exclusive
33301 դիտում

Ուիմբլդոն. Սպիտակ հագուստ, ելակ ու չեմպիոնների ընթրիք


Լուսանկարը` CNN


Թենիսի սիրահարների ուշադրությունն ամենահզոր ու տպավորիչ մրցաշարերից մեկին է ուղղված: Այս օրերին ընթանում է Ուիմբլդոնը:

Այն Մեծ սաղավարտի չորս մրցաշարերից մեկն է ու միակը, որը կայանում է խոտածածկ կորտերում:

Մրցաշարի սկիզբը

Մրցաշարն առաջին անգամ կայացել է 1877 թվականին, հանդես է եկել 22 մասնակից եւ տեւել է չորս օր: Եզրափակիչ խաղի ժամանակ ներկա է եղել շուրջ 200 երկրպագու, իսկ հաղթող է դարձել 27-ամյա Սփենսեր Գորը:

Լուսանկարը` Wimbledon Travel


Թենիսի մրցաշարեր աստճանաբար սկսել են անցկացվել ողջ Մեծ Բրիտանիայում, Շոտլանդիայի, Իռլանդիայի հաղթողները սկսել են հանդես գալ Ուիմբլդոնում:

Արդեն 1884-ին կայացել են Ուիմբլդոնի կանանց, ապա նաեւ զուգախաղերի մրցաշարերը: Հենց այդ նույն թվականին եւս մի նորամուծություն է եղել. առաջին անգամ Ուիմբլդոնում հանդես են եկել այլ երկրների ներկայացուցիչներ:

Առաջին եւ երկրորդ Համաշխարհային պատերազմների ժամանակ Ուիմբլդոնը չի կայացել, իսկ արդեն 50-ականներից այն դարձել է ավելի պրոֆեսիոնալ: Մրցաշարը թեւակոխել է նոր ժամանակաշրջան:

Ավանդույթները

Ուիմբլդոնը չափազանց ավանդապահ մրցաշար է: Այստեղ բոլորը պետք է ենթարկվեն կանոններին: Մրցաշարի պաշտոնական գույները կանաչն ու մանուշակագույնն են, իսկ ահա մասնակիցները պետք է միայն սպիտակ հագուստ կրեն: Սպիտակ պետք է լինեն նաեւ նրանց ներքնազգեստը, որի գույները կարող են երեւալ երկար խաղից հետո քրտնած թենիսիստի հագուստի տակից:

Լուսանկարը` Tennis World


Կանոնները խախտելու համար տարբեր ժամանակներում զգուշացվել են Մայք եւ Բոբ Բրայանները, Ռոժեր Ֆեդերերը, Նիկ Կիրոսը, ովքեր փորձել են հանդես գալ ուրիշ գույնի խաղակոշիկներով, գլխարկներով կամ այլ ատրիբուտներով:

Մրցաշարում թենիսիստներին չեն դիմում «տղամարդիկ» ու «կանայք», այլ «ջենթլմեններ» ու «լեդիներ»:

Լուսանկարը` Talk Tennis


Մրցաշարի ավանդական հյուրասիրության մեջ է մտնում սերուցքով թարմ ելակը եւ շամպայնը: Ամեն չափաբաժնում կա Քենթ տեսակի 10 ելակ, որը պարտադիր աճեցված է Անգլիայում: Ուիմբլդոնի ժամանակ վաճառվում է շուրջ 28 տոննա ելակ եւ 7000 լիտր թարմ սերուցք: 2001-ից մրցաշարի պաշտոնական շամպայնը մատակարարում է Lanson ընկերությունը:

Ուիմբլդոնի կորտերը

Թենիսի համալիրի տարածքում կա 41 խոտածածկ կորտ:  Կենտրոնական կորտում հիմնականում կայանում են եզրափակիչ հանդիպումները: Քանի որ լուսարձակներ չկան, բոլոր հանդիպումները կայանում են մինչեւ մութն ընկնելը:

Լուսանկարը` The Comeback


Բացառություն է միայն Կենտրոնական կորտը, որը 2009-ին կառուցված տանիքի պատճառով լուսավորվում է, եւ այնտեղ խաղերը կայանում են նաեւ ուշ ժամերի:

Ուիմբլդոնի հանդիպումները հեռարձակում են շուրջ 80 հեռուստաընկերություն, իսկ այն լուսաբանում են ավելի քան 3000 լրագրող:

Հայտնի երկրպագուները

Ուիմբլդոնին հետեւելու են գալիս ամենահայտնի մարդիկ: Մրցաշարում պարտադիր ներկա են լինում թագավորական ընտանիքի անդամները: Անձամբ Եղիսաբեթ 2-րդ թագուհին է մասնակցում նաեւ այս կարեւոր մրցաշարին, ճիշտ է, վերջին անգամ նա եղել է 2010 թվականին:

Լուսանկարը` Celebuzz


Ուիմբլդոնի կորտերում ամեն տարի կարելի է հանդիպել Դեւիդ Բեքհեմին, Բրեդլի Կուպերին, Բեյոնսեին, Լյուիս Հեմիլթոնին, Քեյթ Ուինսլեթին, Ուեյն Ռունիին, Ռասել Քրոուին, Օրլանդո Բլումին եւ այլ աստղերի:
 
Չեմպիոնների ընթրիքը

Լուսանկարը` USA Today


1935 թվականից Ուիմբլդոնի մրցաշարն ավարտվում է ավանդական ընթրիքով: Դա փակ միջոցառում է ու լայն մասսաներին հասանելի են լինում միայն պաշտոնական լուսանկարները: Հենց այդտեղ են հաղթողները միասին լուսանկարվում՝ ցուցադրելով իրենց տիտղոսները:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին