկը Գերմանիայում: Ի դեպ, Գերմանիայի ազգային հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը 1996-98թթ. եղել է «Շտուտգարտի» գլխավոր մարզիչը:

Լուսանկարը` https://www.swr.de


Մայեր-Ֆորֆելդերի ղեկավարության օրոք էլ ԳՖՄ-ն ներկայացրեց մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման նոր եւ թարմացված ծրագիրը, որը միանգամից սկսեց գործել: Դրա առանցքային կետերն էին.

1․ Ոչ պրոֆեսիոնալ ակումբները, իսկ այդպիսիք DFB-ում 27 000-ն էին, ստանում են աջակցություն երեխաներին եւ պատանիներին ֆուտբոլում ներգրավելու համար:

2․ Ոչ մի տաղանդ՝ լինի աղջիկ, թե տղա չպետք է մնա աննկատ: Դրա համար ամբողջ երկրով ստեղծվում է «Աջակցել տաղանդներին» ծրագիր, որը զբաղվում է սիրողական ակումբներում ֆուտբոլի զարգացմամբ:

3․ Յուրաքանչյուր ակումբ 1-ին կամ 2-րդ Բունդեսլիգայում հանդես գալու իրավունք ստանալու համար պարտավոր է ունենալ երիտասարդներին պատրաստելու ակումբային կենտրոն, որը կհամապատասխանի DFB-ի պահանջներին:

4․ Այդ կենտրոններում մարզումային ծրագրերը չպետք է խանգարեն երեխաների ուսմանը: Նրանք պետք է ստանան միջնակարգ եւ բարձրագույն կրթություն:

5․ Փոփոխվում է մանկական եւ պատանեկան մրցաշարերի կառուցվածքը: Ստեղծվում է մինչեւ 19 տարեկանների Բունդեսլիգա:

6․ U15 հավաքականից մինչեւ գլխավոր թիմ մարզվում են միեւնույն համակարգով:

7․ ԳՖՄ-ն ձեւափոխում է Մարզիչների բարձրագույն դպրոցի ուսումնական ծրագիրը, որի նպատակն է ներդնել սեփական ֆուտբոլային գաղափարներն ու փիլիսոփայությունը:

Այս համակարգը ստեղծելու համար օգտագործվել է Ֆրանսիայի եւ Հոլանդիայի ֆուտբոլային միությունների ծրագրերը, որոնք հաջողություններ են գրանցել:

Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման նոր ծրագրում հսկայական ներդրում է ունեցել լեգենդար ֆուտբոլիստ Մատիաս Զամերը, ով 6 տարուց ավել աշխատել է DFB-ում որպես մարզական տնօրեն: Հենց Զամերն է զբաղվել մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրով՝ համակարգելով բոլոր տարիքային հավաքականների աշխատանքը: Այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է Հանս-Դիտեր Ֆլիկը՝ Յոահիմ Լյովի նախկին օգնականը Գերմանիայի ազգային հավաքականում:

Ընդհանուր առմամբ, ամբողջ Գերմանիայի տարածքում գործում է «Աջակցել տաղանդներին» ծրագրի ցանց, որն ունի 366 տեխնիկական կենտրոն: 2016 թվականի օգոստոս ամսվա դրությամբ այդ կենտրոններում աշխատում էր 1300 մարզիչ:

Լուսանկարը` https://cdn.tribuna.com


Այդ կենտրոններում մարզումների շեշտը դնում են գնդակով աշխատանքի եւ տեխնիկայի զարգացման վրա: Ցանցը կազմված է այնպես, որ յուրաքանչյուր տարածքում ապրող երեխա այդ կենտրոններից որեւէ մեկը հաճախելու համար առավելագույնը 25 կմ ճանապարհ է անցնում: Կա 21 տարածքային ֆեդերացիա, որոնք համակարգում են ամբողջ ցանցի աշխատանքը:

Ընդհանուր առմամբ 13 տարվա ընթացքում 1-ին եւ 2-րդ Բունդեսլիգայի թիմերը (36 տարբեր ակումբներ յուրաքանչյուր մրցաշրջանում) իրենց տեխնիկական կենտրոնների վրա ծախսել են գրեթե 1.1 մլրդ եվրո: Ավելի ճիշտ՝ չեն ծախսել, այլ ներդրել են, իսկ հիմա վայելում են դրա պտուղները: 2014 թվականի Գերմանիայի չեմպիոնական թիմի 23 խաղացողներից ընդամենը երկու ֆուտբոլիստ՝ վետերաններ Միրոսլավ Քլոզեն ու Ռոման Վայդենֆելերը չեն մարզվել այդպիսի կենտրոններում: Դե, իսկ այս տարվա Կոնֆեդերացիայի գավաթը շահած եւ Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնությունը հաղթած երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ հենց այս զարգացման ծրագրի շրջանավարտներն են:

Միհրան Ալեքսանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին