Ապրիլ 19, 2024
exclusive
33703 դիտում

Եվրոպայի երիտասարդական առաջնության մեդալակիրները


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Դորտմունդում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ 3 մեդալ նվաճեց:

Առաջին անգամ գերծանր քաշային կարգում Հայաստանի համար արծաթե մեդալ է բերել Հովհաննես Մաղաքյանը: Նրա թիմակիցներ Կարեն Զուրաբյանն (50 կգ) ու Արսեն Հարությունյանն (55 կգ) էլ բրոնզե մեդալակիրներ են դարձել:

Mediamax Sport-ը հանդիպել է մեդալակիրների հետ, նրանք ամփոփել են Եվրոպայի առաջնությունը, գնահատել իրենց ելույթները, խոսել ապագայի ծրագրերի ու իրենց առաջին քայլերի մասին:

Հովհաննես Մաղաքյան (18 տարեկան)

Եվրոպայի առաջնությանը լավ էի պատրաստվել ու մեդալ նվաճելու ակնկալիքով էի մեկնել: Իհարկե, կցանկանայի հաղթող դառնալ, սակայն բավարարվեցի արծաթով:

Առաջին գոտեմարտում, երբ հաղթեցի ուկրաինացուն, վնասվածք ստացա: Աչքս կիսով չափ փակվել էր ու մի քիչ խանգարում էր ինձ: Սակայն կարողացա տրամադրվել ու շարունակել ելույթներս: Հետո հաղթեցի լեհ ըմբիշին ու կիսաեզրափակչում գոտեմարտեցի թուրքի հետ: 0:3 հաշվով պարտվում էի, բայց վերջում հաղթեցի 8:3 հաշվով: Առավելագույնն արեցի, ողջ ուժերս դրել էի հաղթելու համար:

Լուսանկարը` Մեդիամաքս


Թուրքին հաղթելուց հետո շատ էի ուրախացել: Երբ պատկերացնում էի, որ ընկերներս սահմանին կանգնած են նրանց դեմ, իսկ ես այստեղ հաղթում եմ, շատ աննկարագրելի բաներ էի զգում:

Մարզիչներս անընդհատ գոռում էին, որ առաջ գնամ, պայքարեմ: Ընդհարպաես, նրանք միշտ մեզ հետ են, ամեն ինչով օգնում են, դուխ են տալիս: Հավատում էի, որ մեդալ եմ նվաճելու ու մեծ կամքի ուժի շնորհիվ նրան առաջ անցա:

Եզրափակչում մրցակիցս ռուս ըմբիշն էր, որին նախկինում էլ էի պարտվել: Ցավոք, այս անգամ էլ չստացվեց, ուժերս չհերիքեցին, երեւի հոգնել էի:


Իհարկե, շատ ուրախացա, որ մեդալ նվաճեցի, հպարտ զգացի ինձ: Ես էլի էի ԵԱ-ում արծաթե մեդալ շահել, չգիտեմ ինչու, բայց հասնում եմ եզրափակիչ ու պարտվում, մի բան չի հերիքում: Հնարքներ կան, որոնց վրա պետք է աշխատեմ արդեն այս հավաքից սկսած ու ավելի պատրաստ մեկնեմ, Աշխարհի առաջնություն:

Հորեղբայրս դահուկասպորտի մարզիչ էր, ես էլ նրա մոտ էի պարապում: Բայց 8 տարեկանում հայրս, որը նույնպես ըմբիշ է եղել, որոշեց ինձ տանել Վանաձորի ըմբշամարտի դպրոց, ես էլ հաճույքով սկսեցի հաճախել: Սա այն սպորտն է, որ եթե նույնիսկ հաջողության էլ չհասնես, ապա կյանքում հաստատ պետք կգա:

Հիմա էլ սկսել եմ պատրաստվել Աշխարհի առաջնությանը, որն ավելի դժվար կլինի: Բայց ես ցանկանում եմ այնտեղից եւս մեդալով վերադառնալ: Դրա համար պետք է շատ լավ աշխատեմ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Գերծանր քաշային կարգում ազատ ոճի Հայաստանի հավաքականը միշտ խնդիրներ է ունեցել: Ցավոք, այս քաշում շատ մարզիկներ չունենք: Ես ուրախ եմ, որ երիտասարդական առաջնությունում կարողացա առաջին մեդալը նվաճել Հայաստանի համար: Իհարկե, մեծահասակների ԵԱ-ում մեր գերծանր ըմբիշներն աչքի ընկել են, սակայն նրանք հայազգի չեն եղել: Իմ նպատակն է այնքան լավ պարապել, որ որոշ ժամանակ անց ընդգրկվեմ ազգային թիմում, մեդալներ նվաճեմ ԵԱ-ում, ԱԱ-ում ու Օլիմպիական խաղերում:

Արսեն Հարությունյան (17 տարեկան)

Եվրոպայի առաջնությունում, թեեւ բրոնզե մեդալ եմ նվաճել, բայց իմ ելույթից այդքան էլ գոհ չեմ, կարող էի ավելի լավ հանդես գալ: Երեւի հոգեբանորեն չկարողացա տրամադրվել:

Դորտմունդում 4 գոտեմարտ եմ անցկացրել ու 1 պարտություն կրել: Մեկնարկում 0:2 հաշվով զիջում էի, սակայն կարողացա հավաքվել ու 12:2 հաշվով հաղթել: 1/4 եզրափակչում ցավալի պարտություն կրեցի ադրբեջանցի մրցակցից, նա Աշխարհի գործող չեմպիոնն է ու ավելի լավ էր պատրաստված: Հետո եւս 2 գոտեմարտ ունեցա ու հաղթեցի միեւնույն 10:0 հաշվով:


ԵԱ-ում իմ սիրած հնարքներից էլ ստացվեց կիրառել: Միհրան Հարությունյանից եմ այն սովորել, երբ մրցակցին բարձր պահած մի քանի անգամ պտտում ես ու դնում գորգին: Մեր մարզիչներից մեկն ասում է, որ գոտեմարտի ժամանակ պետք է շոու անել, որ բոլորը քեզ նայեն: Ես էլ եմ սիրում գեղեցիկ ոճով հաղթել:

Այդ հնարքն արդեն 2 տարի է ԵԱ-ում ու ԱԱ-ում կիրառում եմ, ինձ մոտ լավ է ստացվում:

Մեդալիս համար առաջին հերթին մարզիչներին եմ շնորհակալ, նրանք շատ են չարչարվել, որ ես այն նվաճեմ:

Առաջին անգամն էր, որ երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հանդես եկա: Այս տարիքային խմբում ամեն մեկն իր մեդալի համար իսկական կռիվ է տալիս ու ուզում ամեն գնով նվաճել այն: Պատանիների պայքարում այդպես չէ:

Այս պահին բոլոր նպատակներս օգոստոսի սկզբին կայանալիք ԱԱ-ի հետ են կապված: Կփորձեմ ավելի լավ հանդես գալ ու կրկնել այս հաջողությունը, այնտեղ շատ ավելի դժվար է լինելու:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ըմբշամարտով Մասիսում եմ սկսել զբաղվել, սկզբում կարատեի էի գնում: Մեր մարզումներից հետո տեսա, թե ինչպես են ըմբիշները պարապում ու հավանեցի: Այնուհետեւ մի 2 տարի գնացի ազատ ոճի, շատ էի սիրում այն, պարտաճանաչ էի, երբեք մարզումներից չէի բացակայում, բայց հաղթել մրցումներում չէր ստացվում: Սկսեցի նաեւ ձյուդոյի մրցաշարերի մասնակցել ու հաղթել, դրա համար էլ որոշեցի փոխել մարզաձեւը:

Սակայն հայրիկս, որը նույնպես ըմբիշ է եղել, թույլ չտվեց՝ արգելելով երկուսով էլ զբաղվել: Մի քանի օր մարզումների չգնացի, ապա վերադարձա ըմբշամարտ:

Հայրիկս սպասում էր, որ ԵԱ-ից ոսկե մեդալով կվերադառնամ: 2015-ին պատանիների Եվրոպայում հաղթող էի դարձել, նաեւ արծաթ ունեի, սակայն այս անգամ բրոնզ եղավ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սպորտում ինձ համար միշտ օրինակ է եղել Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը, որը նույնպես Մասիսից է: Նրա գոտեմարտերն անընդհատ նայել եմ, ինձ դուր է եկել նաեւ Բեյսիկ Կուդուխովը: Եվրոպայի առաջնություն մեզ հետ մեկնել էր նաեւ Աշխարհի չեմպիոն Արամ Մարգարյանը: Ամեն գոտեմարտից առաջ մեզ ոգեւորում էր, խորհուրդներ տալիս: Ուրախ էինք, որ մեր կողքին այդքան փորձառու մարզիկ կա:

Շատ ուրախ եմ, որ հենց ըմբշամարտն եմ ընտրել, այն աշխարհայացքս է փոխել: Սպորտի շնորհիվ շատ բան եմ հասկացել, կյանքում այն միշտ օգնում է, որ ավելի համեստ լինեմ, մարդկանց չնեղացնեմ ու նպատակալաց դառնամ:

Կարեն Զուրաբյան (18 տարեկան)

Եվրոպայի առաջնությունում ամենադժվար փորձությունն ինձ համար քաշ գցելն էր: Միջազգային ասպարեզում սա իմ երկրորդ ելույթն էր, դրա համար էլ մի քիչ լարված էի, բայց փորձեցի հաղթահարել ու հանգիստ լինել:

Անչափ լավ ստացվեց երրորդ տեղի համար գոտեմարս, որտեղ մրցում էի Թուրքիան ներկայացնող ըմբիշի հետ: Տրամադրությունս շատ լավ էր, պատրաստվել էի հաղթանակի ու զգում էի, որ կարող եմ հաղթել: Այստեղ ես ամեն ինչ ներդրեցի, ցանկությունս մեծ էր այդ հաղթանակն իմ երկրին նվիրել:

Չեմ կարող ասել, թե ինչ էի զգում: Ամեն ինչ շատ լավ էր, սա իմ առաջին մեդալն էր:



Նախ ուրախ էի մարզիչներիս համար, քանի որ տեսնում էի, թե ինչպես են նրանք իրենց լավ զգում, ես իրենց աշխատանքը ջուրը չէի գցել: Դրանից հետո որպես մարզիկ սկսեցի վստահ զգալ, շատ եմ ցանկանում, որպեսզի հետագայում եւս հաջողություններ ունենամ:

Շատ կցանկանայի, որ մեր բոլոր տղաներն էլ մեդալներով վերադառնային, սակայն նրանց ինչ-որ բան չհերիքեց: Ամեն դեպքում, մեր թիմը լավ ելույթ ունեցավ: Հիմա էլ պատրաստվում ենք Աշխարհի առաջնությանը: Ժամանակ քիչ է մնացել, բայց պետք է շատ աշխատեմ: Հիմա շատ բան է փոխվել իմ մեջ, զգացի, որ կարող եմ հաղթել մրցակիցներին, ավելի ազատ կգործեմ հաստատ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ես Սանահին գյուղից եմ ու մեզ մոտ ըմբշամարտը զարգացած չէր: 7 տարեկանից սկսեցի հաճախել Ալավերդու դպրոց, շատ էի ցանկանում ֆիզիկապես ուժեղ լինել: Չէի էլ մտածում, որ կարող եմ ըմբշամարտում հաջողությունների հասնել ու միջազգային մրցաշարերում ելույթ ունենալ: Բայց մարզիչներս ինձ սկսեցին մրցումների բերել, ես էլ կամաց-կամաց աճեցի, 2014-ին ընդգրկվեցի պատանիների հավաքականում:

Ես շատ եմ ոգեւորվել մեծահասակների թիմի հետ համատեղ մարզումից, երբ քեզ հետ Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ ու մեդալակիրներ են մարզվում, դու էլ սկսում ես ավելի նվիրված, եռանդով ու ձգտումով աշխատել: Ես փորձում եմ կատարելագործվել ու նոր նվաճումների հասնել:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Գրիգոր Եփրեմյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին